Սոթքի հրետակոծություն (2022)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոթքի հրետակոծություն
ՏեսակՀրթիռա-հրետանային հարձակում[1]
ԵրկիրՀայաստան Հայաստան
Գրոհի վայրՍոթք, Գեղարքունիքի մարզ
ՏեղադրանքՍոթք
ՏարեթիվՍեպտեմբերի 13, 2022 թվական-Սեպտեմբերի 15, 2022 թվական
Գրոհի միջոցՀրետակոծում
ԶենքՀրետանի
խոշոր տրամաչափի զինատեսակներ
հրթիռային համակարգեր
անօդաչու թռչող սարքեր[1]
Վիրավորներ1[2]
ԱհաբեկիչներԱդրբեջան Ադրբեջանի զինված ուժեր
ԿազմակերպիչներԱդրբեջան Ադրբեջան

Սոթքի հրետակոծություն, Հայաստանի Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի հրետակոծությունը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև սեպտեմբերի 15-ը՝ Հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում՝ ադրբեջանական զինված ուժերի նախահարձակ ահաբեկչական գործողությունների ժամանակ[2][3][4][5]։ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից սկսած լայնածավալ ագրեսիայի ժամանակ կիրառվել է՝ խոշոր տրամաչափի զինատեսակներ, հրետանի, հրթիռային համակարգեր, անօդաչու թռչող սարքեր[1][6]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյունիքի և Արցախի իշխանությունները մինչև 9-րդ դարը

Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղը Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Այստեղ հայտնաբերվել են բրոնզի դարին վերաբերվող նյութեր։ Պատմաբանները հեթական աղբյուրներում հիշատակված հին հայկական Սութա կամ Շութա քաղաքը նույնացնում են Սոթքի հետ։ Ուշ ժամանակներում Սոթքը մտնում էր Մեծ Հայքի Սյունիք աշխարհի հյուսիս-արևմտյան կողմում գտնվող Սոթք գավառի մեջ և իշխանանիստ բնակավայր էր[7]։ Ըստ Զորանամակի՝ այստեղ իշխող Սոդացիները 50 զինվոր են տրամադրել Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությանը։ 428 թվականից հետո Սոթքը՝ համանուն գավառով մտել է Արցախ աշխարհի Վայկունիք գավառի մեջ, իսկ 9-րդ դարի կեսերից այն անցել է Խաչենի տեր Սահլ Սմբատյանին։ 13-16-րդ դարերում Սոթքի տերերն են եղել Դոփյանները, իսկ հետո՝ մինչև 18-րդ դար, Մելիք-Շահնազարյանները[8]։

Եղել է Դվին-Պարտավ ճանապարհի գլխավոր հանգրվանը։ Այն հայկական աղբյուրներում հիշատակվում է որպես քաղաքագլուխ, գյուղաքաղաք, ավան, նույնիսկ մայրաքաղաք[7]։ Սուքիաս Էփրիկյանը Սոթքը նույնացնում է Բաշուք գյուղի հետ։ Միջնադարյան արաբական աղբյուրներում Սոթքը անվանվում է Դավմիս (նաև՝ Դաումիս) ձևով, որը Հակոբ Մանանդյանը ուղղում է Զաուտիս կամ Զավտիս։ Յոզեֆ Մարկվարտը և Նիկողայոս Ադոնցը վերջինիս ստուգաբանում են Ծավդեացիների կամ Ծավդեից ցեղի անվամբ[7]։

Սոթքի ոսկու հանքավայրը՝ ուղղաթիռից

Գյուղից արևելք գտնվում է Սոթքի ոսկու հանքավայրը, որը մշակվել է դեռևս մ․թ․ա․ 2-րդ հազարամյակում։ Ոսկու հին հանքերի շրջանում գտնվել են հանքաքարը ջարդելու, մանրացնելու սանդեր, լվանալու քարե տաշտեր, հանքաքարի մեծ ու փոքր բլրակներ ու փոսեր, որոնց հնությունը հասնում է մինչև մ․թ․ա․ 15-րդ դար[7]։

