Jump to content

Ռուբինյաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբինյաններ
Տեսակազնվական տոհմ
Մասն էՀայ ազնվականություն
ԵրկիրԿիլիկիայի Հայկական Թագավորություն
ԾագումԲագրատունիներ
ՏիտղոսներՀայոց Իշխան
Հայոց Թագավոր
ՀիմնադիրՌուբեն Ա
Մեծագույն ներկայացուցիչԼևոն Բ
Հիմնում1198
Ավարտ1219
Ազգային
պատկանելիություն
Հայ
ԴավանանքՔրիստոնեություն
Կրտսեր
ճյուղեր
Հեթումյաններ
Կիլիկյան Հայաստանի թագավորությունը Ռուբինյանների օրոք

Ռուբինյաններ, հայ իշխանական և թագավորական տոհմ Կիլիկյան Հայաստանում (1080–1219

Նահապետն ու անվանադիրն է մեծ իշխան Ռուբենը։ Նա աքսորյալ Գագիկ Բ թագավորի դավադրական մահից հետո նրա թիկնապահներից էր, ով գլխավորել է Լեռնային Կիլիկիայի հայերի պայքարը Բյուզանդական կայսրության դեմ, թոթափել նրա գերիշխանությունը, հիմնադրել անկախ և կայուն հայկական իշխանապետություն։

Կիլիկյան Հայաստան

Ռուբեն Ա–ին գործակցել է եղբայրը՝ Թորոսը, որն իր Արտա դստերը կնության տալով Պաղտին I թագավորին՝ դաշնակցային կապեր էր հաստատել Երուսաղեմի խաչակրաց պետության հետ։ Ռուբեն Ա–ի ավագ որդին և հաջորդը՝ Կոստանդին Ա, ազատագրել է հայկական մի շարք նոր գավառներ, քաղաքներ ու բերդեր։ Վերակառուցել է Վահկա բերդը և 1098–ին հռչակել իշխանապետության մայրաքաղաքն ու գահանիստը։ Դաշնակցային կապեր է հաստատել Եդեսիայի դքսության հետ, որն ամրապնդվել է նրա դստեր և Ջոսլին I դքսի ամուսնությամբ։ Կոստանդին Ա–ի ավագ որդին և հաջորդը՝ Թորոս Ա, 1104–ին բյուզանդական տիրապետությունից մասամբ ազատագրել է Դաշտային Կիլիկիան՝ Սիս և Անարազաբա քաղաքներով, 1107–ին իշխան Գող Վասիլի օգնությամբ Բերդուսի մոտ ջախջախել սելջուկյան թուրքերին՝ կանխելով նրանց առաջխաղացումը, 1111–ին հույներից ազատագրել է Կնդռոսկավիս բերդը։ Բյուզանդական Ալեքսիոս I կայսրը հարկադրված ճանաչել է Թորոս Ա–ի ինքնավարությունը։ Թորոս Ա որդիներ Կոստանդինը և Օշինը մահացել են հավանաբար դեռևս հոր կենդանության օրոք։ Ուստի գահը ժառանգել է Թորոս Ա–ի կրտսեր եղբայր Լևոն Ա, նրա տաղանդավոր զորավար ու գահակիցը։ Գահակալման սկզբին Լևոն Ա, հակահարված հասցնելով սելջուկյան թուրքերի և խաչակիր ասպետների ոտնձգություններին, ամրապնդել է երկրի հյուսիսային և արևելյան սահմանները, իսկ 1132–ին բյուզանդացիներից ազատագրել է Դաշտային Կիլիկիան։ Հալեպի Զանգի ամիրայի և Եդեսիայի դուքս Ջեսլին II–ի դաշնակցությամբ Լևոն Ա պարտության է մատնել Անտիոքի դքսության և Երուսաղեմի թագավորության միացյալ ուժերին, ընդարձակել երկրի սահմանները հարավ–արևելքում։ Սակայն 1137–ի ամռանը բյուզանդական նարխուժների դեմ 35–օրյա հերոսական դիմադրությունից հետո, կնոջ և որդիներ՝ Ռուբենի ու Թորոսի (Թորոս Բ) հետ գերեվարվել է։ Կոստանդնուպոլսում բանտարկված Լևոն Ա և նրա գահաժառանգ որդի Ռուբենը սպանվել են, իսկ Թորոս Բ փախել է և եղբայրների՝ Ստեփանեի ու Մլեհի օգնությամբ վերականգնել ընդհատված պետականությունը։ Կիլիկյան Հայաստանի նվաճման նոր փորձերը ավարտվել են բյուզանդական զորքերի պարտությամբ, կայսրությունը հարկադրված ճանաչել է Թորոս Բ–ի իշխանապետույունը՝ նրան մեծարելով ,Պան Սեբաստոս» տինղոսով։ Ստեղծելով մշտական և մարտունակ բանակ՝ Թորոս Բ ընդարձակել և ամրապնդել է երկրի սահմանները, գահի շուրջ կենտրոնացրել հայ ավատատերտներին, զբաղվել շինարարական աշխատանքներով։ Թորոս Բ–ին հաջորդել է Մլեհ եղբայրը, որը գահակալման սկզբնական տարիներին Հալեպի ամիրա Նուր ադ–Դինի զինակցությամբ ջախջախել է Անտիոքի դքսության և Երուսաղեմի թագավորության ուժերը, երկրից վտարել խաչակիր ասպետների հոգևոր օրդեններին, ապա բյուզանդացիներից ազատագրել Դաշտային Կիլիկիան։ 1173–ին Մլեհը վերակառուցել է Սիս քաղաքը և մայրաքաղաքը Վահկայից տեղափոխել այնտեղ։ Դաժանորեն պատժել և հալածել է իր նոր քաղաքական գծին ընդդիմացող իշխաններին ու լատինամետ կղերականներին, որի համար շուտով զոհվել է պալատական դավադրությամբ։ Թաղվել է Մեծ քարի վանքում։ Մլեհին հաջորդել է նրա Ստեփանե եղբոր ավագ որդին՝ Ռուբեն Գ։ Իր գահակից եղբոր և տաղանդավոր զորավար Լևոնի աջակցությամբ Ռուբեն Գ 1180–ական թթ վերջնականապես ազատագրել է Ալեքսանդրետից մինչև Սելևկիա ձգվող ծովեզերքը, հենակետերը Կիլիկյան Հայաստանում։

