Երևանի պետական բժշկական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է ԵՊԲՀից)
Երևանի պետական բժշկական համալսարան
YSMU logo.png
Ysmu main.jpg
Հապավում ԵՊԲՀ
Տեսակ համալսարան
Միջազգային անվանում Yerevan State Medical Univerity after Mkhitar Heratsi
Նախկին անվանումներ Երևանի բժշկական ինստիտուտ
Հիմնադրված է 1920
Տիպ բարձրագույն ուսումնական հաստատություն
Ռեկտոր Արմեն Մուրադյան
Ուսանողներ 6000
Դոկտորներ 171
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Տեղագրություն Երևան
Հասցե Հայաստանի Հանրապետություն, 0025, ք.Երևան, Կորյունի 2
Կայք ysmu.am
Yerevan State Medical University Վիքիպահեստում

Երևանի պետական բժշկական համալսարանը (ԵՊԲՀ) ՀՀ բարձրագույն բժշկական հաստատություն է։ Հիմնադրվել է 1920 թ.:[1] Տվել է ավելի քան 31 հազար շրջանավարտ։ Անդամակցում է մի շարք միջազգային ասոցիացիաների: Այսօր ավելի քան 7000 ապագա բժիշկներ կրթություն են ստանում բժշկական համալսարանում: Այս աշակերտների 24%-ը աշխարհի 26 երկրներից միջազգային ուսանողներ են: Կրում է միջնադարի բժիշկ Մխիթար Հերացու անունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան Հայաստանի Առաջին Հանրապետությունում համալսարանի հիմնումը հայ ուսանողների թիվը մեծ է եղել Անդրկովկասյան մասնավոր համալսարանում, որը տեղակայված էր Թիֆլիսում: 1919թ. տեղի ունեցած խորհրդակցությամբ քննարկվում է համալսարանը հիմնել Երևանում:[2]

1920թ. հունվարի 31-ին համալսարանը ժամանակավորապես բացվում է Ալեքսանդրապոլի առևտրական դպրոցի շենքում։ Հաջորդ ուսումնական տարվանից համալսարանը տեղափոխվում է Երևանի ուսուցչական սեմինարիայի շենք և կոչվում Հայաստանի ժողովրդական համալսարան, իսկ 1922թ.-ից՝ պետական համալսարան։ 1920թ.-ի հոկտեմբերի վերջին նախարարապետ Հ. Օհանջանյանի և հանրային կրթության նախարար Գ. Ղազարյանի ստորագրությամբ ընդունվում է որոշում՝ «Համալսարանում բժշկական ֆակուլտետի մասին բացման մասին» օրենք, սակայն կյանքի չի կոչվում։ 1920 թ. Հայաստանի խորհրդայնացումից հետո՝ 1921թ. նոյեմբերի 3-ին Երևանում բացվում է բժշկական կադրերի պատրաստման դպրոց։[2]Իսկ 1922թ. մարտի 15-ին, ուսումնական կանոնավոր գործընթացի ապահովման համար, Երևանի բժշկական դպրոցի բազայի վրա հիմնվում է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Առաջին դեկանը բժշիկ Սպանդարատ Կամսարականն էր, իսկ պրոֆեսորադասախոսական կազմը բաղկացած էր 6 հոգուց:

Խորհրդային տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1927թ.-ին բժշկական ֆակուլտետը տալիս է իր առաջին 32 շրջանավարտը։ 1930թ.-ին ՀԽՍՀ կառավարության որոշմամբ՝ պետական համալսարանի ֆակուլտետների հիման վրա ստեղծվում են ինքնուրույն ինստիտուտներ, այդ թվում և պետական բժշկական համալսարանը։

Հայրենական պատերազմի սկզբից Երևան են փոխադրվում Կրասնոդարի և Օրջոնիկիձեի բժշկական ինստիտուտները՝ ուսանողներով և պրոֆեսորադասախոսական կազմով։