Սոթքի Սուրբ Աստվածածին եկեղեցին (9-րդ դար)

Սոթքում է գտնվում Սուրբ Բեդղեհեմ վանքը, որի եկեղեցին վերակառուցվել է 1276 թվականին ոմն պարոն Առաքելի միջոցներով և կոչվում է Սուրբ Աստվածածին։ Եկեղեցու շրջակայքում կան 13-րդ դարի և հետագա ժամանակների գեղեցիկ խաչքարեր։ Գյուղի շրջակայքում կան հին բնակավայրերի ու շինությունների ավերակներ[7]։

Գյուղի նախկին անունը եղել է Զոդ։ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, 1991 թվականին վերանվանվել է Սոթք[8]։

Արցախյան շարժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային միության տարիներին Սոթքը գտնվել է Հայկական ԽՍՀՎարդենիսի շրջանում։ 1988 թվականի փետրվարի 12-ին Ստեփանակերտում ու Հադրութում տեղի ունեցած ժողովրդական առաջին ցույցերը պահանջում էին ԼՂԻՄ-ը միավորել Հայաստանի հետ[9]։ Սկսվեց Արցախյան շարժումը, որի ընթացքում սկսվեցին ազգամիջյան բախումներ՝ ադրբեջանցիների ու հայերի միջև[10]։ 1988-1989 թվականներին Խորհրդային Ադրբեջանում ծավալված հայկական կոտորածների (Սումգայիթի ջարդեր, Գանձակի ջարդեր) կապակցությամբ Սոթք գյուղի ադրբեջանցի բնակիչները հեռանում են Ադրբեջանական ԽՍՀ։ Նույն ժամանակահատվածում Ադրբեջանական ԽՍՀ-ի Խանլարի շրջանի Ոսկանապատ գյուղից այստեղ են բռնագաղթել 1810 հայեր։ 1989 թվականին գյուղի բնակչությունը կազմում էր 2790 մարդ[8]։

Արցախյան ազատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախյան շարժման և Արցախյան ազատամարտի սկզբից Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզն ուղղակիորեն ներքաշվում է հակամարտության մեջ[10]։ Արդեն 1990-1991 թվականներին առավել ընդգրկուն և կատաղի են դառնում հայերի և ադրբեջանցիների միջև զինված բախումներն ու ընդհարումները (Երասխի ինքնապաշտպանություն), որոնք 1991 թվականից վերաճում են լայնամասշտաբ պատերազմի Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ամբողջ տարածքում և հարակից հայաբնակ ու ադրբեջանաբնակ շրջաններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ներկայիս Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի ու դրանց հարակից ադրբեջանական շրջանների՝ Ղազախի, Աղստևի, Թովուզի, Գետաբեկի, Դաշքեսանի, Քելբաջարի, Լաչինի, Ղուբաթլիի, Զանգելանի, ինչպես նաև Ադրբեջանի կազմում ներառված Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանային հատվածներում[10]։

Օմարի լեռնանցքի մարտական գործողություն (1993, դեկտեմբեր - 1994, փետրվար)

