Միջնադարյան Փարիզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միջնադարյան Փարիզի խորհրդանիշ Փարիզի Աստվածամոր տաճարը

Միջնադարյան Փարիզ, եղել է Արևմտյան Եվրոպայի ամենամեծ քաղաքներից մեկը։ Դրա պատմությունն ընդգրկում է չորս թագավորական դինաստիաների՝ Մերովինգների (V-VIII դարեր), Կարոլինգների (VIII-X դարեր), Կապետինգների (X-XIV դարեր), Վալուաների (XIV-XVI դարեր) կառավարման շրջանները։ Քաղաքը բաժանված է եղել երեք պայմանական մասերի՝ Սիտե կղզի, հյուսիսային աջափնյակ և հարավային ձախափնյակ, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է զարգացման իր առանձնահատկությունները։ Միջնադարյան Փարիզի հյուսիսային կողմում գտնվում էր Մոնմարտր բլուրը, իսկ հարավային մասում՝ գտնվում էին ավելի զառիթափ Սենտ Ժենևև (որի վրա տեղակայված էր հայտնի Լատինական թաղամասը) և Մոնպառնաս բլուրները։ Միջնադարյան Փարիզի մոտավոր սահմանները համընկնում են այսօրվա Փարիզի առաջին 6 շրջանների և 7-րդ շրջանի մի մասի զբաղեցրած տարածքի հետ։

Մերովինգների ժամանակաշրջանում, արագ զարգանալով գալլահռոմեական Լուտեցիայի (լատին․՝ Lutetia) հիմքի վրա, Կարոլինգների կառավարման շրջանում Փարիզը կորցնում է մայրաքաղաքի կարգավիճակը, իսկ դրա հետ նաև երբեմնի քաղաքական կշիռն ու առևտրային աշխուժությունը։ Բայց Կապետինգների ժամանակաշրջանում այն արագ վերականգնում է կորցրածը՝ դառնալով նաև Արևմտյան Եվրոպայի ազդեցիկ համալսարանական կենտրոններից մեկը և աստվածաբանության ամենահեղինակավոր եվրոպական կենտրոնը։

Միջնադարյան Փարիզի բարեկարգումն ավարտվել է հիմնականում XIII դարում, XIV դարի առաջին կեսին քաղաքի աճը շարունակվել է, բայց հետո դարձյալ դադարել։ XV դարի I կեսին քաղաքն անկում է ապրել (Հարյուրամյա պատերազմի տարիներին այն կորցրել է բնակչության գրեթե կեսը և զգալիորեն ավերվել), բայց միջնադարի վերջում Փարիզը վերականգնվել է և նորից սկսել ընդարձակվել[1][2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալլահռոմեական Փարիզի ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարան դեպի Սիտե կղզի՝ թռչնի թռիչքի բարձրությունից

Ծնունդ առնելով Սիտե կղզում՝ որպես առևտրային և ձկնորսական բնակավայր՝ Լուտեցիա անունով, I դարում քաղաքը վերածվել է հռոմեական ամրության (Պարիզիի (լատին․՝ Parisii)): Սիտեից, որի միջով կարևոր ռազմական ճանապարհ էր անցնում, մինչև Սենի ափը կառուցվել են փայտե կամուրջներ, ինչը նպաստել է բնակչության հետզհետե ավելացմանը գետի ավելի բարձրադիր ափին։ III դարում Պարիզիին վերածվել է տիպիկ հռոմեական քաղաքի՝ դրան բնորոշ կառույցներով՝ պալատներով, քաղաքական վերնախավի շքեղ տներով (տեղական պատրիկների դասի հենքը կազմում էին նավավարների գիլդիայի անդամները), տաճարներով, հասարակական բաղնիքներով, ջրանցույցերով և թատրոններով (գալլերը նախընտրում էին բնակվել Սիտեում, իսկ հռոմեացիները՝ ձախ ափին)։ Մոտ 275 թվականին (այլ տվյալներով 280 թվականին) անտիկ քաղաքը՝ հատկապես դրա ձախափնյա մասը, թալանվել է գերմանական ալեմանների ցեղի կողմից[4][5][6][7]։

Վաղ միջնադարի սկզբում այստեղ դեռ նկատելի էին գալլահռոմեական քաղաքի հետքերը։ Սիտեի արևմտյան մասում գտնվում էր հռոմեական կուսակալի (փոխարքա) պալատը, իսկ արևելյան մասում՝ Յուպիտերի տաճարը։ Կղզու պարագծով վեր էին խոյանում բերդի պարիսպները՝ կամուրջների մոտ երկու դարպասներով (այդ պարիսպների կառուցման համար օգտագործվել է գերմանացիների կողմից ավերված քաղաքի քարերի մի մասը)։ Ձախ ափին՝ Սենտ Ժենևև բլրի վրա (այժմյան V քաղաքային շրջանը, Սեն Միշել ծառուղու եկայնությամբ գտնվող թաղամասերը) և դրա շուրջը, տեսանելի էին հռոմեական հրապարակի, տաճարի, մեծ և փոքր հասարակական բաղնիքների, ջրանցույցի, պալատների, ամֆիթատրոնի մնացորդները, իսկ Մոնմարտր բլրի գագաթին հառնում էր Մերկուրիի տաճարը (1133 թվականին Լյուդովիկոս VI-ը Մոնմարտրում հիմնել է բենեդիկտյան աբբայությունը, իսկ XV դարի վերջին, հռոմեական հասարակական բաղնիքների մնացորդները ներառվել են Կլյունի աբբայության կազմի մեջ)։ Բայց անտիկ Լուտեցիայի նշանակությունը քաղաքի հետագա հատակագծման գործում գերակշռող է եղել։ Սիտեն հատող հին հռոմեական ճանապարհի ուղղությունը, կանխորոշել է քաղաքի զարգացումը ոչ միայն գետի շրջակայքում, այլև այդ առանցքի երկայնքով՝ հարավից հյուսիս (այժմ այն անցնում է ձախափնյա Սեն Ժակ փողոցով, Դը լա Սիտե և աջափնյա Սեն-Մարտեն փողոցներով․ դրան զուգահեռ անցնում են Սեն-Միշել և Սևաստոպոլի ծառուղիները)[8][9][6][7][10]։

Մերովինգների ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրի IV-ի լիցեյը՝ XI դարի Կլովի աշտարակով՝ նախկին Սուրբ Ժենևև աբբայության տեղում

451 թվականին Փարիզին սպառնում էր Գալիա ներխուժած Աթթիլայի բանակը, բայց շուտով հոները ջախջախվեցին հռոմեացիների և նրանց դաշնակից վեստգոթերի կողմից։ 470 թվականին Մերովինգների դինաստիայից՝ Խիլդերիկ I-ն իր բանակով ավերեց Փարիզի արևմտյան շրջակայքը և սկսեց քաղաքի երկարատև պաշարումը։ 486 թվականին Խլոդվիգ I-ը, միանալով ֆրանկների մի քանի առաջնորդների հետ, գրավեց Գալիայի հյուսիսային մասը մինչև Լուար, այդ թվում նաև Փարիզը՝ հինգ տարի պաշարումից հետո՝ 508 թվականին այն հայտարարելով իր նստավայրը (այլ տեղեկություններով Սուրբ Ժենևևի աբբայության հետ պայմանավորվածության շնորհիվ՝ արքան խաղաղությամբ է վերցրել քաղաքը)։

Քրիստոնեության ընդունումից հետո (496 թվական) Խլոդվիգ I-ը Սենտ Ժենևև բլրի վրա հիմնել է Սուրբ Պետրոսի և Սուրբ Պողոսի տաճարը, որտեղ և թաղվել է 511 թվականին (Փարիզի հովանավոր Սուրբ Ժենևևի կողքին, ում անունով էլ կոչվել է աբբայությունը․ ներկայում դրա տեղում գտնվում է Հենրի IV-ի լիցեյը՝ Կլովի կամ Խլոդվիգի աշտարակով)։

VI դարի սկզբին կառուցվել են նաև Սեն-Մարսելի և Սեն-ժուլիեն-լը-Պովրի եկեղեցիները՝ Փոքր կամրջի կողքին։ 543 թվականին Խիլդեբերտ I-ը թագավորական մասունքների պահպանման համար, որոնք նա Իսպանիայից էր բերել, հիմնեց Սենտ-Կրուա-Սեն-Վենսեն բազիլիկան (շուտով այն վերանվանվել է Սեն-Ժերմեն Պրեի աբբայություն՝ դառնալով քաղաքում ամենաազդեցիկներից մեկը․ վանքին էին պատկանում ժամանակակից Փարիզի VI և VII քաղաքային շրջանների տարածքները, խաղողի այգիներ, արհեստանոցներ և մեծ տոնավաճառ)։ Սիտե կղզու վրա առաջացել են Սեն-Քրիստոֆ և Սեն-Մարսիալ կանանց համար նախատեսված վանքերը, իսկ Սենի մյուս ափին՝ Սեն-Լորան և Սեն-Վենսան վանքերը։

VI դարի երկրորդ կեսին Փարիզում կայացել է եկեղեցական 6 ժողով, ինչը ընդգծում էր քաղաքի աճող կրոնական դերը Մերովինգների իշխանության վրա։

585 թվականի հրդեհից խիստ տուժելով, որն ավերեց Սիտե կղզու կառույցների մի մասը, Փարիզը սկսեց ակտիվորեն զարգանալ Սենի երկու ափերին[11][12][13][6][7][10][14]։

Սիտեն, սակայն, դեռ շարունակում էր մնալ քաղաքի կենտրոնը։ Բերդապարիսպներից ներս գտնվում էին արքայի և եպիսկոպոսի պալատները, դպրոցներ և Խիլդեբերտ I-ի հրամանով կառուցված Սենտ Էթիենի տաճարը, որն ամենամեծերից էր ամբողջ Գալիայում (գտնվել է այժմյան Փարիզի Աստվածամոր տաճարի տեղում)։ Աջափնյա բլուրների վրա կանգնեցվել են Սեն-Ժան դը լա Բուրշի, Սեն Ժերվե և Սեն-Ժան դը Գրև եկեղեցիները։

VI դարում տեղի է ունեցել Ֆրանկական թագավորության բաժանումը երեք հիմնական մասերի․ Նեյստրիա (Գալիայի հյուսիսարևմտյան մասը՝ Փարիզ կենտրոնով՝ զգալի չափով բնակեցված ռոմանականացված գալլահռոմեական բնակչությամբ), Ավստրազիա և Բուրգունդիա։ Խիլդեբերտ I-ի մահից հետո (558 թվական) Փարիզն անցնում է նրա եղբորը՝ Կլոտար I-ին, 561 թվականին Կլոտարի որդուն՝ Կարիբերտ I-ին, իսկ 567 թվականին գտնվել է Կարիբերտ I-ի եղբայրներ Գոնտրան, Սիգիբերտ I և Խալպերիկ I թագավորների համատեղ տիրապետության տակ (նրանցից ոչ մեկը առանց մյուս երկուսի համաձայնության չէր կարող գալ Փարիզ)։

614 թվականին Կլոտար II-ը Փարիզում հոգևորական ժողով է հրավիրում, որի ժամանակ ընդունվում է, այսպես կոչված, «Փարիզյան հրովարտակը», որն ավելացնում էր եկեղեցու ազդեցությունը և օրինականացնում ազնվականության դասի մի քանի զիջումներ։ Նա իր համար պալատ է կառուցում Կլիշի լա Գարենում, որը հետագայում դառնում է նաև իր որդու՝ Դագոբերտ I-ի նստավայրը, ինչից հետո Փարիզի քաղաքական դերը սկսում է ընկնել և քաղաքը անկում է ապրում։

Մերովինգների դինաստիայի թագավորները, որ «ծույլ արքաներ» մականունն էին ստացել, մի պալատից մյուսն էին տեղափոխվում, իրական իշխանությունը աստիճանաբար անցնում էր մայորդոմների ձեռքը։ 687 թվականին մայորդոմ Պիպին Կարճահասակի հաղթանակը Խիլդերիկ III-ի նկատմամբ ավելի ուժեղացրեց Ավստրազիան և, ընդհակառակը, թուլացրեց Նեյստրիան[15][16]։

Կարոլինգների ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշարված Փարիզ վերադարձող կոմս Էդը։ 1883 թվականի ուրվանկար

751 թվականին Պիպին Կարճահասակն իրեն թագավոր հռչակեց, սկիզբ դնելով նոր՝ Կարոլինգների արքայատոհմին, որի կառավարման ընթացքում Փարիզը երկրորդական դեր էր խաղում (Կառլոս Մեծի կողմից մայրաքաղաքը Ախեն տեղափոխելուց հետո Փարիզի բնակչությունը կրճատվեց, քաղաքը ավելի մեծ թափով անկում ապրեց, արտաքին ամրությունները խարխլվեցին)։ 845 թվականից սկսած Սենի հովիտը դարձավ նորմանական նվաճումների հիմնական ուղղությունը։ 856-857 թվականներին նորմանները թալանեցին ձախափնյա Փարիզը, այդ թվում՝ Սուրբ Ժենևև աբբայությունը, ինչպես նաև այլ եկեղեցիներ և գյուղական տնտեսություններ։ 861 թվականին ավերածությունների ենթարկվեց Սեն-Ժերմեն դը Պրե աբբայությունը, իսկ շրջակայքի ամբողջ բնակչությունը տեղափոխվեց Սիտե կղզու ամրոցներ։ 885 թվականի նոյեմբերին Փարիզի պարիսպներին մոտեցան 700 նավերից կազմված նավատորմ և մոտ 40 հազար զինվոր՝ նորմանների առաջնորդ Զիգֆրիդի գլխավորությամբ։ Չնայած մեկ տարուց ավելի տևող դժվարին պաշարմանը և ժանտախտի բռնկված համաճարակին՝ Փարիզը՝ կոմս Հուգո Աբբայի և Էդ Փարիզցու, ինչպես նաև եպիսկոպոս Գոզլենի գլխավորությամբ, պաշտպանեց իր ազատությունը (պաշտպանության ամենահերոսական դրվագներից մեկը դարձավ 886 թվականի փետրվարի 6-ի մարտը՝ Փոքր կամրջի մոտ)։

Կառլ III-ի թուլությունը և նորմանների դեմ պայքարում նրա անվճռականությունը հանգեցրին նրան, որ 887 թվականին նա զրկվեց թագից, իսկ գահը՝ 888 թվականին, անցավ փարիզցիների մոտ մեծ հեղինակություն վայելող Ռոբերտինների դինաստիայի ներկայացուցիչ Էդ I-ին։ Նորմանական շրջափակումից դուրս գալուց հետո Սենի վրա կառուցված հին հռոմեական քարե կամուրջը (այժմ դրա տեղում Աստվածամոր կամուրջն է) փոխարինվեց նոր Մեծ կամրջով (այժմյան Շանժ կամուրջ)։