1947թ. ստեղծվում է ուսանողական գիտական ընկերությունը։ 1958թ.-ին սկսվում է հրատարակվել «Ապագա բժիշկ» թերթը, որը լույս է տեսնում մինչ օրս։ 1957թ. սփյուռքահայերի համար ստեղծվում է արտասահմանցի ուսանողների բաժին։ Հայաստանի նախարարների խորհրդի 1989թ. մայիսի 25-ի որոշմամբ Երևանի բժշկական ինստիտուտը կոչվում է միջնադարի բժշկապետ Մխիթար Հերացու անունով։

1988թ.-ի դեկտեմբերյան երկրաշարժի օրը՝ դեկտեմբերի 7-ին, ինստիտուտում ստեղծվում է օպերատիվ շտաբ։ Ամեն օր աղետի գոտի են մեկնում ուսանողների 200-250-հոգանոց ջոկատներ։ Ինստիտուտում կազմակերպվում է դոնորական կետ։[2]

Անկախությունից ի վեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1992թ.-ին ստեղծված ռազմական ամբիոնի հիման վրա 1994թ.-ին համալսարանում հիմնադրվում է ռազմաբժշկական ֆակուլտետը։ 1992թ.-ին համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ կազմավորվում է Ուսանողական խորհրդարանը, որը կարևոր դերակատարություն է ունենում ներբուհական աշխատանքների կազմակերպման գործում։ ՀՀ կառավարությունը 1995-ին ինստիտուտին տալիս է համալսարանի կարգավիճակ։ Նույն թվականին բժշկական համալսարանի ենթակայությանն է հանձնվում հարևանությամբ գտնվող հիվանդանոցային ողջ համալիրը։ 2005-2006 ուսումնական տարում ԵՊԲՀ-ն անցնում է երկաստիճան կրթական համակարգի։ Առողջապահության ազգային ինստիտուտի կրթական բաղադրիչը կառավարության որոշմամբ 2011թ.-ին միավորվում է բժշկական համալսարանի կրթական համակարգին։[2]

2014թ. նոյեմբերի 27-ի ՀՀ Կառավարության որոշմամբ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորվել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի։[3]

Կամպուսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկական համալսարանը գտնվում է քաղաքի կենտրոնական հատվածում, Կորյուն 2 հասցեում: Այն բաղկացած է չորս կառույցից. հիմնական, վարչական, լաբորատոր և անատոմիական:

ԵՊԲՀ-ն ունի երկու հիվանդանոցային համալիր, որտեղ ուսանողները ստանում են արժեքավոր գիտելիքներ և պրակտիկ փորձ: «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը[4] և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցը[5] հնարավորություն են ընձեռում ուսանողներին փորձ ձեռք բերել կլինիկաներում, պոլիկլինիկաներում, լաբորատորիաներում և ախտորոշիչ կենտրոններում:

 Հանրակացարանները տեղակայված են մոտակայքում, ինչը հնարավորություն է տալիս ուսանողներին հեշտությամբ և արագ հասնել համալսարան: Բոլոր սենյակները հագեցած են անհրաժեշտ պարագաներով: Հանրակացարաններում կան ճաշասենյակներ, համակարգչային սենյակներ և այլ սրահներ, որոնք նախատեսված են ընթերցանության, հանդիպումների և քննարկումների համար: [6]

Կազմակերպություն և կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Համալսարանի կանոնադրությանը համապատասխան, ինքնակառավարման հիման վրա` միանձնյա ղեկավարման և կոլեգիալության սկզբունքների զուգակցմամբ: Համալսարանի կառավարման մարմիններն են՝ խորհուրդը, ռեկտորը, գիտական խորհուրդը, ռեկտորատը:

Խորհուրդը կազմված է 32 անդամներից և ձևավորվում է Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, ՀՀ կառավարության, կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներից:

Համալսարանի խորհրդի հիմնական խնդիրներն են՝ համալսարանի ռեկտորի ընտրությունը, համալսարանի զարգացման, ինչպես նաև միջազգային համագործակցության գլխավոր ուղղությունների որոշումը՝ ռեկտորի ներկայացմամբ: Խորհուրդը նաև քննարկում և հաստատում է համալսարանի բյուջեն: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է Արմեն Աշոտյանը:[7]

