Jump to content

Միրիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղական համայնք
Միրիկ
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
ՀամայնքԼաչինի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ)
Մակերես3117,4 կմ²
Բնակչություն179 մարդ (2015)
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Միրիկ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Միրիկ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Միրիկ, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում, հանրապետության արևմտյան հատվածում, Բերձոր շրջկենտրոնից 39 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 89 կմ հեռավորության վրա։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գսնվում է ԱՀ արևմտյան հատվածում՝ Քաշաթաղի շրջանում իսկ նախկինում՝ Սյունիքի Աղահեճք գավառում։ Բնակավայրը տեղաբախշված է Աղավնո գետի Միրիկ վտակի երկու ափերին։ Միրիկը շրջապատված է Սյունիքի լեռնաշղթայի Մեծ Իշխանասար և Բեռաթաղ լեռներով։

Համայնքը բարձր լեռնային է, ունի 3117,4 հա տարածք, որից 1840,8 հա գյուղատնտեսական նշանակության, 1181,3 հա անտառային հողեր։ Միրիկ համայնքի սահմանային գոտով հոսում է Աղավնո գետը։

Համայնքի տարածքում առկա են խմելու ջրի բազմաթիվ բնական աղբյուր-առվակներ։

Գյուղը պատմական աղբյուրներում հիշատակվել է Մերիկ՝ սկսած խորհրդային շրջանից՝ Միրիկ անվանաձևով։ Գյուղի հյուսիսային հատվածում գտնվող բարձր լեռան վրա է գտնվում Սբ․ Աստվածածին եկեղեցին։ Թաղածածկ, կոփածո քարով ու կրաշախաղով, անկյունները՝ սրբատաշ քարաշարով բազիլիկ եկեղեցու պատերի մեջ ագուցված են 12-13-րդ դարերի տապանաքարեր, իսկ որմերին պահպանված արձանագրությունները, որոնցում նաև տեղեկություններ կան եկեղեցու շինարարության վերաբերյալ, փաստում են, որ այն կառուցվել է 1682 թվականին Հաղնազարի կողմից։ Նրա տապանաքարը ևս թվագրված է 1654։

19-րդ դարի վերջերին Երվանդ Լալայանը, լինելով Աղավնոյի հովտում, արձանագրել է

Չրախլուի եկեղեցիները խոտանոցներ են դարձուած, Կատոսի, Սունասարի, Ղորդղաճքի եկեղեցիները խոտանոցներ են դարձուած, Կատոսի, Դողդաճքի եկեղեցիները իբր փարախ կամ գոմ են ծառայում։

Եկեղեցու պահպանմանը հավանաբար նպաստել է խորհրդային ժամանակներում նրա՝ որպես ակումբ օգտագործումը։ 1990-ական թվականներին Սամվել Կարապետյանի կողմից ուսումնասիրվել և չափագրվել է եկեղեցին։

2017 թվականին գյուղի տարածքում հայտնաբերվել է Վանի թագավորության ժամանակաշրջանին վերագրվող ամրոց, որը հնագիտական ուսումնասիրության փուլում է։

Վերջերս հայտնաբերված մի փաստաթղթում Քաշաթաղի գավառից Տաթևին հարկատու գյուղերի 1733 թվականին ցանկում հիշատակված է նաև Մերիկը։

Միրիկի հարևանությամբ են գտնվում Մոշաթաղ և Ղուշչի գյուղերը։ Քանի որ վերջինս ավերված ու անմարդաբանակ է, տարածքը ներառված է Միրիկի համայնքի մեջ։ Ղուշչի գյուղի տարածքում է գտնվում Մկնատամի Խաչ վանքը, որը 12-13-րդ դարերին վերագրվող եկեղեցին կապտավուն բազալտից կառուցված միանավ, թաղածածկ շինություն է՝ ներկա դրությամբ արձանագրություններ չունի։

1924 թվականին Միրիկ գյուղի հանդամասերից մեկում հովիվները պատահաբար հայտնաբերել են 16-րդ դարի պարսկական դրամներից բաղկացած դրամական գանձ, որը տեղափոխվել է Բաքու։

18-րդ դարի վերջերին և 19-րդ դարի սկզբերին Միրիկը և շրջակա հայկական գյուղերը Ղարաբաղի խաների, քրդական ցեղերի ճնշումների տակ հայաթափվել են։ 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբերին Միրիկում քրդեր են հաստատվել[2]։

Գյուղը Արցախյան ազատամարտին

[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին ԱՀ Պաշտպանության բանակի հարվածներով գյուղը ազատագրվել է։ Քաշաթաղի շրջանի ողջ տարածքի ազատագրումից հետո՝ մասնավորապես 1995 թվականին, մեկնարկել է Միրիկի վերաբնակեցման գործընթացը։ Գյուղի առաջին վերաբնակիչները 1995 թվականին փետրվարի 25-ին ՀՀ Արարատի մարզից հաստատվել են այստեղ։ Նույն թվականին էլ հիմնվել է միջնակարգ դպրոցը, որի առաջին տնօրենն էր Շ․ Սահակյանը, ապա՝ Ֆ․ Մկրչյանը, Աբգարյանը, իսկ 2008 թվականին հոկտեմբերից՝ Ն․ Սարգսյանը։

Գյուղը Արցախյան երկրորդ պատերազմին

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Միրիկ համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 179 մարդ, կար 54 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 160 144 144

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ։

Հասարակական կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 29 աշակերտներ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են` Ս. Աստվածածին եկեղեցի (1682 թ.), տապանաքարեր (XVII դ.)[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 679–681.
  3. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  4. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  5. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 367.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)