Իրաքյան Քուրդիստան
Իրաքյան Քուրդիստան | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Կարգավիճակ | աշխարհագրական դիրք | ||||
Մայրաքաղաք | Էրբիլ | ||||
Պետական կարգ | Խորհրդարանական | ||||
Ազգաբնակչություն | 5.332.600 | ||||
Կրոն | Իսլամ, Քրիստոնեություն, ՀԱԵ | ||||
Հիմն | Հեյ, Ռաքիբ | ||||
Կարգախոս | «An azadî, an azadî» | ||||
Արժույթ | դինար | ||||
Իրաքյան Քուրդիստանը, որը հայտնի է նաև Հարավային Քուրդիստան անվանումով (սորանի՝ ههرێمی کوردستان, արաբ․՝ إقليم كردستان), ինքնավար դաշնային միավոր է Իրաք պետության կազմում։ Քրդական շրջանը ձևավորվել է 1970 թվականի ինքնավարության համաձայնագրով Էրբիլի, Սուլեյմանիեի և Դոհուկի նահանգների տարածքներում, որոնք գերազանցապես քրդաբնակ են։ 1991 թվականի գարնանն Իրաքի հարավում շիաները և հյուսիսում քրդերն ապստամբություն բարձրացրին, որոնք կառավարական ուժերը ճնշեցին։ Նույն թվականի ապրիլին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 688 որոշմանը հղում անելով ԱՄՆ-ն և դաշնակիցներն Իրաքի հարավում և հյուսիսում անթռիչք գոտիներ ստեղծեցին։ 1992 թվականին ձևավորվեց Իրաքյան Քուրդիստանի կառավարող մարմինը՝ Քուրդիստանի ռեգիոնալ կառավարությունը։ Իրաքյան Քուրդիստանը պաշտոնապես ինքնավոր շրջանի կարգավիճակ է ստացել 2005 թվականին ընդունված Իրաքի սահմանադրությամբ։
Իրաքի Քուրդիստան անվանումով հայտնի են՝
- քրդերի էթնիկ բնակեցմանը շրջանը Իրաքում (քրդերի մոտ անվանվում է որպես «Հարավային Քուրդիստան»),
- «Քուրդիստանյան շրջանը» (քրդերեն՝ حكومه تى هه ريمى كوردستان, Herêmî Kurdistan, արաբերեն՝ اقلیم کردستان) որը քրդական պետական կազմավորում է Իրաքի կազմում։ Ըստ Իրաքի նոր սահմանադրության ունի լայն ինքնավարության կարգավիճակ, դե ֆակտո կիսաանկախ է (այդ դեպքը շատ է հիշեցնում համադաշնության անդամո կարգավիճակ)։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրաքյան Քուրդիստանի տարածքը լեռնային է, ամենաբարձր կետը Չիխա Դարն է՝ 3661 մետր։ Իրաքյան Քուրդստանի լեռները Զագրոսի լեռնաշղթայի մաս են։ Ինքնավարության տարածքով հոսում են Մեծ Զաբ և Փոքր Զաբ գետերը, որոնք Տիգրիս գետի վտակներն են։ Ինքնավարության ամենամեծ լիճը Դուքանն է։
Եղանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրաքյան Քուրդիստանում տարեկան տեղումները 375-724 մմ են։ Կլմիան կիսաչոր մայրցամաքային է շոգ և չոր ամառներով և ցուրտ ու խոնավ ձմեռներով։ Հուլիս և օգոստոսի ամիսներն ամենաշոգն են, միջին ջերմաստիճանը 39-43 աստիճան է Ցելսիուսի սանդղակով, երբեմն հասնում է 50 աստիճան տաքության[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրան-իրաքյան պատերազմը և քրդերը
[խմբագրել | խմբագրել կոդը]1980 թ. սեպտեմբերին Իրաքի զորքերն առանց պատերազմ հայտարարելու ներխուժեցին Իրանի տարածք։ Իրաքյան Քուրդստանի երկու գլխավոր ուժերը՝ ՔԴԿ-ը և ՔՀՄ-ը, ռազմական գործողությունների ամենասկզբից մասնակցեցին դրան։ ՔԴԿ-ի փեշմերգան պատերազմում օժանդակում էին իրանական բանակին։ Վերջինս հենց քրդերի օգնությամբ գրավեց սահմանային Հաջջ Ումրան քաղաքը։