Աջ ափին՝ Մեծ կամրջի սկզբնամասում, կառուցվել է Մեծ Շատլե ամրոցը, իսկ ձախ ափին՝ Փոքր կամրջի մոտ՝ Փոքր Շատլե ամրոցը (դեռևս Կառլ II-ի օրոք կառուցված երկու աշտարակներն էլ հսկում էին մուտքերը դեպի Սիտե կղզի, և հետագայում մի քանի անգամ վերակառուցվել են)[17][18][19][7][10][14]։

Կապետինգների ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի ֆեոդալական մասնատվածությունը հանգեցրեց երկու դինաստիաների՝ Կարոլինգների և Ռոբերտինների ներկայացուցիչների և համախոհների միջև գահի համար երկարատև պայքարի (վերջին տիրակալները եղել են Փարիզի կոմսությունը և Իլ դը Ֆրանս դքսությունը)։ Ստեղծված իրավիճակից փորձում է օգտվել գերմանական երիտասարդ կայսր Օտտոն II-ը, ով իր 60 հազարանոց զորքով 972 թվականին մոտենում է Փարիզին, բայց այդպես էլ չի վճռում գրոհել։

IX դարի վերջից մինչև X դարի վերջը երկու դինաստիաների ներկայացուցիչները գահին փոխարինում են միմյանց, մինչև 987 թվականին Ֆրանսիայի հոգևոր և աշխարհիկ առաջնորդների ժողովում ընտրվում է Հուգո Կապետը՝ Ռոբերտինների տոհմից, և հիմք դնում Կապետինգների դինաստիային (այդ ժամանակվանից սկսած ավելի քան երեք դար Փարիզը եղել է այդ դինաստիայի մայրաքաղաքը)։

Հուգոյի անձնական տիրույթներն էին համարվում (դոմեն) Սենի և Լուարի մոտ գտնվող տարածքները՝ Փարիզ, Օռլեան, Սանլիս, Էտամպ քաղաքներով, բայց նույնիսկ այս տեղերում էր թագավորի իշխանությունը թույլ։ Փարիզից մինչև Օռլեան ճանապարհը անցնում էր անհնազանդ, երբեմն նույնիսկ խռովարար ֆեոդալների տիրույթներով, որոնք միայն ձևականորեն էին ճանաչում թագավորին որպես սյուզերեն (նրանք առևտրային ճանապարհների վրա էին կառուցում իրենց ամրոցները, հարկեր էին գանձում, թալանում առևտրականներին և հաճախ սպառնում նաև հենց թագավորին)։ Ընդ որում՝ թագավորները ևս առանձնապես աչքի չէին ընկնում բարեպաշտությամբ, օրինակ, Ֆիլիպ I-ը մի անգամ թալանել է իր կալվածքի տարածքով անցնող իտալացի վաճառականներին։ Եթե Հյուսիսային Ֆրանսիայի մյուս քաղաքներում այդ ժամանակաշրջանում արդեն հայտնվեցին ինքակառավարման նախադրյալներ, ապա թագավորական Փարիզը չէր օգտվում կոմունաների իրավունքներից (այդպիսի քաղաքները կոչվում էին ֆր.՝ villes de bourgeoisie՝ բուրժուական քաղաքներ)։ Այստեղ կառավարումը բաժանված էր թագավորի և քաղաքացիների ներկայացուցիչների միջև[20][21][14]։

Ռոբերտ II-ը, որոշելով թողություն ստանալ եկեղեցուց իր հեռացման համար, վերակառուցում է Սեն-Ժերմեն-լ'Օսերուա և նորմանների կողմից ավերված Սեն-Ժերմեն դը Պրե եկեղեցիները, ընդարձակում Սիտե կղզու թագավորական պալատը և այնտեղ կառուցում Սուրբ Նիկոլայի մատուռը (Սենտ-Շապելի տեղում)։ Նրա որդին՝ Հենրի I-ը, Սուրբ Մարտինի հին կապելլայի տեղում հիմնում է Սեն-Մարտեն դը Շան վանքը՝ դրան օժտելով հատուկ արտոնություններով և պապի իշխանությունից փաստական ինքնավարությամբ։

Ֆիլիպ I թագավորը իր տիրույթներին է միացնում Գատինեն, Ժիզորը և Բուրժը, Լյուդովիկոս VI-ը զգալիորեն ամրապնդում է դոմենների անվտանգությունը, իսկ Ֆիլիպ II Օգոստոսը չորս անգամ ընդարձակում է այն՝ իրեն ենթարկելով մանր վասալներին։ Այսպիսով՝ XII դարի վերջին Փարիզը վերջնականապես ամրագրեց իր գերակա դիրքը մրցակից մյուս քաղաքների նկատմամբ, որոնք առաջ գտնվում էին զորեղ ֆեոդալների տիրապետության տակ։ Բայց այն դեռ երկար է զգացել նորմանական ներխուժումների և ֆեոդալական կամայականությունների հետևանքները։ Խիստ տուժած ձախափնյայի շատ եկեղեցիներ փլատակների էին վերածվել, իսկ 1111 թվականին Մյոլանի կոմսը այրել է Սենի երկու կամուրջները, որոնք կղզին միացնում էին ափին։ Բազմաթիվ փարիզցիներ շարունակում էին թափանցել Սիտե, իսկ քաղաքում իշխանության համար պայքարում էին թագավորի և եպիսկոպոսի կուսակիցիները։ Միապետի նստավայրը շարունակում էր մնալ կղզու արևմտյան մասում գտնվող, Ռոբերտ II-ի օրոք վերակառուցված պալատը, իսկ եպիսկոպոսինը՝ կից կառույցներով նույնիսկ դուրս էր գալիս Սիտեից, որի զգալի մասը հոգևորականությանն էր պատկանում[22][23]։

Սեն Ժերվե եկեղեցին, որի անունով կոչվել է նաև աջափնյա թաղամասը

Սիտե կղզում առաջացած նեղվածությունը քաղաքացիներին հարկադրում է բնակություն հաստատել հին բերդապարիսպներից դուրս, հատկապես Սենի աջ ափին, ուր XI դարի վերջին եղել է միայն երեք թաղամաս՝ Սեն Ժերմեն լ'Օսերուան, Սեն Ժերվեն և Սեն-Մարտեն դը Պրեսը։ Հենց դրանց շուրջն է XII-XIII դարերին ստեղծվել Փարիզի նոր առևտրային կենտրոնը, որտեղ արագորեն սկսեց զարգանալ արհեսագործությունը և աճել համքարությունների թիվը։ Աջափնյակի զարգացմանը զարկ տվեց Գրևի առափնյայի նավահանգստի ընդարձակումը և Շամպոյի շուկայի կառուցումը։ Ձախ ափը առավել ռիթմիկ կյանքով էր ապրում՝ Սեն-Ժերմեն դը Պրե, Սենտ Ժենևև և Սեն Մարսել աբբայությունների շուրջը փռվում էին դաշտեր և խաղողի այգիներ։ Փարիզի այդ մասի հետագա զարգացումը մեծ չափով կապված է XII դարում հիմնված համալսարանի հետ, ինչի շնորհիվ քաղաքը դարձավ եվրոպական կրթության կարևոր կենտրոններից մեկը։ Համալսարանի նախակարապետը եղել են Սեն Վիկտոր (հիմնադրել է Հուգո Սեն-Վիկտորը) և Սենտ Ժենևև վանքերի դպրոցները, ուր դասախոսություն է կարդացել Պիեր Աբելյարը[24][25]։

Ֆիլիպ II-ի կառավարման ժամանակաշրջանը (1180-1223 թվականներ), ում անվանում են «Փարիզի առաջին թագավոր և Խլոդվիգից հետո երկրորդ հիմնադիր», նշանավորվում է Փարիզի ծաղկմամբ, որը դադարում է հասարակ առևտրային հանգույց լինելուց։ 1202-1204 թվականներին Ֆիլիպ II-ը գրավում է Նորմանդիան, իր ձեռքը վերցնելով Սենի ստորին հոսքի վերահսկողությունը, ինչի շնորհիվ թագավորական տիրույթները ձեռք են բերում ելք դեպի ծով։ Փարիզը, որն այդ ժամանակ վերջնականապես դարձավ Ֆրանսիայի մայրաքաղաքը, արագորեն վերածվեց մեծ առևտրային քաղաքի և միջնադարի մտավոր կենտրոնի։ Չնայած Ֆիլիպ II-ը հովանավորում էր Ֆրանսիայի մյուս քաղաքները ևս, ցանկանալով քայքայել տեղի ֆեոդալների իշխանությունը, իր դոմենում նա հակադրվեց կոմմունա ստեղծելուն՝ նախանձախնդրորեն պահպանելով թագավորական իշխանության միասնականությունը (քաղաքում նրա շահերը նախկինի պես ներկայացնում էր թագավորական պրեվոն, իսկ քաղաքային վերնախավինը՝ վաճառականների պրեվոն (առաջնորդ))։ Բայց հարուստ քաղաքացիները ևս ունեին ազդեցության լծակներ, չէ որ 1160 թվականից սկսած հենց նրանք էին ընտրում պրեվոներից մեկին և չորս էշեվեններին[26][27]։

Փարիզը հաճախ է ենթարկվել ավերիչ հեղեղումների, որոնցից հետո իշխանությունները ստիպված էին վերակառուցել կամուրջները և ամրացնել ափամերձ գոտին։ 1196 թվականին մեծ ջրհեղեղը ավերեց Սենի երկու կամուրջները, իսկ թագավորը հարկադրված լքեց Սիտեում գտնվող պալատը և պատսպարվեց Սենտ Ժենևև բլրի վրա։ 1206 թվականի դեկտեմբերին գետի նոր վարարումը ամբողջությամբ ջրով ծածկեց Փարիզը, որի բնակիչները տեղաշարժվում էին միայն նավակներով։ Շատ տներ ավերվեցին, կանգուն մնացածներն էլ զգալիորեն թեքվել էին ջրի ճնշումից, իսկ Փոքր կամուրջը ճեղքվածքներ էր ստացել։ Փարիզցիները նույնիսկ բազմամարդ երթ կազմակերպեցին իրենց հովանավոր Սուրբ Ժենևևին խնդրելով, որ իրենց պահպանի աղետներից (մարդկանց Սիտե կղզուց վերադառնալուց հետո Փոքր կամրջի երեք կամարները փլվեցին՝ թափվելով Սենը)։ 1219 թվականի ջրհեղեղը նորից ջրով ծածկեց Փոքր կամուրջը և քաղաքացիները դարձյալ մի ափից մյուսն անցնելու համար ստիպված էին օգտվել նավակներից[28]։

Ֆիլիպ II Օգոստոսի օրոք կառուցված ամրոցի պարսպից մի հատված

Ֆիլիպ II-ի օրոք կառուցվել են Փարիզի գլխավոր փողոցները և հրապարակները, որոնք մինչ այդ սարսափելի վիճակում էին, կառուցվել է Լուվրի ամրոցը, նոր բերդապարիսպներ և Շամպոյի պարենամթերքի մեծ շուկան։ Թագավորական և քաղաքային միջոցներով կառուցված բերդապարիսպը որոշում էր Փարիզի նոր սահմանները և, կարծես, խորհրդանշում թագավորի կողմից քաղաքացիների պաշտպանվածությունը, որոնք գտնվում էին խաչակրաց արշավանքի մեջ։ 1190-1200 թվականներին 2 մետր բարձրություն ունեցող պարիսպը պաշտպանում էր միայն աջափնյա թաղամասերը։ Երկու տասնամյակ հետո այն ընդգրկեց նաև ձախ ափը՝ այնտեղ հասնելով 8-9 մետրի։ Այդ երկու կիսաշրջանները դարպասներ ունեին Ռուանի, Դրյոյի, Օռլեանի, Սանսի և այլ խոշոր քաղաքների հետ։

Մեկ քառորդ դարի ընթացքում Փարիզը դարձավ թագավորության ամենապաշտպանված քաղաքը, և, բացի այդ, պարիսպը փարիզցիներին միավորող գործոն էր, հետզհետե նրանց ներշնչելով մեկ ընդհանուրի մասը լինելու զգացումը։ 1190-1202 թվականներին պարսպի մոտ կառուցեցին Լուվրի դոնժոնը, որի տրամագիծը 15 մետր էր, բարձրությունը՝ 31 մետր, իսկ հաստությունը՝ 4 մետր, որը շրջապատում էին 25 մետր բարձրություն ունեցող 4 աշտարակներ։ Լուվրը դարձավ աջափնյակի պաշտպանական համակարգի կարևորագույն տարրը՝ Փարիզը պաշտպանելով հյուսիս-արևմուտքից (այստեղ տեղափոխվեցին զինանոցը, արխիվները և գանձարանի մի մասը)[29][3][10][23]։

Լուվրի ամրոցը XIII դարում

Լյուդովիկոս VIII-ի (1223-1226), Լյուդովիկոս IX-ի (1226-1270), Ֆիլիպ III-ի (1270-1285) և Ֆիլիպ IV-ի կառավարման տարիներին Փարիզը շարունակեց զարգանալ և ծաղկել, ինչը նպաստեց նաև բնակչության թվի ավելացմանը և նոր շինությունների կառուցմանը։ Ժամանակի հիմնական մասը թագավորներն անցկացնում էին մայրաքաղաքում, քաղաքը կառավարելով պրեվոյի միջոցով, որը հետևում էր պաշտպանությանը, կարգուկանոնին և դատավարությանը (նրա նստավայրը Մեծ Շատլեն էր)։ Տամպլ ամրոցում գտնվում էր Տաճարականների միաբանության գլխավոր նստավայրը։ Քաղաքի ներսում անվտանգությունն ապահովում էին թագավորական և արհեստավորական պահակախմբերը։ Ամբողջ XIII դարի ընթացքում Ժան դը Շելը և Պիր դը Մոնտրյոն կառուցեցին Փարիզի Աստվածամոր տաճարը, որն ընդարձակվեց աշտարակներով, վերնասրահներով և շքամուտքերով։ Լյուդովիկոս IX -ը Փարիզին նվիրեց հիասքանչ Սենտ Շապելը, որի շինարարությունը ավարտին է հասցվել 1248 թվականին[30]։