1992 թվականի օգոստոսի սկզբին Քարվաճառի շրջանի և նախապես գրավված Մարտակերտից ուժգին հարվածներով ադրբեջանական ուժերն իրենց վերահսկողության տակ են վերցնում Քարվաճառ-Մարտակերտ 121 կմ-ոց ավտոխճուղին[11]։ 1993 թվականի փետրվարի 13-ին Արցախի Պաշտպանության բանակը անցնելով լայնածավալ հակահարձակման, փետրվարի 14-ին գրավում են Քարվաճառ-Մարտակերտ ավտոխճուղին։ 1993 թվականի ապրիլի 1-ին Քարվաճառի շրջանի ազատագրման ռազմական գործողության ընթացքում (1993 թվականի մարտի 27 - ապրիլի 3) հայկական ուժերի առաջապահ գումարտակը՝ հրամանատար Հովսեփ Հովսեփյանի ղեկավարությամբ շեշտակի գրոհով ազատագրում է Քարվաճառ քաղաքը, որից հետո շրջափակման մեջ հայտնված ադրբեջանական խմբավորումը մեծ կորուստներ տալով ստիպված է լինում Օմարի լեռնանցքով խուճապահար փախչել դեպի հյուսիս։ Քարվաճառի ազատագրումով վերացվում է Հայաստանի և Արցախի միջև գոյություն ունեցեղ սեպը[12]։

1993 թվականի դեկտեմբերի 18-ին ջախջախիչ պարտություններից հետո վերակազմավորված ադրբեջանական բանակը ռազմավարական լայնածավալ հարձակման է անցնում արցախյան ռազմաճակատի ամբողջ երկայնքով։ Հարձակումն ընթանում էր 5 ուղղություններով՝ այդ թվում Քարվաճառի հատվածում։ Մինչև 1994 թվականի մարտի սկզբները տևած դաժան մարտերում հայկական կողմը ջախջախիչ հակահարվածով ադրբեջանցիներին հետ է շպրտում[13]։ 1994 թվականի փետրվարի 18-ին Արցախի Հանրապետության Պաշտպանական բանակը վերագրում է նախորդ տարվա դեկտեմբերի վերջին կորցրած և ռազմավարական խիստ կարևոր նշանակություն ունեցող Օմարի լեռնանցքը՝ Քարվաճառի շրջանում։ Քարվաճառի հակահարձակողական ռազմագործողությունը հիմնականում իրականացվում է Հատուկ գնդի (հրամանատար՝ Գուրգեն Մելքոնյան), Կենտրոնական և Մարտակերտի պաշտպանական շրջանների (հրամանատարներ՝ Սամվել Կարապետյան և Աշոտ Առուշանյան) և մի շարք առանձին գումարտակների ուժերով։ Ռազմական գործողությունը համակարգում էր Վիտալի Բալասանյանը։ Մարտերի ընթացքում մեծ դեր է խաղում հայկական հրետանին և հատկապես Պաշտպանական բանակի հրետանային բրիգադը։ Վերջինիս հրամանատար Սամվել Սաֆարյանը զոհվում է հենց այդ՝ Օմարի ազատագրման օրը։ Չնայած կենդանի ուժի և սպառազինության հսկայական կորուստներին, փետրվարի վերջին ադրբեջանցիները Օմարը գրավելու ևս մեկ փորձ են կատարում, որը կրկին ավարտվում է նրանց պարտությամբ[13]։

Ի վերջո, Արցախյան ազատամարտի շնորհիվ Արցախում վերացվում է ադրբեջանական 70-ամյա հակահայկական իշխանությունը[14]։

44-օրյա պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի Արցախում հրադադարի մասին համաձայնագրով ձևավորված քարտեզը:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետությունը չհայտարարված պատերազմ և ռազմական ագրեսիա է սկսում Արցախի Հանրապետության դեմ[15]։ Ռազմական ագրեսիան իրականացվում է արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում[16]։

Մարտական գործողություններն սկսվում են սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07:10[17]։ Ի պատասխան պատերազմի՝ Հայաստանում և Արցախում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Ադրբեջանի որոշ շրջաններում սկզբում հայտարարվում է ռազմական դրություն և պարետային ժամ, ապա ընդհանուր զորահավաք։

