Միջերկրական ծով
Միջերկրական ծով[4] (հուն․՝ Μεσόγειος Θάλασσα, լատին․՝ Mare Mediterraneum), ծով Ատլանտյան օվկիանոսում, վերջինիս հետ միանում է Ջիբրալթարի նեղուցով։
Միջերկրական ծովի մաս են կազմում Ալբորանի, Բալեարյան, Լիգուրյան, Տիրենյան, Ադրիատիկ, Հոնիական, Կրետեի և Եգեյան ծովերը։ Միջերկրական ծովի ավազանն ընդգրկում է նաև Մարմարա, Սև և Ազովի ծովերը։
Միջերկրական ծովի խոշորագույն կղզիներն են Սիցիլիան, Կիպրոսը, Սարդինիան, Կորսիկան, Կրետեն և Մալյորկան, վերջինս մտնում է Բալեարյան կղզիների կազմի մեջ։
Միջերկրական ծովի ջրերը ողողում են Եվրոպայի հարավային ափերը, Ասիայի հարավարևմտյան ափերը և Աֆրիկայի հյուսիսային ափերը։
Միջերկրական ծովում են գտնվում Մալթա և Կիպրոս կղզային պետությունները։
Միջերկրական ծովի զբաղեցրած տարածքը կազմում է մոտավորապես երկուսուկես միլիոն քառակուսի կիլոմետր, ջրի ծավալը՝ 3 միլիոն 829 հազար խորանարդ կիլոմետր։ Առավելագույն խորությունը Հոնիական ծովում գտնվող Պիլոս կղզու մոտ է՝ 5 267 մետր։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնում հռոմեացիներն այս ծովն անվանում էին Mare Nostrum(լատիներեն՝ Մեր ծովը), քանի որ այն ամբողջությամբ գտնվում էր Հռոմեական կայսրության ներսում։ Աստվածաշնչում հայտնի է «Մեծ ծով» անունով։
Միջերկրական ծովի անունը ժամանակակից եվրոպական լեզուներում ունի նույն իմաստը և գալիս է լատիներենից՝
Իտալերեն՝ Mare Mediterraneo Իսպաներեն՝ Mar Mediterráneo Ֆրանսերեն՝ Mer Méditerranée Անգլերեն՝ Mediterranean Sea Գերմաներեն՝ Mittelmeer Եբրայերեն՝ הַיָּם הַתִּיכוֹן Հա-յամ հա-տիխոն («Միջին ծով») Հունարեն՝ Μεσόγειος Θάλασσα Մեսոգեյոս ֆալասա Թուրքերեն՝ Akdeniz Աքդենիզ («Սպիտակ ծով») Վրացերեն՝ ხმელთაშუა ზღვა Խմելթաշուա զղվա Խորվաթերեն՝ Sredozemno more Սրեդոզեմնո մորե
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջերկրական ծովը եղել է դասական աշխարհի բնօրրանը[5]։
Դասական անտիկ շրջանի միջերկրածովյան առավել նշանավոր երկու քաղաքակրթություններն ունեցել են հունական քաղաք-պետությունները և փյունիկցիները։
Կեսարների ժամանակ այն ներսի ծով էր և հռոմեացիները Միջերկրական ծովն անվանում էին Mare Nostrum (բառացի՝ «Մեր ծովը»)։ Հռոմի կայսրության փլուզումից հետո միջերկրածովյան տարածաշրջանն ընդմիշտ դադարում է քաղաքականապես միասնական լինելուց։
Մ.թ. 476 թվականին՝ Հռոմի անկումից հետո, արևելյան մասում ժամանակավորապես իր գերիշխանությունն էր հաստատել այնտեղ ձևավորված Բյուզանդական կայսրությունը։
Արևելքում իսլամական պետությունների հաստատումից հետո միջերկրածովյան տարածաշրջանը դառնում է մշտական քաղաքական բաժանումների առարկա[5]։ Իր առավելագույն տարածվածության ժամանակ Արաբական կայսրությունը վերահսկում էր միջերկրական տարածաշրջանի 75 %-ը։
12-րդ դարում սկսած Վերածննդի դարաշրջանից հետո ուշ միջնադարում առաջանում են նոր եվրոպական պետություններ։ Սակայն, այդ ծովային և առևտրական տերությունները, ինչպես, օրինակ՝ Վենետիկը, ի վիճակի չէին տարածաշրջանը միավորել որպես մեկ ամբողջություն։
Սիրիայից մինչև Մարոկկո գտնվող տարածքներում եվրոպացիները հիմնեցին իրենց գաղութները։ Սակայն, իրենց միջև գոյություն ունեցող մրցակցության պատճառով եվրոպական տերությունները չկարողացան դիմակայել հզորացող օսմանյան տիրապետությանը։
Բյուզանդական կայսրությունը տապալվեց 1453 թվականին՝ Կոնստանդինապոլսի գրավումով։ 16-րդ դարում օսմանցիներն արդեն վերահսկում էին ծովի մեծ մասը և ունեին ծովային հենակետեր Ֆրանսիայի հարավում, Ալժիրում և Թունիսում։ Ամենանշանավոր օսմանյան նավապետ Բարբարոսան և Պրեվեզայի ճակատամարտում տարած հաղթանակն այս գերիշխանության խորհրդանիշերն էին։ Ջերբայի ճակատամարտը հանդիսացավ Միջերկրական ծովում օսմանյան նավատորմի գագաթնակետը։
