Jump to content

Մշո գավառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մուշ (այլ կիրառումներ)


Մուշ, գավառ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթում։ Վարչական կենտրոնը Մուշ քաղաքն է։

Մուշի գավառը մոտավորապես համապատասխանում էր Մեծ Հայքի Տուրուբերան աշխարհի Տարոն գավառին։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառի հարավային մասը կազմում է Հայկական Տավրոսի, Սասունի լեռնաշղթաները, իսկ արևելյան մասը՝ Կոփի լեռնաշղթաները։ Ամենաբարձր լեռնագագաթներից են Անդոկը, Կեպինը, Կուրտիկը, Մարաթուկը։

Մուշի հարավային մասում են գտնվում Մանազկերտի և Բուլանըխի գավառակները, իսկ արևմուտքում՝ Մշո դաշտն է[1]։

Գավառի գլխավոր գետերն են Արածանին և նրա ձախակողմյան վտակ Մեղրագետը ու Արևելյան Տիգրիսի ավազանին պատկանող Խուլփի, Սասունի գետերը։ Գետերի շնորհիվ գավառը հարուստ է խմելու և ոռոգելու ջրերով։

Մուշի կլիման զով է և առողջարար։ Մուշում կա վերընթաց գոտիականություն, այնտեղ տիրում է բարեխառն գոտին։

Բուսական և կենդանական աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլանըխում և Մանազկերտում տարածվում են գավառի ամենաբերրի հողերը, իսկ հարավում ստվերախիտ անտառներն ու արոտավայրերը։ Գավառն ունի հարուստ բուսական և կենդանական աշխարհ։ Տարածված ծառերից են կաղնին և հացենին, իսկ մրգատու ծառերից՝ խնձորենին, տանձենին և ընկուզենին։

Մուշի անտառների ծառերի (կաղնի, հացենի) տերևների վրա գոյանում է ծաղկափոշիներից առաջացող մեղրանման քաղցր հյութ, որին կոչում են մանանա կամ գազպեն։ Ամառը բնակիչները տերևները հավաքում են և ջրի մեջ եռացնում՝ անջատելով մանանան։ Դրանից հետո նրանք այն ցանկացած թանձրությամբ պահում են կավե կամ պղնձե ամաններում և օգտագործում որպես քաղցրավենիք։

Մուշի գավառի հայերը թուրքեր ջարդարարների կողմից կոտորվեցին կամ տարագրվեցին 1915-1916 թթ.։ 1970 թվականի դրությամբ Մուշն առանձին նահանգ է և ունի 234 200 քուրդ և թուրք բնակիչ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1891 թվականին, ըստ Վ. Քինեի վիճակագրության Մուշն ուներ 123 459 բնակիչ, որից 55 365-ը՝ հայեր, մնացածը թուրքեր և քրդեր։ Առաջ հայերը կազմել են գավառի բնակչության ճնշող մեծամասնությունը։ Մուշն Արևմտյան Հայաստանի ամենախիտ բնակեցված վայրերից էր[2]։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։ Մեղրագետի և մյուս գետերի հովիտներում, Բուլանըղում և Մանազկերտում տարածում ուներ նաև խաղողագործությունն ու պտղաբուծությունը։ Մշակում էին հացահատիկ, բամբակեղեն, ծխախոտի ընտիր տեսակներ, բրինձ, կտավատ, կանեփ, քունջութ, ոսպ և լոբազգի կուլտուրաներ, կերախոտեր։ Գավառը հայտնի էր իր չոր մրգերով։

Արհեստներից զարգացած էր շալագործությունը, ներկարարությունը, գզրագործությունը, կոշկակարությունը, երկաթագործությունը և կավագործությունը։

Մուշն հայտնի էր իր ընտիր գինիներով։

Մուշի ապրանքների զգալի մասը վաճառվում էր հարևան գավառներում։

Օգտակար հանածոներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուշն ունի երկաթի, նավթի, ծծումբի և ջրաղացի ու երկանքի լավագույն քարատեսակներ։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

XVI-XVIII դարերում Մուշի գավառը եղել է Վանի նահանգի կազմում, իսկ XIX դարից այն Բիթլիսի վիլայեթի կազմում էր։ XX դարասկզբի դրությամբ բաժանված էր 5 գավառների, որոնք միասին ունեին 567 բնակավայր[1]։

Մուշի գավառի մեջ մտնում էին հետևյալ գավառակները.

Աղբյուրներ և գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մանուէլ Միրախորեան, Նկարագրական ուղեւորութիւն ի հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի։
  • Լալայեան Երուանդ, Մուշ - Տարօն. Ազգագրութիւն («Ազգագրական հանդէս»)։
  • Բենսէ [Սահակ Մովսիսեան] և Երուանդ Լալայեան, Բուլանըխ կամ Հարք Գաւառ, Արտատպուած «Ազգագրական Հանդիս»ից։ Թիֆլիս, տպ. Կ. Մարտիրոսեանցի, 1901, 182, 108, 1 չհ. էջ։
  • Գեղամ Տէր Կարապետեան (Գեղամ), Տարօնի աշխարհ-պատկերներ ու պատմուածքներ, Փարիզ, 1931, 340 էջ։
  • Կարօ Սասունի, Պատմութիւն Տարօնի աշխարհի, հրատ. Տարօն-Տուրուբերանի Հայրենակցական Միութեան կեդրոնական վարչութեան, Պէյրութ, տպ. Սեւան, 1956, 1252 էջ։ Բ. տպ., Անթիլիաս, տպ. Կաթողիկոսութեան Մեծի Տանն Կիլիկիոյ, 2013։
  • Սարգիս եւ Միսաք Բդէեաններ, Աղան Տարօնեցի, Հարազատ պատմութիւն Տարօնոյ, Գահիրէ, տպ. Սահակ-Մեսրոպ, հրատ. Հայ Ազգային Հիմնադրամի, 1962, 676 էջ։
  • Սմբատ Շահնազարեան, Մշոյ բարբառը եւ իր ժողովուրդին դիմաստուերը, Պէյրութ, տպ. Սեւան, 1972, 251 էջ։
  • Հ. Համազասպ Ոսկեան, Տարօն-Տուրուբերանի վանքերը, Վիեննա, տպ. Մխիթարեան, 1953, 269, 2 էջ։
  • Քերովբէ Կարապետեան, Ալպոմ-Յուշամատեան նուիրուած Տարօն աշխարհի, Լիոն, տպ. Տարօն, 1962, 192 էջ։
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), Երևան, Երևանի Համալսարանի հրատարակչություն, 1986-2001 թթ.։
  • Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 895-896
  2. * Vital Quinet, La Turquie d'Asie; géographie administrative, statistique descriptive et raisonnée de chaque proovince de l'Asie-Mineure, Tom I, Paris, 1892.