Սեպտեմբերի 29-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանը կրակ է վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ է կիրառվել դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական հարվածային ԱԹՍ-ի հարվածից Վարդենիսում այրվել է քաղաքացիական ավտոբուս[18]։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է նաև, որ ժամը 10։30-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները օդ են բարձրացել Ադրբեջանի Գանձակի միջազգային օդանավակայանից և ապահովել են «Դալյար» օդանավակայանից Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Սոթք ենթաշրջաններում տեղակայված հայկական բնակավայրերի և զինված ուժերի ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի Սու-25 և թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները։ F-16 կործանիչի կողմից Հայաստանի օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, որի օդաչուն զոհվել է։ Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը գտնվել է 60 կմ խորության, 8200 մետր բարձրության վրա[19]։

Հոկտեմբերի 1-ի երեկոյան Ադրբեջանական զինուժի կողմից հրետակոծվել է Մ 11 ճանապարհի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհահատվածը[20]։

Նոյեմբերի 4-ին՝ ժամը 20։15-ի և 21։00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում խոցվում է ադրբեջանական երկու ԱԹՍ։ Նույն օրը ևս մեկ ԱԹՍ ժամը 20։00-ի սահմաններում խոցվել էր Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի հատվածում[21]

2020 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի[22], Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի[23] և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի[24] միջև կնքվում է Արցախում հրադադարի մասին համաձայնագիր, ըստ որի Արցախի հանրապետության տարածքի մեծ մասը հանձնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ՝ ԼՂԻՄ-ի տարածքից դուրս բոլոր շրջանները բացառությամբ Լաչինի միջանցքը, Շուշի քաղաքը, Հադրութի շրջանի, Ասկերանի և Մարտունու շրջանի որոշ գյուղեր, իսկ Արցախի Հանրապետության մնացած հատվածի սահմանները պետք է պահպանեն ռուս խաղաղապահները։

Հայաստանի և Արցախի միջև անցակետը՝ Վարդենիս-Մարդակերտ հյուսիսային ճանապարհին, 2017 թվականի հուլիս:

Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի ղեկավարների ստորագրած հրադադարի հայտարարության համաձայն, հայկական զորքերը Շահումյանի շրջանի քարվաճառյան հատվածից պետք է դուրս գային մինչև նոյեմբերի 15-ը, սակայն Ադրբեջանը համաձայնվում է Քարվաճառի շրջանից հայկական զորքերի դուրս բերելու գործընթացը երկարաձգել մինչև նոյեմբերի 25-ը[25]։ Նոյեմբերի 25-ին Արցախի հյուսիսարևմտյան Շահումյանի շրջանը՝ Քարվաճառն ու հարակից բնակավայրերը անցան Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Դեռևս նոյեմբերի 24-ի օրվա ավարտին արդեն ապամոնտաժվել էր Հայաստանի Հանրապետության սահմանին մոտ գտնվող Արցախի անցակետը, ուր արցախցի իրավապահներն էին աշխատում և ստուգում էին անցուդարձ անողների փաստաթղթերը։ Հայաստանի սահմանին՝ Սոթքի ոսկու հանքի հարևանությամբ, շինարարները ավարտին էին հասցրել արդեն Հայաստանի Հանրապետության և Արդբեջանի նոր անցակետը, որի հարևանությամբ կանգուն էր «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» գրառությամբ հայտնի ցուցանակը[26]։

Պարտերազմի արդյունքով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր, այդ թվում և Սոթքը, դարձել են հայ-ադրբեջանական շփման գծին մոտ գտնվող բնակավայրեր։

Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան (Կութ, Վերին Շորժա, Մեծ Իշխանասար, 2021)

2021 թվականի փետրվարի 9-ից հայ-ադրբեջանական շփման գիծը անցնում է Սոթք գյուղի մոտով[27]։

