Վարդաձոր, գյուղ ԼՂՀՄարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 18 կմ հարավ-արևմուտք` 750 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 1220 հեկտար։ Զբաղվում են հիմնականում անասնապահությամբ, բանջարաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց (կոչվել է Նորայր Դանիելյանի անունով), ակումբ, բուժկետ։ Գյուղի հարևանությամբ է Ս. Աստվածածին եկեղեցին (19-րդ դար), շրջակայքում կան պատմական հուշարձաններ, գյուղատեղիներ։
1990-ին Վարդաձորում կազմավորվել է «Քաջավան» կամավորական ջոկատը (հրամանատար՝ Նորայր Դանիելյան), որի հիմքի վրա 1992-ի սեպտեմբերին ստեղծվել է Մարտակերտի պաշտպանական շրջանի 3-րդ մոտոհրաձգային գումարտակը։ Ջոկատն առանձին կամ գումարտակի կազմում մասնակցել է ԼՂՀ Մարտակերտի (Քաջավան, Մարտակերտ, Ջանյաթաղ, Մեհմանա, Չլդրան և այլն) շրջանի և ԼՂՀ տարբեր բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ Վարդաձորից հրամանատարներ են եղել Ա. Առուշանյանը, Ռ. Հակոբյանը։ Վարդաձորից զոհվել է 9 ազատամարտիկ[2]։