Մարաղա (գյուղ)
Այս հոդվածը Արցախի Հանրապետության գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Մարաղա (այլ կիրառումներ)։
| Գյուղ | ||
|---|---|---|
| Մարաղա | ||
| 40°19′48″N 46°52′48″E / 40.33000°N 46.88000°E | ||
| Երկիր | ||
| Շրջան | Մարտակերտի | |
| Համայնք | Թարթառի շրջան, Մարտակերտի շրջան և Մարտակերտի շրջան | |
| Այլ անվանումներ | Մարագալի, Մարաղալը, Մարաղալի, Մարաղալու, Մարգալի | |
| ԲԾՄ | 315 մետր | |
| Պաշտոնական լեզու | ադրբեջաներեն | |
| Բնակչություն | 4644 մարդ (1989) | |
| Ազգային կազմ | ադրբեջանցիներ | |
| Կրոնական կազմ | իսլամ | |
| Տեղաբնականուն | մարաղացի | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||

Մարաղա, անբնակ գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում, որը 1992 թվականից գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման, այն հանդիսանում է Մարտակերտի շրջանի բնակավայր, իսկ ըստ Ադրբեջանի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ Թարթառի շրջանի բնակավայր։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարաղան գտնվում է Կուրի վտակ Թարթառ գետի աջ ափին, Թարթառ քաղաքից 4 կմ, իսկ Բարդա քաղաքի երկաթուղային կայարանից՝ 24 կմ հարավ-արևմուտք։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1895 թվականին գյուղն ուներ 104 տուն՝ 540 հայ բնակչով, իսկ 1989 թվականին բնակչությունը հասել էր 4644 մարդու, ճնշող մեծամասնությունը՝ հայեր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը հիմնել են 1828 թվականին Պարսկաստանի Մարաղա քաղաքից գաղթած հայերը և այն ի պատիվ իրենց նախկին բնակավայրի կոչել են «Մարաղա»։
Ռուսական կայսրության ժամանակ մտնում էր Ելիզավետպոլի նահանգի Ջևանշիրի գավառի մեջ։
1954 թվականի հունիսի 30-ին Մարգուշևան գյուղը և Մարաղա գյուղը միավորվել են մեկ գյուղխորհրդի մեջ և ստացել «Լենինավան» անվանումը։ Մինչ Արցախյան հակամարտությունը գյուղը գտնվել է ԼՂԻՄ Մարտակերտի շրջանում՝ Ադրբեջանական ԽՍՀ Միր-Բաշիրի (այժմ՝ Թարթառի) շրջանի սահմանին։
1980 թվականի դրությամբ զբաղվում էր խաղողագործությամբ, բանջարաբուծությամբ և հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ։ Մարաղայում գործում էր խաղողի նախնական վերամշակման գործարան, կենցաղսպասարկման կոմբինատ, Արցախի (գյուղատնտեսական թեքումով) զոնալ փորձակայանի մասնաճյուղը։ Ուներ 2 միջնակարգ դպրոց, 3 գրադարան, կուլտուրայի պալատ, կապի բաժանմունք, հիվանդանոց, մսուր-մանկապարտեզ։
Մարաղայի կոտորած
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թվականի ապրիլի 10-ին ադրբեջանական միլիցիայի հատուկ նշանակության ջոկատը Մարաղա գյուղում հրկիզել է գյուղը և կոտորել բնակչությանը։ Մարաղայի ողբերգական դեպքերի ընթացքում սպանված հայերի թիվը տատանվում է 80-100-ի միջև։ Ավելի քան 40 մարդ վիրավորվել է, 63-ը՝ գերի վերցվել։ Սպանդը շարունակվել է ապրիլի 22-23-ին, երբ կենդանի մնացած մարաղացիները վերադարձել էին մահացածներին հողին հանձնելու համար։ Տվյալները հաստատվել են «Հյուման Րայթս Վոթչ» միջազգային իրավապահ կազմակերպության կողմից։ Մարաղայի կոտորածը հայկական կողմից գնահատվում է որպես ցեղասպանություն։
Մարաղան 1992 թվականաից սկսած շարունակում է մնալ Ադրբեջանի հսկողության տակ և վերջինի կողմից համարվում է Թարթառի շրջանի տարածք։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարաղան ուներ քարաշեն, փայտածածկ սուրբ Աստվածածին անունով եկեղեցի։
Անվանի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այստեղ է ծնվել բանասեր, Կիլիկիայի կաթողիկոս Գարեգին Հովսեփյանը (1867-1952)[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 720
| |||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
