Կուսապատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կասապետից)
Գյուղ
Կուսապատ
ադրբ.՝ Çıraqlı
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտի
ԲԾՄ776 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն276[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունկուսապատցի
Ժամային գոտիUTC+4
Կուսապատ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Կուսապատ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Կուսապատ (հնում նաև՝ Կիսապատ, Կսապատ, Կասապետ)՝ գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում՝ շրջկենտրոնից 11 կմ հարավ-արևմուտք, Ստեփանակերտից մոտ 40 կմ դեպի հյուսիս։ Գյուղը ձգվում է Չորտանձուտինջուր գետակի ձախ ափով մոտ 2 կմ երկարությամբ, Կուսապատ և Արևչտես լեռների ստորոտում։ Գյուղը գտնվում է ծովի մակերեսից 800 մետր բարձրության վրա. շրջապատված է խիտ անտառներով։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը բարձր լեռնային է, ունի 1687,75 հա տարածք, որից 660,20 հա գյուղատնտեսական նշանակության, 985,85 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 17 աղբյուրներ` «Պտաշին Միշան», «Վեղանց», «Սհակ», «Բաղեն», «Մշհավ», «Ջնիբեգա ջուր», «Տեփնաց», «Չնիրին», «Ծտուրանց ծորի», «Շիրինին», «Նհթալանց», «Սուլակնածովի», «Բադունց գյոլ», «Ռուբենի», «Նիլբանդան», «Մնդրեկան» և «Ճիրակնեն»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսապատը Արցախի հինավուրց բնակավայրերից է։ Գյուղը հիմնել է իշխան Ջալալ Գ Մեծ Հասան-Ջալալյանի որդի իշխան Աթաբեկ Գ Ջրաբերդցին։ Դեռևս 15-րդ դարում, նա տեղափոխվել է իշխանանիստ Գանձասար (այժմ՝ Վանք) ավանից Չորտանձուտինջուր գետակի ափը, հիմնել է այստեղ բնակավայր և սկսել է կառուցել Ծիրանաքար ամրոցը։ Սակայն ամրոցը մնացել է անավարտ. կառուցվել են միայն պատերի մի մասը, ինչից և նորաստեղծ բնակավայրը ստացել է իր անվանումը՝ Կիսապատ (արցախյան բարբառով՝ Կուսապատ)։

Իշխան Հասան-Ջալալյանները և մելիք Աթաբեկյանները Կուսապատում և մոտակայքում հիմնել են Անապատ (12-րդ դար) և Սբ. Աստվածածին (16-րդ դար) եկեղեցիները, Նահատակ ուխտատեղին և այլն։ Կուսապատում մինչ օրս պահպանվել է Մելիքաց միջնադարյան կամուրջը, Ծիրանաքար ամրոցի ավերակները, և միջնադարյան գերեզմանոցը, որ կոչվում է Մելիքաց Հանզստարան։ Այդ գերեզմանոցում են զետեղված մելիք Վանի Աթաբեկյանի, նրա եղբայր հարյուրապետ Հովսեփ-բեկ Աթաբեկյանի, Մուրացանի քրոջ, Աթաբեկյան իշխանատան և Նախիջևանիկի Փիրումյան ազնվական տոհմի այլ ներկայացուցիչների աճյունները։

18-րդ դարում Կուսապատը դարձավ Ջրաբերդի մելիքության ամենամեծ ավաններից մեկը։ Սակայն արևելյան Հայաստանում պարսկական արշավանքների, քոչվոր խանների և լեզգիների ասպատակումների արդյունքում առաջացած սովի պատճառով, Կուսապատի շատ բնակիչներ տեղափոխվեցին Մեծ Հայքի այլ մասեր՝ հիմնականում Գարդման, Ուտիք, Տավուշ, ինչպես նաև Վրաստան և ռուսական Հյուսիսային Կովկաս։ 19-րդ դարում (1814-1854) Կուսապատը դարձավ Աթաբեկյան մելիքական տոհմի մելիքանիստ ավանը։ Կուսապատը բաժանված է երկու հիմնական թաղամասերի՝ Մելիքանց Շեն (որտեղ մինչ օրս գտնվում են Աթաբեկյան մելիքական տան շինությունները՝ դարպասները) և Ջանաբեկ Թաղ։ Աթաբեկյանները Կուսապատում հիմնել են 11 ջրաղաց, ոսկերչագործական դարբնոց-արհեստանոց և բացել են հասարակական դպրոց, որը առաջիններից մեկն էր Արցախում։ Հետագայում, մելիք Վանի Աթաբեկյանը հիմնել կամ վերականգնել է 6 այլ բնակավայր (Ներքին Հոռաթաղ, Մարտակերտ, Կարմիրավան, Ծաղկաշեն, Մեծշեն և Մոխրաթաղ), որտեղ և տեղափոխվել է Կուսապատի բնակիչների մի մասը։ Թեև այդ տեղաբնակությունների արդյունքում բուն Կուսապատը հետագայում փոքրացավ, իր չափերի և կարևորության շնորհիվ, մոտակա գյուղերի բնակչությունը Կուսապատն անվանում էր Շեն՝ որ նշանակում է հիմնական/կենտրոնական բնակավայր։

Կուսապատը Արցախյան ազատամարտում[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին Կուսապատում կազմավորվել է կամավորական ջոկատ, որը միավորվել Վ. Բալայանի ջոկատի հետ, մասնակցել է Այգեստանի, Կիչանի, Չափարի և Մարտակերտի շրջանի այլ բնակավայրերի ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։ 1993 թվականի հուլիսի 4-ին հակառակորդը գրավել է գյուղը և բազմաթիվ ավերություններ կատարել՝ թշնամին քանդել է Աթաբեկյանների դարպասները, գյուղական դպրոցը և բազմաթիվ այլ շինություններ։ 1993 թվականին Մարտունիի պաշտպանական շրջանի (հրամանատար՝ Մոնթե Մելքոնյան) ստորաբաժանումներն ազատագրել են այն։ Կիչանից զոհվել է 12 ազատամարտիկ[2]։

Այժմ Կուսապատը մասամբ վերականգնված և վերաբնակեցված է. նախապատերազմական 600-հոգանոց բնակչությունից միայն 240 է վերադարձել հայրենի գյուղ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսապատ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 259 մարդ, կա 84 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 219 237 231

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ։

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի տարածքում առկա են պղնձի (կատարվում են հետազոտություններ), տուֆի, բարիտի, ծծմբային կրաքարի հանքային պաշարներ։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան պատմամշակութային հուշարձաններ` Սբ. Աստվածածին եկեղեցի (1269 թ.), Նահատակ սրբատեղի (միջնադար), գերեզմանոց (միջնադար), Մելիք-Իսրայելյանների ամրոց (XVIII դ.), խաչքար (XII-XIII դդ.), հաշվառված է 19 հուշարձան։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքում գործում են գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց (հիմնադրել են մելիք Աթաբեկյանները 19-րդ դարի կեսերին), որտեղ սովորում են 35 աշակերտներ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Population of Nagorno-Karabakh Republic (2005)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 3-ին.
  2. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 305։
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  4. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 166.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 22