1251 թվականին Ֆրանսիայի զգալի մասում տարածվեց գյուղացիական ապստամբություն, որը հայտնի է «հովիվների առաջին խաչակրաց արշավանք» անվանումով (նրանց նպատակը մուսուլմանական գերությունից Լյուդովիկոս IX-ին ազատելն էր)։ Ժողովրդական հսկայական զանգվածները Ֆրանսիայի հյուսիսից շարժվում էին դեպի Փարիզ, ճանապարհին ավերելով հարուստների կալվածքները և վանքերը։ «Հովիվները» անարգել մտան մայրաքաղաք, և նրանց պարագլխի, ում անվանում էին «ուսուցիչ Հունգարիայից», եկեղեցիներում քարոզներ կարդալուց հետո, զայրացած ամբոխը դատաստան է տեսնում հոգևորականների և վանականների նկատմամբ։ Փարիզից «հովիվները» շարժվում են դեպի հարավ՝ մյուս քաղաքներում ևս շարունակելով ավերածությունները։

XIV դարի սկզբին եվրոպական ամենամեծ վաշխառուն տաճարականների հոգևոր-ասպետական միաբանություններ էր։ 1307 թվականին Ֆիլիպ IV -ի հրամանով ֆրանսիական բոլոր տաճարականները ձերբակալվում են, իսկ նրանց ունեցվածքը բռնագրավվում։ 1314 թվականի մարտի 18-ին միաբանության վերջին մեծ մագիստրատ Ժակ դը Մոլեն այրվեց խարույկի վրա Հրեական կղզու վրա (ներկայում այն Սիտե կղզու արևմտյան ծայրամասն է)։ Ֆիլիպ Գեղեցիկի օրոք Սիտե կղզու թագավորական պալատը զգալիորեն ընդարձակվեց, իսկ հենց կղզին շրջապատվեց նոր պարսպով[31][23]։

Վալուաների ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1328 թվականին Կառլ IV-ի մահով վերջ դրվեց Կապետինգների դինաստիային, և գահին բազմեց նոր՝ Վալուաների դինաստիան, որի առաջին թագավոր Ֆիլիպ VI-ի օրոք էլ սկսվեց երկարատև պատերազմը Անգլիայի դեմ, որը ստացել է Հարյուրամյա պատերազմ անվանումը (1337-1453 թվականներ)։ Բնակչության ուսերին ծանր ռազմական հարկեր դրվեցին, արհեստագործությունը և առևտուրը քայքայվեցին, ինչը մեծացրեց գործազուրկների թիվը։ 1347 թվականի նոյեմբերին Ֆիլիպ VI-ը գումարեց Գլխավոր շտատներ, բայց նրան դժվարությամբ հաջողվեց փարզիցիներից պատերազմը շարունակելու, զինվորներին վճարելու և ձիեր գնելու համար լրացուցիչ միջոցներ ստանալ։ 1348 թվականին Փարիզը և դրա մերձակայքը խիստ տուժեցին ժանտախտի համաճարակից, որը հայտնի է «սև մահ» անվանումով։ Այս ամենը, ինչպես նաև պատերազմի հասցրած վնասները և ազգային արժույթի արժեզրկումը ժողովրդի աչքում իջեցրին ֆեոդալների հեղինակությունը և հարուցեցին փարիզցիների զայրույթը՝ հատկապես թագավորի և ասպետների նկատմամբ։ 1356 թվականին դոֆին Կառլ V-ի կողմից Գլխավոր շտատների արձակմանն ի պատասխան՝ քաղաքում ապստամբություն բռնկվեց՝ վաճառականական պրեվո Էթիեն Մարսելի գլխավորությամբ (Կառլը հանդիսանում էր Ֆրանսիայի ռեգենտը, քանի որ հայրը՝ Իոհան II-ը, կրտսեր որդու՝ Ֆիլիպ II-ի հետ Պուատիեի մարտում գերի էր վերցվել անգլիացիների կողմից)։ 1357 թվականի փետրվարին գումարված նոր Գլխավոր շտատները, հիմնվելով փարիզցի հարուստ վաճառականության և ապստամբած զանգվածների աջակցության վրա, մշակեց բարենորոգումների լայնամասշտաբ ծրագիր, որը զգալիորեն սահմանափակեց դոֆինի իշխանությունը[32][33]։

Փարիզը Կառլ V թագավորի կառավարման ժամանակաշրջանում։ Առաջին պլանում՝ Ֆիլիպ II Օգոստոսի պարիսպն է՝ ձախ ափին, հետին պլանում՝ Կառլ V-ի պրաիսպը` աջ ափին

Էթիեն Մարսելը, տեսնելով ֆրանսիացիների անհաջողությունները պատերազմում, որոշում է երկարացնել Փարիզի բերդապարիսպը, դրանով ապահովելով աջափնյա թաղամասերի անվտանգությունը։ Հռոմեացիների և Ֆիլիպ II-ի կառուցածներից հետո թվով երրորդ այս պարիսպը շուտով կոչվեց Կառլ V-ի անունով։ Դրա կառուցումը տևել է ավելի քան մեկ քառորդ դար և ավարտին հասցվել կարճատև խաղաղության շրջանում։ Ամրաշինական այդ կառուցվածքը՝ հինգ մետր երկարությամբ և երկու ընդարձակ խրամատներով, շրջափակում էր Փարիզի քաղաքային պարիսպը։ Այն ներառում էր Լուվրը, իսկ արևելքում պաշտպանական համակարգի առանցքային օղակը դառնում է Բաստիլի ամրոցը, որի կառուցումը ավարտվել է 1383 թվականին։ Պարիսպը ուժեղացնում էին նաև 6 քաղաք-ամրոցները՝ Սենտ Օնորեն, Մոնմարտրը, Սեն Դենին, Սեն Մարտենը, Տամպլը և Սենտ Անտուանը։ Կառլ V-ի պարսպի կառուցմանը զուգահեռ ձախ ափին վերականգնվեց և ամրացվեց նաև Ֆիլիպ II-ի պարիսպը[34]։

Ապստամբած մարշալների սպանությունը։ 1862 թվականի նկար

Հոգևոր և աշխարհիկ ֆեոդալները չէին ցանկանում ենթարկվել քաղաքացիների թելադրանքին։ Զգալով նրանց աջակցությունը՝ դոֆինը պաշտոնից ազատեց խորհրդականներին, որոնց պարտադրել էր Գլխավոր շտատները։ Դրան ի պատասխան (ինչպես նաև պրեվոյի զինակից Պերենո Մարկի սպանությանը) 1358 թվականի փետրվարին ամբոխը՝ Մարսելի գլխավորությամբ, ներխուժեց թագավորական պալատ և Կառլի ներկայությամբ սպանեց նրա մտերիմներ՝ Շամպանի մարշալ Ժան դը Կոնֆլանին և Նորմանդիայի մարշալ Ռոբեր Կլերմոնսկուն։ Մարսելը վախեցած արքայի գլխին դրեց կապույտ-կարմիր (դրանք Փարիզի գույներն էին) գլխարկ և խոստացավ ապահովել նրա անվտանգությունը։ Մատին դոֆինին հաջողվեց փախչել Փարիզից, ինչից հետո նա հրամայեց մայրաքաղաքը պարենային շրջափակման ենթարկել և սկսեց պատրաստվել քաղաքը պաշարելուն։ Մարսելն իր հերթին փորձեց աջակցություն ստանալ մյուս քաղաքներից և հավաքեց վարձկան զինվորներ։ 1358 թվականին երկրում բռնկվեց Ժակերիայի խոշոր գյուղացիական ապստամբությունը (այն սկիզբ առավ Փարիզից հյուսիս գտնվող Բովեում, հետո տարածվեց Իլ դը Ֆրանս, Պիկարդիա և Շամպայն)։ Մարսելը ձգտում էր գյուղացիներին դոֆինի դեմ օգտագործել, նրանց միացյալ խմբերը ավերում էին ամրությունները և ուղեկալ պահակակետերը, խոչընդոտելով պարենամթերքի մուտքը շրջափակված Փարիզ, բայց 1358 թվականի հունիսի 10-ին ֆեոդալական աշխարհազորը, որը կազմված էր ֆրանսիացի ասպետներից և անգլիական վարձկան զինվորներից, ճեղքեց պաշարման օղակը[35][36]։

Թագաժառանգ Կառլի մուտքը Փարիզ (1358 թվականի օգոստոսի 2)։ XV դարի պատկերազարդում

Ապստամբների հետ հաշվեհարդար տեսնելուց հետո Նավառայի թագավոր Կառլ II-ը, ով նախկինում հավակնություններ ուներ ֆրանսիական գահի նկատմամբ, եկավ Փարիզ և իր նախկին դաշնակից Մարսելի թիկունքում սկսեց բանակցություններ վարել դոֆինի հետ։ Այդ ժամանակ Կառլ II-ի անգլիացի վարձկան զինվորները կողոպուտով էին զբաղվում մայրաքաղաքի մերձակայքում, ինչը հարուցեց տեղի բնակչության խիստ դժգոհությունը։ Բացի այդ, քաղաքի բնակչության աղքատ խավը, հոգնելով պարենամթերքի պակասից և ապստամբության պարագլուխների երկպառակությունից, անտարբեր դարձավ նաև Մարսելի նկատմամբ, ով պաշտպանում էր հարուստ փարիզցիների շահերը (ապստամբ պրեվոյի նախկին շատ զինակիցներ չներեցին նրան անգլիացիների հետ միանալու համար և անցան էշեվեն Ժան Մայարի կողմը, ով աջակցում էր դոֆինին)։

1358 թվականի հուլիսի 31-ին Մայարի մարդիկ սպանեցին Մարսելին, Սենտ-Անտուան քաղաք-ամրոցի պահակակետ իրականացրած գիշերային շրջայցի ժամանակ (մեկ այլ վարկածի համաձայն՝ նա փորձում էր դարպասները բացել անգլիացիների առաջ) և օգոստոսի 2-ին դոֆինին թույլ տվեցին մտնել Փարիզ։ Վերջինը դաժանաբար ճնշեց ապստամբությունը, իսկ Կառլ II-ը հարկադրված լքեց քաղաքը։ Դոֆինը մայրաքաղաքում հավաքեց Գլխավոր շտատների ժողով, որի ժամանակ փարիզցիները մերժեցին Իոհան II-ի հաշտության պայմանագիրը և համաձայնվեցին միջոցներ տրամադրել անգլիացիների դեմ պատերազմի շարունակման համար։ 1364 թվականին, դառնալով Ֆրանսիայի թագավոր (անգլիացիների մոտ գերության մեջ գտնվող հոր մահից հետո), Կառլ V-ը այնուամենայնիվ մի շարք բարենորոգումներ իրականացրեց, ժողովրդի աչքերում վերականգնելով իշխանության հեղինակությունը։ Գլխավոր շտատները փաստացիորեն փոխարինվեց Երևելիների ժողովով, որին թագավորը հրավիրեց խոշոր ֆեոդալներին, հոգևոր բարձրագույն առաջնորդներին, ինչպես նաև քաղաքային վերնախավի և Փարիզի համալսարանի առանձին ներկայացուցիչների[37][38]։

Թույլ և հոգեկան հիվանդ Կառլ VI-ի օրոք, ով 1380 թվականին հաղթական կերպով մտավ Փարիզ՝ Ռեյմսում թագադրվելուց հետո, երկրում կատաղի պայքար սկսվեց երկու՝ բուրգինիոններ (ղեկավարները բուրգունդական դքսերն էին՝ Վալուաների կրտսեր ճյուղը) և Արմանյակներ (ղեկավարները Օռլեանի դքսերն ու նրանց հարզատներն էին՝ Ամանյակի կոմսերը) ֆեոդալական կուսակցությունների միջև։ 1381 թվականի դեկտեմբերին ուսանողների, արհեստավորների և վանականների զայրացած ամբոխը ըմբոստացավ թագավորական պրեվո Յուգա Օբրիոյի դեմ։ 1382 թվականի մարտին ի պատասխան հարկերի բեռի ավելացմանը, ոտքի կանգնեցին Փարիզի մանր վարպետներն ու նրանց օգնականները (այդ շարժումը ստացել է «մայոտենների ապստամբություն» կամ «մրճահարների ապստամբություն» անվանումը, քանի որ ապստամբները զինված էին մարտական մուրճերով)։ «Մայոտենները» զավթեցին քաղաքային իշխանության շենքը, զինանոցը, հարձակվեցին հարկահավաքների վրա, բանտերից ազատեցին բանտարկայներին, թալանեցին հարուստների տները և աբբայությունը։ 1383 թվականի հունվարին թագավորի բանակը դաժան հաշվեհարդար տեսավ ապստամբների հետ, իսկ Կառլ VI-ը Փարիզին զրկեց տեղական ինքնավարության բոլոր ազատություններից, այդ թվում՝ վաճառականական պրեվո և էշեվեններ ունենալու հնարավորությունից (մարտի 1-ին նա քաղաքին ներում շնորհեց, ինչի համար, սակայն, հարկ եղավ վճարել 100 հազար լիվր)[39][40]։

1413 թվականին հրավիրվեց Գլխավոր շտատներ, որը դժգոհություն հայտնեց թագավորական պաշտոնյաների նկատմամբ։ Փարիզի բնակիչները պաշտպանում էին շտատների պահանջները, բայց այն ի զորու չեղավ իր լուծումները կյանքի կոչելու։ Ի պատասխան դրան՝ հարկերի ծանրությունից և Գլխավոր շտատների թուլությունից հոգնած մանր առևտրականները և արհեստավորները՝ մսագործ Սիմոն Կաբոշի գլխավորությամբ նոր ապստամբություն բարձրացրին, ում անունով էլ ապստամբությունը ստացավ «կաբոշենների ապստամբություն» անվանումը։ Ստանալով գիլդիաների (վաճառականների միություն), ինչպես նաև Բուրգունդիայի դուքս Ժան I-ի (նա փորձում էր իր համար ճանապարհ դեպի ռեգենտություն) աջակցությունը՝ կաբոշենները սարսափ էին տարածում Փարիզի թաղամասերում։ 1413 թվականների գարնանն ու ամռանը նրանց հաջողվեց ամրանալ Բաստիլում, մայիսին նրանք կազմեցին և դոֆինին (Լուի դը Գիենին) ներկայացրին «Կաբոշենյան օրդոնանսը», որում շարադրվում էր բարենորոգումների հստակ ծրագիրը, որը կազմվել էր Փարիզի համալսարանի դասախոսների մասնակցությամբ։ Կաբոշի համակիրները մահապատժի ենթարկեցին մի շարք դեմքերի, ում նրանք մեղավոր էին համարում ժողովրդի թշվառության մեջ (այդ թվում՝ թագավորական պրեվո Պիեր Դեզեսարին)։ 1413 թվականին, վախենալով աղքատավորության ապստամբության ընդարձակումից, հարուստ քաղաքացիները և բուրգինյոնները շտապեցին ազատվել կաբոշեններից և քաղաք թողեցին օռլեանականների զորքերին՝ ռեգենտության համար պայքարում բուրգունդական դքսի հակառակորդներին, որոնք դաժան հաշվեհարդար տեսան ապստամբների հետ (Ժան I-ը օգոստոսի 22-ին փախավ Փարիզից, իսկ «Կաբոշենյան օրդոնանսը» այդպես էլ թղթին մնալով, շուտով չեղարկվեց)[41][42][43]։

1429 թվականի Փարիզի պաշարումը։ XV դարի մանրանկար

Ազենկուրի մարտում ֆրանսիացիների պարտությունից հետո (1415) անգլիացիները հետզհետե իրենց վերահսկողությունը տարածեցին ամբողջ Հյուսիսային Ֆրանսիայի նկատմամբ և նույնիսկ գրավեցին մայրաքաղաքը, իսկ նրանց հետ բացահայտ դաշինք կազմած բուրգինյոններին դարձրին Փարիզի տերերը։ 1418 թվականի մայիսի 28-ի գիշերը դավադիրները Սեն-Ժերմեն դը Պրեի դարպասները բացեցին կոմս Դը Լիլ Ադամի առջև, ով կոտորեց ապագա թագավոր Կառլ VII-ի համակիրներին։ Արմանյակների կողմից 1419 թվականի սեպտեմբերի 10-ին Ժան I-ի սպանությունը փարիզցիներին դրդեց աջակցելու նրա որդուն՝ Ֆիլիպ III-ին։ Վերջինը ակտիվորեն աջակցում էր Տրուայի պայմանագրի կնքմանը, որի համաձայն Անգլիայի թագավոր Հենրի V-ը ժառանգել էր ֆրանասիական գահը։ 1420 թվականի դեկտեմբերի 1-ից ամբողջ 16 տարի Փարիզը շրջափակվեց Հենրի V-ի զորքերի կողմից, իսկ հետո Բեդֆորդի դուքսը (Ջոն Լանկաստերսկին), ով 1422 թվականին դարձավ Ֆրանսիայի ռեգենտը։ Բաստիլում, Լուվրում և Վենսենյան ամրոցում տեղակայված անգլիական կայազորին էին ենթարկվում քաղաքային վերնախավը և նույնիսկ Փարիզի համալսարանը։ 1429 թվականի սեպտեմբերին Կառլ VII-ի զորքը և Ժաննա դ'Արկը Փարիզը պաշարելու անհաջող փորձ ձեռնարկեցին, որը պաշտպանում էին անգլիական միացայալ ուժերը և Լիլ Ադամի նահանգապետը։ 1436 թվականի ապրիլին Դը Լիլ Ադամի և Հաշվիչ պալատի խորհրդական Միշել դը Լայի աջակցությամբ Փարիզում խռովություն բարձրացավ։ Արթուր դը Ռիշմոնի զորքերը գրոհով վերցրին Սեն-Ժակի դարպասը և մտան Փարիզ։ Անգլիական զորքերը և ֆրանսիացի դավադիրները բարիկադներով պաշտպանվելով Բաստիլում, շուտով վտարվեցին քաղաքից՝ ամբոխի կողմից ծաղր ու ծանակի ենթարկվելով։ Բայց Կառլ VII-ը, այդպես էլ չներելով փարիզցիներին, 1418 թվականի դեպքերի համար, մնաց Տուրենում և Փարիզ մտավ միայն 1437 թվականի նոյեմբերի 12-ին (ինչի համար էլ ստացավ իր՝ Հաղթանակող մականունը)[44][45]։

Լյուդովիկոս XI-ը, ով չէր վստահում քմահաճ և իր համակրանքներում փոփոխական մայրաքաղաքին (ինչպես և հայրը, նա գերադասում է մնալ Տուրնելի իր պալատում) և 1461 թվականին իր թագադրումից հետո կառավարությունը փոխադրեց Տուրնել, պատերազմ մղեց ֆեոդալական ընդարձակ կոալիցիայի դեմ, որը հայտնի է որպես «Հասարակական օգնության լիգա» (դրան աջակցում էին Փարիզը և Հյուսիսային Ֆրանսիայի մի քանի քաղաքներ)։ Թագավորը պարտություն կրեց և 1465 թվականին ստիպված էր Լիգայի հետ իր համար ծանր պայմաններով հաշտություն կնքել։ Բայց նա շարունակեց պայքարը ֆեոդալական վերնախավի դեմ և շուտով գրավեց Բուրգունդիայի դքսությունը (1477), դրանից հետո նրան անցավ Պրովանսը (1481)։ Այն բանից հետո, երբ 1491 թվականին Բրետանի դքսությունը անցավ Կառլ VIII-ի տիրապետության տակ, Ֆրանսիայի տարածքի քաղաքական միավորումը, որը թագավորական իշխանությունը իրականացնում էր միջին և մանր ազնվականության և քաղաքային բուրժուազիայի միջոցով, փաստացիորեն ավարտվեց։ Բայց մեկ ու կես դար պատերազմների, քաղաքական սպանությունների և դաշնակիցների փոփոխությամբ, ինչպես նաև ժանտախտի համաճարակի պատճառով լրիվ արյունաքամ էր եղել։ Քաղաքային իշխանության լիազորությունները սահմանվում էին 1415 թվականի հրամանով, որի համաձայն կանցելյարիան պատասխանատու էր Փարիզն անհրաժեշտ ամեն ինչով ապահովման, քաղաքային գանձարանի համալրման և հարուստ փարիզցիների ունեցվածքի ներգրավման համար։ Փաստացիորեն այն իր մեջ միավորում էր Փոքր կանցելյարիան (քաղաքային կառավարման միջուկը, որի մեջ մտնում էին պրեվոն, քաղաքի թագավորական դատախազը և 4 էշեվենները) և Մեծ կանցելյարիան (որը, բացի այդ պաշտոնյաներից ներառում էր նաև քաղաքացիների կողմից ընտրված 24 խորհրդականներ)[46][47]։

Քաղաքաշինություն և հատակագծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նելսի աշտարակը։ XIV դարի փորագրանկար

V դարի վերջին` ֆրանկների կողմից Փարիզի գրավումից հետո, այն դառնում է առևտրային և արհեստագործական կենտրոն, իսկ XII դարում դառնում է պետության նաև քաղաքական կենտրոնը։ Զարգանալով որպես վաղֆեոդալական տիպային քաղաք՝ Փարիզը ինտենսիվորեն ջնջում էր երբեմնի հռոմեական հետքը։ Այն դուրս եկավ Սիտե կղզու սահմաններից և հին հռոմեական ճանապարհի շնորհիվ, սկսեց զարգանալ հարավում դեպի Սենտ Ժենևև և հյուսիսում՝ Մոնմարտր բլուրների կողմը։ Բայց Սիտեն (քաղաքը)` Փարիզի իրական բնօրրանը, դեռ երկար շարունակում էր մնալ դրա վարչական և հոգևոր կենտրոնը։ Այստեղ էին գտնվում թագավորական ամրոցը (այժմյան՝ Կոնսիերժերին), գլխավոր տաճարը և եպիսկոպոսի նստավայրը։ Հարևան երկու փոքրիկ կղզյակները երկար ժամանակ մնացել են չյուրացված՝ լինելով ձկնորսական ոչ մեծ համայնքի ապաստարանը (դրանց զարգացումը սկսվել է միայն XVII դարում, ներկայում դրանք միասին կազմում են Սեն Լուի կղզին)[11]։

Ձախափնյա Փարիզը դարձավ կաթոլիկ հոգևորականության հենարանը՝ հիմնված Սենտ Ժենևև, Սեն Ժերմեն դը Պրե և Սեն Վիկտոր աբբայությունների վրա։ Այստեղ XII դարի վերջին ծագեց Փարիզի համալսարանը, հիմք դնելով հանրահայտ Լատինական թաղամասին (դրա անվանումը պայմանավորված էր միջնադարյան գիտության, կրթության և աստվածաբանության ոլորտում լատիներենի գերակշռությամբ)։ Սորբոնի միջնադարյան շինությունները չեն պահպանվել մինչև մեր օրերը, դրանք ամբողջությամբ վերակառուցվել են XVII դարում։ Աջ ափին XII դարում գետափից մինչև Մոնմարտր բլրի ստորոտը կազմավորվեց Փարիզի նոր առևտրաարհեստագործական կենտրոնը, որտեղ տեղակայվեցին գետային նավահանգիստը, Շամպոյի փակ շուկան և արհեստավորական բազմաթիվ արհեստանոցներ[48]։

Ինչպես Եվրոպայի բոլոր ֆեոդալական քաղաքները, Փարիզը ևս բավականին տարերայնորեն է զարգացել։ Անհրաժեշտությունից ելնելով՝ այն շրջապատվել է բերդապարիսպներով, որոնք քաղաքի բնակիչներին և մոտիկ արվարձանները պաշտպանել են խռովարար ֆեոդալների և օտարերկրացի զավթիչների ասպատակություններից։ Պաշտպանական օղակի կառուցումը սկսվել է XII դարի վերջին և շարունակվել ավելի քանի քսան տարի։ Կառուցմանը մասնակցել են մեծ թվով քաղաքացիներ և գյուղացիներ։ XIII դարի սկզբին Սենի երկու ափերին էլ կառուցվել են մինչև ջուրը հասնող քարե պարիսպների 2 կիսաշրջան (դրանց երկարությունը մոտ 5,3 կմ է եղել)։ Ատամնավոր պարիսպները հիմքում ունեին 3 մետր հաստություն, վերնամասով անցնում էր պահակային ուղին, իսկ յուրաքնաչյուր 70-100 մետրի վրա վեր էին խոյանում ամրոցի շրջանաձև աշտարակները, որոնց թիվը հասնում էր 67-ի (դրանք ապահովում էին Փարիզը այլ քաղաքների հետ կապող գլխավոր ճանապարհների վրա կառուցված աջ ափի քաղաքային վեց և ձախ ափի հինգ դարպասների անվտանգությունը)։ Աջ ափին՝ պարսպից այն կողմ մնաց Սեն Մարտեն դը Շան գյուղը, իսկ ձախ ափին մնացին Սեն Մարսել և Սեն Ժերմեն դը Պրեն, բայց դրա փոխարեն Սենտ ժենևև աբբայությունը մնաց քաղաքի սահմանների ներսում, դրա հետ միասին նաև քաղաքամերձ դաշտեր, բանջարանոցներ և խաղողի այգիներ (բայց շուտով դրանց մեծ մասը անհետացավ՝ նոր հողակտորների կառուցապատման հետևանքով)։ XIV դարի կեսերին՝ աջ ափին, որտեղ առանձահատուկ թափով զարգացավ քաղաքի առևտրային և արհեստավորական հատվածը, անհրաժեշտություն առաջացավ ընդարձակելու պարիսպների կիսաշրջանը՝ Փարիզի մեջ ներառելով մի շարք արվարձաններ (ձախ ափին իշխանությունները բավարարվեցին միայն հին պարսպի մոդեռնացմամբ)[49][3][23]։

Նորակառույց պարիսպը սկսվել է Սենի ափի այն հատվածից, որտեղ այժմ սկիզբ է առնում Սեն Մարտեն ջրանցքը (Փարիզի IV և XII շրջանների սահմանին), անցել է Սեն Դենի ճանապարհով (այժմ այդտեղ գտնվում են ավելի ուշ կառուցված Սենի Դենի դարպասները), այնուհետև նորից թեքվել է դեպի Սեն գետը։ Ամրության այս համակարգի ծայրերին գտնվում էին երկու խոշոր ամրոցներ՝ Բաստիլը և Լուվրը։ Լուվրի հակառակ կողմում ընկած ափին՝ կոմս Դը Նեսլի նստավայրի մոտ, վեր էր խոյանում Նեսլի աշտարակը (քանդվել է XVII դարում Մազարինիի քոլեջի կառուցման համար, այժմ՝ Ֆրանսիայի ինստիտուտ)։ Փարիզի հետագա աճը հանգեցրեց նրան, որ XVII դարի սկզբին պաշտպանական այդ կիսաշրջանը նորից ընդարձակվեց։ Հին պարիսպները և աշտարակները գրեթե չեն պահպանվել մինչև մեր օրերը, դրանց գոյության մասին միայն հիշեցնում են հատուկենտ հատվածներ՝ պահպանված ժամանակակից շինությունների բակերում կամ նկուղներում (օրինակ աջափնյա Ժարդեն Սեն Պոլ փողոցում կամ ձախափնյա Կյուժաս փողոցում), մինչև, այսպես կոչված Մեծ ծառուղիների ուղղությունը՝ կառուցված միջնադարյան ամրոցների տեղում[50][3]։

Քաղաքային պարսպից ներս գտնվում էին իրար մոտ կառուցված թաղամասեր՝ երկար ժամանակ չսալարկված մնացած, առանց մայթերի և գարշահոտ կեղտաջրերի առուներով ծուռումուռ և նեղ փողոցների լաբիրինթոսով։ Մեծ քանակությամբ քարե (հիմնականում կարմիր) և փայտե (ժամանակի հետ հաճախ բռնկվող հրդեհների պատճառով սկսել են ավելի քիչ կառուցել) տների շուրջը վեր էին խոյանում տաճարները։ Նույնսիկ Սենի երկու կամուրջների վրա կառուցված էին կրպակներ և արհեստանոցներ՝ վաճառականների և արհեստավորների տներով։ Անմիջապես պարսպից այն կողմ սկսվում էին գյուղական արվարձանները։ Ժամանակակից Փարիզում պահպանվել են քիչ թվով միջնադարյան կառույցներ՝ Լատինական թաղամասի նեղ փոքրիկ փողոցների սարդոստայնը, աջափնյակի պահպանված կառույցները (արդարադատության պալատի համալիրը՝ Կոնսիերժերիով և Սենտ Շապելով, Փարիզի Աստվածամոր տաճարը, Սենտ Ժերմեն դը Պրե աբբայության եկեղեցին, Վենսենյան ամրոցը, Սեն Ժակ աշտարակը, Սեն-Ժերմեն լ'Օսերուա եկեղեցին)։ Թագավորական և քաղաքային պաշտոնյաների՝ Փարիզի աճը ինչ-որ կերպ վերահսկելու և ուղղորդելու առաջին փորձերը սկսվել են XV դարում (իշխանությունները ձգտում էին սահմնափակել կառույցների տարածումը պարիսպներից դուրս և արհեստավորներին արգելում էին բնակություն հաստատել քաղաքմերձ տարածքներում)։ Այդ ժամանակաշրջանին են վերաբերում Փարիզի առաջին հատակագծերը՝ որոնք կազմվել են իշխանությունների կողմից քաղաքային տարածքը առավել լավ վերահսկելու համար[51][3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե գալլահռոմեական Պարիզիիում ապրում էր 6-ից 10 հազար մարդ, ապա արդեն V-VI դարերում բնակչության թիվը հասավ 15-ից 20 հազարի, XII-XIII դարերում՝ 50-ից 100 հազարի, XIV դարի առաջին քառորդին՝ ավելի քան 200 հազարի, իսկ XV դարի վերջին՝ 300 հազարի (բնակչության առաջին մեծ հոսքը տեղի է ունեցել XIII դարում՝ Ֆիլիպ II Օգոստոսի պարսպի կառուցումից հետո)։ Մերովինգների ժամանակաշրջանում Փարիզի բնակչությունը բաղկացած էր խիստ ռոմանացված գալլահռոմեցիներից՝ աստիճանաբար ձուլված եկվոր ֆրանկներից կազմված զինվորական վերնախավին։ Կարոլինգների ժամանակաշրջանում քաղաքի հիմնական բնակիչները և եկվորները խոսում էին ռոմանական տարբեր բարբառներով, որոնք ծագում էին լատիներենի գավառական խոսվածքներից (դրանց միջև տարբերությունները այնքան էական էին, որ, օրինակ փարիզցին չէր հասկանում Թուլուզի բնակչի լեզուն)։ Հարյուրամյա պատերազմը (1337-1453)՝ ուղեկցվելով ժանտախտի համաճարակով, չափազանց ցուրտ ձմեռներով, պարբերական անբերրիությամբ և դրան հաջորդող սովի տարիներով (երբ գայլեր էին հանդիպում նույնիսկ մայրաքաղաքի արվարձաններում), հանգեցրեց բնակչության զգալի մասի կորստին։ XIV դարի վերջից մինչև XV դարի կեսերը բազմաթիվ քաղաքային թաղամասեր լքվեցին (ճգնաժամի գագաթնակետին բնակչության թիվը կրճատվեց մինչև 100 հազար), բայց խաղաղ ժամանակ Փարիզի բնակչությունը ի հաշիվ ներգաղթի վերականգնվեց և սկսեց սրընթաց կերպով աճել։ XV դարի երկրորդ կեսին երկրի քաղաքական և տնտեսական միավորման հետ՝ սկսվեց նաև մեկ ընդհանուր լեզվի ձևավորումը (միասնական գրական ֆրանսերենը զարգացավ հյուսիս-ֆրանսիական բարբառի հիման վրա)[52][53][54][3][55][56][6][10][23]։