ԵՊԲՀ-ն ունի 6 ֆակուլտետ՝ ընդհանուր բժշկություն, ստոմատոլոգիա, դեղագիտություն, ռազմական բժշկություն, հանրային առողջություն, հետբուհական և շարունակական կրթություն: Յուրաքանչյուր ֆակուլտետի գլխավոր ղեկավար մամինը դեկանն է, և ամեն մի բաժին ղեկավարվում է ֆակուլտետային հանձնաժողովների կողմից: Դեկանը զեկուցում է պրոռեկտորին, ով իր հերթին հաղորդում է ռեկտորին: Համալսարանի ռեկտորն է բ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Մուրադյանը:[8]

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական բժշկական համալսարանը կատարում է ընդունելություն հետևյալ մասնագիտություններով` Բուժական գործ, Ստոմատոլոգիա, Ֆարմացիա, Բուժական գործ զինված ուժերում: Համալսարան կարող են դիմել միջնակարգ (լրիվ) և միջին մասնագիտական կրթությամբ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիները` առանց տարիքի սահմանափակման: Դիմորդներին իրավունք է վերապահվում իրենց ընտրությամբ միասնական (ընդունելության) քննություններ հանձնել «Ֆիզիկա» (գրավոր), «Քիմիա» (գրավոր), «Կենսաբանություն» (գրավոր) մրցութային առարկաներից երկուսից: Ընդունելության քննությունների մրցույթների արդյունքները հաստատվում են հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշմամբ:

Օտարեկրյա քաղաքացիները ընդունելության համար պետք է հանձնեն որակավորման թեստ, որի արդյունքները և պահանջվող մնացած փաստաթղթերը պետք է ուղակվեն համալսարան: [9]

Ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բակալավրի անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի ուսուցման տևողությունը ընդհանուր բժշկության և ռազմաբժշկական ֆակուլտետներում 6 տարի է, ստոմատոլոգիական ֆակուլտետում՝ 5 տարի: Բակալավրի որակավորման կրթական ծրագրի ուսուցման տևողությունը դեղագիտական ֆակուլտետում 4 տարի է:

Մագիստրատուրան տալիս է հետևյալ մասնագիտացումներ`

●    Բուժական գործ,

●    Հանրային առողջություն և առողջապահություն,

●    Ֆարմացիա,

●    Բուժական գործ զինված ուժերում

«Բուժական գործ», «Բուժական գործ զինված ուժերում» մասնագիտություններով մագիստրատուրայի կրթական ծրագրի ուսման տևողությունը 2 տարի է, «Հանրային առողջություն և առողջապահություն» մասնագիտությամբ՝ 1,5 տարի, «Ֆարմացիա» մասնագիտությամբ՝ 1 տարի: Ստոմատոլոգիական ֆակուլտետը կազմակերպվում է ինտեգրացված կրթական ծրագրով՝ 5 տարի տևողությամբ, որին հաջորդում է կրթության հետդիպլոմային փուլը՝ 1-3 տարի տևողությամբ:

Հետդիպլոմային ուսուցման համար սահմանված են հետևյալ ձևերը. ինտերնատուրա, կլինիկական օրդինատուրա և շարունակական մասնագիտական ուսուցում (ՇՄՈՒ):  Ինտերնատուրայի տևողությունը 11 ամիս է և իրականացվում է «ընդհանուր գործունեության բժիշկ», «ստոմատոլոգ» և «դեղագետ» մասնագիտություններով՝ համաձայն համապատասխան ծրագրերի: Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներին հնարավորություն է տրվում, շրջանցելով ինտերնատուրան, ԵՊԲՀ-ի ամբիոններում 1-4 տարի տևողությամբ մասնագիտանալ կլինիկական օրդինատուրայում՝ համապատասխան ծրագրերով:[10]

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրամը հանդիսանում է ոչ միայն խոշոր կրթական և առողջապահական կենտրոն, այլ նաև ունի գիտական մեծ ներուժ, ինչը տալիս է հնարավորություն հիմնադրամի հետագա զարգացման համար: Հիմնադրամի պրոֆեսորադասախոսական կազմում ընդգրկված են թվով 689 գիտական աստիճան ունեցող աշխատակիցներ, որոնցից 165-ը գիտության դոկտորներ են, 524-ը` թեկնածուներ: 2016թ. դեկտեմբեր ամսվա դրությամբ հիմնադրամում իրենց հետազոտական գործունեությունն են իրականացնում թվով 28 ասպիրանտ և 96 հայցորդ: [11]

