Հովհաննես Այվազովսկի
Հովհաննես Կոստանդինի Այվազովսկի (ռուս.՝ Иван Константинович Айвазовский, հուլիսի 17 (29), 1817[1], Թեոդոսիա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[2][1][3] - ապրիլի 19 (մայիսի 2), 1900[4][3][5][…], Թեոդոսիա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[2][1][3]), աշխարհահռչակ հայազգի հանճարեղ ծովանկարիչ Հայաստանում, Պետերբուրգի, Հռոմի, Ֆլորենցիայի, Շտուտգարտի, Ամստերդամի գեղարվեստի ակադեմիաների անդամ, Ռուսական աշխարհագրական ընկերության անդամ (1853)[9], Ռուսական կայսրության պատվավոր ծովակալ, Ռուսաստանի կայսերական ակադեմիայի անդամ[10][11]։
Լինելով համաշխարհային համբավ ունեցող նկարիչ՝ գերադասում էր ապրել և աշխատել իր ծննդավայր Ղրիմում։ Առավել հայտնի է իր ծովանկարներով, որոնք կազմում են նրա գործերի կեսից ավելին։ Այվազովսկին համարվում է բոլոր ժամանակների ամենամեծ ծովանկարիչներից մեկը[12][13][14]։
Այվազովսկիների տոհմի ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Այվազովսկին ծնվել է Կոստանդին (Գևորգ) և Հռիփսիմե Այվազովսկիների ընտանիքում 1817 թվականի հուլիսի 17 (հին տոմարով՝ հուլիսի 29)-ին։ Թեոդոսիայի հայոց եկեղեցու քահանան գրանցել է, որ ծնվեց «Յովհաննէսը՝ Գէորգ Այվազեանի որդին»։ Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, որոնք XVII դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Հայտնի է, որ նրա ազգականները Լվովի շրջակայքում մեծ հողակտորների սեփականատերեր են եղել։ Այդուհանդերձ, Այվազովսկու ծագումն առավել ճշգրիտ արձանագրած որևէ փաստաթուղթ չի պահպանվել։ Նրա հայրը Թեոդոսիա տեղափոխվելուց հետո էլ իր ազգանունը շարունակել է գրել լեհականացված ձևով՝ «Գայվազովսկի»։ Ինքը՝ Այվազովսկին, ինքնակենսագրության մեջ հոր մասին գրում է, որ նա իր եղբայրների հետ վեճի պատճառով դեռ պատանեկության տարիներին Գալիցիայից տեղափոխվել է Դանուբյան իշխանություններ (Մոլդովա, Վալախիա), որտեղ զբաղվել է առևտրով։ Այդտեղից էլ հետագայում տեղափոխվել է Թեոդոսիա։ Գևորգ կամ Կոնստանդին Հայվազովսկին մի քանի լեզու է իմացել, այդ թվում՝ հայերեն, թուրքերեն, լեհերեն, ռումիներեն, գնչուերեն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկություն և պատանեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարչի հայրը եղել է Մոլդովայից գաղթած հայ մանր առևտրական Գևորգ Գրիգորի Այվազը (Հայվազը, ապա՝ Կոստանդին Հայվազովսկին) Այվազովսկին (1771-1841) Թեոդոսիա, Ղրիմ տեղափոխվելուց հետո ամուսնացել է տեղացի մի հայուհու՝ Հռիփսիմեի (1784-1860) հետ։ Նրանց ընտանիքում էլ ծնվել է ապագա աշխարհահռչակ ծովանկարիչը։ Գևորգի և Հռիփսիմեի ամուսնությունից ծնվել են երեք դուստր և երկու որդի՝ Հովհաննեսը և Սարգիսը (վերջինս հետագայում, սրբակրոնության ուխտ ընդունելով, ստացել է Գաբրիել անունը. տարիների ընթացքում Գաբրիել Այվազովսկին հասավ արքեպիսկոպոսի աստիճանի)։ Գևորգ Հայվազովսկու առևտրական գործերը սկզբնական շրջանում հաջող են ընթացել, բայց 1812 թվականին ժանտախտի համաճարակի ժամանակ նա սնանկացել է։
Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես[9]։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր, ուստի երբեմն նկարների տակ ստորագրել է հայերեն, բնականաբար, դասական ուղղագրւթեամբ՝ «Յովհաննէս Այվազովսկի» կամ «Օվաննէս Այվազեան»[9]։ Տարբեր հավաքածուներում գտնվող նրա նկարներից մի քանիսի վրա հենց այս ստորագրությունն է, հայերեն՝ «Յովհաննես Այվազեան»։
Հովհաննես Այվազովսկու նկարչական ու երաժշտական ձիրքերն ի հայտ են եկել դեռ մանկական տարիներից։ Մասնավորապես՝ նա ինքնուրույն սովորել է ջութակ նվագել։ Թեոդոսիայի ճարտարապետ Յակով Քրիստիանի Կոխը, տղայի գեղարվեստական ձիրքերի վրա առաջինն ուշադրություն դարձրած լինելով, հենց ինքն էլ վարպետության առաջին դասերն է տվել նրան։ Միաժամանակ՝ ամեն կերպ աջակցել է պատանի տաղանդին, հաճախակի ներկ, մատիտ, թուղթ նվիրել, քաղաքապետին խորհուրդ տվել, որ ուշադրություն դարձնի շնորհալի պատանուն։ Նա այդ ժամանակ արդեն դարձել էր ապագա մեծ ծովանկարչի արվեստի երկրպագուն։
Պատանի Հովհաննես Այվազովսկու որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ բացեց դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։
Ուսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այվազովսկին սովորել է Թեոդոսիայի հայկական ծխական դպրոցում, ապա, իր արվեստի երկրպագուների և հովանավորների շնորհիվ՝ 1830-33 թվականներին՝ Սիմֆերոպոլի ռուսական գիմնազիայում[9]։ Այնուհետև՝ 1833-1837 թվականներին նա պետության հաշվին սովորել է Սանկտ-Պետերբուրգի գեղարվեստի կայսերական ակադեմիայում (Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա), Մ. Ն. Վորոբյովի բնանկարի դասարանում[9]։ Հայտնի է նաև, որ պատանի Այվազովսկու նկարչության առաջին ուսուցիչը եղել է գերմանացիների գաղութում բնակվող նկարիչ Յոհան Լյուդվիգ Գրոսը, որի տված երաշխավորագրերով էլ նա ներկայացել է գեղարվեստի ակադեմիա։ Այվազովսկին Պետերբուրգ է ժամանել 1833 թվականի օգոստոսի 28-ին։ 1835 թվականին «Ծովը Պետերբուրգի մատույցներում» և «Օդը ծովի վրա» բնանկարների համար արժանացավ արծաթե մեդալի և նշանակվեց ֆրանսիացի մոդայիկ բնանկարիչ Ֆիլիպ Տաների օգնական։ Տաների մոտ սովորելու ընթացքում նա, չնայելով վերջինիս արգելքին, շարունակել է ինքնուրույն աշխատել, բնանկարներ ստեղծել որոնցից հինգը ներկայացրել է գեղարվեստի ակադեմիայի 1836 թվականի աշնանային ցուցահանդեսին։ Այդ աշխատանքներն արժանացան քննադատների բարեհաճ վերաբերմունքին։ Բայց երբ Տաներն Այվազովսկու մասին բողոք ներկայացրեց Նիկոլայ Առաջինին, ցարի կարգադրությամբ Այվազովսկու բոլոր գործերը հանվեցին ցուցահանդեսից։ Նկարչին ներում շնորհվեց միայն կես տարի անց, և նա ուղարկվեց մարտանկարչության (բատալիստիկա) դասարան՝ պրոֆեսոր Ալեքսանդր Իվանի Զաուերվեյդի մոտ՝ ծովային մարտանկարչության պարապմունքների։ Ընդամենը մի քանի ամիս սովորելով Զաուերվեյդի դասարանում՝ 1837 թվականի սեպտեմբերին Այվազովսկին իր վրձնած «Անդորր» նկարի համար արժանացել է ակադեմիայի առաջին կարգի ոսկե մեդալի։ Դա նրան իրավունք տվեց երկու տարով գործուղվել Ղրիմ՝ ինքնուրույն աշխատանքի[9]։ Իսկ ապա՝ գործուղվեց Եվրոպա՝ ճամփորդության և ուսման։
Ստեղծագործական աշխատանք Ղրիմում և ներկայություն ռազմական գործողություններին
[խմբագրել | խմբագրել կոդը]1838 թվականի գարնանը նկարիչը մեկնեց Ղրիմ, որտեղ անցկացրեց երկու տարի։ Այստեղ նա ոչ միայն ծովանկարներ, այլև մարտանկարներ էր նկարում (մինչև անգամ մասնակցել է մարտական գործողությունների Չերկեսիի ափին, որտեղ, դիտելով դեսանտի իջեցումը Շախե գետի հովտում, ճեպանկարներ է արել «Դեսանտային ջոկատը Սուբաշի հովտում» նկարի համար)։ Սուբաշին Շախեի հովտի չերքեզական անվանումն է։ Այվազովսկու այս վերջին աշխատանքը, որ նա կատարել էր Կովկասյան ռազմաճակատի ափամերձ հատվածի պետ՝ գեներալ Ռաևսկու առաջարկով, հետագայում ձեռք բերեց Նիկոլայ Առաջինը։ 1839 թվականի ամռան վերջին Այվազովսկին վերադարձավ Պետերբուրգ, որտեղ սեպտեմբերի 23-ին նրան շնորհվեց գեղարվեստի ակադեմիայի ավարտական վկայական և, բացի այդ, նա ստացավ իր ազնվական առաջին աստիճանը։
1839 թվականի գարնանը Հովհահաննես Այվազովսկին մասնակցել Է ռուսական կայսերական զինված ուժերի՝ Կովկասի ափերի մոտ ծավալված զորաշարժերին, ծանոթացել ծովակալներ Ս.Պ. Լազարևի, Պ. Ս. Նախիմովի, Վ. Ա. Կոռնիլովի հետ[9]։ Ղրիմում կատարած նկարների համար նույն տարվա աշնանը արժանացել է նկարչի կոչման[9]։
Ռուսական և եվրոպական մշակույթի գործիչների ազդեցությունը Այվազովսկու ստեղծագործությունների վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Այդ շրջանի կտավները («Յալթա», «Հին Թեոդոսիան», «Ծովափ», «Կերչ» և այլն) հիմնականում կրում են ուսուցչի՝ Ս. Ն. Վորոբյովի բնանկարների և Ս. Ֆ. Շչեդրինի ուշ շրջանի ստեղծագործության ազդեցությունը[9]։ Դրանցում զգացվում է նաև ինքնատիպության հասնելու, արտացոլվող լույսի վերարտադրման և տեսարանի ճշգրիտ պատկերման ձգտում[9]։ Նրա արվեստի կազմավորմանն օգնել է նաև իտալացի Ս. Ռոզայի, հոլանդացի Յ. Ռյոյսդալի, ֆրանսիացիներ Կ. Լոռենի, Թ. Կյուդենի և այլոց ստեղծագործությունների ուսումնասիրությունը[9]։ Ծանոթությունը Ա.Ս. Պուշկինի, Վ. Ա. Ժուկովսկու, Ի. Ա. Կռիլովի, Վ. Գ. Բելինսկու, Կ. Պ. Բրյուլովի, Մ. Ի. Գլինկայի հետ նպաստել Է Հովհաննես Այվազովսկու ստեղծագործական կյանքի հետագա ընթացքին, նրա գեղագիտական սկզբունքների ձևավորմանը[9]։
Արևմտյան Եվրոպայում