XIII դարի առաջին կեսի Փարիզի քարտեզ

Ֆիլիպ Օգոստոսի պարսպի (XIII դար) ներսում ընկած տարածքն անհավասարաչափ էր բնակեցված․ Սեն Դենի, Սեն Մարտեն և Սեն Ժակ գլխավոր փողոցների երկայնությամբ, Մեծ և Փոքր կամուրջների միջև, շինությունների խտությունը բավականին մեծ էր, սակայն քաղաքային պատվարին հարող կամ գետի երկայնությամբ տեղակայված (և, համապատասխանաբար վարարումներից տուժող) թաղամասերը համեմատաբար նոսր էին բնակեցված։ Աստիճանաբար բնակչության խտությունը ավելացավ, քանի որ Փարիզը գրավում էր մերձակա գյուղերի բնակիչներին, ինչպես նաև այլ գավառների և երկրների գաղթականներին։ Տարբեր դասերի քաղաքացիներ ապրում էին կողք-կողքի, բայց եկվոր վարձակալները, օրինակ, չէին խառնվում ֆեոդալ-հողատիրոջ ծառաների հետ՝ չնայած ապրում էին հարևանությամբ (սակայն, վարձակալների մեջ ևս հանդիպում էին ճորտեր)։ XIII դարի կեսերին Փարիզի և դրա շրջակայքի խոշոր վանական կալվածքներում առավել լայն տարածում գտավ ճորտերի հետգնումը՝ գումարի դիմաց անձնական ազատության ձեռքբերումը։ Օրինակ, Սուրբ Ժենևև աբբայությունում այդ գործընթացն ավարտվել է 1248 թվականին, Սեն Ժերմեն դը Պրեի աբբայությունում՝ 1250 թվականին, իսկ թագավորական դոմենի ճորտերը (Փարիզի շրջան) ազատություն են ձեռք բերել 1246-1263 թվականներին։ Այսպես, XIII դարի վերջին Փարիզի բնակչությունը ձևականորեն ազատ էր, բայց, ենթադրվում է, որ եղել են բազմաթիվ կախյալներ[3]։

XIII դարից սկսած հաստատվեց փարիզցիներին մկրտության ժամանակ տրված անվամբ, մականունով և հասցեով նույնականացնելու ավանդույթը։ Մականվան փոխարինումը ազգանունով ավարտվել է XIV դարում (ազգանունների մեծ մասը ծագել է տեղանուններից, որտեղից սերել է անվանակիրը, կամ նրա մասնագիտությունից, օրինակ, Պիկար՝ «Պիկարդիայի բնակիչ», Բուշե` «մսագործ»), սակայն կանանց հաճախ կոչում էին անունով (ամուսնանալուց հետո նրանք ոչ միշտ էին վերցնում ամուսնու ազգանունը՝ պահպանելով հայրականը)։ XIV դարի երկրորդ կեսին բացի ծխական համայնքների բաժանումից, ի հայտ եկավ նաև քաղաքի բաժանումն ըստ թաղամասերի, որոնք կառավարվում էին նոտաբլների կողմից (բավական էր միայն նշել թաղամասի հսկիչին և արդեն հասկանալի էր թե որ թաղամասի մասին է խոսքը)։ Յուրաքանչյուր թաղամաս ուներ քաղաքային աշխարհազոր ջոկատ և բաժանվում էր հիսունյակների, դրանք էլ իրենց հերթին տասնյակների՝ համապատասխան ղեկավարներով։ Փարիզի բնակչության զգալի մասը կազմում էին մերձակա ավաններից և գյուղերից (այդ թվում նաև մայրաքաղաքի աբբայությունների ենթակայության տակ գտնվող) եկվորները։ Մնացած մասը գաղթականներ էին Ֆլանդրիայից, Պիկարդիայից, Շամպայնից, Բուրգունդիայից (XV դարի երկրորդ կեսին Փարիզում հաստատվեցին շատ գաղթականներ Լուարի հովտից), ինչպես նաև անգլիացիներ (այդ թվում գաղթականներ Նորմանդիայից), գերմանացիներ, իտալացիներ, հրեաներ և գնչուներ։ Մասամբ մայրաքաղաքում հաստատված եկվորների ևս մեկ խումբ եղել են վարձկաններ, արագոնցիներ, նավառացիներ, բասկեր, գասկոններ, բրաբանտներ, գերմանացիներ, ովքեր զինվորական ծառայության մեջ են եղել արքայի և արքայազնի մոտ։ Գավառներից և գյուղերից եկած բնակիչները բավականին արագ ձուլվում էին տեղացիներին, բայց մշտական դարձած ներգաղթի ալիքը պահպանում էր «փարիզցիների» և «ոչ փարիզցիների» միջև հակադրությունը (այդ պատճառով համաճարակները, բարձր մահացությունը և ծնելիության անկումը ճգնաժամային շրջաններում չէին հանգեցնում բնակչության թվի կրճատմանը, որը լրացվում էր եկվորների հաշվին)[3][56][57][28]։

Միջնադարյան Փարիզում ձևավորվել էր դրան բնորոշ խոսվածք, որն արտացոլում էր տեղական օրացույցի առանձնահատուկ գծերը և նախընտրելի սրբերին (օրինակ Վերոնիկային անվանում էին «Վենիս», Սուրբ Մարկին՝ «Սուրբ Մաար»)։ Խոսվածքի բաղկացուցիչ մասն էին տեղական հայհոյանքները, բայց վիրավորանքները և աստվածանարգությունը պատժվում էին տուգանքներով և նույնիսկ մարմնական պատիժներով՝ ընդհուպ մինչև անարգանքի սյունին գամել, խարանել, ձերբակալել)։ Վիրավորված կանայք ձգտում էին հրապարակայնորեն վերականգնել իրենց պատիվը, ինչպես նաև վիրավորողներից տուգանք էին պահանջում։ Բացի այդ, վիրավորական էր համարվում առանց թույլտվության կնոջ հագուստին (գոտի, շրջազգեստ) կամ մազերին հպվելը, ուրիշի երեխայի գլուխը շոյելը)[56]։

Հրեաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալիայում հրեա բնակչություն հայտվել է դեռևս Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում, իսկ Փարիզում հրեական գաղութի մասին առաջին վկայությունները վերաբերում են IV-V դարերին (Մերովինգների ժամանակաշրջանում հրեական ոչ մեծաթիվ համայնք հաստատվել է Սիտեի հարավային դարպասների մոտ, Ժուիֆ փողոցում)։ Վաղ միջնադարից հրեաների ձեռքում էր գտնվում Արևմտյան Եվրոպայի և Արևելքի երկրների (Բյուզանդիա, Եգիպտոս, Արաբիա, Բաբելոն և Պարսկաստան) միջև իրականացվող առևտրի զգալի մասը, նրանցից շատերը հանդես էին գալիս որպես եվրոպական միապետերի առևտրային և ֆինանսական գործակալներ (օրինակ փարիզցի առևտրական Պրիսկը՝ Խիպերիկ I-ի օրոք)։ Հրեաների հանդեպ առավել թշնամաբար էր վերաբերվում կաթոլիկ հոգևորականությունը՝ պարբերաբար թագավորներին դրդելով հարկադրաբար մկրտել կամ վտարել նրանց երկրից։ Մերովինգյան թագավորները հրեաներին ամբողջությամբ թողեցին եկեղեցու տիրապետության տակ և ենթարկեցին եկեղեցական կանոնադրությանը (խստիվ արգելվում էին հրեաների և քրիստոնյաների միջև ամուսնությունները, հրեաներին արգելվեց փողոցում երևալ Ավագ շաբաթվա և Զատիկի օրերին, ինչպես նաև քրիստոնյա ստրուկներ ունենալ)։ Հրեաների դարձի գալու հարցում առավել նախանձախնդրություն դրսևորեցին արքա Խիլպերիկ I-ը և եպիսկոպոս Գրիգոր Տուրցին, ում ջանքերով մի շարք փարիզցի հրեաներ մկրտվեցին[58][59]։

Հրեաների արտաքսումը 1182 թվականին։ Մանրանկար «Մեծ ֆրանսիական խրոնիկաներից»

612 թվականին Փարիզում բնակություն են հաստատել հայրենիքից վեստգոթ Սիսեբուտ արքայի քաղաքականության հետևանքով վտարված որոշ իսպանական հրեաներ։ 614 թվականի «Փարիզյան էդիկտի» համաձայն՝ հրեաներին արգելվեց Ֆրանկական թագավորությունում պետական ծառայություն իրականացնել։ Դագոբերտ I թագավորը 629 թվականին՝ եկեղեցու համաձայնությամբ և բյուզանդական կայսր Հերակլիոս I-ի նամակի ազդեցության տակ, հրաման արձակեց, որի համաձայն տեղի բոլորը հրեաները, որոնք կհրաժարվեին մկրտվելուց, հարկադրված էին լքել երկիրը (նա նաև արտաքսեց հարևան Իսպանիայից փախած հրեաներին)։

Կառլոս Մեծի օրոք, ով կարևորում էր հրեաների դերը միջազգային առևտրի ոլորտում և հովանավորում էր նրանց, հրեաների նկատմամբ հետապնդումները ժամանակավորապես դադարեցվեցին, իսկ Փարիզում սկսեցին բնակություն հաստատել Հյուսիսային Իտալիայից եկած հրեա վաճառականներ։ Կառլոս Մեծը խրախուսում էր հրեաների առևտրային մասնակցությունը, նրանց թույլատրում էր անշարժ գույք գնել, զբաղվել նավագնացությամբ և արհեստներով։ Նրա որդի Լյուդովիկոս I Բարեպաշտը նույնպես պաշտպանում էր հրեաներին կաթոլիկ հոգևորականության հարձակումներից և նույնիսկ հատուկ պաշտոնյա էր նշանակել (լատին․՝ magister judaeorum), որը հետևում էր հրեաների քաղաքացիական և առևտրային իրավունքների պահպանմանը[60]։

Խաչակրաց արշավանքների սկսելուց հետո (XI դարի վերջ) փարիզցի հրեաների, ինչպես նաև Արևմտյան Եվրոպայի բոլոր հրեաների հասարակական և տնտեսական դրությունը վատթարացավ։ Նրանք հաճախ ենթարկվում էին խաչակիրների հարձակումներին, իսկ քրիստոնյա վաճառականները աստիճանաբար հրեաներին դուրս էին մղում Արևելքի երկրների հետ շահութաբեր առևտրից։ Հրեաների նկատմամբ հետապնդումները ուժգնացան հատկապես Ֆիլիպ II Օգոստոս արքայի օրոք, ով պատերազմներ վարելու համար մշտապես գումարի կաիրք ուներ։ 1181 թվականին նա հրամայեց ձերբակալել փարիզցի բոլոր հրեաներին և կնիք դնել նրանց գույքի վրա (հրեաներիը կարող էին այն փրկագնել 15 հազար մարկ արծաթով)։ 1182 թվականին Ֆիլիպ II-ը հրաման արձակեց, որի համաձայն իր ենթակայության տակ գտնվող տարածքներում ապրող հրեաները 3 ամսվա ընթացքում պետք է ազատեին թագավորական դոմենը։ Նրանց թույլատրվում էր իրենց հետ վերցնել կամ վաճառել միայն շարժական գույքը, իսկ տունը, այգիները, գինու մառանները և ամբարները անցնում էին գանձարանին (լքված սինագոգները անցնում էին եկեղեցուն)։ Փարիզցի շատ հրեաներ ապաստան գտան ֆրանսիական ֆեոդալների կալվածքներում, մյուս մասը փախավ Անգլիա և Պրովանս[61]։

1198 թվականին Ֆիլիպ II-ը վտարված հրեաներին թույլ տվեց կրկին վերադառնալ իր տարածքներ՝ նրանցից գանձելով մեծ հարկեր՝ Փարիզում ապրելու և առևտրով զբաղվելու համար (հենց այդ ժամանակ է Եհուդա բեն Իցհակը հիմնադրել փարիզյան եշիվան)։ Թագավորական դոմենի հրեաներն ի տարբերություն իսպանացի և պրովանսցի հրեաների, արհամարհում էին աշխարհիկ գիտություններն ու փիլիսոփայությունը՝ իրենց ուշադրությունը կենտրոնացնելով Թալմուդի ուսումնասիրությանը։