Համագործակցություն եւ միջազգային հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի պետական բժշկական համալսարանը անդամակցում է մի շարք միջազգային կազմակերպությունների, ինչպիսիք են `

●      «ՍԳրուպ» եվրոպական համալսարանների ցանցը,

●      Համալսարանների միջազգային ասոցիացիան,

●      Բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիան` որպես Եվրոպայում բժշկական կրթության ասոցիացիայի անդամ,

●      Եվրոպայում ատամնաբուժական կրթության ասոցիացիան,

●      Ատամնաբույժ ուսանողների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան,

●      Դեղագետ ուսանողների միջազգային ֆեդերացիան,

●      Եվրոպայի բժիշկ ուսանողների ասոցիացիան,

●      Համաշխարհային համալսարանների հեռահար ուսուցման ասոցիացիան,

●      Ատամնաբույժ ուսանողների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան։

ԵՊԲՀ-ն ընդգրկված է նաև միջազգային գիտակրթական տարբեր, այդ թվում՝ Tacis Tempus և Համաշխարհային Բանկի ծրագրերում:

ԵՊԲՀ-ն կնքել և վերակնքել է բազմաթիվ համաձայնագրեր ԱՊՀ, Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և ԱՄՆ-ի տարբեր հայտնի բժշկական համալսարանների հետ, որոնցից են `

●    Բաց բժշկական ինստիտուտ (ամերիկյան-ավստրիական հիմնադրամ)

●    Բեռլինի Շարիտե բժշկական համալսարան, Գերմանիա,

●    Բոսթոնի բժշկության դպրոց, ԱՄՆ

●    Բորսթելի գիտահետազոտական կենտրոն, Գերմանիա 

●    Բրյուսելի բաց համալսարան, Բելգիա

●    Դանա-Ֆարբեր/Բոսթոնի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն, ԱՄՆ

●    Դեյվիդ Գեֆենի անվան բժշկության դպրոց Կալիֆորնիայի համալսարանում, Լոս Անջելես, ԱՄՆ

●    Դյուսելդորֆի համալսարանական կլինիկա, Դյուսելդորֆի Հայնրիխ Հայնեի համալսարան, Գերմանիա

●    Թբիլիսիի պետական բժշկական համալսարան, Վրաստան

●    Թեսալոնիկեի Արիստոտելի համալսարան, Հունաստան

●    Կոլումբիայի համալսարան, Բժիշկների և վիրաբույժների դպրոց, ԱՄՆ

●    Լյուբեկի համալսարան, Գերմանիա

●    Հռոմի Սուրբ Սիրտ բժշկական համալսարան, Իտալիա

●    Մյունսթերի համալսարան, Գերմանիա

●    Մոսկվայի Ի.Մ. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան, ՌԴ

●    Յոնշոփինգի համայնական խորհուրդ, Շվեդիա

●    Ն. Ի. Պիրոգովի անվան Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան, ՌԴ

●    Պոտսդամի Էռնստ ֆոն Բերգման կլինիկա, Գերմանիա

●    Ջորջիայի նյարդավիրաբուժական քոլեջ, Մերսեր համալսարանի բժշկության դպրոց, ԱՄՆ

●    Ռենե Դեկարտի անվան համալսարան, Փարիզ, Ֆրանսիա

●    Ստավրոպոլի պետական բժշկական ակադեմիա, ՌԴ

●    Սուրբ Աննայի մանկական հիվանդանոց, Ավստրիա

Ուսանողների զգալի մասը ավարտել է արտերկրում կարճաժամկետ և երկարաժամկետ պրակտիկայի ծրագրեր, ինչը զգալիորեն նպաստել է կրթության զարգացմանը:[12]

Գրադարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵՊԲՀ Գրադարանը Հայաստանի ամենախոշոր գրադարաններից մեկն է և ունի ավելի քան 65000 դասագիրք և մասնագիտական գրականություն: Այն հագեցած է բժշկական գրադարանի գիտական և ուսումնական նյութերի հարուստ հավաքածուով: Մասնագիտական գրականությունը համալրվում է համալսարանի անձնակազմի հեղինակային դասագրքերով, ինչպես նաև տարբեր երկրներից ստացված ձեռնարկներով և գրքերով: Հատուկ հետազոտական ամսագրերը միշտ էլ թարմացված են:

Համալսարանն ունի նաև առցանց գրադարան, որը բաղկացած է ուսումնական նյութերից, թեստերից և հարցաթերթերից, որոնք հասանելի են ինչպես ուսանողներին, այնպես էլ հետաքրքրված անձանց:[13]     

Մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսանողներ / Միջազգային ուսանողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր ավելի քան 7000 ապագա բժիշկներ կրթություն են ստանում բժշկական համալսարանում: Այս աշակերտների 24%-ը աշխարհի 26 երկրներից միջազգային ուսանողներ են: Այդ երկրների շարքին են պատկանում մասնավորապես՝ ԱՄՆ,  ՌԴ, Գերմանիա, Հնդկաստան, Իսրայել, Կանադա, Իրան, Իրաք, Վրաստան, Մեծ Բրիտանիա, Հունաստան, Ղազաղստան, Թուրքմենստան, Վենեսուելա, Սիրիա, Սինգապուր, Ավստրալիա, Լեհաստան, Շվեդիա, Չինաստան, Ֆրանսիա, Ուկրաինա, Հորդանան, Կիպրոս, Լիբանան, Շրի Լանկա: [14]                     

Ուսման վարձերը տարբեր են տարբեր աստիճանի համար: Համալսարանի ուսանողներն ունեն բացառիկ հնարավորություն ստանալու տարբեր անվանական կրթաթոշակներ: Անվանական կրթաթոշակներից են Մխիթար Հերացու, Ռուբեն Սևակի, Հակոբ Հովհաննիսյանի, Գրիգոր Արեշյանի, Վահան Արծրունու, Լևոն Հովհաննիսյանի, Ռուբեն Յոլյանի, Բարդուղեմիոս Ֆանարջյանի, Ալբերտ Մայրապետյան անվան կրթաթոշակները: Կան նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, Թուրփանջյան ընտանեկան, Ագեան ընտանեկան, «Հայ համայնքը հայ ուսանողությանը» հիմնադրամների կողմից տրված կրթաթոշակներ։   [15]

Ֆակուլտետ և աշխատակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուհի ավելի քան 1100 դասախոսներից 171-ը գիտությունների դոկտորներ են, 504-ը` գիտությունների թեկնածուներ: Համալսարանում գիտամանկավարժական աշխատանք են կատարում ՀՀ ԳԱԱ 7 ակադեմիկոսներ: Նրանք պատասխանատու են դասախոսությունների, դասընթացներ անցկացնելու, ուսանողական խորհրդատվության, ինչպես նաև հետազոտություններ իրականացնելու համար: Գիտական հզոր այս ներուժը լուրջ դերակատարություն ունի Հայաստանում բժշկագիտության և հարակից գիտությունների զարգացման գործում։ [11]

Պատվավոր Դոկտորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵՊԲՀ-ի «Համալսարանի պատվավոր դոկտորի կոչում» մրցանակին արժանացել են շատ ուշագրավ և ճանաչված մարդիկ:

  • Թոմ Քաթինա - Սուդանի Նուբա լեռների բժիշկ, «Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկիր[16]
  • Դինա Միրեդ - Քաղցկեղի Միջազգային Վերահսկողության Միության նորընտիր նախագահ Հորդանանի արքայադուստր Նորին Թագավորական Մեծություն
  • Բհաիրոն Սինգհ Շեխավաթ - Հնդկստանի նախկին փոխնախագահ
  • Ահարոն Չիխանովեր - Իսրայելի կենսաբան եւ քիմիայի Նոբելյան մրցանակակիր
  • Հագոփ Քանթարջյան - Թեքսասի ՄԴ Անդերսոն քաղցկեղի կենտրոնի լեյկեմիաների ամբիոնի վարիչ, բժշկագիտության պրոֆեսոր
  • Ագոփ Բեդիկյան - Թեքսասի ՄԴ Անդերսոն քաղցկեղի կենտրոնի մելանոմայի ամբիոնի պրոֆեսոր
  • Կլաուս Պիտեր Հելրիգել - Բեռլինի քաղցկեղի միության նախագահ, Գերմանայի արյունաբանության եւ ուռուցքաբանության միության քարտուղար եւ խորհրդի անդամ
  • Նիրմալ Կ. Գանգուլի - Ջավահալար Հնդկաստանի հետբուհական բժշկական կրթության եւ հետազոտությունների ինստիտուտ նախագահ