[խմբագրել | խմբագրել կոդը]1840 թվականին ակադեմիան Այվազովսկուն գործուղել Է Արևմտյան Եվրոպա՝ կատարելագործվելու։ Եղել է Իտալիայում (նաև Սուրբ Ղազար կղզում), Իսպանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Անգլիայում, մասնակցել ցուցահանդեսների, արժանացել համընդհանուր ճանաչման։ Մտերմացել էր Կառլ Բրյուլովի և Միխայիլ Գլինկայի շրջանի արվեստագետների հետ։ 1840 թվականի հուլիսին Այվազովսկին և գեղարվեստի ակադեմիայի բնանկարի դասարանի նրա դասընկեր Վասիլի Շտեռնբերգը մեկնել են Հռոմ։ Ճանապարհին կանգ են առել Վենետիկում և Ֆլորենցիայում։ Վենետիկում գտնված ժամանակ Այվազովսկին այցելել է Սուրբ Ղազար կղզի, տեսակցել նաև այստեղ գտնվող եղբորը՝ Գաբրիելին, իսկ Ֆլորենցիայում ծանոթացել է Գոգոլի հետ։ Նկարիչը երկար ժամանակ աշխատել է Հարավային Իտալիայում, մասնավորապես՝ Սորենտոյում, որտեղ էլ մշակել է աշխատանքի իր յուրահատուկ ոճը, որի էությունը հետևյալն էր. բացօթյա մի կարճ ժամանակ աշխատելուց հետո բնանկարն ամբողջացնում էր արվեստանոցում՝ մտովի վերարտադրելով տեսածը և լայն տեղ տալով իմպրովիզացիային։ Այդ կերպ ստեղծված «Քաոս» նկարը գնվեց Գրիգորիոս XVI պապի կողմից, որը նկարչին շնորհեց նաև ոսկե մեդալ։ Այվազովսկու ստեղծագործության իտալական շրջանը, ամբողջությամբ վերցրած, պսակվեց հաջողություններով։ Քննադատները գովեստի խոսքեր էին շռայլում (մասնավորապես՝ նրա գործերի մասին շատ բարձր կարծիք հայտնեց Ուիլյամ Թյորները), Փարիզի գեղարվեստի ակադեմիան նրան պարգևատրեց ոսկե մեդալով, իսկ 1857 թվականին նա արժանացավ Պատվո լեգեոնի շքանշանի, Ամստերդամում՝ ակադեմիկոսի կոչման։ Գործերը գերազանց էին նաև նկարները վաճառելու առումով։
1842 թվականի սկզբին Այվազովսկին Շվեյցարիայով և Հռենոսի հովտով ուղևորվեց Հոլանդիա, այնտեղից անցավ Անգլիա, իսկ ավելի ուշ այցելեց Փարիզ, Պորտուգալիա, Իսպանիա։ Բիսկայան ծոցում այն նավը, որով ճամփորդում էր նկարիչը, ընկավ փոթորկի մեջ և քիչ էր մնում խորտակվեր։ Փարիզյան որոշ թերթեր մինչև անգամ գրեցին, թե նավը խորտակվել է, Այվազովսկին էլ՝ զոհվել։ Բայց չորս տարի տևած ճամփորդությունը բարեհաջող ավարտվեց, և Այվազովսկին 1844 թվականի աշնանը, ողջ-առողջ և հռչակ ու փառք վաստակած, վերադարձավ Ռուսաստան։ Այնտեղ նա ստացավ Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոսի կոչում (1887 թվականից՝ պատվավոր անդամ) և նշանակվեց Ծովային գլխավոր շտաբի գեղանկարիչ[9]։
Այվազովսկին փառքի գագաթին
[խմբագրել | խմբագրել կոդը]1845 թվականին դարձել է գլխավոր ծովային շտաբի գեղանկարիչը, 1847 թվականին՝ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, եղել է նաև եվրոպական մի շարք ակադեմիաների (Հռոմի, Փարիզի, Ֆլորենցիայի, Ամստերդամի, Շտուտգարտի) անդամ։ Այվազովսկին հիմնականում ծովանկարներ է նկարել, ստեղծել Ղրիմի ծովափնյա քաղաքների դիմապատկերների շարքեր։ Նրա կարիերան չափազանց հաջողված էր. պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով, ստացել դերծովակալի կոչում։
1845 թվականին Այվազովսկին հեռացել Է Ռուսաստանի մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգից, մշտական բնակություն հաստատել Թեոդոսիայում, կառուցել արվեստանոց, փառաբանված արվեստագետի և հայրենասեր քաղաքացու իր մասնակցությունն Է բերել 1853-56-ի Ղրիմի պատերազմին։ Ստեղծել Է Սևաստոպոլի հերոսամարտին նվիրված մի շարք կտավներ («Սինոպի ծովամարտը», 1853, «Ծովամարտ», 1855, «Սևաստոպոլի պաշտպանությունը», 1859 և այլն), պաշարված քաղաքում բացել է ցուցահանդես (1854), ոգևորել և օգնել է նրա պաշտպաններին[9]։
1845 թվականից ապրել է Թեոդոսիայում, որտեղ իր վաստակած գումարներով բացել է արվեստների դպրոց (հետագայում այն դարձել է Նովոռոսիայի գեղարվեստական կենտրոններից մեկը) և պատկերասրահ (1880 թվական), հիմնադրել է գեղանկարչության Կիմերյան դպրոցը, դարձել Թեոդոսիա-Ջանկոյ երկաթգծի շինարարության նախաձեռնողը (կառուցվեց 1892 թվականին)։ Ակտիվորեն մասնակցել է հայրենի քաղաքի բարեկարգմանը, ամեն կերպ աջակցել նրա ծաղկմանն ու բարգավաճմանը։ Հետաքրքրվել է հնագիտությամբ, զբաղվել Ղրիմի հուշարձանների պահպանության հարցերով, մասնակցել 90-ից ավելի կուրգանների ուսումնասիրմանը (գտածոների մի մասը պահպանվում է Էրմիտաժի պահոցներում)։ Իր միջոցներով կառուցել է Թեոդոսիայի հնությունների թանգարանի նոր շենքը։ Հնագիտությանը մատուցած ծառայությունների համար ընտրվել է Օդեսայի պատմության և հնությունների ընկերության իսկական անդամ։ 1895 թվականի ապրիլին Նոր Նախիջևանում /Դոնի Նախիջևանում/ Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանին (1820-1907) հանդիպելուց հետո, Այվազովսկին այցելեց Տագանրոգում բնակվող իր հին ծանոթին՝ Յ. Մ. Սերեբրյակովին։ Դա նկարչի երկրորդ այցն էր Տագանրոգ. առաջինը եղել էր 1835 թվականին, երբ նա այցելել էր Ալեքսանդր Առաջինի պալատ։ Տագանրոգում Այվազովսկին իր «Ջրերի վրայով քայլելը» կտավը նվիրեց կայսերական ուղղափառ պաղեստինյան ընկերության մատուռին (ի դեպ, Տագանրոգում այդ ընկերության ներկայացուցիչն ականավոր կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու Իպոլիտ եղբայրն էր)։ Այս ընծայի համար նկարիչն արժանացավ անձամբ ընկերության նախագահի՝ մեծ իշխան Սերգեյ Ալեքսանդրովիչի շնորհակալությանը։
Այվազովսկին շատ է ճանապարհորդել. եղել է Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի երկրներում, ԱՍՆ-ում, Ռուսաստանի տարբեր ծայրամասերում։ 1868 թվականին ուղևորվել է Կովկաս, նկարել լեռնային բնանկարներ («Գունիբ լեռան ամրոցը», «Դարյալի կիրճը», «Թիֆլիսի տեսարան» և այլն), 1869 թվականին Թիֆլիսում բացել հայ իրականության մեջ առաջին գեղարվեստական ցուցահանդեսը։ 1873 թվականին Ֆլորենցիայի ակադեմիայի պատվերով Պիտտի պալատի պատկերասրահի համար որպես օտարերկրյա մեծ նկարիչ կատարել է իր ինքնանկարը։ Այվազովսկին Ռուսաստանում առաջինն Էր, որ, հետապնդելով լուսավորական նպատակներ, իր ցուցահանդեսները կազմակերպել է ոչ միայն Պետերբուրգում, Մոսկվայում կամ Եվրոպայի մշակութային խոշոր կենտրոններում, այլև ռուսական ծայրամասային համարվող քաղաքներում, այդ թվում Թիֆլիսում և Բաքվում[9]։
Ստեղծագործության մի շարք բնութագրական գծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկարատև ստեղծագործական կյանք ապրելով՝ Այվազովսկին դարձավ Ռուսական կայսրության այդ ժամանակի առավել հայտնի նկարիչը։ Նրա հսկայական ստեղծագործական էներգիայի մասին է խոսում այն իրողությունը, որ Այվազովսկին ստեղծել Է շուրջ 6000 կտավ։ Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել է ծովը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին։ Խորապես զգացել և վերարտադրել է ծովային տարերքի անընդգրկելի վեհությունը, հրավառ արևածագն ու արևամուտը, կեսօրյա անդորրը, ալիքների ռիթմն ու նրանց վրա խայտացող լուսնի լույսը։ Նրա պատկերները երբեմն նուրբ քնարական են, երբեմն՝ պաթետիկ։ Բնությունն արտացոլել Է մշտական շարժման և փոփոխության մեջ։ Ունեցել է տիեզերական երևույթներ պատկերելու մշտական ձգտում («Քաոս», 1842, «Արևի խավարումը Թեոդոսիայում», 1858, «Արարչագործություն», «Համաշխարհային ջրհեղեղ», 1864 և այլն)[15]։ Դա արտահայտվել է նաև բազմաթիվ ծովանկարներում, կովկասյան բնանկարների շարքում, մասնավորապես՝ բիբլիական Արարատի պատկերներում։ 1840-50-ական թվականների լավագույն կտավները՝ «Նեապոլի ծովածոցը լուսնկա գիշերով» (1842), «Նավաբեկություն» (1843), «Փոթորիկը Սև ծովում» (1845), «Իններորդ ալիք» (1850), կատարված են հակադիր գույների լծորդումներով, էպիկական շնչով և ռոմանտիկ պաթոսով։ 1870-ական թվականներին նա ստեղծել է ավելի նուրբ ու զուսպ գունաշարով իրացված «կապույտ ծովանկարները» («Փոթորիկ», 1872, «Ծիածան», 1873), իսկ 1880-90-ական թվականներին «արծաթավուն ծովանկարների» շարքը («Սև ծովը», 1881, «Փոթորիկ», 1885, «Ալիք», 1889, «Փոթորիկը Ազովի ծովում», 1889, «Ալիքների մեջ», 1898)։
Հ. Այվազովսկու արվեստը լավատեսական է։ «Իններորդ ալիք» հանրահայտ նկարում (1850, Լենինգրադի ռուսական թանգարան) դրսևորվել է ծովանկարչի մեծ հավատը դեպի մարդը, դեպի նրա հոգու անընկճելիությունը։ Իր «Սև ծովը» (1881, Տրետյակովյան պատկերասրահ), «Ալիքների մեջ» (1898, Այվազովսկու պատկերասրահ) և այլ գլուխգործոցներով Այվազովսկին ծովանկարչությունը ձերբազատեց սոսկ գեղեցիկ տեսարան ներկայացնելու միտումից։ Նրա պատկերները ներթափանցված են խոր հայրենասիրությամբ և հումանիզմով։ Ծովամարտի նրա տեսարաններն աչքի են ընկնում պատմական հավաստիությամբ և հանդիսանում են ռուսական նավատորմի հաղթանակների գեղանկարչական տարեգրությունը («Պետրոս I-ը Ֆիննական ծովածոցի ափին», 1846, «Չեսմենի ծովամարտը», 1848, 1886, «Նավարինի ծովամարտը», 1848, «Երկու թուրքական նավերից գրոհի ենթարկված «Մերկուրի» բրիգը», 1892)[16]։
Այվազովսկին ունի հարազատներին ու բարեկամներին պատկերող դիմանկարներ, ինքնանկարներ, գծանկարներ, ջրաներկ աշխատանքներ[16]։
Այվազովսկին բարերար ազդեցության է գործել ռուսական գեղանկարչության վրա։ Նրա արվեստին հետևել են ռուս նկարիչներ Լ. Ֆ. Լագորիոն, Ռ. Գ. Աուդկովսկին, Ա. Պ. Բոգոլյուբովը, Ա. Ի. Կոլինջին, ծովանկարչի երեք թոռները՝ Մ.Պ. Լատրին, Ա. Ե. Դանզենը, Կ. Կ. Արցեուլովը և ուրիշներ[16]։
Ինչպես ամեն մի մշակութային խոշոր երևույթ, Այվազովսկու արվեստը արտացոլել է իր ժամանակի առաջադիմական գաղափարները[16]։
Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1848 թվականին Այվազովսկին ամուսնացավ։ Նրա առաջին կինը՝ Յուլիա Յակովի Գրևսը, անգլուհի էր, ռուսական ծառայության մեջ գտնվող շտաբս-բժշկի դուստր։ Նրանք ունեցան 4 դուստր՝ Ելենա, Մարիա, Ալեքսանդրա և Ժաննա։ Ամուսնությունից 12 տարի անց Յուլիա Գրևսը բաժանվեց ամուսնուց այն պատճառով, որ նա չէր ուզում ապրել մայրաքաղաքում։ Ամուսնալուծությունը պաշտոնապես ձևակերպվեց 1877 թվականին։