XIII դարի սկզբին Փարիզում էին թաքնվում որոշ հրեաներ Պրովանսից, ովքեր փախել էին ալբիգոյանների դեմ ուղղված ճնշումներից և այնտեղ ինկվիզիցիաի կամայականություններից, սակայն Լյուդովիկոս IX-ը հրեաներին հետապնդում էր նաև մայրաքաղաքում։ 1240 թվականի հունիսին արքունական բարձր պաշտոնյաների, հոգևորականության և ազնվականության մասնակցությամբ Փարիզում դիսպուտ տեղի ունեցավ 4 ռաբբինների միջև, որի գլուխ կանգնած էին փարիզյան եշիվայի ղեկավար Յեհելը և մկրտված հրեա Նիկոլա Դոնինը, ով Գրեգորի IX պապին հայտնել էր Թալմուդի՝ քրիստոնյաների համար վնասաբեր ու աստվածանարգ բովանդակության մասին։ Չնայած ռաբբինների փաստարկներին՝ Թալմուդի ճակատագիրը կանխորոշված էր։ 1242 թվականին 24 սայլեր՝ բեռնված ամբողջ Ֆրանսիայից հավաքված գրքերով, հրապարակայնորեն այրվեցին Օտել դը Վիլի հրապարակում։ Թալմուդյան գրքերի վերացումը քայքայեց հրեական գիտությունը Ֆրանսիայում, հանգեցրեց ռաբբինական դպրոցների թվի կրճատմանը և թեոսոֆիստների գործունեության մարմանը[62]։

1290 թվականին Փարիզում հաստատվեցին Անգլիայից՝ Էդուարդ I-ի հրամանով արտաքսված, մեծաթիվ հրեաներ։ Բայց ֆրանսիացի թագավոր Ֆիլիպ IV-ը ևս հրեաների վրա մեծ հարկեր դրեց՝ ոչ հազվադեպ սպառնալիքների ու ձերբակալությունների գնով խլելով նաև ունեցվածքն ու կարողությունը։ 1306 թվականին Ֆիլիպ IV-ը հրամայեց միամսյա ժամկետում բոլոր հրեաներին վտարել երկրից և բռնագրավել նրանց ունեցվածքը (հրեաներին թույլատրվեց միայն վերցնել ճանապարհի համար ամենաանհրաժեշտ հագուստ և սնունդ)։ Փարիզցի հրեաների մեծ մասը փախավ Հարավային Ֆրանսիա և Իսպանիային սահմանակից շրջաններ։ 1315 թվականին Լյուդովիկոս X թագավորի օրոք նրանց մի մասը վերադարձավ մայրաքաղաք։ Չնայած արքայի թույտվությանը՝ հրեաները ապրում էին մշտական վախի մեջ, զգուշանալով խաչակիրների կողմից նոր կոտորածներից՝ հրահրված եկեղեցու կամ ժողովրդական ժանգվածների կողմից, ովքեր ատում էին հրեա վաշխառուներին (1380 թվականի նոյեմբերին չարացած ամբոխը մայրաքաղաքում հրեաների ջարդ կազմակերպեց)։ Հրեաների աստիճանական ելքը Փարիզից արագացրեց Կառլ VI1394 թվականի հրամանը, որով նա պահանջում էր վերջիններից վերջնականապես լքել Ֆրանսիան։ Հազարավոր գաղթականներ բնակություն հաստատեցին Գերմանիայում, Իտալիայում և Իսպանիայում, ինչից հետո Հյուսիսային Ֆրանսիայում արդեն գոյություն չունեին հրեական համայնքներ մինչև XVII դարը (Փարիզում հազվադեպ կարելի էր հանդիպել Իսպանիայից եկած մարաների)[63][64]։

Իտալացիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալացի առևտրականները վաղ միջնադարից Փարիզում մշտական հյուրեր են եղել։ Շամպայնի տոնավաճառների փակվելուց հետո իտալական վաճառականները սկսեցին տեղափոխվել Փարիզ, որը վերածվել էր տարանցիկ ուղու մի կողմից Իտալիայի, մյուս կողմից Ֆլանդրիայի և Անգլիայի միջև։ Մայրաքաղաքն իր արքայական պալատով, բարձր հոգևորականությամբ և հարուստ արիստոկրատիայով գրավում էր իտալացի վաճառականներին՝ պերճանքի իրերով։ XIV դարում մայրաքաղաքում բնակություն էր հաստատել Լուկայի և Սիենայի գաղթականների խոշոր համայնք, որը զբաղվում էր ֆինանսական գործառնություններով, արտաքին առևտրով և միջնորդությամբ (մայրաքաղաքում կային նաև Պիաչենցայից, Վենետիկից, Պիզայից, Ջենովայից և Իտալիայի այլ քաղաքներից եկած գաղթականների գործող միություններ)։ Շատ իտալացիներ ձեռք բերեցին սեփական տներ, բայց ձգտում էին չձուլվել փարիզյան խոշոր բուրժուազիային (չնայած բուրժուազիայի հետ բազմաթիվ կապեր էին հաստատում, քանի որ նույնպես ծառայում էին արքաներին և դքսերին)[65][57]։

Իտալական համայնքի վառ ներկայացուցիչ էր Լուկայից գաղթած ազդեցիկ վաճառական Դիգնե Ռեսպոնդեն։ Նա իր գրասենյակները ուներ Փարիզում, Բրյուգգեում և Մոնպելյեում, զբաղվում էր միջազգային առևտրով և ծովային փոխադրումներով, դրամի փոխանակությամբ, մահմուդի, մետաքսի և թանկարժեք քարերի վաճառքով։ Ռեսպոնդեն Բուրգունդիայի դուքս Ֆիլիպ II-ի խորհրդականն էր և սերտ կապեր ուներ Ֆրանսիայի թագավորական պալատի հետ։ 1384 թվականին Կառլ VI թագավորը ֆրանսիական հպատակություն շնորհեց Ռեսպոնդեի ամբողջ ընտանիքին (երկու եղբայրներին և զարմիկին), իսկ ինքը՝ Դիգնե Ռեսպոնդեն, Փարիզի քաղաքացու կոչում ստացավ։ Դիգնե Ռեսպոնդեն պատմության մեջ մտել է արմանյակների և գուրգինյոնների միջև տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի ընթացքում դուքս Լյուդովիկոս Օռլեանցու սպանությամբ (1407)։ Ավելի ուշ նա բնակություն է հաստատել Բրյուգգեում, որտեղ էլ մահացել է, բայց նրա ընտանիքը կարողացել էր մնալ Փարիզում՝ պահպանելով հարուստ հաճախորդներին ու թագավորի համակրանքը[65]։

Կրթություն և գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեն Ժուլիեն լե Պովր եկեղեցին, որում անցկացվել են Փարիզի համալսարանի արվեստների ֆակուլտետի հավաքները

Փարիզի առաջին դպրոցները, որոնք կղերական բնույթ ունեին, ծագել են XII դարում Փարիզի Աստվածամոր տաճարի պատերի ներսում։ Շուտով, ձգտելով ազատվել եպիսկոպոսի խնամակալությունից, ուսուցիչների և աշակերտների մի մասը տեղափոխվում է ձախ ափ՝ առավել լիբերալ՝ Սենտ Ժենևև և Սեն Վիկտոր աբբայությունների հովանավորության տակ, որտեղ և հիմնում է համալսարան։ Փարիզյան դպրոցի մագիստրոսների և ուսանողների միավորումն իր իրավունքներն ու ազատություններն օրինականացնող թագավորական առաջին արտոնությունը (ինչպես նաև դպրոցի դուրս բերումը թագավորական պրեվոյի իրավասությունից) ստացել է 1200 թվականի խարտիայում, դպրոցականների խորհրդի մասին հիշատակվել է 1207 թվականի եպիսկոպոսական ակտում, իսկ դասախոսների խորհրդի՝ 1208 թվականի ակտում (իր պաշտոնական անվանումը Փարիզի համալսարանը ստացել է միայն 1217 թվականին, ֆակուլտետներն առաջին անգամ հիշատակվել են 1219 թվականին)։

Տաճարական դպրոցի ղեկավարին ենթարկվելուց դասախոսների և աշակերտների հրաժարումն առաջացրեց եպիսկոպոսի և Սենտ Ժենևև վանքի վանահոր հակազդեցությունը (1221 թվականին Հոնորիուս III պապի աջակցությունը աբբային, ամրապնդեց ապագա Լատինական թաղամասի դիրքերը)։ 1215 թվականին կարդինալ Ռոբեր դը Կուրսոնը մշակեց համալսարանական կանոնադրության առաջին հոդվածները (հենց նրա մշակած ակտում է առաջին անգամ հանդիպում «լատին․՝ Universitas magistrorum et scolarium» անվանումը)։ 1231 թվականին հռոմի պապ Գրիգոր IX-ի կոնդակը նպաստեց համալսարանի հետագա ինքնավարությանը։ Չնայած նրան, որ սկզբում դասախոսությունները անցկացվում էին ախոռներում և ցախանոցներում, արդեն XIII դարի կեսերին Փարիզի համալսարանն իր չորս ֆակուլտետներով ստվերում թողեց Բոլոնիայի համալսարանը (Ֆրանսիայում Փարիզի մրցակիցը Օռլեանի և Մոնպելիեի դպրոցներն էին)։ Աստվածաբան Ռոբեր դը Սորբոնը՝ Լյուդովիկոս IX թագավորի խոստովանահայրը, 1253 թվականին Կուպ Գել փողոցում հիմնադրել է մի քոլեջ, որի անունից էլ ամբողջ համալսարանը ստացել է իր երկրորդ անվանումը։ Ավելի ուշ Սորբոնի մոտ հիմնվել է տպարան, որտեղ 1469 թվականին, հրատարակվել է առաջին գիրքը Փարիզում[48][66][67][68]։

Լատինական թաղամասը ակտիվորեն զարգացել է XIII դարի ամբողջ ընթացքում՝ ստիպելով նահանջել Սիտեում և Փոքր կամրջի մոտ գտնվող հին տաճական դպրոցներին։ Սկզբնական շրջանում քոլեջները (լատին․՝ Collegium pauperum magistrorum) ոչ մեծ և բավականին անհրապույր կառույցներ էին, որտեղ զվարճությունների, խաղերի, հարբեցողության և ծեծկռտուքների աղմկոտ մթնոլորտում ապրում և սովորում էին մոտ 10 հազար պատանիներ (այլ տվյալներով, 75 քոլեջներում, որոնք ձգվում էին Մոբերի հրապարակից մինչև Սենտ Ժենևև բլուր և ֆինանսավորվում հարուստ արիստոկրատների և կրոնական միաբանությունների կողմից, սովորել է մոտ 40 հազար մարդ)։ Միջին դարերում Փարիզի համալսարանն իր կազմում միավորում էր սովորողներին, դասախոսներին և նույնիսկ նրանց, ովքեր զբաղվում էին համալսարանի սպասարկմամբ (գրքավաճառներ, գրագիրներ, հանձնակատարներ, դեղագործներ և պանդոկապաններ)։ Դասախոս կարող էին աշխատել միայն բակալավրի, մագիստրոսի և դոկտորի գիտական աստիճան ունեցող անձինք։ Բոլոր դասախոսները միավորվում էին, այսպես կոչված, ֆակուլտետներում (հետագայում նույն անվան տակ սկսեցին հասկանալ համալսարանի բաժանմունք, որում դասավանդվում էր գիտության որոշակի ոլորտ)՝ ընտրելով համապատասխան ղեկավար՝ դեկան։

Փարիզի համալսարանում գործել են չորս ֆակուլտետներ՝ մեկ «կրտսեր» կամ «գեղարվեստական» (այսպես կոչված «արվեստների ֆակուլտետ»), որտեղ ուսումնասիրում էին «յոթ ազատ արվեստները» (լատին․՝ trivium՝ քերականություն, ճարտասանություն և տրամաբանություն, լատին․՝ quadrivium՝ թվաբանություն, երկրաչափություն, երաժշտություն և աստղագիտություն), և երեք «ավագ»՝ բժշկական, իրավաբանական և աստվածաբանական (դրանցում կարող էին ընդունվել միայն «կրտսեր» ֆակուլտետն ավարտած ուսանողները)։ Ընդ որում՝ Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում դասավանդվում էր միայն կանոնական իրավունք, իսկ քաղաքացիական իրավունք սովորելու համար հարկավոր էր գնալ Օռլեան (1229 թվականի «Super speculam» կոնդակով Հռոմի պապ Հոնորիուս III-ը, սպառնալով վտարել եկեղեցուց, արգելեց Փարիզում և դրա արվարձաններում անցկացնել քաղաքացիական իրավունքի պարապմունքներ կամ մասնակցել դրանց)[66][69][70][23][68]։

Լյուդովիկոս Մեծի լիցեյը՝ տեղակայված Լատինական թաղամասի կենտրոնում՝ միջնադարյան Փարիզի համալսարանի տեղում

Ուսանողների թվով ամենամեծը «գեղարվեստական» ֆակուլտետն էր, որն ավարտելը հնարավորություն էր տալիս ստանալու «արվեստների» բակալավրի կամ մագիստրոսի աստիճան և դասավանդելու տվյալ առարկան։ Ըստ ուսանողների թվի՝ հաջորդը կանոնական իրավունքի ֆակուլտետն էր։ Այն մեծ հեղինակություն ուներ, քանի որ իրավաբանական կրթությունը կարիերայի լավ հնարավորություն էր ստեղծում թե՛ եկեղեցական, թե՛ աշխարհիկ աշխարհում։ Աստվածաբանության երկար և բարդ դասընթացը ուսումնասիրում էին քչերը (Միջնադարի վերջում Մուրացիկ միաբանության վանականները) և XIII դարից սկսած աստվածաբանները դժգոհում էին իրավաբանների հետ մրցակցությունից, ովքեր ավելի մեծ թվով ուսանողների էին կարողանում գրավել դեպի իրենց ֆակուլտետ։ Համալսարանի սովորողները կոչվում էին «ուսանողներ» (լատ․ լատին․՝ studere՝ եռանդով պարապել) և իրենց հերթին միավորվում էին չորս միություններում՝ գալլական (այն ներառում էր ֆրանսիացիների, իսպանացիների, իտալացիների և Արևելքի Խաչակրաց պետությունների բնիկների), նորմանդական, անգլիական և պիկարդիական։ Յուրաքանչյուր միության գլխին կանգնած էր պրոկուրատոր (լատ․ լատին․՝ cura- խնամք, հոգատարություն), իսկ բոլոր չորս միությունները միասին ընտրում էին ամբողջ համալսարանի ուսանողության ղեկավարի՝ ռեկտորի (լատին․՝ rector՝ կառավարիչ)։ Ուսուցման կարևորագույն մասն էին դիսպուտները (բանավեճ), որոնք հաճախ այնքան բուռն էին, որ ավարտվում էին ծեծկռտուքով։ Համալսարանական գիտությունն անվանվում էր սխոլաստիկա, բայց այդ հասկացության ժամանակակից ըմբռնմամբ այն գիտություն չի համարվում, այլ միայն աստվածաբանության և Արիստոտելի (ում տրակտատները «գեղարվեստական» ֆակուլտետի ուսուցման հիմքն էին) տրամաբանության սինթեզն է։

