Միխայիլ Աղաջանով
Միխայիլ Աղաջանով | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 3, 1939 (83 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | կենսաքիմիկոս |
Միխայիլ Իոսիֆի Աղաջանով (հուլիսի 3, 1939, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ բժիշկ- կենսաքիմիկոս։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1979), պրոֆեսոր (1984)[1], Եվրոպական ակադեմիայի բնական գիտությունների լիիրավ անդամ (ակադեմիկոս), Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի լիիրավ անդամ, Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ, «Neurochemical journal» և «Нейрохимия»[2] հանդեսների գլխավոր խմբագիր։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Կենսաքիմիայի ամբիոնի վարիչ;
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միխայիլ Իոսիֆի Աղաջանովը ծնվել է 1939 թվականի հուլիսի 3-ին Վրաստանի Թբիլիսի քաղաքում։ Նրա պապիկը Անդրկովկասում եղել է հայտնի բժիշկ, ավարտել է Խարկովի բժշկական ինստիտուտը, եղել է Ալեքսանդր Մանթաշովիի բժիշկը, տատիկը՝ Ելենա Ալիխանովան եղել է Մանթաշովի զարմուհին։ Նրանք ունեցել են երեք որդի՝ Գեորգին, Սերգեյը և Միխայիլ հայրը՝ Իոսիֆը։ Իոսիֆը եղել է լեռնային ինժեներ, զոհվել է ավտովթարից՝ երբ Միխայիլը երեք տարեկան էր։ Միխայիլի մայրը՝ Ասյա Խաչիկյանը եղել է ինժեներ-տեխնոլոգ։
1957 թվականին Միխայիլը արծաթե մեդալով ավարտել է դպրոցը և տեղափոխվել Երևան՝ ընդունվել Երևանի բժշկական ինստիտուտը։ 1963 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ 1963-1966 թվականներին եղել է բժշկական ինստիտուտի Կենսաքիմիայի ամբիոնի ասպիրանտ։ 1967 թվականից աշխատել է բժշկական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնում, 1974-1984 թվականներին եղել է նույն ամբիոնի դոցենտ, 1984-1986 թվականներին՝ պրոֆեսոր։ 1988-1991 թվականներին եղել է Երևանի բժշկական ինստիտուտի գիտության գծով պրոռեկտոր։
Միխայիլ Աղաջանովն ուսումնասիրել է Ալցհեյմերի հիվանդությունը և մշակել դրա բուժման և կանխարգելման ուղիները։ Նրա աշխատանքները վերաբերում են տարբեր ախտաբան, հիվանդությունների ժամանակ օքսիդատիվ գերհույզի և դրա հակաօքսիդանտային կարգավորման հարցերին։
Վերապատրաստումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարան, (1966, 1972 )
- Մոսկվայի Բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտ, (1973)
- Մոսկվայի Գիտությունների ակադեմիա, Ռադիոկենսաբանություն, (1982)
- Կիևի պետական բժշկական ինստիտուտ, կենսաբանական և կենսաօրգանական քիմիա, (1984)
- Երևանի պետական համալսարան, հոգեբանություն, (1985, 1986)
- Լենինգրադի պետական մանկաբուժական բժշկական ինստիտուտ, կենսաքիմիա, (1984)
- Տոկիոյի Կիտասատոյի համալսարան, դեղագործական գիտություններ, (1992)
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ոսկե մեդալ, ՍՍՀՄ ազգային տնտեսության նվաճումների ցուցահանդես, Մոսկվա, (1986)
- Մեդալ՝ «Փայլուն ձեռքբերումների համար», ՍՍՀՄ կրթության պետական կոմիտե, Մոսկվա, (1988)
- Կիտասատոյի համալսարանի ազգային մեդալ, Տոկիո, (1992)
- Դիպլոմ՝ Ամերիկյան կենսագրական ինստիտուտ, «ժամանակակից գիտության մեջ ունեցած ներդրման համար», ԱՄՆ, (1997)
- ԵՊԲՀ-ի Մ. Հերացու անվան ոսկե մեդալ, (2000)
- Ամերիկյան կենսագրական ինստիտուտ, դիպլոմ, «խորհրդատուների թիմի մեջ ընդգրկվելու համար», ԱՄՆ, (2003)
- ԵՊԲՀ-ի ոսկե կրծքանշան, (2010)
- ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, (2010)
- Ոսկե շքանշան, ԵՊԲՀ, (2014)
- Ոսկե մեդալ, ՀՀ գիտության պետական կոմիտե, (2015)
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աղաջանով Մ. Ի., Կենսաքիմիա և Բերանի խոռոչի կենսաքիմիա, (դասագրքեր), (2001)[3]։
- Աղաջանով Մ. Ի., Կենսաօրգանական քիմիայի գործնական պարապմունքների ձեռնարկ (1986)։
- Հոբելյանական ուսանողական գիտական գիտաժողով նվիրված ԵՊԲՀ-ի 75-ամյակին։ Թեզիսների ժողովածու, Երևան, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հրատարակչություն, 2005։
- Юбилейная студенческая конференция, посвященная 75-летию ЕрГМУ: Թեզիսների ժողովածու։ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ԵՊԲՀ-ի հրատարակչություն, 2005.
- Աղաջանով Մ. Ի., Կենսաքիմիա ։ Մաս I : Ուսումնական ձեռնարկ բժշկական համալսարանի ուսանողների համար։ Երևան, ԵՊԲՀ հրատարակչություն, 2015։
- Աղաջանով Մ. Ի., Կենսաքիմիա ։ Մաս II : Ուսումնական ձեռնարկ բժշկական համալսարանի ուսանողների համար։ Երևան, ԵՊԲՀ հրատարակչություն, 2012։
- Աղաջանով Մ. Ի., Բիոօրգանական քիմիայի գործնական աշխատանքների մեթոդական ցուցումներ։ Ծրագրված հարցումների համար։ Երևան, Ա. հ., 1985:
- Աղաջանով Մ. Ի., Կենսաքիմիա։ Դասագիրք բժշկական և կենսաբանական բուհերի ուսանողների, կենսաքիմիկոսների և բժիշկների համար։ Երևան, ԵՊԲՀ-ի հրատարակչություն, 2009։
- Աղաջանով Մ. Ի., Մեթոդական ցուցումներ կենսաքիմիայից ։ Երևանի բժշկական ինստիտուտի ուսանողների ինքնապատրաստման համար։ Երևան, «Լույս», 1989[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայաստանում Ալցհեյմերի հիվանդության խնդրին ուշադրություն չի հատկացվում. պրոֆեսոր Աղաջանով
- ↑ [https://naukabooks.ru/zhurnali/katalog/nejrohimija/ «���������� - ������������ ������»]։ naukabooks.ru։ Վերցված է 2019-01-18
- ↑ Աղաջանով Միքայել Իոսիֆի, Մեժլումյան Լ Մ, Քանքանյան Ա Պ (2001)։ Բերանի խոռոչի կենսաքիմիա։ ուսումնական ձեռնարկ բժշկական ԲՈւՀ-երի ուսանողների և բժիշկ-ստոմատոլոգների համար։ ՀՀ Առողջապահության նախարարություն, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան։ Երևան: ԵՊԲՀ-ի հրատ
- ↑ «Կոհա առցանց քարտարան › Որոնման արդյունքներ համար 'su:{Կենսաքիմիա} and au:Աղաջանով, Միքայել Իոսիֆի,'»։ haygirk.nla.am (hy-Armn)։ Վերցված է 2019-01-18