Աղավնաձոր (Վայոց ձորի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղավնաձոր (այլ կիրառումներ)
Գյուղ
Աղավնաձոր
Աղավնաձորի համայնապատկեր(հարավային կողմից)
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորի մարզ
ՀամայնքԱրենի (համայնք)
ՀամայնքապետՀուսիկ Սահակյան[1]
Այլ անվանումներԸղնաձոր, Այնազուր
Մակերես10,71 կմ²
ԲԾՄ1610 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2089[2] մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Աղավնաձոր (Վայոց ձորի մարզ) (Հայաստան)##
Աղավնաձոր (Վայոց ձորի մարզ) (Հայաստան)
Աղավնաձոր (Վայոց ձորի մարզ) (Վայոց ձորի մարզ)##
Աղավնաձոր (Վայոց ձորի մարզ) (Վայոց ձորի մարզ)

Աղավնաձոր, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում,[2] մարզկենտրոնից 14 կմ հյուսիս-արևմուտք։

Աղավնաձոր է վերանվանվել 1946 թ.-ին։

Աշխարհագրական դիրք

Համայնքի վարչական տարածքը 4682 հեկտար է՝ 466 հեկտար վարելահողեր են, 1071 հեկտար արոտավայր, 379,4 հեկտար այգիներ։ Գյուղի հյուսիսային մասում իր գեղեցկությամբ աչքի է ընկնում Թեքսարի լեռնաճյուղերից Ուլգյուր գագաթը, որը ծովի մակարդակից ունի 2690 մ բարձրություն։ Գյուղն ունի հաճելի համայնապատկեր։ Բարձրությունը ծովի մակարդակից 1450-1600 մ է, իսկ կենտրոնական մասում ունի 1530 մ բարձրություն։ Աղավնաձորի սարավանդն ունի հնագույն հրաբխային կառուցվածք և կտրտված է բազմաթիվ փոքրիկ գետակներով ու ձորակներով։

Բուսական և կենդանական աշխարհ

Աշունը երկարատև է և տաք, որը ստեղծում է բարենպաստ պայմաններ մրգերի հասունացման համար։ Հատկապես «Արենի» տեսակի խաղողն է լավ հարմարվել տեղանքին։

Կլիմայի հետևանքով ձևավորվել է յուրօրինակ բուսական և կենդանական աշխարհ, հատկապես աչքի է ընկնում դեղաբույսերով՝ ուղտափուշ, ուրց, գազ, մասուր, հազարատերևուկ, ղանթափա, երիցուկ և այլն։

Կենդանական աշխարհը հարուստ է թռչուններով՝ կաքավ, լոր, արծիվ, սողուններով՝ թունավոր օձեր` գյուրզա, իժ, ինչպես նաև գիշատիչներով` աղվես, գայլ, շնագայլ, արջ։

Կլիմա

Կլիման արտահայտված է մերձարևադարձային չոր կլիմային բնորոշ բնութագրով, այն է՝ չոր և շոգ ամառներով և խոնավ, չափավոր ցուրտ ձմեռներով։ Տեղումների քանակը տատանվում է 350-400 մմ։ Առավելագույն տեղումներ դիտվում է գարնանը՝ մայիս ամսին, որը խթանում է լեռնալանջերի ձյան հալոցքին և առաջացնում է սելավներ։

Պատմություն

Միջնադարում Աղավնաձորի տարածքում, Դվին–Պարտավ առևտրական ճանապարհի վրա, եղել է քարավանատուն։[3]

Գյուղի հիմնադրումը վերագրվում է 13-րդ դարի սկզբներին։ Աղավնաձորը կոչվել է նաև Աղնաձոր, Այնազուր։ Հին գյուղը գտնվելիս է եղել այժմյան գյուղի կենտրոնական հատվածում։ Երկրորդ բնակեցումը եղել է 1828 թվականին։ Բնակչությունը ներգաղթել է ռուս-պարսկական պատերազմի տարիներին հիմնականում Խոյից, Սալմաստից, Վանից, Մակուից, Սասունից, Նախիջևանից։

Աղավնաձոր գյուղի շրջակայքում եղել են բնակավայրեր, դրանք են՝ Ապանան, որը գտնվում է գյուղից մոտ 4 կմ հյուսիս–արևելք, Բաղչաջղը՝ գյուղից մոտ 3 կմ հյուսիս-արևմուտք, Ղզլաղլը, Միրաշը։ Այդ տարածքներում գտնվել են կահ-կարասիներ, խաչքարեր փոքրիկ քանակով, գտնվել են նաև կարասային թաղումների շրջանի մնացորդներ (մ.թ.ա. II)։