2021 թվականի մայիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերը իրագործում են Հայաստանի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիա և տարածքների բռնազավթում[28]։ Ադրբեջանի զինված ուժերը մեծաքանակ զինվորականներով և զինտեխնիկայով հատում են Հայաստանի Հանրապետության տարածքը Սյունիքի մարզի Սև լճի տեղամասում, ապա նաև Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ բնակավայրերի տեղամասերում և դիրքավորվում[29]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձակված հրթիռ Սոթքում՝ գյուղ, որը որակվել է որպես ուրվական քաղաք այն բանից հետո, երբ ողջ բնակչությունը լքել է իր տները Ադրբեջանի կողմից հրետակոծությունների և ենթակառուցվածքային վնասների պատճառով[30]։

Սեպտեմբերի 13[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00։05-ից ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի (Սոթք), Վայոց Ձորի (Ջերմուկ) և Սյունիքի (Գորիս) մարզերի ուղղություններով հրետանային միջոցներով և խոշոր տրամաչափի զինատեսակներով սկսում են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ[2]։

Ժամը 03։00-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածում, ըստ որի ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր զինատեսակներից, այդ թվում ծանր հրետանային զենքերից արդեն 2 ժամ ինտենսիվ հրետակոծվում են Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Վարդենիսի ու հարակից համայնքները։ Ըստ ստացված տեղեկությունների թիրախավորվում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները[31]։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են։ Նա նաև տեղեկացնում է, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերնանց, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ–ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ–ադրբեջանական շփման գծի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Մասանվորապես, Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։ ՊՆ խոսնակը հավելում է, որ հայկական զինված ուժերի ստորաբաժանումներն ամբողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները[32]։

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնում ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական բնակավայրերի հրետակոծության կապակցությամբ[33]։

Մենք մտահոգված ենք տեղեկություններով այն մասին, որ այսօր երեկոյան ադրբեջանական զինուժը ինտենսիվ գնդակոծում է հարավային հայկական բնակավայրերը՝ Գորիս, Ջերմուկ, Վարդենիս և Սոթք։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը և հորդորում ենք երկու կողմերին գտնել խաղաղ լուծում[33]։

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն իր տարածած հաղորդագրության մեջ ասում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կոպտորեն խախտելով ՄԱԿկանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի (բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ և կամ Միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից), №3314 բանաձևի «ա» (պետության զինված ուժերի ներխուժումը կամ հարձակումը այլ պետության տարածք), «բ» (պետության զինված ուժերի կողմից այլ պետության տարածքի ռմբակոծումը կամ պետության կողմից այլ պետության տարածքի դեմ ցանկացած զենքի կիրառումը) և «գ» (պետության զինված ուժերի կողմից այլ պետության ցամաքային, ծովային կամ օդային ուժերի կամ ծովային և օդային նավատորմերի վրա հարձակումը) կետերի պահանջները, կիրառելով ականանետային-հրթիռահրետանային միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, ինտենսիվ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին[34]։

Սեպտեմբերի 13-ի վաղ առավոտվանից ադրբեջանական զինված ուժերը շարունակաբար սկսում են հրետակոծել Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղը։ Գյուղից տարհանվում են կանայք և երեխաները, տղամարդիկ սակայն մնում են գյուղում։ Հիմնական հարվածները եղել են տների ուղղությամբ, 30-ամյա մի տղամարդ վիրավորվել է, որին տեղափոխել են Մարտունու հիվանդանոց։ Վնասվել է համայնքապետարանի շենքը, ինչպես նաև բնակելի մի քանի տուն[2]։ Սոթքը տուժել է գիշերային հրետակոծություններից, համայնքապետարանի շենքն էր վնասվել, երեք տուն էր այրվել, և գյուղին մոտենալը համարվում էր վտանգավոր։ Գյուղի բնակիչներից մեկի տեղեկություններով գյուղից տարհանվել էր մոտ 250-300 ընտանիք։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի տվյալներով՝ Սոթքում, Վերին Շորժայում, Ախպրաձորի հատվածներում իրադրությունը մնացել է լարված, մարտերն ընթացել են ինտենսիվորեն։ Առավոտվա տվյալներով հրետակոծության պատճառով զոհվել է 4 մարդ։ Վարդենիսի փոխքաղաքապետ Կարեն Մկրտչյանի տեղեկություններով Սոթք գյուղի բնակիչներին՝ կանանց և երեխաներին տեղափոխել են Վարդենիս, իսկ մի մասին էլ Երևան, տարբեր ուղղություններով[35]։ Ժամը 18:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակվել է լարված մնալ, սակայն արձանագրված հրետակոծության ինտենսիվությունը զգալիորեն թուլացել էր[36]։ Ադրբեջանական հրետակոծությունից վնասվել է մի տուն, որտեղ եղել է մանկահասակ երեխա, բնակիչները հասցրել են փրկվել։ Հրետակոծվել են նաև գյուղի 2 կամուրջները։ Նախնական տեղեկություններով, հիմնովին ավերված տների քանակը հասնում է 30-ի, մոտ այդքան տուն էլ վնասվել են ավերածություններից[37]։ Սոթք գյուղի բնակիչները, որոնք ականատես էին եղել հրետակոծությանը, պատմում են, որ ադրբեջանական հարձակումը սկսել է շատ անսպասելի և իրենք մի կերպ են կարողացել դուրս գալ գյուղից[38]։

