Jump to content

Սորենտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սորենտո
իտալ.՝ Sorrento
Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
ՀամայնքՆեապոլ (գավառ)
Մակերես9,96 կմ²
ԲԾՄ50±1 մետր
Բնակչություն15 407 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ081
Փոստային դասիչ80067
Ավտոմոբիլային կոդNA
Պաշտոնական կայքcomune.sorrento.na.it
Սորենտո (Իտալիա)##
Սորենտո (Իտալիա)

Սորենտո (իտալերեն՝ Sorrento արտասանություն: [sorˈrɛnto]; նեապ.՝ Surriento, արտասանություն՝ surˈrjendə), քաղաք Հարավային Իտալիայում, Նեապոլի ծավածոցի հարավային ափին։ Զբոսաշրջային կարևոր վայր է, որը հրապուրում է անտիկվարային բազմազան ու բազմաթիվ փոքր խանութներով[2], հանրահայտ Ամալֆի լողափի ընձեռած գրավիչ պայմաններով։ Խանութները զբոսաշրջիկներին առաջարկում են գեղեցիկ խեցեղեն, ժանյակե գործվածքներ, փայտից պատրաստված տնային գործածության առարկաներ, հուշանվերներ[2]։ Սորենտո կարելի է հեշտությամբ հասնել Նեապոլից և Պոմպեյից, ավտոմեքենայով, նավով, գնացքով։ Դիմացը, ոչ մեծ հեռավորության վրա, գտնվում են Վեզուվ հրաբուխը, Կապրի կղզին, ուր կարելի է հասնել աշխուժորեն երթևեկող նավերով ու նավակներով։ Սորենտոյի տեսարժան վայրերը, բնակլիմայական հրաշալի պայմանները, շքեղ հյուրանոցները հրապուրել են բազում անվանի մարդկանց, նրանց թվում՝ Էնրիկո Կարուզոյին, Լուչիանո Պավարոտիին և շատ ու շատ ուրիշների։

Այստեղ արտադրվում են լիմոնչելո լիկյոր, գինիներ, ալկոհոլային այլ խմիչքներ, շաքար, ջրեղեն, ցիտրուսային մրգեր, ձիթապտուղ, ընդեղեն։ Կան տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ։ Բնակիչներն զբաղվում են նաև այգեգործությամբ ու ձկնորսությամբ։

Քաղաքն զբաղեցնում է մոտավորապես 9 քառակուսի կիլոմետր տարածք, վարչականորեն ենթարկվում է Կամպանիա մարզի կենտրոնը համարվող Նեապոլին։ Բնակչության թիվը 2004 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով կազմել է 16 506 մարդ, բնակչության խտությունը՝ 1740 մարդ մեկ քառակուսի կիլոմետրի վրա։

Բնակավայրի հովանավորն է համարվում սուրբ ճգնավոր և տեղի բենեդիկտյան վանքի վանահայր Անտոնիուսը (555 կամ 556—625 թթ.). նրա տոնը նշվում է յուրաքանչյուր տարի, փետրվարի 14-ին։

Քաղաքը, վաղուց ի վեր հայտնի լինելով իր մեղմ կլիմայով ու փարթամ բուսականությամբ, բնակեցվել է դեռևս վաղ քարե դարի ժամանակներից սկսած (մեր թվականությունից շուրջ 50 հազար տարի առաջ)։

Սորենտոն եղել է փյունիկյան առաջին գաղութը, որից հետո վերածվել է նավահանգստի, ուր հաճախակի հոյներ էին այցելում, որպեսզի առևտուր անեին Նեապոլի և հարավային այլ քաղաքների հետ։ Հույներն այդ բնակավայրն անվանել են «Սիրեոն», այսինքն՝ «սիրենների երկիր» (սիրենները առասպելաբանական էակներ են, կիսով չափ՝ կին, կիսով չափ՝ ձուկ. նրանց մասին գրել է Հոմերոսը իր նշանավոր «Ոդիսական» պոեմում)։ Հին հույները Սիրեոնը դիտարկել են իբրև իրենց առաջնագծային ամրոց,թեև այն ժամանակներում նրա բնակչությունը կազմված էր ոչ միայն հույներից, այլ նաև էտրուսկներից, սամնիտներից։