Համալսարան ընդունվողների միայն մեկ երրորդ մասն էր ստանում բակալավրի, և 1/16-ը՝ մագիստրոսի աստիճան։ Մյուսները լքում էին համալսարանը, ընդհանրապես ոչ մի գիտական աստիճան չստանալով՝ բավարարվելով միայն «կրտսեր» ֆակուլտետում ձեռք բերած գիտելիքներով։ XV դարում ուսանողների ընդհանուր թիվը կրճատվեց, ընդ որում՝ հիմնականում արտասահմանցիների հաշվին, մինչդեռ ֆրանսիացիների թիվը ավելացավ[71][70][68]։

Վաղ ֆրանսիական հումանիզմի բնօրրան Նավարայի քոլեջը։ Քոլեջի XV դարի կեսերի տեսքը

Անվանի փիլիսոփա և աստվածաբան, Փարիզի համալսարանի մագիստրոս Ամորի Շարտրացին իր պանթեիստական դրույթներով հակադրության մեջ մտավ կաթոլիկ եկեղեցու ուսմունքի հետ, պնդելով՝ «Աստված ամեն ինչն է»։ Եկեղեցին դատապարտեց Ամորի Շարտրացուն և ստիպեց հրաժարվել իր համոզմունքներից, բայց վերջինը բազմաթիվ հետևորդներ ուներ, այդ թվում Փարիզի համալսարանի ներսում, որոնք ուսուցչի մահից հետո ևս (1204) շարունակեցին դասավանդել նրա հայացքները։ 1210 թվականին եկեղեցական ժողովի վճռով Ամորի Շարտրացու 10 հետևորդներ խարույկի վրա այրվեցին, Շարտրացու մասունքները հանվեցին գերեզմանից և նույնպես խարույկը նետվեցին։ Ամորիի մյուս աշակերտներին, այդ թվում՝ Դավիթ Դինանցուն, եկեղեցին հայտարարեց հերետիկոս և բանտ նետեց՝ նախապես բռնագրավելով և ոչնչացնելով նրա աշխատությունները։ Արիստոտելի, այդ ժամանակ արաբ թարգմանիչների շնորհիվ Եվրոպայում հայտնի դարձած, բոլոր աշխատաությունները մետաֆիզիկայից և ֆիզիկայից, Իննոկենտիոս III պապի կոնդակով արգելվեցին։ Մինչև XIII դարի 70-ական թվականներն այդ արգելքն ուժի մեջ է եղել, իսկ այն խախտել փորձող համարձակներին եկեղեցին դաժանորեն պատժել է (օրինակ, Փարիզի համալսարանի մագիստրոս Սիգեր Բրաբանտցուն)։

1255 թվականին եկեղեցին Փարիզի համալսարանից վտարեց իր բոլոր գաղափարական հակառակորդներին և Ալեքսանդր IV պապի հատուկ կոնդակով ամբիոններում արտոնյալ կարգավիճակ ապահովվեց Դոմինիկյան և Ֆրանցիսկյան միաբանությունների աստվածաբանների համար։ Ուղղափառ սխոլաստիկայի գլխավոր համակարգողը «Եկեցեղու գլխավոր ուսուցիչ», փիլիսոփա և աստվածաբան Թովմա Աքվինացին էր, ով XIII դարի կեսերին դասավանդում էր Փարիզի համալսարանում և Դոմինիկյան միաբանության անդամ էր (նա քրիստոնեական դավանանքը միավորել էր Արիստոտելի՝ ավելի վաղ հալածանքի ենթարկվող փիլիսոփայությանը)։

XIV դարում համալսարանի մագիստրոսները բարձր պաշտոններ էին զբաղեցնում՝ լինելով արքայի խորհրդականներ, վերլուծաբաններ և տեղեկատուներ, բայց ավելի ուշ թագավորության կառավարման գործում նրանք մեծ դերակատարում չեն ունեցել [72][73][68]։

XIV դարի վերջին և XV դարի սկզբին Փարիզի համալսարանը, և հատկապես դրա ազդեցիկ աստվածաբանական ֆակուլտետը, ներքաշվեց Արևմտյան մեծ պառակտման շուրջ ծավալված սուր կրոնական հակամարտության մեջ (1378-1417)։ 1393 թվականին համալսարանը մեծ խորհրդակցություն կազմակերպեց, որի ընթացքում կողմերը փորձեցին նախանշել եկեղեցու միասնականության վերականգնման ուղիներ, 1398 և 1407 թվականներին Սորբոնը աջակցեց ֆրանսիական եկեղեցու հրաժարմանը պապական իշխանությանը ենթարկվելուն։ Մեծ պառակտման ժամանակաշրջանում փարիզյան մագիստրոսների միջազգային հեղինակությունը և թագավորության քաղաքական կշիռը միավորվեցին համալսարանական աշխարհին կարևորություն տալու համար։ Բացի այդ, համալսարանը, ինչպես և ամբողջ Փարիզը, ներքաշված էր արմանյակների և բուրգինյոնների միջև ընթացող դաժան պայքարի մեջ (օրինակ, 1395 թվականին համալսարանի կանցլեր էր ընտրվել Փարիզի Աստվածամոր տաճարի կանոնիկոս Ժան Ժերսոնը, ով վայելում էր Բուրգունդիայի դքսի հովանավորությունը, բայց 1414 թվականին նա խզեց հարաբերություննրեը բուրգինյոնների հետ և մասնակցեց Կոնստանսյան եկեղեցական ժողովին)՝ չնայած դասախոսների և ուսանողների մեծ մասը քաղաքականությամբ չէր զբաղվում[70]։

Փարիզի համալսարանի դոկտորների ժողով։ Մոտավորապես 1530 թվականի մանրանկար

XII դարում Փարիզում սկսեցին ի հայտ գալ նաև ոչ եկեղեցական դպրոցներ, որոնք սկզբունքորեն նոր երևույթ էին միջնադարյան հասարակության ինտելեկտուալ կյանքում։ Դրանց բնորոշ առանձնահատկությունն այն էր, որ մասնավոր էին, ուսուցումը դրանցում վճարովի էր։ XII դարի կեսերին Արևմտյան Եվրոպայի ամենահայտնի ոչ եկեղեցական դպրոցները փիլիսոփաներ և աստվածաբաններ Գիյոմ Կոնշացու և Պիեր Աբելյարի փարիզյան դպրոցներն էին։ Աբելյարի, ով նոմինալիզմին հարող գաղափարներ ուներ, անողոք փիլիսոփայական պայքարը փարիզյան տաճարական դպրոցի ղեկավար Գիյոմ Շամպոյացու հետ, ով հարում էր ռեալիզմին, հանգեցրեց սուր կոնֆլիկտի Աբելյարի և եկեղեցու միջև։ Ոչ եկեղեցական դպրոցներին բնորոշ էր սովորողների առանձնահտուկ կազմը, որոնց մեծ մասը «վագանտներն» էին (լատին․՝ vagari բայից, թարգմանաբար նշանակում է թափառել) կամ «գոլիարդները», ովքեր մի դպրոցից մյուսն էին տեղափոխվում իրենց՝ գաղափարակն առումով ավելի մոտ ուսուցիչ գտնելու համար։

Այսպիսով, XII-XIII Փարիզում գոյություն են ունեցել երեք տիպի ուսումնական հաստատություններ․ Փարիզի Աստվածամոր տաճարի դպրոցների խումբը, որոնք ղեկավարում էին կապիտուլի պաշտոնյաները (երգչախմբավարը վերահսկում էր թեմական սկզբնական դպրոցները, իսկ կանցլերը՝ բարձրագույն), խոշոր աբբայությունների դպրոցները (Սենտ Ժենևև, Սեն Վիկտոր, Սեն Ժերմեն դը Պրե), և մասնավոր դպրոցներ՝ բացված կղերականների կողմից, որոնք ստացել էին մագիստրոսի աստիճան և գտնվում էին եպիսկոպոսի կամ կանցլերի հսկողության տակ։ Որպես կրթության միջազգային կենտրոն՝ Փարիզը խորացած էր դիալեկտիկայի և աստվածաբանության ուղղություններով[74][75][68]։

Միջնադարյան Փարիզում հազարավոր ուսանողներ էին ապրում։ Ամենաերիտասարդները՝ 13-14 տարեկանները, ուսումը սկսում էին «արվեստների» ֆակուլտետից և ստանում միայն հիմնական կրթություն։ Նրանց փոքր մասն էր բարձրագույն կրթության կուրսը շարունակում մինչև լիցենցիատ, որը հնարավորություն էր տալիս լավ պաշտոն ունենալ։ Ամենաընդունակներն ու ամենահամառները ձեռք էին բերում դոկտորի աստիճան, որը թույլ է տալիս դասախոս աշխատել կամ բարձր տեղ զբաղեցնել եկեղեցում և թագավորական պալատում (այս ուսանողները հաճախ որևէ պաշտոն էին ձեռք բերում հենց քոլեջում)։ Երիտասարդ ուսանողների մեծ մասը հաճախում էր իր կողմից ընտրված համալսարանական պրոֆեսորի դասախոսություններին։ Պատանի ուսանողները բնակվում էին իրենց հարազատների կամ ծանոթների տանը, ապահոված ընտանիքներից եկածները տեղավորվում էին պանսիոնում, իսկ մեծահասակ ուսանողները իրենք էին իրենց համար տանիք գտնում․ նույնիսկ կարող էին ծառաներ ունենալ։

1180 թվականին Օտել Դիոյի շենքում սկսեցին խնամել և բուժել 18 դպրոցական-կղերականի, որոնք ավարտելուց հետո պարտավորվում էին, իրենց հերթին խնամել հիվանդանոցում մահացողներին և մասնակցել նրանց հուղարկավորությանը։ Ավելի ուշ դպրոցականները լքեցին անկելանոցը, և սեփական քոլեջը (XIII դարի սկզբին հիմնադրվել են Սենտ Օնորե քոլեջը և Սուրբ Թովմայի ուսանողների ապաստարանը Լուվրում)։ Այս քոլեջներն իրենցից ինտերնատներ էին ներկայացնում, որտեղ անվճար ընդունում էին աղքատ, բայց ընդունակ ուսանողներին (հետագայում դրանցում սկսեցին զբաղվել դասուսուցմամբ, իսկ ավելի ուշ անցան ամբողջական ուսուցման՝ ընդունելով նաև վճարովի ուսանողներ)[70][68]։

XV դարի երկրորդ կեսին համալսարանը և գիտնականների մի մասը հասան պապական իշխանությունից առավել մեծ ինքնավարության (XIII դարի սկզբից Փարիզի համալսարանը փաստացիորեն կառավարում էին պապը և նրա մարդիկ, այլ ոչ թե Ֆրանսիայի թագավորը կամ Փարիզի եպիսկոպոսը)։ Ակտիվորեն սկսեցին զարգանալ բժշկական և իրավաբանական ֆակուլտետները, նոր գիտաճյուղեր (ճարտարագիտություն, երկրաչափություն, տիեզերագրություն), հումանիտար հոսքի զարգացման հետ մեկտեղ վերակենդանացան գեղեցիկ արվեստները, փարիզյան ուսանողները սկսեցին առավել հաճախ մեկնել այլ երկրներ, հատկապես Իտալիա, իրենց համար գիտության նոր հորիզոններ և Վերածննդի ժամանակաշրջանի արվեստը բացահայտելու։ Բայց եկեղեցուց որոշակի ազատություն ձեռք բերելով՝ համալսարանն ընկավ թագավորական իշխանությունից կախվածության մեջ՝ զրկվելով իր արտոնությունների մի մասից[70][68]։

Բժշկություն և առողջապահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտել Դիո հիվանդանոցի ներքին բակը

Հիգիենայի և առողջապահության տեսանկյունից Միջնադարյան Փարիզը բավականին թույլ էր զարգացած։ Քաղաքային բակերում և ծայրամասերում հաճախ տնային թռչուններ և մանր անասուններ (խոզ, կով և ոչխար) էին պահում, ընդ որում՝ խոզերը իրենց համար սնունդ էին հայթայթում հենց քաղաքում, այնպես որ ամբողջ աղբը և սննդի մնացորդները ուղիղ փողոց էին նետվում։ Կեղտաջրերը կամրջի վրայով անմիջապես Սեն կամ դրա վտակ Բիևր էին թափվում։ Բնակելի թաղամասերում միախառնվում էին սպանդանոցները, կաշվի և ներկարարական արհեստանոցները, մսեղենի և ձկնեղենի խանութները։ Այդ իսկ պատճառով Փարիզն առանձնանում էր աղտոտվածությամբ և գարշահոտությամբ։ Չորային եղանակին քաղաքում գարշահոտ փոշու պատճառով դժվար էր լինում շնչելը, իսկ անձրևի ժամանակ փողոցները վերածվում էին իսկական ճահիճների։ Այս պայմաններում Փարիզին բնորոշ էր մահացության բարձր ցուցանիշը և հաճախակի տարածվող զանգվածային համաճարակները, ինչի դեմ միակ «բուժումը» համարվում էին կրոնական երթերը, հրապարակային քարոզները և սուրբ բժշկարարների մաղթանքները ինչպիսիք Սուրբ Ֆիրմինան կամ Սուրբ Անտոնն էին (այսպես, ժանտախտով հիվանդներին բերում էին Ժենևև աբբայություն կամ Փարիզի Աստվածամոր տաճար՝մեծացնելով հիվանդության տարածման վտանգը)։ Համաճարակները լրացնում էին բորը, դիզենտերիան և սովը՝ դեպի մայրաքաղաք քշելով ընչազուրկներին (օրինակ, XI դարում, սովի 48 տարի է եղել, Ֆիլիպ II Օգոստոսի օրոք 11 անգամ մոլեգնել է սովը)[76][77][43][28]։

