Հակ (գյուղ, Քաշաթաղի շրջան)
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Հակ | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Քաշաթաղ | |
Համայնք | Լաչինի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ), Կարմիր Քուրդիստան և Զանգեզուրի գավառ | |
Բնակչություն | 102 մարդ (2005)[1] | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Հակ, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 45 կմ հյուսիս-արևմուտք՝ Աղավնո գետի վերին հոսանքի ձախափնյա ձորալանջին։ Գտնվում է է հանրապետության արևմտյան հատվածում, մայրաքաղաք Ստեփանակերտից` 105 կմ հեռավորության վրա։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը տեղակայված է Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում՝ Քաշաթաղի շրջանում՝ նախկինում՝ Սյունիքի Աղահեճք գավառում։ Հակը տեղաբաշխված է Աղավնո գետի ակունքներում՝ Սյունիքի Աղահեճք գավառում։ Հակը տեղաբաշխված է Աղավնո գետի ակունքներում, ձախակողմյան բարձրավանդակում՝ ծովի մակերևույթից 1780 մետր բարձրության վրա։ Գետի հարավարևմտյան մասում վեր է խոյանում Իշխանասարը, իսկ հյուսիսարևմտյան մասում՝ Ծղուկ լեռը[3]։
Համայնքը լեռնային է, ունի 5419,9 հա տարածք, որից 2232,7 հա գյուղատնտեսական նշանակության, 3027,9 հա անտառային հողեր։ Հակ համայնքի սահմանային գոտով հոսում է Հագարի գետը։
Համայնքի տարածքում առկա են խմելու ջրի բազմաթիվ բնական աղբյուր-առվակներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակը Արցախի հնագույն բնակավայրերից է։ Գյուղի շրջակայքում պահպանված ժայռապատկերները հավաստում են, որ բնակավայրը մի քանի հազար տարվա պատմություն ունի։
Հակ գյուղի մասին ներկայացված է 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի աշխատության մեջ։ Պատմիչը հաստատում է, որ Հակը եղել է Տաթև վանքի հարկատու գյուղերից մեկը։
1675 թվականին գյուղամիջում կառուցված Սբ. Մինաս եկեղեցու շինարարության արձանագրության մեջ հիշատակված է բնակավայրի Հակ անունը[3]։
Աղվեսահաքի գյուղը գտնվում էր Հակի հարևանությամբ, որից մնացել են եկեղեցու և գերեզմանոցի մնացորդները։
18-րդ դարի երկրորդ կեսին քրդերը սկսեցին թափանցել հայոց երկրի այս հատվածը, և Հակը սկսեց հայաթափվել։ Թրքախոս քրդերը Հակը վերափոխեցին Մինքենդի։ Այն անվան ծագման վերաբերյալ մի ավանդություն է պահպանվել, ըստ որի Լենկթեմուրի հրոսակախմբերը, մտնելոց Հայաստան, քանդելով բնակավայրերը հասան Հակին և նույնպես կործանեցին։ Հակը Լենկթեմուրի ավերած 1000-րդ բնակավայրն էր։ Այստեղից էլ Մինքենդ կամ Մինքանդ[3]։
Քանի որ գյուղի մոտակայքում շարունակում էին գոյատևել հայկական բնակավայրերը, այստեղ 1841 թվականին և դրան հաջորդած տարիներին Խմձորեսկից հայ ընտանիքներ են տեղափոխվում և հաստատվում հին հայկական բնակավայրերում։
Հայկական բնօրրանում հաստատված հայ ընտանիքները նոր շունչ են հաղորդում հնագույն գյուղին։ Գյուղի հարավային կողմում ձևավորվել է հայկական թաղամաս[3]։
20-րդ դարի սկզբին Հակի հայերը «ունէին լաւ տներ՝ յաճախ երկու յարկանի և թիթեղեայ տանիքով։ Նրանք պարապում էին երկրագործութեամբ, անասնապահութեամբ, մասամբ էլ առևտրով։ Ունէին 21 խանութ զանազան տեսակի ապրանքներով։ Ունէին նաև դպրոց, իր յատուկ շէնքով, ուր սովորում էին նոյն իսկ թուրք մանուկներ…»:
Հայ ազգաբնակչության կոտորած, 1905
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքերի կողմից Հակ գյուղի հայ ազգաբնակչության կոտորածը սկսվում է 1905 թվականի օգոստոսի 20-ի գիշերը և տևում մինչև օգոստոսի 23-ը[4][5]։ 696 հայ բնակիչներից սպանվեց 198-ը, իսկ 42-ը գերեվարվեցին։ Հակի ջարդերի կազմակերպիչն էր ոստիկանական պրիստավ Սադխ բեկ Մելիք Ասլանովը[3]։
1913 թվականին Գանձակի նահանգային դատարանը Հակի հայերի ցեղասպանությունը իրագործած 29 մարդասպաններին պատժում է։
Չնայած այդ դժվարություններին՝ գյուղի բնակչությունը վերադառնում և նորից շենացնում է հայրենի օջախը[3]։
Արցախյան ազատամարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազատագրվել է 1992 թվականի մայիսի 19-ին, բնակեցվել է 1995 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։
Հայ-ադրբեջանական պատերազմ, 2020
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[6]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը 2003 թվականի տվյալներով 80 մարդ է։ 2015 թվականին Հակ համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 86 մարդ, կար 24 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[7].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 70 | 41 | 46 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում պահպանվել է Ս. Մինաս եռանավ բազիլիկ եկեղեցին (1698 թ.), ուշ միջնադարյան արձանագրությամբ տապանաքարեր, շրջակայքում՝ միջնադարյան Աղբաթխերտ բնակավայրի եկեղեցու և գերեզմանադաշտի մնացորդները՝ XIV-XX դարերի խաչքարերով, Ս. Աստվածածին եկեղեցու (XVI դար) ավերակները, խաչքար (XIII դ.), կամուրջ (X-XIX դդ.):
Հասարարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, Լեռնահովիտ համայնքի միջնակարգ դպրոցի Հակի մասնաճյուղը, որտեղ սովորում էին 2 աշակերտներ[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://census.stat-nkr.am/nkr/1-1.pdf
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 660–661.
- ↑ «Մինքէնդի (Հակ) կոտորածը» հոդված Սյունիքի հայագիտական հետազոտությունների sarc.am կայքում Արխիվացված 2022-11-07 Wayback Machine, (արխիվացված 6․11․2022թ․)։
- ↑ Նօէմիս[Սիմեոն Տեր-Մինասյան], Մինքէդի կոտորածը, «Մշակ», Թիֆլիս, 1905, սեպտեմբերի 14, N 184:
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 359.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |