Ծմակահող, գյուղ ԱրցախիՄարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 47 կմ հարավ-արևմուտք` Վաճառ գետի աջ ափին՝ 850 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 900 հեկտար։ Զբաղվում են բուսաբուծությամբ և անասնապահությամբ։ Ունի ութամյա դպրոց (ակադեմիկոս Անդրանիկ Իոսիֆյանի անվան), ակումբ, բուժկետ։ Գյուղում է կիսաքանդ Ս. Ստեփանոս (XII դար), շրջակայքում՝ Հարավա, Մանքա, Անկնունք եկեղեցիները, Վաճառ գյուղաքաղաքի ավերակաները։ Գյուղաքաղաքը որպես վաճառաշահ կենտրոն զարգացել է Հասան-Ջալալյանների օրոք (XIII դար)։ Օտար նվաճողները ավերել են գյուղաքաղաքը, բնակիչները տեղափոխվել են Վաճառ գետի աջ ափը, հատել անտառը (ծմակը) և հիմնել Ծմակահողը։
1988-ին Ծմակահողում կազմակերպվել են հանրահավաքներ, ցույցեր. կազմավորվել է կամավորական ջոկատ, որը 1992-ից Խաչենի գումարտակի 2-րդ վաշտի կազմում մասնակցել է Կիչան-Ղազանչի, Կոճողոտ-Զարդախաչ-Ալիաղալի-Մարտակերտ-Մաղավուզ-Հակոբ Կամարի և այլ ուղղությունների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ծմակահողից հրամանատար է եղել Ա. Մանվելյանը։ Ծմակահողից զոհվել է 10 ազատամարտիկ[2]։