Jump to content

Հովսեփ Հովսեփյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովսեփ Հովսեփյան
1957 -
ԾննդավայրՄարսել
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԶորատեսակԱզատագրական բանակ և Արծիվ-մահապարտներ
ԿոչումՀՀ ԶՈՒ գնդապետ
Պաշտոն«Արծիվ-մահապարտներ» գումարտակի հրամանատար
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ԿրթությունՊրովանսի համալսարան
Պարգևներ
Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1–ին աստիճանի շքանշան

Հովսեփ Հովսեփի Հովսեփյան (հայտնի է նաև՝ Ժիլբեր Մինասյան, Լևոն անուններով[1], 1957, Մարսել), ֆրանսահայ ռազմական գործիչ, հասարակագետ, Արցախյան ազատամարտի մասնակից, «Ազատագրական բանակ» կամավորական ջոկատի հրամանատար (1992), «Արծիվ-մահապարտներ» գումարտակի հրամանատար[2]։ 2020 թվականին պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովսեփ Հովսեփյանը ծնվել է 1957 թվականին Ֆրանսիայի Մարսել քաղաքում, կիլիկիացի գաղթականների ընտանիքում[2]։ Ապրել և ուսումը ստացել է Ֆրանսիայում[2]։ Ավարտել է Էքս-ան-Պրովանսի համալսարանը ու ստացել հասարակագետի որակավորում, գիտական թեզի թեման եղել է՝ «Մարսելի հայ համայնքն ու ազգային բարքերի պահպանումը»[2]։

«Զրահամեքենայի գործ»[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականին, երբ ֆրանսիական ոստիկանությունն առաջին անգամ ձերբակալում էր նրան, ինքը Մարսելում նոր ստեղծված ռադիոկայանի գլխավոր խմբագրի տեղակալն էր[2]։ Պաշտոնական մեղադրանք ներկայացվեց, ըստ որի՝ «մասնակցել է օդանավակայանից կենտրոնական դրամատուն խոշոր գումար փոխադրող զրահամեքենայի առևանգմանը»[2]։ Բազմաթիվ հարցաքննություններից հետո միայն պարզ դարձավ, որ իր նկատմամբ անհամեմատ լուրջ կասկածներ կան[2]։ Ի հայտ էին եկել փաստաթղթեր, որոնք անուղղակիորեն վկայում էին, որ Հովսեփ Հովսեփյանը Եվրոպայի տարբեր մայրաքաղաքներում ղեկավարել է թուրք դեսպանների սպանություններն ու մասնակցել տարբեր բռնարարքների[2]։ Հետաքննությունը հանցանքը չկարողացավ հաստատել, սակայն Հովսեփ Հովսեփյանը ընդմիշտ մնաց գաղտնի ոստիկանության հսկողության ներքո[2]։ «ԱՍԱԼԱ»-ի յուրաքանչյուր գործողությունից հետո նրան հարցաքննության էին կանչում[2]։ Երեք իրավաբան է վարել նրա գործը, և երբ զգացվել է, որ փաստերն հետզհետե անողոք են դառնում ու դատավարության ժամանակ չի կարողանալու ինքն իրեն արդարացնել, Հովսեփ Հովսեփյանը քննիչի սենյակից դուրս եկել ու փախել[2]։ Նախ թաքնվում է Ֆրանսիայում, հետո անցնում Իտալիա, Հարավսլավիա, Հունաստան, Կիպրոս, երկու տարում մոտ երեսուն երկիր է փոխում[2]։ Երբ որ Մոնթե Մելքոնյանն ազատվում է բանտից, որոշում են միասին Հայաստան գնալ՝ տարբեր ճանապարհներով[2]։ Հայաստան ժամանում է Մոսկվայից՝ գնացքով[2]։

Արցախյան ազատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատագրական բանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս արտասահմանում, վստահելի ներկայացուցիչների միջոցով, պարզաբանումներ է սկսել, թե սահմանամերձ շրջաններում, Արցախում կամավորական ինչ ջոկատներ են մարտնչում ու ինչ նպատակներ են հետապնդում[2]։ Հայաստան հասնելուց հետո առանձին-առանձին հանդիպում է հրամանատարների հետ, որպեսզի ծրագրերը որոշակիացնի[2]։ Լեոնիդ Ազգալդյանի հետ համաձայնության գալուց հետո, 1990 թվականի դեկտեմբերի երկրորդ կեսին առաջին անգամ միասին գնում են Արցախ[2]։ Նրանց նպատակը ազգային-ազատագրական կամավորական բանակ ստեղծելն էր, ու այդ այցելությունը կազմակերպչական բնույթ էր կրում[2]։ 1991 թվականի հունվարին Լեոնիդ Ազգալդյանի հետ երկրորդ անգամ գնում են Շահումյանի շրջան ու ձմեռային դաժան պայմաններում, անտառում ռազմական ճամբար հիմնում[2]։ Կամավորական բանակի շարքերը հետզհետե համալրվում է, ու նոր ճամբարներ են ստեղծվում Երևանի շրջակայքում, Վաղարշապատում, Վարդենիսում և այլ տեղերում[2]։ Շուտով լեռներից իջնում ու իր ջոկատով կամավորական բանակին է միանում Վլադիմիր Բալայանը[2]։ Կամավորական ջոկատի մարտական առաջին գործողությունը տեղի է ունեցել Գետաշենում, որից հետո մասնակցել են Մարտունու, Հադրութի, Ստեփանակերտի և Մարտակերտի 27 բնակավայրերի ազատագրությանը[2]։