Բնակչություն

Նախնիները 1828-1829 թվականներին գաղթել են Խոյից և Սալմաստից։

Աղավնաձորի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 1897 1926 1939 1959 1979 2001 2004
Բնակիչ 851 1331 1775 1485 1800 1948 2029

Գյուղատնտեսություն

Գյուղի տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է, հիմնականում զբաղվում են պտղաբուծությամբ, խաղողագործությամբ, ծխախոտագործությամբ, դաշտավարությամբ և անասնաբուծությամբ։

Արևային օրերեը՝ արևափայլը, մինչև 340-350 օր է կազմում, որով էլ պայմանավորված է արտադրված գյուղատնտեսական ապրանքների՝ պտղատեսակների և բանջարեղենի, բարձր որակը։ Խորհրդային տարիներին գյուղում եղել է կաթնապրանքային ֆերմա, նաև ոչխարաբուծական ֆերմաներ, ներկայումս էլ խնամվում են խոշոր և մանր եղջերավոր անասուններ։ Գյուղում գոյություն ունեն մի քանի ֆերմերային տնտեսություններ, որոնք զբաղվում են անասնապահությամբ և խաղողագործությամբ, ինչպես նաև՝ մեղվաբուծությամբ։

Արտադրվում է գինի, օղի, չիր, պանիր, բուրդ, միս, մեղր և այլն։

Գյուղում գործում է խաղողի վերամշակման երկու ձեռնարկություն, արտադրում և արտահանում է «Լուսարև», «Գեդեոն», «Հարսնասար» տեսակի որակյալ գինիներ։

Պատմամշակութային կառույցներ

Սուրբ Մարիամ եկեղեցի-Աղավնաձոր
Սուրբ Աստվածածին եկեղեցի-Աղավնաձոր

Գյուղից մոտ 4 կմ դեպի հյուսիս գտնվում է Ժամիդուզ կամ Ուլգյուր գյուղատեղը, որտեղ մինչև այժմ կանգուն են մնացել Աստվածածին եկեղեցու պատերը (վերանորոգվել է 2004 թվական), որի շրջապատում կա գերեզմանոց, կանգուն խաչքարեր, որոնք մահարձաններ են։ Նրանցից մեկը պատկանում է Սարգիս Երեցին։ Գյուղատեղում կա երկու գերեզմանոց, որոնցից փոքրը պատկանում է 10-14-րդ, իսկ մեծը՝ 15-18-րդ դարերին։

Ուլգյուր գյուղում է ծնվել միջնադարի մեծ նկարիչ, ճարտարապետ, քանդակագործ Մոմիկը, որի ձեռքի գործն է Նորավանք վանական համալիրը, շատ այլ վանքեր ու մատուռներ, այդ թվում՝ Ուլգյուր լեռան ստորոտում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին։

Գյուղատեղի գերեզմանատանը պահպանվում է Մոմիկի որդու՝ Ասկանդրի խաչքարը։ Իսկ Աստվածածին եկեղեցու բակում գտնվել է Մոմիկի մոր և քրոջ գերեզմանները։ Գյուղի կենտրոնում գտնվում է Սուրբ Մարիամ եկեղեցին, իսկ շրջակայքում բազմաթիվ խաչքարեր և մատուռներ։

Աղավնաձորից 4 կմ հյուսիս գտնվում է “Ներքին Ուլնոց” գյուղատեղի (XIII-XIV դարեր), “Վանքի ձոր” հնավայրը Սբ. Աստվածածին եկեղեցիով (X-XI դարեր) և 1009 թ.-ի մահարձանով, 1 կմ արևելք՝ “Աղջկաբերդ”-ը (XIII դար), XI-XIV դարեր խաչքարեր, իսկ 4 կմ հյուսիս-արևմուտք՝ XIII-XIV դարերի իջևանատուն։

Գյուղում գործում է մեկ միջնակարգ դպրոց՝ երկու մասնաշենքով, մանկապարտեզ, արվեստի դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, կապի հանգույց։

Տես նաև

Արտաքին հղումներ

  • Աղավնաձոր–facebook.com
  • Աղավնաձոր (Վայոց ձորի մարզ) բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
  • World Gazeteer: Armenia – World-Gazetteer.com
  • 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
  • Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
  • Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 125, available online at the website of the Internet Archive:


Ծանոթագրություններ

  1. Արենի համայնքի ղեկավար և ավագանի
  2. 2,0 2,1 Վայոց մարզի մարդահամար, 2008 (անգլ.)
  3. «Հայաստանի Սովետական հանրագիտարան», հտ 1, էջ 247
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 11» (PDF). Վերցված է 2014 Հունիսի 4-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։