Երկրորդ կինը Աննա Նիկիտայի (Մկրտչի) Սարկիսովա-Բուռնազյանն էր, որին նկարիչը տեսավ վերջինիս ամուսնու՝ թեոդոսիացի նշանավոր առևտրականի թաղման ժամանակ՝ 1882 թվականին։ Երիտասարդ այրու գեղեցկությունը անմիջապես գրավեց նկարչին։ Մեկ տարի անց նրանք ամուսնացան։ Թեոդոսիայի պատկերասրահում պահպանվում է Աննա Բուռնազյանի դիմանկարը՝ նկարված Այվազովսկու ձեռքով։ Ինչպես ասում էր մեծ ծովանկարիչը՝ «Աննան ինձ ավելի մոտեցրեց իմ ժողովրդին»։
Այվազովսկու համակրանքը հույների և իտալացիների ազատագրական պայքարի հանդեպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այվազովսկին մեծ համակրանքով արձագանքել և նյութապես օժանդակել է հույների, իտալացիների ազգային-ազատագրական պայքարին[9]։
Այվազովսկին և հայ ժողովուրդը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևների արժանանալով իր վաղ շրջանի բնանկարների ու ծովանկարների համար՝ նա սկսեց նկարել Ղրիմի ծովափնյա քաղաքների պատկերների շարքը։ Այնուհետև Այվազովսկին մեկնեց Եվրոպայի երկրներ։ Կյանքի հետագա շրջանում նրա ծովանկարների և նավանկարների շարքերը նրան արժանացրին Ռուսաստանյան նավատորմի մշտական ծառայողը լինելու պատվին։ Նա մի քանի պատկեր է նկարել նաև Օսմանյան սուլթանի համար, որոնք ներկայումս թուրքական թանգարաններում են։ Թուրքական սուլթանը շքանշանով պարգևատրել է Այվազովսկուն, սակայն երբ Թուրքիայում 1890-ական թվականներին տեղի ունեցան հայերի կոտորածները, Այվազովսկին թուրքական շքանշանը կապեց իր շան վզին, իսկ հետո տարավ և շպրտեց ծովը։ Այվազովսկուն խորապես հուզել է սուլթանական Թուրքիայի բռնատիրական լծի տակ տառապող իր հայրենակիցների ճակատագիրը[9]։ Աշխարհահռչակ ծովանկարչի անունը բուռն ոգևորության աղբյուր է եղել երկրագնդի տարբեր ծայրերում ապրող հայության համար[9]։ Իր ճանապարհորդությունների ժամանակ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել հայության լայն զանգվածների հետ, օգնել ազգային կազմակերպություններին, դպրոցներին, նվիրել նկարներ և բացել ցուցահանդեսներ[9]։ Փայփայել է այն երազանքը, թե կկարողանա մեկ ընդհանուր միության մեջ միավորել տարբեր երկրներում ապրող բոլոր հայ նկարիչներին և զարկ տալ հայ կերպարվեստի զարգացմանը[9]։ 1890-ական թվականներին հայկական կոտորածների ծանր օրերին նա ստեղծել Է «Հայերի ջարդը Տրապիզոնում 1895 թվին», «Նավերի բեռնումը», «Թուրքական նավերը Մարմարա ծովն են թափում հայերին» և այլ աշխատանքներ՝ արտահայտելով իր ցասումն ընդդեմ թուրք մարդասպանների[9]։ 1898-ին այդ նկարաշարը ցուցադրել Է Մոսկվայում, «Եղբայրական օգնություն Թուրքիայում տուժած հայերին» ժողովածուի համար կատարել նույն թեմայով գրչանկարներ[9]։ Նա ապաստան է տվել և նյութապես օգնել կոտորածից Ղրիմ փախած հայ գաղթականներին[9]։ Այվազովսկին եղել է Ղրիմի հայկական գաղթօջախի հովանավորը, Թեոդոսիայի պատվավոր քաղաքացին[9]։
Այվազովսկու ծառայությունները հայկական մշակույթին
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոշոր են Այվազովսկու ծառայությունները հայ մշակութային կյանքում[16]։ Գեղանկարչության մեջ առաջին անգամ նա է պատկերել հայկական բնությունը, Արարատն ու Արարատյան հովիտը, Սևանա լիճը, արտացոլել հայրենի բնության գեղեցկությունները[16]։ Նրա «Թիֆլիսի տեսարանը» (1868) հայ կենցաղային ժանրի առաջին նկարներից է[16]։ Հայաստանի նկատմամբ Այվազովսկու տածած սերը արտահայտվել է «Արարատ լեռան հովիտը» (1882, մասնավոր հավաքածու), «Արարատ» (1868, 1887), «Հայ մարտիկի երդումը» (1891), «Հայ ժողովրդի մկրտությունը» (1892), «Բայրոնի այցը Սխիթարյաններին Ս. Ղազար կղզում», «Խրիմյան Հայրիկը Էջմիածնի շրջակայքում» (1895) և այլ կտավներում[16]։ Ծովանկարչության բնագավառում նրա անմիջական խորհուրդներով առաջնորդվել են Ս. Ճիվանյանը, Ս. Մահտեսյանը, Վ. Մախոխյանը[16]։ Նրա արվեստը որոշակի ազդեցություն է ունեցել Գ. Բաշինջաղյանի ստեղծագործության վրա[16]։ Այվազովսկու նկարները պահվում են աշխարհի նշանավոր թանգարաններում։ Նրա գործերի խոշոր հավաքածուներից է Ծովային Հայաստանի նշանավոր քաղաքի՝ Թեոդոսիայի Այվազովսկու պատկերասրահի ֆոնդը։ Հարուստ է նաև Հայաստանի ազգային պատկերասրահի՝ Այվազովսկու նկարների հավաքածուն («Չումակները», 1857, «Գիշերը Կոստանդնուպոլսում», 1862, «Նեապոլի ծովածոցը միգապատ առավոտյան», 1874, «Փոթորիկը ծովի վրա», 1876, «Նոյը իջնում է Արարատից», 1887, «Անդորրություն», 1892 և այլն)։ Հ. Այվազովսկու գործունեությունը նպաստել է հայ, ռուս և այլ եվրոպական ժողովուրդների մշակութային կապերի զարգացմանն ու ամրապնդմանը[16]։
