Կենտրոնական պաշտպանական շրջան (Արցախ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենտրոնական Պաշտպանական Շրջան, Ստեփանակերտի պաշտպանական շրջան. կազմավորվել է ԼՂՀ ինքնապաշտպանական կոմիտեի նախագահի 1992օգոստոսի 29-ի «ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի շինարարության կազմակերպման հաստիքային նոր կառուցվածքի անցնելու մասին» համար 013 հրամանով՝ 1-ին, 4-րդ և 6-րդ վաշտերի հիմքի վրա (հրամանատար՝ Ս.Ջ. Կարապետյան)։ Կազմավորվել են երեք մոտոհրաձգային գումարտակներ (ՄՀԳ). 1-ին ՄՀԳ (ընդգրկվել են 1-ին վաշտը, «Ագոյի դասակը», «Ֆելիքսի վաշտը», «Ագոյի և Շոշի դասակը», հրամանատար՝ Հ.Հակոբյան), 2-րդ ՄՀԳ-ում՝ 4-րդ վաշտ, «Տիգոյի դասակ», «Ամաորա» և «Վրեժ» խմբերը, «Վադո», «Շահեն», «Բորյա» դասակները (հրամանատար՝ Գ. Արագսյան), 3-րդ ՄՀԳ-ում՝ 6-րդ, 3-րդ, 7-րդ վաշտերը (հրամանատար՝ Մ. Հարությունյան)։ Կենտրոնական Պաշտպանական Շրջանի հիմնադիրներից էին Յուրի Պողոսյանը, Ա. Ղուլանը և Մ. Կարապետյանը։ Նոր ձևավորված գումարտակների կազմալրումն անձնակազմով, սպառազինությամբ և տեխնիկայով իրականացվել է Ստեփանակերտի կայազորի ստորաբաժանումների և զորակոչային պահեստազորի հաշվին։ Գումարտակների անցումը նոր հաստիքների ավարտվել է 1992-ի սեպտեմբերին։ Ստեղծման առաջին օրից զորամասը մասնակցել է 1992- ի սեպտեմբեր-նոյեմբերին տեղի ունեցած ինքնապաշտպանական մարտերին, 1993 -ին՝ հյուսիսային ուղղությամբ կազմակերպված հակահարձակողական ռազմական գործողությանը, Քելբաջարի ռազմական հենակետի վնասազերծմանը, Մարտակերտի, Աղդամի ռազմական գործողություններին, հարավային ուղղությամբ մղված ինքնապաշտպանական և հարձակողական մարտերին, արևելյան սահմանագոտու անվտանգության ապահովմանը, Հորադիզի և Զանգելանի, Օմարի լեռնանցքի ռազմական գործողություններին և այլն։ Ռազմական գործողությունների ժամանակ զորամասն ազատագրել է 27 հայկական բնակավայրեր. ոչնչացրել հակառակորդի 6 ռազմական հենակետեր զոհվել են ԿՊՇ-ի շուրջ 400 ազատամարտիկ, 51 զինծառայող արժանացել է «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշանների, շատերը պարգևատրվել են մեդալներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։