Աղբրաձոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Աղբրաձոր
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Համայնք Արախիշ համայնք
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Աղբրաձոր (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Աղբրաձոր (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Աղբրաձոր, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Արախիշ, Գահանիստ, Հայթաղ, Մովսեսաշեն, Վազգենաշեն և Քարաբակ գյուղերի հետ միասին կազմում է Արախիշ համայնքը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը տեղակայված է Արցախի Հանրապետության արևմտյան թևում՝ Քաշաթաղի շրջանում՝ նախկինում՝ Արցախի Վայկունիք գավառում։ Բնակավայրը տեղակայված է Շալվա գետի վերին հոսանքում՝ ձախից նրան միախառնվող վտակի ձախ կողմի անտառապատ ձորալանջին[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբրաձոր գյուղից 2,5 կմ հեռավորության վրա՝ Րախիշ գետակի հյուսիսային անտառապատ լանջին, տեղաբնիկները 2000 թվականին հայտնաբերել են փոքր վանական համալիր, որի շրջակայքում պահպանվել են 17-րդ դարի արձանագիր տապանաքարեր։

Աղբրաձոր գյուղի դիմաց՝ Րախիշ գետակի աջ ձորալանջին պահպանվել են 11-րդ դարի փոքր եկեղեցու ավերակներ։ Եկեղեցու տարածքում գտնվում են 11-17-րդ դարերի արձանագիր խաչքարեր ու տապանաքարեր[2]։

Աղբրաձորից ոչ այդքան հեռու՝ Րախիշ վտակի աջ ձորալանջի բարձրադիր մասում են գտնվում նաև Մայրեջրի վանքի ավերակները։ Այն կառուցվել է 11-րդ դարում և որպես հոգևոր հոգևոր կենտրոն գործել՝ մինչև 17-րդ դարը։ Վանքի պարիսպների ներքին հատվածում և նրա հարևանությամբ գտնվող գերեզմանատանը նմանապես պահպանվել են խաչքարեր ու տապանաքարեր։ Այս թռուցիկ քննությունը մեզ հիմք է տալիս ասելու, որ առնվազն միջին միջնադարում Աղբրաձորի հայությունը ապրել է հետաքրքիր ու բազմաբովանդակ կյանքով։

18-րդ դարի վերջերից սկսած՝ Աղբրաձորի հայության համար դժվար ժամանակներ սկսվեցին[2]։

Ղարաբաղի խաներն ու քրդական ցեղերը ամեն ձևով ձգտում էին տարածաշրջանից դուրս մղել հայությանը՝ աքցանի մեջ առնելով Գյուլիստանի, Ջրաբերդի, Խաչենի, Վարանդայի մելիքությունները։ Նրանք այդ ծրագիրը իրականացրեցին։ 19-րդ դարի սկզբներին Աղբրաձորը լրիվ հայաթափվել ու ամայացել էր։ 19-րդ դարի երկրորդ կեսերին այստեղ հայտնվել էին թուրք և քուրդ քոչվոր մի քանի ընտանիքներ։ Գյուղը նրանք անվանափոխել և դարձրել էին Կյուրջուբուլաղ[2]։

Այս պահից սկսած՝ մանավանդ խորհրդային տարիներին եկվոր թուրքերն ու քրդերը ոչնչացրել են այն ամենը, ինչը կապված էր հայ ժողովրդի անվան հետ։ Բախտի բերմամբ որոշ հուշարձաններ պահպանվել են, որոնց մասին վերևում անդրադարձ կատարվեց։ Պահպանված խաչքարերից չորսի թվականները (1068, 1069, 1075, 1244) ընթեռնելի են։

Խորհրդային տարիներին վերոհիշյալ տարածքները նվիրաբերվեցին Ադրբեջանին։ Գյուղը կրկին անվանափոխվեց և ստացավ Ղորչբուլաղ անունը[2]։

1993 թվականին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ճնշման տակ բնակավայրը ազատագրվեց։

1997 թվականին այստեղ Հայաստանի բնակավայրերից հաստատվել էին մի քանի ընտանիքներ։ Սակայն սոցիալ-տնտեսական ոչ բարվոք պայմանների պատճառով վերաբնակները սկսեցին լքել գյուղը[2]։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով բնակավայրը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Աղբրաձոր գյուղում բնակվում էր 6 մարդ, կար 1 տնտեսություն[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 235–236.
  3. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  4. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 335.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)