Այվազովսկու հայկական թեմատիկան
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Արարատյան դաշտ (1882)
-
Հայ ազգի մկրտութիւն (1892)
-
Երդում Ավարայրի ճակատամարտից առաջ (1892)
-
Մկրտիչ Խրիմյանը Էջմիածնի մերձակայքում
Այվազովսկու բարեգործական և հասարակական գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այվազովսկին Թեոդոսիայում բացել է պատկերասրահ (1880, այժմ՝ իր անունով), Հնագիտական թանգարան (1874), Գեղարվեստական դպրոց (1865), գրադարան, համերգային դահլիճ, համագործակցել է նավահանգստի (1892-94), երկաթգծի կառուցմանը, քաղաքի մերձակա բլուրների անտառապատմանը և այլն[9]։ Նա մեծ գումարով օգնել է Ռուսաստանի՝ 1891-92-ի սովյալներին, Գեղարվեստի ակադեմիայի աշակերտներին, բելառուս չքավոր ուսանողներին[9]։ 1900 թվականի մարտի 18-ին Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան հաստատել Է Այվազովսկու անվան թոշակ[9]։ Նրա անունով Թեոդոսիայում կոչվել է փողոց, զբոսայգի և մոտակա բլուրներից մեկը[9]։ 1887 թվականին մեծ շուքով նշվել է Այվազովսկու ստեղծագործական կյանքի 50-ամյա, 1897 թվականին՝ 60-ամյա հոբելյանը[9]։
Կյանքի վերջին օրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Այվազովսկին մահացել է 82 տարեկան հասակում, 1900 թվականի մայիսի 2-ին, ուղեղի արյունազեղումից՝ անավարտ թողնելով «Թուրքական նավի պայթյունը» կտավը[9]։ Մահից անմիջապես առաջ ավարտել է «Ծովածոց» նկարը, իսկ հենց մահվան օրը սկսել է նկարել«Թուրքական նավի պայթեցումը» կտավը, որը մնացել է անավարտ։ Թեոդոսիայի Ի.Կ.Այվազովսկու անվան պատկերասրահի կայքէջում այսպես է նկարագրված հանճարեղ նկարչի կյանքի վերջին օրը. 1900 թվականի ապրիլի 19-ի (մայիսի 2-ի) առավոտյան նկարիչը թեոդոսիական իր արվեստանոցում սովորականի պես տեղավորվեց նկարակալի առջև, ոչ մեծ ենթաշրջանակին քաշեց մաքուր կտավը՝ պատրաստվելով իրագործել իր վաղեմի ցանկությունը՝ մեկ անգամ ևս պատկերել թուրքերի դեմ հույն աշխարհազորայինների մղած ազատագրական պայքարի հերոսական դրվագներից։ Որպես սյուժե՝ նա ընտրել էր իրական մի դեպք՝ անվեհեր հույն մարտիկ Կոնստանտին Կանարիսի սխրանքը՝ Քիոս կղզու մոտ թուրքական ծովակալական նավի պայթեցումը։ Օրվա ընթացքում նկարիչը գրեթե ավարտին հասցրեց նկարը։ Խոր գիշերով՝ քնի պահին անակնկալ մահը կտրեց Այվազովսկու կյանքի թելը։ «Թուրքական նավի պայթեցումը» անավարտ կտավը այդպես էլ մնացել է նկարակալի վրա, նկարչի արվեստանոցում, որը, ինչպես նաև՝ նկարչի ողջ տունը, վերածվել է թանգարանի։
Այվազովսկու ստեղծագործությանը բարձր գնահատական են տվել նրա շատ ու շատ ժամանակակիցներ, իսկ նկարիչ Ի.Ն. Կրամսկոյը գրել է.«Ով ինչ էլ ասի, Այվազովսկին բոլոր դեպքերում առաջին մեծության աստղ է և՝ ո՛չ միայն մեզանում, այլև ընդհանրապես արվեստի պատմության մեջ»։ Այվազովսկուն՝ որպես Ռուսական կայսրության աստիճանակարգի վերևից երկրորդ աստիճանում գտնվող ազնվականի, դեր-ծովակալի և պատվավոր քաղաքացու հուղարկավորել են զինվորական պատվով։ Իր կտակի համաձայն՝ թաղել են Թեոդոսիայի Սուրբ Սարգիս միջնադարյան հայկական եկեղեցու բակում[9]։ 1903 թվականին նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ. Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացու խոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկիր | Տարեթիվ | ||
---|---|---|---|
Ֆրանսիա՝ Ֆրանսիական կայսրություն | Պատվո լեգեոն (Ասպետ) | 1857 | |
Օսմանյան կայսրություն | Մեջիդիե շքանշան | 1858 | |
Հունաստան՝ Հունաստանի թագավորություն | Փրկչի Շքանշան | 1859 | |
Ռուսական կայսրություն | Սուրբ Վլադիմիրի Շքանշան | 1865 | |
Օսմանյան կայսրություն | Օսմանիե շքնաշնա | 1874 | |
Լեհական թագավորություն | Սպիտակ արծվի շքանշան | 1893 | |
Ռուսական կայսրություն | Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան | 1897 |
Այվազովսկու հիշատակին նվիրված ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- XIX դարի խոշորագույն հայ նկարչին նվիրված գործերից է XX դարի երկրորդ կեսի հայ քանդակագործ Ռաֆիկ Գարեգինի Խաչատրյանի՝ Խաչառի, 1937-1993 թթ. «Հովհաննես Հայվազյան (Այվազովսկի)՝ մեծ ծովանկարիչ» բարձրարվեստ դիմաքանդակը։
