Արևելյան Աֆրիկան բնաշխարհ Աֆրիկայում։ Տարածվում է Աֆրիկայի արևելյան մասի հասարակածային և մերձհասարակածային լայնություններում՝ Եթովպական սարահարթի, Կոնգոյի իջվածքի, Զամբեզիի ստորին հոսանքի և Հնդկական օվկիանոսի միջև։ Բացառությամբ ծովափնյա նեղ շերտի, ընդգրկում է ավելի քան 1000 մ բարձրություն ունեցող Արևելա-Աֆրիկական սարահարթը։ Ռելիեֆին բնորոշ են տեկտոնական խզվածքները, բեկորային և հրաբխային բարձրավանդակները, լավային սարավանդները և մեկուսի հրաբխային կոները։ Այստեղ են գտնվում մայրցամաքի հանգած խոշոր հրաբուխներ Կիլիմանջարոն (5895 մ), Քենիան (5199 մ) և Ռուվենզորին (5109 մ)։ Կլիման հասարակածա-մուսոնային է, շոգ, սեզոնային խոնավ։ Արևելա-Աֆրիկական սարահարթը ջրբաժան է Նեղոս, Կոնգո, Զամբեզի և Հնդկական օվկիանոս թափվող գետերի ավազանների համար։ Տեկտոնական իջվածքներում են գտնվում Տանգանիկա, Նյասա, Վիկտորիա, Ռուդոլֆ խոշոր լճերը։ Բուսածածկույթում գերակշռում են սավաննաների զանազան տիպերը և նոսր անտառները, լեռներում՝ բուսականության ուղղաձիգ գոտիականությունը, օվկիանոսի ափերին՝ մանգրովային թփուտները։ Կենդանական աշխարհը հարուստ է, բազմազան և բնորոշ Եթովպական կենդանաբանական մարզի Արևելա-Աֆրիկական ենթամարզին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 32)։