Կուսապատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Կուսապատ
Կոորդինատներ: 40°10′39″ հս․ լ. 46°44′27″ ավ. ե. / 40.17750° հս․. լ. 46.74083° ավ. ե. / 40.17750; 46.74083
Երկիր Արցախ Արցախ
Շրջան Մարտակերտի
ԲԾՄ 776 մետր
Պաշտոնական լեզու հայերեն
Բնակչություն 276[1] մարդ (2005)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն կուսապատցի
Ժամային գոտի UTC+4
##Կուսապատ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Կուսապատ, (հնում նաև՝ Կիսապատ, Կսապատ, Կասապետ) գյուղ ԼՂՀՄարտակերտի շրջանում՝ շրջկենտրոնից 11 կմ հարավ-արևմուտք, Ստեփանակերտից մոտ 40 կմ դեպի հյուսիս։ Գյուղը ձգվում է Չորտանձուտինջուր գետակի ձախ ափով մոտ 2 կմ երկարությամբ, Կուսապատ և Արևչտես լեռների ստորոտում։ Գյուղը գտնվում է ծովի մակերեսից 800 մետր բարձրության վրա. շրջապատված է խիտ անտառներով։

Բնակիչները զբաղվում են բուսաբուծությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց (հիմնադրել են է մելիք Աթաբեկյանները 19-րդ դարի կեսերին), ակումբ, բուժկետ։

Կուսապատի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսապատը Արցախի հնավուրց բնակավայրերից է։ Գյուղը հիմնել է իշխան Ջալալ Գ Մեծ Հասան-Ջալալյանի որդի իշխան Աթաբեկ Գ Ջրաբերդցին։ Դեռևս 15րդ դարում, նա տեղափոխվել է իշխանանիստ Գանձասար (այժմ՝ Վանք) ավանից Չորտանձուտինջուր գետակի ափը, հիմնել է այստեղ բնակավայր և սկսել է կառուցել Ծիրանաքար ամրոցը։ Սակայն ամրոցը մնացել է անավարտ. կառուցվել են միայն պատերի մի մասը, ինչից և նորաստեղծ բնակավայրը ստացել է իր անվանումը՝ Կիսապատ (արցախյան բարբառով՝ Կուսապատ)։

Իշխան Հասան-Ջալալյանները և մելիք Աթաբեկյանները Կուսապատում և մոտակայքում հիմնել են Անապատ (12-րդ դար) և Սբ. Աստվածածին (16-րդ դար) եկեղեցիները, Նահատակ ուխտատեղին և այլն։ Կուսապատում մինչ օրս պահպանվել է Մելիքաց միջնադարյան կամուրջը, Ծիրանաքար ամրոցի ավերակները, և միջնադարյան գերեզմանոցը, որ կոչվում է Մելիքաց Հանզստարան։ Այդ գերեզմանոցում են զետեղված մելիք Վանի Աթաբեկյանի, նրա եղբայր հարյուրապետ Հովսեփ-բեկ Աթաբեկյանի, Մուրացանի քրոջ, Աթաբեկյան իշխանատան և Նախիջևանիկի Փիրումյան ազնվական տոհմի այլ ներկայացուցիչների աճյունները։

18-րդ դարում Կուսապատը դարձավ Ջրաբերդի մելիքության ամենամեծ ավաններից մեկը։ Սակայն արևելյան Հայաստանում պարսկական արշավանքների, քոչվոր խանների և լեզգիների ասպատակումների արդյունքում առաջացած սովի պատճառով, Կուսապատի շատ բնակիչներ տեղափոխվեցին Մեծ Հայքի այլ մասեր՝ հիմնականում Գարդման, Ուտիք, Տավուշ, ինչպես նաև Վրաստան և ռուսական Հյուսիսային Կովկաս։ 19-րդ դարում (1814-1854) Կուսապատը դարձավ Աթաբեկյան մելիքական տոհմի մելիքանիստ ավանը։ Կուսապատը բաժանված է երկու հիմնական թաղամասերի՝ Մելիքանց Շեն (որտեղ մինչ օրս գտնվում են Աթաբեկյան մելիքական տան շինությունները՝ դարպասները) և Ջանաբեկ Թաղ։ Աթաբեկյանները Կուսապատում հիմնել են 11 ջրաղաց, ոսկերչագործական դարբնոց-արհեստանոց և բացել են հասարակական դպրոց, որը առաջիններից մեկն էր Արցախում։ Հետագայում, մելիք Վանի Աթաբեկյանը հիմնել կամ վերականգնել է 6 այլ բնակավայր (Ներքին Հոռաթաղ, Մարտակերտ, Կարմիրավան, Ծաղկաշեն, Մեծ Շեն և Մոխրաթաղ), որտեղ և տեղափոխվել է Կուսապատի բնակիչների մի մասը։ Թեև այդ տեղաբնակությունների արդյունքում բուն Կուսապատը հետագայում փոքրացավ, իր չափերի և կարևորության շնորհիվ, մոտակա գյուղերի բնակչությունը Կուսապատն անվանում էր Շեն՝ որ նշանակում է հիմնական/կենտրոնական բնակավայր։

Կուսապատը Արցախյան ազատամարտում[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին Կուսապատում կազմավորվել է կամավորական ջոկատ, որը միավորվել Վ. Բալայանի ջոկատի հետ, մասնակցել է Այգեստանի, Կիչանի, Չափարի և Մարտակերտի շրջանի այլ բնակավայրերի ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։ 1993-ի հուլիսի 4-ին հակառակորդը գրավել է գյուղը և բազմաթիվ ավերություններ կատարել՝ թշնամին քանդել է Աթաբեկյանների դարպասները, գյուղական դպրոցը և բազմաթիվ այլ շինություններ։ 1993-ին Մարտունիի պաշտպանական շրջանի (հրամանատար՝ Մոնթե Մելքոնյան) ստորաբաժանումներն ազատագրել են այն։ Կիչանից զոհվել է 12 ազատամարտիկ։[2]

Այժմ Կուսապատը մասամբ վերականգնված և վերաբնակեցված է. նախապատերազմական 600-հոգանոց բնակչությունից միայն 240 է վերադարձել հայրենի գյուղ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Population of Nagorno-Karabakh Republic (2005)
  2. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 305։