Սեպտեմբերի 14[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդենիսի համայնքապետի տեղեկություններով Սոթքում ռմբակոծությունից ավերվել է 60-ից 70 տուն[39]։

Սեպտեմբերի 15[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեպտեմբերի 14-ին ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով այրվել է Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի տներից մեկի հարակից անասնագոմը։ Այրվել է անասնագոմի տանիքի փայտյա կառուղամասերը։ Հրդեհը մարվել է՝ դեպքի վայր մեկնած Հայաստանի ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկի կողմից[3][40][41][42]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեպտեմբերի 17[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև սեպտեմբերի 17-ը, Սոթք գյուղում էլեկտրաէներգիա չի եղել։ Սեպտեմբերի 13-ի գիշերը վնասվել են ոչ միայն էլեկտրաէներգիայի հաղորդալարերը, այլ նաև գազատարը։ Մալուխների վերականգնողական աշխատանքները սկսվել են, գազատարի վերանորոգումը դեռ չի սկսվել։ Սոթքը համարվում է ադրբեջանական զինված ուժերի կողմից նախաձեռնած ռազմական ագրեսիայից ամենից շատ տուժած բնակավայրը Գեղարքունիքի մարզում։ Այստեղ բազմաթիվ տներ են մասնակիորեն ավերվել, դրանք դեռևս ապրելու համար պիտանի չեն։ Այդ տների բնակիչները ժամանակավորապես բնակվում են իրենց ծանոթ-բարեկամների տներում՝ այլ գյուղերում։ Կանայք և երեխաները ռազմական գործողությունների պատճառով տարհանվել են, քչերն են, որ հրադադար հաստատելուց հետո վերադարձել են գյուղ։ Սոթքում դպրոցը, մանկապարտեզը, խանութները դեռ չեն աշխատում։ Դպրոցի շենքը վնասվել է հրետակոծության հետևանքով։ Չնայած գյուղի հրետակոծումն արդեն երեք օր է դադարել է, բնակիչները դեռ անորոշության մեջ են, միայն առավոտյան գնում են գյուղ, անասուններին կերակրում, երեկոյան հեռանում[43][44]։

Սեպտեմբերի 18[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ, Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքից վնասներ են կրել 10 գյուղ։ Տուժել են Սոթք, Կութ, Նորաբակ, Կուտական, Տրետուք, Ազատ, Վերին Շորժա, Ներքին Շորժա, Կախակն, Ախպրաձոր գյուղերը[45]։