ՔՀՄ-ը պատերազմի առաջին շրջանում ձգտում էր չեզոքություն պահպանել։ 1980 թ. նոյեմբերին քրդական մի շարք ուժեր ՔՀՄ գլխավորությամբ ստեղծեցին Իրաքի հայրենասիրական և դեմոկրատական ճակատը, որն իր նպատակը հայտարարեց Բաասի ռեժիմի տապալումն Իրաքում[2]։ Պատերազմի վերջին փուլում իրաքյան վարչակարգը ծրագրեց ու իրականացրեց քրդերի ցեղասպանությունը։ Քրդերի կոտորածները, որոնք ստացան Ալ-Անֆալ անվանումը, իրականացվեցին 8 փուլով՝ 1988 փետրվարի 23-ից մինչև օգոստոսի 26-ը։ Դրա գլխավոր նպատակն էր արմատախիլ անել քրդական ընդվզումը, ավերել ենթակառուցվածքները և հետ պահել շարքային քրդերին քրդական ապստամբությանն աջակցելուց։ Ծրագրի իրականացումը Սադդամ Հուսեյնը վստահեց իր զարմիկին՝ Բաաս կյուսակցության Հյուսիսային բյուրոյի գլխավոր քարտուղար Ալի Հասան ալ-Մաջդին, ով հայտնի է «Քիմիական Ալի» մականունով։ Վերջինիս անսահմանափակ լիազորություններ տրվեցին։
1988 թ. մարտի 15-ին ՔՀՄ-ը և իրանական զորքերը գրավեցին Հալաբջա քաղաքը՝ ծանր կորուստներ պատճառելով իրաքյան ուժերին։ Հաջորդ օրն իրաքյան օդուժը թունավոր գազերով ռումբեր նետեց քաղաքի վրա, որին զոհ գնաց 5000 մարդ։
Մեկ շաբաթ անց սկսվեց Անֆալ-2 գործողությունը Կարա Դաղում։ Քիմիական հարձակմանը հետևեցին ցամաքային զորքերի գործողությունները, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին ու անհետ կորան։ Մինչև սեպտեմբեր ևս 6 գործողություն իրականացվեց։
Իրան-իրաքյան պատերազմից հետո, երբ քրդերն արդեն պարտվել էին և լուրջ վտանգ չէին ներկայացնում ռեժիմի համար, Սադդամ Հուսեյնը 1988 թ. սեպտեմբերի 6-ին համաներում հայտարարեց բոլոր քրդերի համար[3]։ Պատերազմի վերջում ավերվել էր մոտ 4000 քրդական բնակավայր։ Մոտ 1.5 միլիոն քուրդ փախստական էր դարձել։ Հազարավոր քրդեր բռնի տեղափոխվեցին Իրաքի հարավ։ Քուրդստանի ճակատի տվյալների համաձայն՝ քրդաբնակ 75000 ք/կմ տարածքից 45000 ք/կմ-ում քուրդ բնակչություն չէր մնացել։ Ալ-Անֆալ գործողության հետևանքով տարբեր հաշվարկներով զոհվեց 50-100 հազար խաղաղ բնակիչ[4]։
Քուրդիստանի ռեգիոնալ կառավարության հիմնումը
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թ. ապրիլի 8-ին Իրաքյան Քուրդստանի ճակատի ղեկավարությունը ընդունեց խորհրդարանական ընտրությունների անցկացման կանոնակարգը։ Նույն թվականի մայիսի 19-ին կայացած ընտրությունների արդյունքում Մասուդ Բարզանիի Քրդստանի դեմոկրատական կուսակցությունը ստացավ ձայների 45.26%-ը, իսկ Ջալալ Թալաբանիի Քուրդստանի հայրենասիրական միությունը՝ 43.8%-ը։ Ընտրություններին մասնակցած և 7%-ի շեմը չհաղթահարած կուսակցությունների ձայները համամասնաբար բաշխվեցին հաղթած կուսակցությունների միջև։ Արդյունքում ՔԴԿ-ն ունեցավ ձայների 50.8%-ը, իսկ ՔՀՄ-ը՝ 49.2%-ը։ ՔԴԿ-ը և ՔՀՄ-ը պայմանավորվածությամբ կուսակցություններից յուրաքանչյուրը ստացավ 50-ական մանդատ, ևս 5 մանդատ էլ ստացան փոքրամասնությունները[5]։