- Հովհաննես Այվազովսկի։ Հուշարձան։ Հեղինակ՝ Յուրի Պետրոսյան, Ճարտարապետ՝ Ս. Քյուրքչյան։ Բրոնզ և գրանիտ։ Տեղադրման տարեթիվ՝ 2003։ Գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանի Օղակաձև այգում՝ Կամերային երաժշտության տան մոտ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Այվազովսկի. ինքնադիմանկար. 1830-1840-ական թվականներ։
-
Հովհաննես Այվազովսկին իտալական տարազով։ Նկարի հեղինակ՝ Վասիլի Շտերնբերգ, 1842 թ.։
-
Ծովային տեսարան, գտնվում է Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում։
-
Հովհաննես Այվազովսկի։ Նկարի հեղինակ՝ Ալեքսեյ Տիրանով, 1841 թ.։
-
Հովհաննես Այվազովսկի։ Լուսանկար, 1870 թ.։ Ռուսաստանյան ԻՏԱՐ-ՏԱՍՍ լրատվական գործակալության դիվաններից։
-
Հովհաննես Այվազովսկու տունը 1845-1892 թթ.։ Քաղաք Թեոդոսիա։ Լուսանկար։
-
Հովհաննես Այվազովսկու տատի՝ Աշխենի դիմանկարը։ Հեղինակ՝ Հովհ. Այվազովսկի, 1858 թ.։
-
Կոմս, գեներալ Միքայել Տարիելի Լոռիս-Մելիքովի դիմանկարը։ Հեղինակ՝ Հովհաննես Այվազովսկի։
-
Նոյն իջնում է Արարատից։ Հեղինակ՝ Հովհաննես Այվազովսկի, 1889։
-
Բայրոնի այցը Սուրբ Ղազար կղզի։ Հեղինակ՝ Հովհաննես Այվազովսկի, 1889։
-
Արարատյան դաշտը։ Հեղինակ՝ Հովհաննես Այվազովսկի, 1882։
-
Տփղիս քաղաք։ Հեղինակ՝ Հովհաննես Այվազովսկի, 1868։
-
Կոստանդնուպոլիսը Բոսֆորից։ Հեղինակ՝ Հովհաննես Այվազովսկի, 1856
-
Այվազովսկու հուշարձանը Թեոդոսիայում։ Արձանի մակագրությունը՝ «Թեոդոսիան՝ Այվազովսկուն»։
-
Այվազովսկի եղբայրներին՝ արքեպիսկոպոս Գաբրիել Այվազովսկուն և ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկուն նվիրված հուշարձան Ղրիմի մայրաքաղաք Սիմֆերոպոլում։
-
Հովհաննես Այվազովսկի։ Հեղինակ՝ Յուրի Պետրոսյան, Ճարտարապետ՝ Ս. Քյուրքչյան։ Բրոնզ և գրանիտ։ Տեղադրման տարեթիվ՝ 2003։ Գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանի Օղակաձև այգում՝ Կամերային երաժշտության տան մոտ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շիշմանյան Ռ., Բնանկարն ու հայ նկարիչները, Երևան, 1958, էջ 32-76։
- Հարությունյան Գ. Գ., «Հովհաննես Այվազովսկու տոհմի ծագումնաբանությունը և ազգանվան փոփոխումը, «Տեղեկագիր ՀՍՄՀ ԳԱ, հասարակական գիտությունների», 1965, համար 2։
- Աարգսյան Մ., Հովհաննես Այվազովսկի, Երևան, 1967։
- Կուրղինյան Կ. Հ., Հովհաննես Այվազովսկի, «ՊԲՀ», 1967, համար 2-3։
- Кузьмин И.П. - И.К.Айвазовский и его произведения. Санкт-Петербург, 1901;
- Барсамов Н.С. - И.К.Айвазовский. Москва, 1967.
- Айвазовский. Документы и материалы. Ереван, 1967.
- «Հովհաննես Այվազովսկի» հոդվածը։ Հեղինակ՝ Մանյա Ղազարյան։ Հայկական սովետական հանրագիտարան, հատոր I, Երևան, 1975։
- Newmarch, Rosa (1917). The Russian Arts. New York: E.P. Dutton & Company.
- Adamian, A (1958). «Նոր վավերագրեր նկարիչ Հովհաննես Այվազովսկու մասին [New documentaries about the artist Hovhannes Ayvazovsky]». Bulletin of the Academy of Sciences of the Armenian SSR: Social Sciences. Yerevan: Armenian Academy of Sciences (11): 89–94. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
- Sarkssian, M. S. (1963). «Հովհաննես Այվազովսկին և հայ մշակույթը [Hovhannes Ayvazovsky and Armenian Culture]». Patma-Banasirakan Handes. Yerevan: Armenian Academy of Sciences (4): 25–38. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
- Koorghinian, K. N. (1967). «Հովհաննես Այվազովսկի (Ծննդյան 150-ամյակի առթիվ) [Hovhannes Ayvazovsky]». Patma-Banasirakan Handes. Yerevan: Armenian Academy of Sciences (2–3): 187–194. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
- Sarkissian, M. (1967). «Հովհ. Այվազովսկու տեղը և նշանակությունը հայ նկարչության մեջ [The Place and Importance of Aivazovsky in the History of the Armenian Painting of the 19th century]». Lraber Hasarakakan Gitutyunneri. Armenian Academy of Sciences (10): 70–81. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
- Harutiunian, Gr. (1965). «Հովհաննես Այվազովսկու տոհմի ծագումնաբանությունը և ազգանվան փոփոխումը [Hovhannes Aivazovsky family genealogy and family name change]». Bulletin of the Academy of Sciences of the Armenian SSR: Social Sciences. Yerevan: Armenian Academy of Sciences (2): 89–94. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
- Ghazarian, Manya (1974). «Այվազովսկի [Aivazovsky]». Soviet Armenian Encyclopedia. Vol. 1. Yerevan: Armenian Encyclopedia. էջեր 350–351.