Սեպտեմբերի 19[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեպտեմբերի 19-ին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում հայտնի է դարձել, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է 3 քաղաքացիական անձ, իսկ 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող և 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող։ Անվտանգության խորհրդի նիստում ընդունված է հայտարարությունում նշվում է նաև, որ կան հայ գերեվարված կամ զոհված զինծառայողներին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, և այսպիսով ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ ապացույցներ։ Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, այդ թվում Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 անասնագոմ։ Վնասվել է 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց։ Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա[1]։

Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը հայտնել է, որ Սոթք գյուղում վնասված էլեկտրամատակարարումը և գազամատակարարումը կվերականգնվի կամ սեպտեմբերի 19-ի օրվա վերջում, կամ էլ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ին։ Վարչական ղեկավարի խոսքով՝ մանկապարտեզը և դպրոցը դեռ չեն գործում, իսկ խանութները վերսկսել են աշխատանքները։ Բնակիչների մեծ մասը գյուղ են վերադարձել։ Հնարավոր է նաև, որ կանանց մեծ մասը երեկոյան նորից հեռանան գյուղից։ Սևակ Խաչատրյանը հայտնել է նաև, որ Սոթքում կա 240 տնտեսություն, բնակվում է մոտ 1034 մարդ։ Վնասների գնահատման աշխատանքները մոտենում են ավարտին, իսկ հստակ թվերը կնշվեն աշխատանքների ավարտից հետո[46]։