Նույն օրն անցկացված նախագահական ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չհավաքեց ձայների կեսից ավելին, սակայն երկրորդ փուլ այդպես էլ չանցկացվեց, և Իրաքյան Քրդստանը մնաց առանց նախագահի, որովհետև քուրդ երկու առաջնորդներից ոչ մեկը չէր ցանկանում պարտվողի դերում լինել։ Փոխարենը ստեղծվեց 8 հոգուց բաղկացած Գերագույն կոմիտե, որտեղ մտան Բարզանին, Թալաբանին և 3-ական ներկայացուցիչներ ՔԴԿ-ից ու ՔՀՄ-ից[6]։
Նորընտիր խորհրդարանը 1992 թ. հիմնադրեց Քուրդստանի տարածաշրջանային կառավարությունը՝ Իրաքյան Քուրդստանի ղեկավար մարմինը։
Քաղաքացիական պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թ. հուլիսին ձևավորված Քրդստանի տարածաշրջանային կառավարության ձևավորումից հետո ՔԴԿ-ի և ՔՀՄ-ի միջև հակասությունները սրվեցին։ Երկու ուժերը միմյանց միջև բաժանեցին ինքնավարության տարածքը։ Միասնական մայրաքաղաքի փոխարեն գոյություն ուներ երկու կենտրոն՝ ՔԴԿ-ի համար Էրբիլը, ՔՀՄ համար՝ Սուլեյմանիեն։ Ընդհանուր զինված ուժերի փոխարեն երկու առանձին բանակ էր գործում։ ՔՀՄ-ը ՔԴԿ-ին մեղադրում էր սահմանային անցակետերում հավաքված մաքսատուրքերը յուրացնելու մեջ։ Թուրք-իրաքյան սահմանին գտնվող Իբրահիմ Խալիլ անցակետից օրական 100-250 հազար ԱՄՆ դոլարի մաքսատուրք էր հավաքվում՝ քրդական շրջանի ընդհանուր մաքսատուրքերի 75%-ը[7]։
Տարաձայնություններն ու փոխադարձ անվստահության աճն ի վերջո հանգեցրեցին զինված բախումների, որոնք սկսվեցին 1994 թ. մայիսին հողային վեճից[8]։ Տեղային բախումներն աստիճանաբար վերածվեցին լայնածավալ քաղաքացիական պատերազմի։ Սկզբնական շրջանում հաջողությունը Ջալալ Թալաբանիի ՔՀՄ կողմն էր։ 1996 թ. ՔՀՄ փեշմերգան գրավել էր քրդական ինքնավարության տարածքի մեծ մասը, այդ թվում, Էրբիլ և Սուլեյմանիե քաղաքները։ Մասուդ Բարզանիի իշխանության տակ էր մնացել միայն Թուրքիայի հետ սահմանակից Դոհուկի շրջանը։
1996 թ. օգոստոսին Բարզանին բացահայտ դիմեց Բաղդադին, որովհետև ծանր վիճակում էր հայտնվել։ Ս. Հուսեյնն օգտվեց հրավերից, օգոստոսի 30-ին 30 հազարանոց զորք մտցրեց ինքնավարության տարածք, գրավեց Էրբիլը և ՔՀՄ ջոկատներին հետապնդեց մինչև Սուլեյմանիե։ Սեպտեմբերի 3-ին և 4-ին, ամերիկյան ուժերը հրթիռակոծության ենթարկեցին Իրաքի հարավում գտնվող ռազմական օբյեկտները, ինչից հետո կառավարական զորքերը լքեցին քրդական շրջանը։
Քրդական երկու առանցքային ուժերի պատերազմն ավարտվեց 1998 թ. Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռքբերված համաձայնության շնորհիվ։
Վաշինգտոնյան համաձայնությունը ձեռք բերվեց դեռևս 1996 թ. Անկարայում բանակցված կետերի հիման վրա։ Անկարայի համաձայնագրով սահմանվում են ՔԴԿ-ի և ՔՀՄ-ի ազդեցության գոտիները, կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է իր զինված ուժերն օգտագործել միայն պաշտպանվելու նպատակով, կուսակցությունների միջև ծագած վեճերի լուծմամբ պետք է զբաղվի հատուկ հանձնաժողովը, մաքսային եկամուտները պետք է հավաքվեն միասնական կենտրոնի կողմից և հավասար բաշխվեն Քրդստանի ամբողջ տարածքում։ Համաձայնության կետերի իրականացումը պետք է հսկեն միջազգային դիտորդները[9]։