1187–ին Ռուբեն Գ գահը կամովին հանձնել է Լևոն Բ–ին, որը շրջակա թշնամիների դեմ շահած մի շարք նոր հաղթանակներով բարձրացրել է պետության կշիռն ու հեղինակությունը։ 1198–ին, օծվելով «Թագավոր ամենայն Հայոց, և նահանգին Կիլիկէացոց, և Իսաւոիոյ», նա Հայոց իշխանապետությունը հռչակել է Հայոց թագավորություն, որն ստացել է միջազգային լայն ճանաչում։ Մի շարք էական բարեփոխումներով Լևոն Բ ամրապնդել է պետության քաղաքական հզորությունը, խթանել տնտեսության, մշակույթի ու լուսավորության ընդհանուր վերելքը։

Լևոն Բ մահով սպառվել է Ռուբինյանների տոհմն արական գծով։ Նրա գահաժառանգ դուստր Զաբելը 1226–ին ամուսնացել է Կոնստանտին սպարապետի որդի Հեթում Ա–ի հետ, ով հանդիսացավ Հեթումյանների թագավորական տոհմի հիմնադիրը։

Ռուբինյանների գահացանկը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ռուբեն Ա 1080-1095
  2. Կոստանդին Ա 1095-1100
  3. Թորոս Ա 1100-1129
  4. Լևոն Ա 1129-1137
  5. Թորոս Բ 1145-1169
  6. Ռուբեն Բ 1169-1170
  7. Մլեհ 1170-1175
  8. Ռուբեն Գ 1175-1187
  9. Լևոն Բ 1187-1219
  10. Զաբել 1222,1226
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբինյաններ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 10