- Sarkissian, M. S. (1988). «Հովհաննես Այվազովսկու "Բայրոնի այցը Մխիթարյաններին Ս. Ղազար կղզում" նկարը [Hovhannes Aivazovsky's Painting "Byron's Arrival to Mekhitarists on the Island of St. Lazar".]». Patma-Banasirakan Handes. Armenian Academy of Sciences (2): 224–226. ISSN 0135-0536. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
- Mikaelian, V. A. (1991). «И. К. Айвазовский и его соотечественники [H. K. Ayvazovsky and his compatriots]». Lraber Hasarakakan Gitutyunneri (ռուսերեն). Yerevan: Armenian Academy of Sciences (1): 59–70. ISSN 0320-8117. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
- Cardwell, Richard (2005). Reception of Byron in Europe. London: Continuum International Publishing Group. ISBN 978-0-8264-6844-4. OCLC 646740691.
- Bolton, Roy (2010). Views of Russia & Russian Works on Paper. London: Sphinx Fine Art. ISBN 978-1-907200-05-2.
- Leek, Peter (2012). Russian Painting. Temptis. New York: Parkstone International. ISBN 978-1-85995-939-8. OCLC 795320658.
- Khachatrian, Shahen. «"Поэт моря" ["The Sea Poet"]» (ռուսերեն). Center of Spiritual Culture, Leading and National Research Samara State Aerospace University. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 19-ին.
Լրացուցիչ գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Айвазовский И.К. Документы и материалы [I. K. Aivazovsky: Documents and Materials] (ռուսերեն). Yerevan: Hayastan Publishing. 1967.
- Barsamov, Nikolay [in ռուսերեն] (1962). Иван Константинович Айвазовский, 1817—1900 (ռուսերեն). Moscow: Iskusstvo.
- Novouspensky, Nikolai, ed. (1989). Aivazovsky. Leningrad: Aurora Art Publishers. ISBN 978-5-7300-0030-8. OCLC 21599603.
- Khachatrian, Shahen (2000). Aivazovsky: Well-Known and Unknown. Samara: Agni.
- Caffiero, Gianni; Samarine, Ivan (2000). Seas, Cities & Dreams, The Paintings of Ivan Aivazovsky. London: Alexandria Press. ISBN 1-85669-232-9.
- Bulkeley, Rip (2015 թ․ մարտ). «Aivazovsky's Icebergs: an Antarctic mystery». Polar Record. 51 (2): 212–215. doi:10.1017/S0032247414000047. ISSN 0032-2474.
- Lyall, Sutherland (2005). Waters of Life: The Russian Painters of Water. New Line Books. ISBN 978-1-59764-041-1.
- Yan, Zhao (2015). «Painterly Shading Ocean Surface» (Master's thesis). Texas A&M University.
- Bulkeley, Rip (2015). «Aivazovsky's Icebergs: an Antarctic mystery». Polar Record. 51 (2): 212–215. doi:10.1017/S0032247414000047.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Айвазовский Иван Константинович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 RKDartists (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Մետրոպոլիտեն թանգարան — 1870.
- ↑ 7,0 7,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 8,0 8,1 https://www.theartstory.org/artist/aivazovsky-ivan/
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 9,16 9,17 9,18 9,19 9,20 9,21 9,22 9,23 9,24 9,25 9,26 9,27 9,28 9,29 9,30 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր I, էջ 350։
- ↑ Aivazovsky, Ivan — The Oxford Dictionary of Art, 2004.
- ↑ Энциклопедия пейзажа (ОЛМА-ПРЕСС ed.). Moscow. 2002. էջ 9.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ World's 10 greatest Seascapes - The Sea in paintings, theartwolf.com
- ↑ Russian Paintings Gallery - Aivazovskiy Ivan (1817-1900) - brief biography Արխիվացված 2013-05-09 Wayback Machine, russianpaintings.net
- ↑ Ivan Aivazovsky. About creativity of Ivan Aivazovsky | Русские художники. Russian Artists Արխիվացված 2022-03-27 Wayback Machine, tanais.info
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան, հատոր I, էջ 350-351։
- ↑ 16,00 16,01 16,02 16,03 16,04 16,05 16,06 16,07 16,08 16,09 16,10 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր I, էջ 351։
- ↑ «Նոյն իջնում է Արարատից (1889)». Հայաստանի ազգային պատկերասրահ. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Բայրոնի այցը Մխիթարյաններին Սուրբ Ղազար կղզում (1899). National Gallery of Armenia. Վերցված է 2014 թ․ փետրվարի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հովհաննես Այվազովսկին հայկական հանրագիտարանում Արխիվացված 2016-11-10 Wayback Machine
- Այվազովսկու նկարների հավաքածուն Օլքայի սրահում
- Նոյյան տապան, հիշարժան տարեթվեր
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Այվազովսկի» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Այվազովսկի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Այվազովսկի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 350)։ |
|
- Հուլիսի 29 ծնունդներ
- 1817 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մայիսի 2 մահեր
- 1900 մահեր
- Թեոդոսիա քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 19-րդ դարի հայ նկարիչներ
- Անձինք թղթադրամների վրա
- Անձինք մետաղադրամների վրա
- Անձինք նամականիշերի վրա
- Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոսներ
- Ծովանկարիչներ
- Հայ արվեստագետներ
- Հայ ծովանկարիչներ
- Ղրիմահայ նկարիչներ
- Ղրիմահայ ռազմական գործիչներ
- Ռոմանտիստ նկարիչներ
- Ռուսական կայսրության նկարիչներ
- Օրիենտալիստ նկարիչներ