Ամերիկյան ներխուժումն Իրաք և քրդերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրաքի քրդերն ակտիվորեն մասնակցել են 2003 թվականին ԱՄՆ գլխավորած կոալիցիայի՝ Իրաք ներխուժման ռազմական գործողություններին։ Քրդական զինուժի մասնակցությունը կարևորվեց հատկապես այն բանից հետո, երբ Թուրքիայի խորհրդարանը թույլ չտվեց երկրի տարածքն օգտագործել երկրորդ ճակատ բացելու համար։ Մարտի 26-ին ամերիկյան դեսանտն իջավ Քիրքուք քաղաքի մոտ, որտեղ միացան քուրդ ապստամբներին ու համատեղ մի շարք գործողություններ իրականացրեցին։ Քրդական փեշմերգայի թիվը հասնում էր մոտ 70 հազարի։ Քուրդ-ամերիկյան համատեղ ուժերը մարտի վերջին քրդական ինքնավարության և ամբողջ Իրաքի տարածքից դուրս մղեցին Անսար ալ-Իսլամ խմբավորմանը։ Իրաքյան բանակի դեմ անցնելով հարձակման՝ քրդական ուժերն ամերիկյան օդուժի և հատուկ ջոկատայինների աջակցության ապրիլի 10-ին գրավեցին Քիրքուքը։
Զինված ուժեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրաքում քրդական կուսակցությունները մեծաթիվ զինված ուժեր ունեն։ Ձևական առումով դրանք համարվում են իրաքյան բանակի ստորաբաժանումներ, սակայն ուղղակի ենթարկվում են ՔԴԿ-ին ու ՔՀՄ-ին։
Քրդական զինուժի` փեշմերգայի անձնակազմի թվաքականը մոտ 100.000 է[10]։ Ներկայում 2 դիվիզիա՝ 30.000 մարդ, դրված է Իրաքի Զինված ուժերի տրամադրության տակ։ 30.000 մարդ տրամադրվել է Իրաքի ներքին գործերի նախարարության ներքին զորքերին և անվտանգության ապահովման գործառույթներ է իրականացնում։ Մոտ 12.000 մարդ՝ 1 դիվիզիա, տրամադրվել է Իրաքի սահմանապահ գերատեսչությանը և տեղաբաշխվել է հիմնականում հյուսիսային սահմաններին։ Իրաքի քրդական ղեկավարության տրամադրության տակ է գտնվում 21 բրիգադ՝ մոտավորապես 70.000 մարդ՝ տեղաբաշխված ինքնավարության տարածքում, ինչպես նաև «նավթի անվտանգության ոստիկանությունը»՝ 5000 մարդ[11]։
Սպառազինությունը համապատասխանում է մոտոհրաձիգային բրիգադի սպառազինությանը։
Արտաքին հարաբերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՔՌԿ-ն 2006 թվականին ստեղծել է Արտաքին հարաբերությունների դեպարտամենտը, որը պետք է համակարգի միջազգային հանրության հետ հարաբերությունները։ Գերատեսչության գործառույթն է առաջ տանել ՔՌԿ շահերը միջազգային ասպարեզում` համաձայն ինքնավարության օրենսդրության և Իրաքի սահմանադրության։ Իրաքյան Քուրդիստանը դիվանագիտական ներկայացուցչություններ ունի 14 երկրներում, այդ թվում` Եվրամիությունում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Իրանում։ Իրաքյան Քուրդիստանում իրենց դիվանագիտական ներկայացուցչություններն ունեն 30-ից ավելի երկրներ[12]։
Լեզու