Սեպտեմբերի 20[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետանքով Սոթք գյուղում վնասված էլեկտրամատակարարումը և գազամատակարարումը 90%-ով վերականգնվել է[47]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, գերեվարվել է 20 զինծառայող. ԱԽ նիստ է տեղի ունեցել». news.am. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 19-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Ադրբեջանական ԶՈւ-ն շարունակում է հրետակոծել Սոթքը. մեկ մարդ վիրավոր է». armeniasputnik.am. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 18-ին.
  3. 3,0 3,1 «Սոթքում հրետակոծության հետևանքով անասնագոմ է հրդեհվել». armeniasputnik.am. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 14-ին.
  4. «Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա». mediamax.am. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 19-ին.
  5. «Սոթքը՝ թշնամու հրետակոծությունից հետո». news.am. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 23-ին.
  6. «Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ». news.am. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 22-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 312 — 992 էջ։
  8. 8,0 8,1 8,2 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 651 — 804 էջ։
  9. «Հուշամատյան ոգեկոչման», 2007, Երևան, էջ 13
  10. 10,0 10,1 10,2 «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994» հանրագիտարան, Հայկական հանրագիտարանի գիտահրատարակչական խորհուրդ, Երևան, 2004 թվական։
  11. «Հուշամատյան ոգեկոչման», 2007, Երևան, էջ 30
  12. «Հուշամատյան ոգեկոչման», 2007, Երևան, էջ 33
  13. 13,0 13,1 «Հուշամատյան ոգեկոչման», 2007, Երևան, էջ 40
  14. «Հուշամատյան ոգեկոչման», 2007, Երևան, էջ 43
  15. «44-օրյա աղետի պատասխանատուները». CIVILNET. 2021 թ․ հունվարի 14. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 18-ին.
  16. «Վարդենիսի ուղղությամբ ևս կրակոցներ են եղել» (արխիվացված)
  17. «Շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանը ակտիվ հրետակոծություն է սկսել, հրետակոծվում է նաև Ստեփանակերտը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 19-ին.
  18. «Ադրբեջանը կրակ է վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ. ՊՆ խոսնակ».
  19. «Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ տարածքում խոցել է ՍՈւ-25 գրոհիչ, օդաչուն զոհվել է. ՊՆ խոսնակ».
  20. «ՊՆ խոսնակ. Ադրբեջանը հրետակոծել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 19-ին.
  21. «Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում խոցվել է հակառակորդի երրորդ ԱԹՍ-ն». Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 19-ին.
  22. Война будет приостановлена: Пашинян сообщил о трудном для него решении
  23. Президент Алиев: в урегулировании нагорно-карабахского конфликта поставлена точка
  24. Заявление Президента Российской Федерации
  25. «Քարվաճառի շրջանը Ադրբեջանին հանձնելու ժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 25-ը». Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 19-ին.
  26. «Քարվաճառի շրջանն այսօրվանից անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ». Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 19-ին.
  27. ««Սա սահմանագծում չէ». ՀՀ սահմանապահ զորքերի նախկին հրամանատարը բացատրեց իշխանության սխալը». armeniasputnik.am. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 18-ին.
  28. Ադրբեջանական զինուժը մի քանի ուղղություններով խախտել է Հայաստանի սահմանը․ ՊՆ, Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 18-ին
  29. «Երեկ ադրբեջանցիները Գեղարքունիքի Վերին Շորժայի և Կութի հատվածներում, ըստ մարզպետի, որոշակի առաջխաղացումներ են ունեցել». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 18-ին.
  30. «In Armenia, ghost towns and grieving families along border with Azerbaijan». amp.france24.com. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 19-ին.
  31. «Ադրբեջանը թիրախավորվում է նաև քաղաքացիական ենթակառուցվածքները, սա հրադադարի հայտարարության կոպտագույն խախտում է․ ՄԻՊ». news.am. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 22-ին.
  32. «Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են․ ՊՆ». news.am. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 22-ին.
  33. 33,0 33,1 «Մտահոգված ենք Հայաստանի հարավային բնակավայրերի գնդակոծությամբ, կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը․ Freedom House». news.am. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 26-ին.
  34. «Ադրբեջանը կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ. ՔԿ». news.am. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 26-ին.
  35. ««Տանն էինք, երբ արկն ընկավ, տունը փլվել է». Սոթքի բնակիչները տարհանվել են». www.azatutyun.am. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 18-ին.
  36. «Կեսգիշերից արձանագրված հրետակոծության ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է. ՊՆ». www.azatutyun.am. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 18-ին.
  37. «ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոթքի տներից մեկը՝ ադրբեջանական հրետակոծությունից հետո, տանը եղել է մանկահասակ երեխա․ Civilnet». www.auroranews.am. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 18-ին.
  38. ««Սնարյադները գյուղի վրա բամբիտ էին անում, պառկեցինք գետնին». Սոթքի բնակիչները պատմում են ադրբեջանական հարձակման մասին». news.am. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 23-ին.
  39. «Սոթքում ռմբակոծությունից 60-ից 70 տուն է ավերվել. Վարդենիսի համայնքապետ». news.am. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 23-ին.
  40. «Սոթքում հրետակոծության հետևանքով անասնագոմ է այրվել. ԱԻՆ». www.1lurer.am. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 18-ին.
  41. «Սոթքում հրետակոծության պատճառով տուն է այրվում». hy.armradio.am. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 18-ին.
  42. «Սոթքում հրետակոծության հետևանքով հրդեհ է բռնկվել. ԱԻՆ». armenpress.am. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 18-ին.
  43. «Սոթք գյուղում արդեն հինգերորդ օրն է՝ էլեկտրաէներգիա չկա». news.am. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 23-ին.
  44. «Ամենաշատը տուժել է Սոթքը, վնասվել է գազատարը, գյուղը հոսանքազրկվել է. Վարդենիսի փոխքաղաքապետ». news.am. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 23-ին.
  45. «Ադրբեջանական հարձակումից տուժել է Վարդենիսի 10 գյուղ. Վնասի գնահատման աշխատանքները կավարտվեն 2 օրից». news.am. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 20-ին.
  46. «Սոթքում էլեկտրամատակարարումը և գազամատակարարումը հավանաբար օրվա ավարտին կվերականգնվի, խանութները վերսկսկել են աշխատանքը». news.am. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 20-ին.
  47. «Սոթքում էլեկտրամատակարարումը և գազամատակարարումը 90 %-ով վերականգնվել են». news.am. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 23-ին.