Մամարք (գյուղ, Քաշաթաղի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Մամարք
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Համայնք Մամարք համայնք
Մակերես2655,6 կմ²
Բնակչություն46 մարդ (2015)
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Մամարք (գյուղ, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Մամարք, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկենտրոնից գտնվում է 80 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 130 կմ հեռավորության վրա[2]։

Հալե գյուղի հետ միասին ընդգրկված է Մամարք համայնքի կազմում[2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը տեղակայված է Արցախի Հանրապետության հարավարևմտյան հատվածում՝ Քաշաթաղի շրջանում՝ նախկինում՝ Սյունիքի Հաբանդ գավառում։ Բնակավայրը տեղաբաշխված է Որոտանի ստորին հոսանքի աջափնյա հարթավայրային մասում[3]։

Համայնքը հարթավայրային է, ունի 2655,6 հա տարածք, որից 946,2 հա գյուղատնտեսական նշանակություն, 1652,3 հա անտառային հողեր։ Մամարք համայնքի սահմանային գոտով հոսում է Որոտան գետը։

Համայնքի տարածքում խմելու ջրի համար առկա են թվով 5 գործող անհատական ջրհորներ, 6 գործող անհատական ջրհոր կա Հալե գյուղում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարծիք կա, որ հնագույն շրջանում գյուղը նույնպես ունեցել է Մամար անունը, որն ունի արեգադեմ իմաստը և առնչվում է արևի պաշտամունքը խորհրդանշող սրբավայրի հետ։ Փաստը վկայում է այն մասին, որ ներկայիս բնակավայրի հյուսիսային եզրին մնացել են նախկին հայկական գյուղի ավերակները[3]։

18-րդ դասի երկրորդ կեսին և 19-րդ դարի սկզբներին Ղարաբաղի և Նախիջևանի խաների ու քրդական ցեղերի ցեղերի ճնշման տակ տարածաշրջանի բնակավայրերը հայաթափվել էին։ Այս հանգամանքն էլ պատճառ դարձավ, որ տվյալ գավառի գյուղերի, այդ թվում՝ Մամարքի պատմական անցյալի մանրամասները մոռացության մատնվեն։

Վերոհիշյալ ժամանակահատվածում մոռացության մատնված գյուղում հաստատվել էին քուրդ և թուրք խաշնարած մի քանի ընտանիքներ։ Որոշ հանգամանքների բերումով  հայկական բնակավայրի անունը նրանք պահպանել  են[3]։

Հայտնի է, որ ներկայիս Քաշաթաղի շրջանի որոշ գյուղերի հայ բնակիչներ, Շահ Աբասի ժամանակներից սկսած և առավել շատ 18-րդ դարի երկրորդ կեսին, Ղարաբաղի խաների ճնշումներին դիմակայելու և հայրենի օջախներից չհեռանալու միտումով մահմեդականություն են ընդունել։ Հնարավոր է, որ նման տխուր ճակատագրի է արժանացել նաև Մամարքի հայությունը, որոնց մի մասը, մնալով գյուղում, շարունակել է պահպանել նախկին բնակավայրի անունը։

Տասնամյակների ընթացքում եկվորները կործանել են հայկական պատմամշակութային արժեքները։ Խորհրդային տարիներին դա առավել ծրագրված բնույթ ստացավ։ Այսօր արդ հուշարձանների հետքերը  հիմնականում չեն երևում[3]։

Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատվելուց հետո Մոսկվայի կենտրոնական բոլշևիկյան իշխանության որոշմամբ այս տարածքները բռնակցվեցին ԱԽՍՀ-ին։ Մամարք 1923 թվականին գտնվում էր ԱԽՍՀ Կարմիր Քուրդիստանի, իսկ 1930 թվականին՝ Կուբաթլուի կազմում։

1993 թվականին նոյեմերի սկզբների Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հարվածների տակ գյուղը ազատագրվեց։  1995 թվականին  ազատագրված բնակավայրում հաստատվեցին  ՀՀ բնակավայրերից  մի քանի ընտանիքներ։ Գյուղի պաշտոնական անունը դարձավ Մամարք[3]։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[4]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Մամարք համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 46 մարդ, կա 15 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 56 50 63

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, կա բուժաշխատող[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.