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրդերենն Իրաքյան Քուրդիստանում ամենատարածված լեզուն է։ Ինքնավարության պետական լեզուները քրդերենն ու արաբերենն են։ Քրդերենի ամենատարածված բարբառներն են քուրմանջին և սորանին։ Տարածված են նաև հաուրամի (գորանի) և զազա բարբառները։ Սորանի բարբառով խոսում են հիմնականում ինքրավարության հյուսիսային շրջաններում, իսկ սորանիով` Սուլեյմանիեում և Էրբիլ նահանգի մի մասում։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրաքյան Քուրդիստանում գործում է 11 պետական համալսարան և մի շարք մասնավոր համալսարաններ։ Ամենամեծ համալսարաններ են Էրբիլի Սալահադդին համալսարանը, Սուլեյմանիեի համալսարանը, Դոհուկի համալսարանը, Սորանի համալսարանը։ Սալահադդին համալսարանը հիմնադրվել է 1968 թվականին։ 1992 թվականին հիմնադրվել են Սուլեյմանիեի և Դոհուկի համալսարանները։ Սուլեյմանիեում գործում է նաև Ամերիկյան համալսարան[13]։
Օգտակար գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ US Air Force Combat Climatology Center
- ↑ McDowall D. A Modern History of Kurds, London 2004, p. 346
- ↑ Kelly M., Ghosts of Halabja: Saddam Hussein and the Kurdish Genocide, Westport, 2008, p. 31
- ↑ Black G., HRW/ME, Iraq’s Crime of Genocide;, The Anfal Campaign Against the Kurds (New York: Human Rights Watch, 1993, p., xii
- ↑ Stansfield G., Iraqi Kurdistan political development and emergent democracy, Routledge, London, 2003, p. 129
- ↑ Katzman K., Prados A., CRS Report for Congress, The Kurds in Post-Saddam Iraq, Washington, 2005, p 3, http://fpc.state.gov/documents/organization/48376.pdf,
- ↑ Шахбазян Г., Межкурдский конфликт в Южном Курдистане, Южный Курдистан сегодня, сборник статей, Москва, 1997, ст. 40
- ↑ McDowall D. A Modern History of Kurds, London 2004, p. 386
- ↑ Шахбазян Г., Межкурдский конфликт в Южном Курдистане, Южный Курдистан сегодня, сборник статей, Москва, 1997, ст. 47
- ↑ P. Beaumont, The Guardian, How effective is Isis compared with the Iraqi army and Kurdish peshmerga?, 12 Jul 2014, http://www.theguardian.com/world/2014/jun/12/how-battle-ready-isis-iraqi-army-peshmerga
- ↑ Որոշ տվյալներ քրդերի ռազմական ուժերի մասին, ՀՀ ՊՆ ԱՌՀԻ, Աշխատանքային տետրեր, Երևան, 2011, էջ 37
- ↑ The Kurdistan Regional Government Department of Foreign Relations http://dfr.gov.krd/p/p.aspx?p=25&l=12&s=010000&r=332 Արխիվացված 2016-07-18 Wayback Machine
- ↑ Universities in the Kurdistan Region http://cabinet.gov.krd/p/page.aspx?l=12&s=050000&r=308&p=218 Արխիվացված 2016-10-24 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իրաքյան Քուրդիստան (Արաքս Փաշայան)
- ՀԱՐԱՎԱՅԻՆ ՔՈՒՐԴԻՍՏԱՆԻ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՐԴԻ ՓՈՒԼՈՒՄ (Շաքրո Մհոյան)(չաշխատող հղում)
|