Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Անվանումը ստացել է 1935 թվականից, տեղադրված է Արարատյան դաշտում` Արաքս գետի ձախակողմյան հովտում, ծովի մակարդակից 835 մետր բարձրության վրա։
Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին։ Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է - 3 աստիճանից մինչև - 20 աստիճան։ Ամառը տևական է, մայիսից մինչև սեպտեմբեր։ Օդի միջին ջերմաստիճանը տատանվում է + 25 աստիճանից մինչև + 40 աստիճանի սահմաններում։ Երկարատև չոր կլիման բացասական է ազդում գյուղատնտեսության վրա։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250 - 300 մմ է։ Ագրոկլիմայական տեսակետից ոռոգելի լանդշաֆտը ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Համայնքն ունի 764 տնտեսություն, միջնակարգ դպրոց, մանկապարտեզ։ Գործում է 1894 թվականին կառուցված Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։
Համայնքի տնտեսության մասնագիտացված ճյուղը գյուղատնտեսությունն է, հիմնականում բանջարաբուծություն, խաղողագործություն, պտղաբուծություն։
Գյուղատնտեսական նշանակության հողատարածքը կազմում է 348,7 հա, որից 169,22 հա վարելահող, 20 հա պտղատու և 30 հա խաղողի տարածքներ։ Զբաղվում են նաև ծխախոտագործությամբ և հացահատիկային կուլտուրաների մշակությամբ։
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ցանցի արդիականացումը, նոր կիսախողովակագծերի հավելումը և 2 խորքային հորերի հորատումը։