Սամնիտներից հետո քաղաքն անցել է հին հռոմեացիների տիրապետության տակ, որոնք արժևորելով բնակավայրի գեղեցկությունն ու հրաշալի պայմանները, այն դարձրել են պատրիկների հանգստավայր. այդ է վկայում բազմաթիվ վիլլաների առկայությունը։

Հռոմում Սուլլայի սկսած քաղաքացիական պատերազմի ժամանակներում (մ. թ. ա. 90 — 89 թթ.) մունիցիպիումի կարգավիճակ ստացած քաղաքը բնակեցվել է պատերազմի վետերաններով, որոնք որպես ռենտա՝ հողակտոր (parcelle) էին ստացել այստեղ։ Պատմական վկայություններ կան, որ հետագայում նրանցից այդ հողակտորները խլել են ու իրենց տեղափոխել նոր բնակավայր՝ Surrentum, որն արդեն մեր թվականության 5-րդ դարում հիշատակվել է որպես եպիսկոպոսի նստավայր։

Իտալիայում Բյուզանդական կայսրության ճգնաժամի ժամանակաշրջանում (VII դ.) Սորենտոն հասել է ինքնավարության, կոչվել Սորենտոյի հերցոգություն, որը ենթակա էր Նեապոլին։ Միջնադարում այստեղ փոխնիփոխ տիրապետել են գոթերը, բյուզանդացիները, լանգոբարդները, սարացինները։ X դարում այստեղ գոյություն է ունեցել ծովային հանրապետություն, որին 1137 թվականին տիրել են նորմանները (Ռոժեր II-ը)։ Դրանից հետո քաղաքն ընկել է արագոնցիների, 16-րդ դարում՝ թուրքերի տիրապետության տակ։ Այնուհետև դարձել է Նեապոլիտանական թագավորության տիրույթ և, ի վերջո, 1860 թվականին, Նեապոլի կազմում, միացել միավորված Իտալիային։

Նոր ու նորագույն ժամանակներում Սորենտոն ժամանակավոր բնակության վայր է ծառայել Գյոթեի, Ռիխարդ Վագների, Նիցշեի, Գորկու, Հենրիկ Իբսենի, Բայրոնի, Ստենդալի, ռուս անվանի բնանկարիչ Սիլվեստեր Շչեդրինի, իտալացի նկարիչներ Ջակոմո դի Կաստրոյի, Էդոարդո դե Մարտինոյի, Էնրիկո Գարֆի, նեապոլիտանական սիրված երգերի հեղինակ Անիելո Կալիֆանոյի, քաղաքական գործիչ և գրող Ռաֆաելե Լաուրոյի[3][4][5] և նշանավոր բազմաթիվ այլ մարդկանց համար։

Քաղաքի կենտրոնական հրապարակում 1870 թվականին կանգնեցվել է նրա մեծ զավակի՝ Վերածննդի դարաշրջանի համբավավոր բանաստեղծ Տորկվատո Տասսոյի[6] հուշարձանը (հեղինակ՝ քանդակագործ Ջուզեպե Գալի)։

  • "Վերադարձիր Սորենտո" — Էռնեստո դե Կուրտիսի՝ մեծ ժողովրդականություն վայելող երգը (1905 թ.), որը տարբեր լեզուներով կատարվել է բազմաթիվ հայտնի երգիչների կողմից
  • "Поздний вечер в Сорренто" — ռուս երգիչ Ալեքսեյ Գլիզինի[7] սիրված երգերից (1998 թ.)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://demo.istat.it/?l=it
  2. 2,0 2,1 «Sorrento». Lonely Planet. Վերցված է 2018 թ․ մայիսի 3-ին.
  3. Mauro Siniscalchi. «Raffaele Lauro». Raffaelelauro.it. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  4. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  5. [1]
  6. 1911 Encyclopædia Britannica, Volume 26, Tasso, Torquato retrieved 20 May 2018
  7. «История песни «Поздний вечер в Сорренто»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սորենտո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 19