Հայաստան-ԵԱՀԿ հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստան-ԵԱՀԿ հարաբերությունները սկսվել են, երբ Հայաստանը 1992 թվականի հունվարի 30-ին միացել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդաժողովին (ԵԱՀԽ)։ Դրանից անմիջապես հետո՝ 1995 թվականին, ԵԱՀԽ-ն վերակազմավորվել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ)[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանը ԵԱՀԿ լիիրավ անդամ է դարձել՝ ստորագրելով Հելսինկյան համաձայնագրերը 1992 թվականի հուլիսի 8-ին և Փարիզի խարտիան 1992 թվականի ապրիլի 17-ին։ Հայաստանը ստորագրել է նաև ԵԱՀԿ մի քանի կոնվենցիաներ և պայմանագրեր, ինչպիսիք են Եվրոպական անվտանգության խարտիան և Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին ադապտացված պայմանագիրը, որը ստորագրվել է 1999 թվականին։ ԵԱՀԿ գրասենյակը բացվել է Երևանում 2000 թվականի փետրվարի 16-ին՝ Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացման նպատակով։ 2017 թվականի օգոստոսի 31-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակը դադարեցրել է իր գործունեությունը՝ գրասենյակի մանդատի երկարաձգման վրա վետո դնելու Ադրբեջանի որոշումից հետո[2]։ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումից հետո Հայաստանն ու ԵԱՀԿ քարտուղարությունը բանակցություններ են սկսել համագործակցության նոր շրջանակների շուրջ։ Հայաստանի և ԵԱՀԿ-ի միջև հարաբերությունների հետագա զարգացման նպատակով ստեղծվել է «Հայաստանի հետ համագործակցության ծրագիրը»[1][3]։ ԵԱՀԿ-ն շարունակում է աջակցել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների իրականացման, հակակոռուպցիոն միջոցառումների իրականացման և Հայաստանում ընտրություններին հետևելու գործում[4]։

Ներկայացուցչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանն ունի ԵԱՀԿ-ում մշտական ներկայացուցիչ, որն իր գործունեությունը ծավալում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ 2019 թվականի հունվարի 11-ի դրությամբ ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության ղեկավարն է Արմեն Պապիկյանը, որը նաև Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանն է[5]։

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ) ներկայացված է իր պատվիրակության միջոցով, որը հաճախ նշանակվում է Հայաստանի վարչապետի և Ազգային ժողովի կողմից։ ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ներկայիս ղեկավարն է Էդուարդ Աղաջանյանը[6]։

ԵԱՀԿ Մինսկի խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի փետրվարից բանակցությունների միջոցով Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ ուշադրության կենտրոնում է եղել կազմակերպության սկզբունքներին համապատասխան։ Այդ նպատակով 1992 թվականի մարտին ստեղծվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ խրախուսելու Արցախի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը։ Մինսկի խումբը գլխավորում է համանախագահությունը, որը բաղկացած է Ֆրանսիայից, Ռուսաստանից և Միացյալ Նահանգներից։ Բացի այդ, Մինսկի խմբի մեջ են մտնում նաև մասնակից պետությունները՝ Բելառուսը, Ֆինլանդիան, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Թուրքիան, ինչպես նաև Հայաստանն ու Ադրբեջանը[7]։

Հայաստանում կարիքների գնահատման ԵԱՀԿ խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժումից հետո ԵԱՀԿ-ն կարիքների գնահատման խումբ է ուղարկել Հայաստան 2022 թվականի հոկտեմբերի 21-27-ն ընկած ժամանակահատվածում[8]։ ՀՀ կառավարության խնդրանքով ԵԱՀԿ-ն միջազգային փորձագետների և ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչների խումբ է ուղարկել՝ գնահատելու իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով որոշ սահմանային շրջաններում[9][10][11]։

Վերջին զարգացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի մարտի 11-ին Հայաստանում գործող «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը ստացել է ԵԱՀԿ «Ժողովրդավարության պաշտպա»ն մրցանակը։ ԻՔՄ-ն ձգտում է քարոզել լրատվամիջոցների թափանցիկությունը և անկախ լրագրությունը, ինչպես նաև խթանել ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները Հայաստանում։ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունը մրցանակ է շնորհել ԻՔՄ-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացած արարողության ժամանակ[12]։

2022 թվականի հունվարի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հետ։ Կողմերը քննարկել են կովկասյան տարածաշրջանում տարածաշրջանային կայունությանն առնչվող հարցեր[13]։

2022 թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ Անվտանգության խորհրդի ղեկավար Արմեն Գրիգորյանը կոչ է արել ԵԱՀԿ-ին և Մինսկի խմբին Արցախի շրջափակումից հետո գնահատման առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք[14]։

2022 թվականի դեկտեմբերի 23-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է ԵԱՀԿ փաստահավաք առաքելության՝ Արցախ գործուղման կարևորությունը՝ մարդասիրական իրավիճակը գնահատելու, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան մարմիններին Արցախ անարգել մարդասիրական մուտքի տրամադրումը երաշխավորելու համար[15]։ Կողմերն անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը[16][17]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Armenia joined the OSCE 30 years ago today».
  2. «OSCE Forced By Azerbaijan To Close Yerevan Office». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան.
  3. Staff, Weekly (2017 թ․ մայիսի 4). «OSCE Office in Yerevan to Close; Azerbaijan Responsible». The Armenian Weekly.
  4. «OSCE continues training operative officers of Anti-Corruption Committee of Armenia». osce.org.
  5. «ORGANIZATION FOR SECURITY AND COOPERATION IN EUROPE». www.mfa.am.
  6. «Armenia». www.oscepa.org.
  7. «Who we are». www.osce.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
  8. «OSCE sends a needs assessment team to Armenia».
  9. «Sending OSCE observers to Armenia-Azerbaijan border in addition to EU mission under discussion». 2022 թ․ հոկտեմբերի 18.
  10. «The Foreign Minister of Armenia received the members of OSCE needs assessment mission». www.mfa.am.
  11. «Ararat Mirzoyan received members of OSCE needs assessment mission». www.1lurer.am.
  12. «2019 Democracy Defender Award Seminar and Presentation». U.S. Mission to the OSCE (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մարտի 13. Վերցված է 2023 թ․ հունվարի 9-ին.
  13. «Armenian PM receives U.S. co-chair of OSCE Minsk Group on Karabakh issue». news.am.
  14. «Armenia calls on UN, OSCE and the Minsk Group to send a mission to Lachin Corridor».
  15. «Armenian FM highlights the importance of sending fact-finding mission in a conversation with OSCE MG French Co-chair». armenpress.am.
  16. «FM Mirzoyan, French Co-Chair of the Minsk Group discuss normalization of Armenia-Azerbaijan relations».
  17. «Armenian FM has phone talks with US Co-Chair of OSCE Minsk Group». news.am.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]