Նշանավոր շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր պատմության ընթացքում զգալի թվով ԵՊԲՀ շրջանավարտներ հաջողությունների են հասել ինչպես ակադեմիական, այնպես էլ տարբեր բնագավառներում, ինչպիսիք են քաղաքականությունը, արվեստը: Մեր շրջանավարտներ են հանդիսանում մի քանի տասնյակ նախարարներ և փոխնախարարներ, հարյուրավոր հիվանդանոցների տնօրեններ Հայաստանում և արտերկրում, հայտնի գիտնականներ և բժիշկներ: Ազգային Ժողովի ներկայիս 5 պատգամավոր, այդ թվում Ազգային Ժողովի նախագահը, Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ են: ՀԽՍՀ առողջապահության մինիստրներից շատերը եղել են ԵՊԲՀ շրջանավարտներ. Սիմեոն Լազարև, Բաբկեն Աստվածատրյան (1927), Ստեփան Ճշմարիտյան (1930), Արմենակ Խրիմլյան (1930), Զախարի Նարիմանով (1947), Էմիլ Գաբրիելյան (1954), Արտաշես Ազնաուրյան (1964):

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության տաս նախարաները ԵՊԲՀ շրջանավարտներն են. Միհրան Նազարեթյան (1962-1967); Արա Բաբլոյան (1965-1971); Գագիկ Ստամբոլցյան (1975-1980), Հայկ Նիկողոսյան (1973-1978); Արարատ Մկրտչյան (1973-1978); Նորայր Դավիդյան (1966-1972); Հարություն Քուշկյան (1974-1980); Դերենիկ Դումանյան (1972-1978); Արմեն Մուրադյան (1989-1995); Լևոն Ալթունյան (1979-1985) : Նախկին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նույնպես ԵՊԲՀ շրջանավարտ է: Ներկայումս ՀՀ  սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախարար Հրաչյա Ռոստոմյանը 1998-2006 թվականներին սովորել է ԵՊԲՀ-ում:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԵՊԲՀ»։ Վերցված է 24.05.2012 
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Պատմական ակնարկ»։ ysmu.am։ Վերցված է 2017-11-02 
  3. LLC Helix Consulting։ «Կառավարության որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov»։ www.e-gov.am (անգլերեն)։ Վերցված է 2017-11-02 
  4. ««Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր»։ ysmu.am։ Վերցված է 2017-11-03 
  5. ««Մուրացան» հիվանդանոցային համալիր»։ ysmu.am։ Վերցված է 2017-11-03 
  6. «Հանրակացարան»։ ysmu.am։ Վերցված է 2017-11-03 
  7. «Հոգաբարձուների խորհուրդ»։ ysmu.am։ Վերցված է 2017-11-03 
  8. «ԵՊԲՀ կառուցվածք» 
  9. «Ընդունելություն 2017/2018»։ ysmu.am։ Վերցված է 2017-11-03 
  10. «ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐ» 
  11. 11,0 11,1 ԵՊԲՀ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ 2017-2022 
  12. «Միջազգային կապեր»։ ysmu.am։ Վերցված է 2017-11-03 
  13. «ԵՊԲՀ ԳՐԱԴԱՐԱՆ»։ ysmubooks.am։ Վերցված է 2017-11-03 
  14. «Միջազգային ուսանողների քարտեզ» 
  15. «Կրթաթոշակներ»։ ysmu.am։ Վերցված է 2017-11-03 
  16. «Dr. Tom Catena – 2017 Aurora Prize Laureate»։ AURORA PRIZE։ Վերցված է 2017-11-09 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]