Հարությունագոմեր, գյուղ Մարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 44 կմ հարավ-արևմուտք` Թարթառ գետի աջ ափին՝ 800 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 1060 հեկտար։ Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկային բույսերի մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց (կոչվել է զոհված ազատամարտիկ Զ. Ավետիսյանի անունով) և բուժկետ։ Գյուղի շրջակայքում կան հին բնակատեղիներ (Միջին խութ, Հունուտ, Եղցատեղ), կիսավեր եկեղեցիներ (12-13-րդ դդ), խաչքարեր և այլն։
1988-ին Հարությունագոմերում կազմավորվել է կամավորական ջոկատ, որը պատերազմական գործողությունների զարգացմանը զուգընթաց համալրվել է գյուղի և հայաստանաբնակ հարությունագոմերցիների կամավորականներով (հրամանատար՝ Ա. Բախշիյան)։ Ջոկատին խորհուրդներով օժանդակել են երևանաբնակ խորհրդային բանակի պահեստի գնդապետներ Ա. Դանիելյանը, Գ. Ճաղարյանը և Շ. Հովհաննիսյանը, Վ. Պետրոսյանը, Զ. Ավետիսյանը։ Ջոկատը 1989-90-ին շուրջօրյա հերթապահություն է սահմանել գյուղում և գյուղամերձ տեղամասերում, մասնակցել շրջակա գյուղերի ինքնապաշտպանական մարտերին։ 1992-ին ներառվել է ՊԲ ստորաբաժանումների կազմում, մասնակցել ԼՂՀ տարբեր շրջանների ազատագրական մարտերին։ Հարությունագոմերից ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է Զ. Ավետիսյանը (հետմահու), հրամանատարներ են եղել Ա. Բախշիյանը, Շ. Հովհաննիսյանը, Հ. Մակյանը, Լ. Տալյանը։ Զոհվել է 13 ազատամարտիկ[2]։