Հյուսիսային Աֆրիկայից հարձակումներ իրականացնող բերբերյան ծովահենները Միջերկրական ծովի արևմուտքում թալանում էին քրիստոնյաների նավերը։ Ըստ Ռոբերտ Դևիսի, 16-19-րդ դարերի ընթացքում ծովահեններն առևանգել են 1-ից մինչև 1.25 միլիոն եվրոպացի՝ նրանց ստրուկներ դարձնելով[6]։
Տնտեսական գործոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օվկիանոսային նավագնացության զարգացումն իր ազդեցությունն սկսեց թողնել Միջերկրածովյան տարածաշրջանի ամբողջականության վրա։ Մի ժամանակ արևելքից կատարվող ամբողջ առևտուրը կատարվում էր այդ տարածաշրջանի միջով, սակայն հիմա Աֆրիկան շրջանցող նավագնացությունը թույլ էր տալիս համեմունքներն ու այլ ապրանքները հասցնել արևմտյան Եվրոպայի ատլանտյան նավահանգիստներ՝ առանց Միջերկրական ծով մտնելու և, այդպիսով, ծովն արդեն կորցրեց իր նախկին կարևորությունը։
Կիլիկիայի հայկական թագավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջերկրական ծովի ափերին գոյություն ունեցած պետություններից է հյուսիս-արևելքում 12-րդ դարում ձևավորված և մինչև 14-րդ դարը գոյատևած Կիլիկիայի հայկական թագավորությունը։ Թագավորությունը հիմնադրել են Բագրատունիների շառավիղ Ռուբինյանները։ Մայրաքաղաքն սկզբում եղել է Տարսոնը, հետագայում՝ Ադանան և վերջում՝ Սիսը։ Որոշ ժամանակ Կիլիկիայի հայկական թագավորությունը միակ քրիստոնյա պետությունն էր ամբողջ Մերձավոր Արևելքում։
Առափնյա երկրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներքևում բերված է այն երկրների ցանկը, որոնց ափերը ողողում է Միջերկրական ծովը։ Ցանկն սկսվում է Իսպանիայից և շարունակվում է ժամացույցի սլաքի շարժման ուղղությամբ։
Երկիր | Ափագծի երկարություն կմ[7] |
200 հազարից ավելի բնակչություն ունեցող առափնյա քաղաքներ |
---|---|---|
Իսպանիա | Ալիկանտե, Բադալոնա, Բարսելոն, Կարտախենա, Մալագա, Պալմա, Վալենսիա | |
Ֆրանսիա | Մարսել, Մոնպելյե, Նիս | |
Մոնակո | 4.1 | |
Իտալիա | 7600 | Բարի, Կատանիա, Ջենովա, Մեսինա, Նեապոլ, Պալերմո, Հռոմ, Տրիեստ, Վենետիկ |
Սլովենիա | 46.6 | |
Խորվաթիա | 5 835 | Սպլիտ, Րիյեկա, Դուբրովնիկ |
Բոսնիա և Հերցեգովինա | 20 | |
Չեռնոգորիա | 293.5 | |
Ալբանիա | 362 | Դուրես |
Հունաստան | 13 676 | Աթենք, Պատրաս, Թեսսալոնիկի |
Թուրքիա | Ադանա, Անթալիա, Իսքենդերուն, Իզմիր, Մերսին | |
Սիրիա | 193 | Լաթաքյա |
Լիբանան | 225 | Բեյրութ, Տրիպոլի |
Իսրայել | 273 | Աշդոդ, Հայֆա, Թել Ավիվ |
Եգիպտոս | 2 450 | Ալեքսանդրիա, Դամիետա, Պորտ Սաիդ |
Լիբիա | 1 770 | Բենղազի, Խոմս, Միսրաթա, Տրիպոլի, ազ-Զավիա |
Թունիս | 1 148 | Սֆաքս, Թունիս |
Ալժիր | 998 | Ալժիր, Աննաբա, Օրան |
Մարոկկո | Թետուան, Տանժեր |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 28(a) // Limits of Oceans and Seas, Limits of the Oceans and Seas // Nature / M. Skipper — 3 — IHO, 1953. — Vol. 172, Iss. 4376. — P. 484—484. — ISSN 1476-4687; 0028-0836
- ↑ 28(g) // Limits of Oceans and Seas, Limits of the Oceans and Seas // Nature / M. Skipper — 3 — IHO, 1953. — Vol. 172, Iss. 4376. — P. 484—484. — ISSN 1476-4687; 0028-0836
- ↑ https://www.marineregions.org/gazetteer.php?p=details&id=1905
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 53. ISBN 99941-56-03-9.
- ↑ 5,0 5,1 Norman Davies, EUROPE A History, 1996
- ↑ «British Slaves on the Barbary Coast». Bbc.co.uk. Վերցված է 2013 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «World Factbook: Japan-People» (անգլերեն). ԿՀՎ. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Աշխարհը և Հայաստանը» աշխարհագրական ատլաս, Լ. Վալեսյան և այլք, Երևան 2003 թ.։
- 1yachtua.com Արխիվացված 2010-10-25 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջերկրական ծով» հոդվածին։ |
|
|