1992 թվականի ապրիլին Հաթերքի հատվածում ջոկատը մասնակցում է Արդաբան գյուղի ազատագրմանը, ու երբ վերադառնում են ճամբար, հաղորդվում է, որ Մարաղայում կոտորած է սկսվել[2]։ Ադրբեջանցիները գնդակահարում էին թաքստոցներում մնացած հայ կանանց, անպաշտպան ծերունիններին ու երեխաներին[2]։ Կամավորական ջոկատը շատ արագ բնակավայրը հետ է վերցնում ու սկսում այն մաքրել նրանցից[2]։ Շուտով հայտնվում են շրջափակման մեջ[2]։ Մարտի ժամանակ ոտքից վիրավորում է ստանում Հովսեփ Հովսեփյանը, Լեոնիդ Ազգալդյանն էլ ստանում է թեթև վիրավորում[2]։ Հովսեփ Հովսեփյանին տեղափոխում են Մարտակերտի հիվանդանոց, որտեղ չկարողանալով վերքը բուժել, փոխադրում են Ստեփանակերտ, իսկ այնտեղից էլ Երևան[2]։ Մեկ ու կես ամիս պարկած է լինում հիվանդանոցում, երբ Լեոնիդ Ազգալդյանը հայտնում է նրան, որ Ազատագրական բանակի Արցախի ճակատի հրամանատարը՝ Վլադիմիր Բալայանը զոհվել է[2]։ Լեոնիդի հետ մեկնում են Արցախ, մասնակցում մարտական ընկերոջ հուղարկավորությանը, որից հետո Հովսեփ Հովսեփյանը վերադառնում է Երևան, իսկ Լեոնիդ Ազգալդյանը մնում է Արցախում[2]։ 11 օր անց զոհվում է նաև Լեոնիդ Ազգալդյանը[2]։ Հովսեփ Հովսեփյանը մեկնում է Լաչին (այժմ՝ Բերձոր), հետո մասնակցում է հուղարկավորությանը, որից հետո մեկնում է Արցախ և ստանձնում Ազատագրական բանակի հրամանատարությունը[2]։

Արծիվ-մահապարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի օգոստոսին վերադառնում է Հայաստան, որպեսզի մասնակցի Ազատագրական բանակի հրամանատարներից մեկի՝ Մանուկ Սահակյանի (Մանչ) հուղարկավորությանը, ապա հանդիպում Աստվածատուր Պետրոսյանի հետ[2]։ Աստվածատուր Պետրոսյանը հանգամանորեն ներկայացնում է Ղարաբաղում տիրող հուսահատ վիճակը, բացատրում, որ գործնական օգնության հասնելու համար անհրաժեշտ է կամավորական ջոկատները հենց Հայաստանում մարզել ու մարտունակ դարձնել[2]։ Ապա Հովսեփյանին առաջարկում է բարձր մակարդակի ուսումնական կենտրոն ստեղծել և ստանձնել հրահանգչի պարտականությունները[2]։ Հովսեփյանը մերժում է առաջարկը, քանի որ չէր ցանկանում բախտի քմահաճույքին թողնել Մարտակերտում մնացած իր ջոկատին[2]։ Հաջորդ օրը հեռուստացույցով տարածվում է Վազգեն Սարգսյանի կոչը[2]։ Մի քանի ժամ չանցած 400-ից ավելի երիտասարդներ, շատ լավ իմանալով Արցախում ստեղծված անելանելի իրավիճակը, միանում են կոչին և ցանկություն են հայտնում կամավոր կռվել[2]։ Հաջորդ օրը Երևանի մայրաքաղաքային գունդ մեկնած Հովսեփյանին հանձնարարում են ամենաշատը տասը օրում մահապարտների գումարտակը վճռական մարտերի նախապատրաստել[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Minassian, le retour du front d'un "héros" arménien». caucasefrance.com. 2021 թ․ ապրիլի 14. Վերցված է 2024 թ․ հունիսի 21-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 2,28 2,29 2,30 2,31 2,32 2,33 2,34 2,35 2,36 2,37 2,38 2,39 2,40 «ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԵՐԵՔ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ». hayzinvor.am. 2020 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2024 թ․ հունիսի 21-ին.