Միհրան Նազարեթյան
Ծնվել է | մայիսի 1, 1944 (76 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Ծնողներ | հայր՝ Կոստանդին Նազարեթյան |
Վիքիդարան | Միհրան Նազարեթյան |
Միհրան Կոստանդինի Նազարեթյան (մայիսի 1, 1944, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արյունաբան, առողջապահության կազմակերպիչ։ Բժշկական գիտությունների դոկտոր (2002)։ ՀՀ առողջապահության նախարար (1990-1991):
Դատաբժիշկ, թունաբան Կոստանդին Նազարեթյանի որդին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միհրան Նազարեթյանը ծնվել է 1944 թվականին Երևանում բժիշկ Կոստանդին Նազարեթյանի ընտանիքում։ 1967 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1968-1971 թվականներին գործուղվել է Մոսկվայի Կենտրոնական Արյան փոխներարկման ինստիտուտի ասպիրանտուրա, որն ավարտելով պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Լյարդի և փայծաղի Au198 և Cu51 միջոցով սկենոգրաֆիկ հետազոտության կլինիկական գնահատականը լեյկոզների ժամանակ» թեմայով[1]։ 1973-1982 թվականներին աշխատել է Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտում (ԵԲԿԻ), 1982-1988 թվականներին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդին կից պետպլանի բաժնի վարիչ, 1988-1990 թվականներին՝ Արյունաբանության և արյան փոխներարկման ԳՀԻ տնօրեն։ 1990-1991 թվականներին եղել է ՀՀ առողջապահության նախարար։ 1992-1995 թվականներին եղել է Միջազգային Կարմիր խաչի Երևանի վերականգնողական կենտրոնի գլխավոր բժիշկ, 2000 թվականից՝ «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական կազմակերպության բժիշկ[2][3]։ 2001 թվականից, միաժամանակ՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի առողջապահության կառավարման դպրոցի տնօրեն։ Երևանի Արյունաբանության և արյան փոխներարկման ԳՀԻ-ում ստեղծել է հեմոֆիլիայի կենտրոն (ՀՀ-ում՝ առաջինը)։
Աշխատանքները վերաբերում են արյան հիվանդությունների ախտորոշմանը, սպիտակարյունության (լեյկոզներ) և երկաթանբավարարային սակավարյունության համաճարակաբանությանը, կանխարգելման ժամանակակից եղանակներին, նաև արյան հյուսվածքային համատեղելիության հակածինների, սրտի իշեմիկ հիվանդության և սրտամկանի ինֆարկտի զարգացման փոխադարձ կապին։ Մշակել և ներդրել է «անվտանգ արյան» հայեցակարգը[4]։ Սպիտակի երկրաշարժի ժամանակ Նազարեթյանը հանրապետությունում կազմակերպել և անցկացրել է Արյան ծառայության աշխատանքները։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վատիկանի Սուրբ Գևորգ Մեծ շքանշան, 1991
Նախորդող Արտաշես Ազնաուրյան |
ՀՀ Առողջապահության նախարար Միհրան Նազարեթյան 1990- 1991 |
Հաջորդող Արա Բաբլոյան |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Պրոֆ. Ռ.Օ.Յոլյանի անվան ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ. Միհրան Կոնստանդինի Նազարեթյան»։ www.med-practic.com։ Վերցված է 2016-09-18
- ↑ «Մ. Նազարեթյան. Հեռանկարներ կան, որ Հայաստանում կիրականացվի ոսկրածուծի փոխպատվաստում»։ www.panorama.am։ Վերցված է 2016-09-18
- ↑ «Միհրան Նազարեթյան. Որքան շատ են պոտեցիալ դոնորները, այնքան մեծ է համատեղելի դոնոր գտնելու հավանականությունը - NEWSLine.am»։ NEWSLine.am։ Վերցված է 2016-09-18(չաշխատող հղում)
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007