VII դարի կեսերին Սիտե կղզում Փարիզի եպիսկոպոս Լանդրին հիմնել է քաղաքում առաջին հիվանդանոցը՝ Օտել Դիոն («Աստծո տուն»)։ Եկեղեցիների հովանու ներքո գտնվող նման հիվանդանոցները, որոնք ավելի շատ բարեգործական ապաստարաններ էին հիշեցնում կամ առողջապահական հիմնարկներ, կառուցվել են աբբայությունների և եկեղեցիների շուրջ՝ սպասարկելով աղքատներին։ Դրանցում հիմնականում վանականներ էին աշխատում (բժիշկներ այս հիվանդանոցներում հայտնվել են միայն XV դարումXIII դարում Լյուդովիկոսոս IX-ը հիմնում է կույրերի համար նախատեսված Քենզ-վեն հիվանդանոցը («Տասնհինգ-քսան»), որն այդպես է անվանվել այն պատճառով, որ դրա առաջին հիվանդները եղել են 300 խաչակիրներ (15 անգամ 20), ովքեր արշավանքի ժամանակ կորցրել էին տեսողությունը։ Անկելանոցները գործել են նվիրաբերությունների շնորհիվ, դրանք ժամանակավորապես ուտելիք և օթևան էին տալիս աղքատներին և ուխտագնացներին։ Քաղաքացիների մեծ մասի համար ընտանեկան բժիշկ էին աշխատում դեղագործները և հեքիմները, իսկ վիրաբուժական միջամտություն իրականացրել են սափրիչները, տատմայրերը, ատամնաբույժները։ Փարիզի համալսարանում բժշկական կրթություն ստացած բժիշկները, հաճախ էին ընդհարվում այդպիսի վիրաբույժների հետ և անում էին իրենցից կախված ամեն բան, նրանց գործունեությունը դադարեցնելու համար։ Իսկ 1452 թվականին բժիշկները հասան նրան, որ կղերականի կարգավիճակը ոչ պարտադիր դարձավ (չնայած գործնականում արդեն վաղուց այս կանոնը չէր պահպանվում)։ Միջնադարի վերջին փարիզյան անկելանոցները սկսեցին բժշկական ուղղվածություն ստանալ, իսկ քաղաքից դուրս գոյություն ուներ նաև բորոտանոց։ Բացի դրանից քաղաքում եղել են նաև հասարակաց տներ, բեգինների մեծ հանրակացարաններ, որտեղ կանայք գրեթե միանձնուհու կեսնակերպ էին վարում, միայնակ կանանց միավորումներ[78][56][70]։

1186 թվականին Ֆիլիպ II Օգոստոսը հրաման է արձակում Փարիզի փողոցների վերակառուցման մասին, որոնք հռոմեացիների ժամանակներից ծածկվել էին գարշահոտ աղբի հաստ շերտով։ Սկսված զանգվածային աշխատանքները երկու նպատակ էին հետապնդում․ մեծացնել երթևեկության անվանգությունը դյուրասահ ճանապարհների վրա և վերացնել գարշահոտությունը, որը զզվեցրել էր քաղաքաբնակներին։ Վերակառուցումը սկսվեց Բարիերի փողոցից, և աստիճանաբար քաղաքային հաղորդակցության ջրային ճանապարհները, հատկապես նրանք, որոնք տանում էին դեպի կամուրջները և նավահանգիստները, ինչպես նաև գլխավոր հրապարակները նորից սալարկվեցին (հատուկ ուշադրություն դարձվեց Սեն-Դենի, Սեն-Ժակ, Սենտ-Անտուան և Սենտ-Օնորե փողոցներին)։ Ֆիլիպ II-ի օրոք աղբից մաքրվեց նաև գերեզմանատները, այդտեղից վտարվեցին պոռնիկները։ Քաղաքային իշխանությունները բարեկարգեցին նաև Սենի ափը և նավահանգստային գոտիները, քաղաքացիներին պարտադրելով փողոցների մյուս՝ իրենց տանը մոտ գտնվող շինությունները ինքնուրույն մաքրել և անհրաժեշտության դեպքում վերանորոգել դրանք (հատկապես ողբալի վիճակում էր Անմեղների գերեզմանատունը Շամպոյի հարթավայրում, ուր աշխույժ առևտուր էր իրականացվում, հանդիպում էին սիրահարները, իսկ անձրևի ժամանակ այն գարշահոտ ճահճի էր վերածվում․ 1187 թվականին գերեզմանատունը շրջապատվեց քարե պարսպով)։ Ժամանակի ընթացքում արքայի կամ ֆեոդալի կողմից նշանակված հատուկ հսկիչները սկսեցին տուգանել բնակիչներին փողոցում աղբ թափելու համար, ովքեր փորձում էին սայլակներով աղբը քաղաքից դուրս տանել (փողոցներում աղբի հավաքման հետ կապված հրամանների և կարգադրությունների փաստագրական վկայություններ են եղել սկսած XIII դարից)։ Ֆիլլիպ IV-ի օրոք ծաղկող Փարիզը կարգ ու կանոնը պահպանելու տեսանկյունից չէր հարուցում բնակիչների կշտամբանքը[79][3][55][23][28][10]։

Օտել Դիո հիվանդանոցը։ XV դարի վերջի XVI դարի սկզբի փորգրանկար

XV դարի երկրորդ կեսին պառլամենտը Սուրբ Ժենևևի աբբայությանը կարգադրեց սապանդանոցները տեղափոխել քաղաքից դուրս (քաղաքամերձ Սեն-Մարսել), քանի որ վանքի ենթակայության տակ աշխատող մսագործները կենդանիների մնացորդները նետում էին անմիջապես կամրջի վրա, ինչի պատճառով գարշահոտություն էր տարածվում ամբողջ շրջանում (բացի դրանից մսագործներից պահանջեցին կեղտաջուրը և մյուս թափոնները հավաքել փակ տարրաների մեջ և դրանք նետել քաղաքից դուրս)։ XIV դարի վերջին Կառլ VI-ը միջոցներ հատկացրեց Բիևր գետը մաքրելու համար, որը մինչ այդ վերածվել էր կեղտաջրի առվի (այդ նպատակով քաղաքի կողմից ավելի վաղ տրամադրված գումարները ծախսվել էին Փոքր Շատլեի վերանորոգման վրա, ինչը հարուցել էր թագավորի դժգոհությունը)։ Վկայություններ կան, որ չնայած բոլոր ջանքերին՝ XV դարի սկզբին օրենքների կատարման նկատմամբ հետևողականությունն այդքան էլ խիստ չի եղել, օրինակ, Մոբեր հրապարակը՝ Փարիզի հիմնական առևտրային խաչմերուկներից մեկը, ծածկված էր աղբով։ XV դարի առաջին կեսին շատ տներ լքվեցին, ավերվեցին կամ կամայականորեն զավթվեցին թափառաշրջիկների և աղքատների կողմից[43]։

Միջնադարյան Փարիզում մեծ թիվ էին կազմում կենդանիները։ Փարիզցիները շներ էին պահում՝ ունեցվածքը հսկելու և որսորդության համար, պահում էին տարբեր թռչուններ․ երգող թռչուններ՝ հաճույքի համար, դրանց հիմնականում վանդակում էին պահում, որսկան թռչուններ՝ որսորդության համար, սպիտակ աղավնիներ՝ կրոնական տոների կամ արքաների մայրաքաղաք գալու համար։ Ազնվականները պահում էին վայրի կամ էկզոտիկ կենդանիներ (օրինակ, Բերիի դուքսը արջ էր պահում, իսկ թագավորական գազանանոցում, որը գտնվում էր Սեն-Պոլի առանձնատան այգում, կային նաև առյուծներ)։ Բեռների փոխադրման և մարդկանց տեղափոխման համար ձիեր և էշեր էին օգտագործվում։ Շատ փարիզցիներ տնային թռչուններ և խոզեր էին բուծում (վերջիններին արածեցնում էին մարգագետիններում, իսկ հետո փողոցներով քշում դեպի սպանդանոցները)։ Ժամանակի հետ օրենքի պատասխանատուները սկսեցին տուգանել տերերին, ում խոզերը թափառում էին փողոցներում, կամ բռնագրավել կենդանիներին և դրանք տալ անկելացներին (միայն բացառություն էր արվում Սուրբ Անտոնիայի աբբայության խոզերի համար)։ Ժամանակ առ ժամանակ թափառող խոզերի բոլուկները լուրջ խնդիրներ էին առաջացնում։ Կենդանիների առողջության կամ բուժման համար աղոթում էին եկեղեցիներում․ Սուրբ Սևերինի եկեղեցում՝ ձիերի համար, Սուրբ Պետրոսի եկեղեցում եզների համար[56]։

Փարիզցիները ձգտում էին խնայողաբար օգտագործել ջուրը կենցաղում, որովհետև եթե մոտակայքում ջրհոր չէր լինում, ստիպված էին հասնել մինչև գետը կամ հանրային աղբյուրին, որի մոտ հաճախ հերթեր էին գոյանում, կամ պետք է վճարեին ջրկիրներին (ամռան ամիսներին Սենը հաճախ ծանծաղում էր, ինչը ավելի էր խորացնում մաքուր ջրի պակասի խնդիրը)։ Սովորական տներում միշտ չէ, որ լինում էր կոյուղի և աղբահորեր, այդ իսկ պատճառով կեղտոտ ջուրը թափում էին փողոց դուրս եկող փողրակների կամ մոտակա կեղտաջրի առվի մեջ։ Հարևանների միջև հաճախակի վեճեր էին լինում՝ աղբահանության կամ ընդհանուր ջրհորից օգտվելու հետ կապված։ Միջնադարյան Փարիզի բնակիչները լավ գիտեին կեղտոտ ջրի օգտագոևծման հնարավոր վտանգների մասին, այդ իսկ պատճառով նախապատվությունը տալիս էին Սենի կամ Բիևրի հոսող ջրին (չնայած գետերի մեջ ևս թափվում էին կեղտաջրեր՝ կաշվի և ներկարարական արհեստանոցներից, սպանդանոցներից և սովորական զուգարաններից)։ Ջրհորների և գլանատակառների ջուրը հիմնականում օգտագործվում էր լվացվելու և հազվադեպ ուտելիք պատրաստելու համար։ Լվացքը, որի համար ավելի մեծ քանակությամբ ջուր էր պահանջվում, ընդունված էր հանձնել պրոֆեսիոնալ լվացարարուհիներին։ Տանը անձնական հիգիենայի համար կային լողանալու համար նախատեսված տակառներ, ոտքերը կամ գլուխը լվանալու համար նախատեսված տաշտեր, լվացարաններ՝ ճաշից հետո ձեռքերը լվանալու համար (դրանք պարտադիր էին բարեկիրթ ընտանիքներում, քանի որ միայն ձեռքերով էին ուտում՝ օգտագործելով միայն դանակ միսը կտրելու համար)։ Եթե տանը տաք լոգանք ընդունելու համար չկային պայմաններ, ապա քաղաքացիները օգտվում էին հասարակական բաղնիքներից, իսկ աղքատները բավարարվում էին ամռանը Սենում լողալով։ Հասարակական բաղնիքներում կարող էին լողանալ և շոգեհարվել, պատվիրել ուտելիք, գինի, իսկ հաճախ նաև ինտիմ ծառայություններ (կանանց և տղամարդկանց հերթով էին թույլ տալիս մտնել բաղնիք, բայց կային նաև առանձին կանանց և տղամարդկանց բաղնիքներ)։ Միջնադարի վերջում շատ բաղնիքներ փակվեցին՝ հնարավոր հիվանդությունների տարածման վախով և եկեղեցու կողմից բարոյականության արմատավորմամբ պայմանավորված։ Տունը օդափոխելու համար ամռանը տան հատակին թարմ խոտեր էին փռում։ Փարիզցիները բոլոր (երբեմն բավականին արտասովոր) հնարավոր միջոցներով պայքարում էին լվերի, ուտիճների, մոծակների, ճանճերի և մկների դեմ[80]։

Միջնադարյան Փարիզը գեղարվեստական գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Փարիզի ճիչերը» (XIII դար) Գիյոմ դը Վիլնյով
  • «Մնաս բարով Փարիզ, մնաք բարով կարկանդակներ» (XIV դարի երկրորդ կես) Էստաշ Դեշան
  • «Բալլադ փարիզուհիների մասին» (XV դարի երրորդ քառորդ) Ֆրանսուա Վիյոն
  • «Քվենթին Դորվարդ» (1823) Վալտեր Սքոթ
  • «Փարիզի Աստվածամոր տաճարը» (1831) Վիկտոր Հյուգո
  • «Գայլերի հրաշք» (1924) Անրի Դյուպուի Մազուել
  • «Թագավորական գանձապետը» (1947) Թոմաս Քոսթեյն
  • «Անիծյալ արքաներ» (1955-1977) Մորիս Դյուրան
  • «Ապրիլը Փարիզում» (1962) Ուրսուլա լե Գուին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Пилявский В. И. и Лейбошиц Н. Я., 1968, էջ 5, 7
  2. Симона Ру, 2008, Часть первая. Париж и его обитатели. XIII–XV века
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Симона Ру, 2008, Часть первая. Глава первая
  4. Пилявский В. И. и Лейбошиц Н. Я., 1968, էջ 13-15
  5. Иван Комбо, 2002, էջ 8, 9, 15, 16
  6. 6,0 6,1 6,2 6,3 Фабрис Урлье (режиссёр). Метроном, часть 1 (документальный фильм). Франция: Froggies Media, Indigenes, Carpo 16. {{cite AV media}}: Unknown parameter |date2= ignored (օգնություն)
  7. 7,0 7,1 7,2 7,3 Ален Зеноу, Ксавье Лефевр и Алексис Барбье-Буве (режиссёр). Париж. Путешествие во времени. Часть 2: Рождение столицы (документальный фильм). Франция: Planete+ и Gedeon programmes. {{cite AV media}}: Unknown parameter |date2= ignored (օգնություն)
  8. Пилявский В. И. и Лейбошиц Н. Я., 1968, էջ 15, 16
  9. Иван Комбо, 2002, էջ 12, 13
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Ален Зеноу, Ксавье Лефевр и Алексис Барбье-Буве (режиссёр). Париж. Путешествие в прошлое (документальный фильм). Франция: Planete+ и Gedeon programmes. {{cite AV media}}: Unknown parameter |date2= ignored (օգնություն)
  11. 11,0 11,1 Пилявский В. И. и Лейбошиц Н. Я., 1968, էջ 16, 17
  12. История Средних веков, 1952, էջ 101, 102
  13. Иван Комбо, 2002, էջ 17, 18, 19, 20
  14. 14,0 14,1 14,2 Фабрис Урлье (режиссёр). Метроном, часть 2 (документальный фильм). Франция: Froggies Media, Indigenes, Carpo 16. {{cite AV media}}: Unknown parameter |date2= ignored (օգնություն)
  15. История Средних веков, 1952, էջ 111, 696
  16. Иван Комбо, 2002, էջ 20, 21
  17. Пилявский В. И. и Лейбошиц Н. Я., 1968, էջ 17
  18. История Средних веков, 1952, էջ 144
  19. Иван Комбо, 2002, էջ 21, 22, 23
  20. История Средних веков, 1952, էջ 158, 267-268, 318
  21. Иван Комбо, 2002, էջ 23
  22. Иван Комбо, 2002, էջ 23, 24, 25
  23. 23,0 23,1 23,2 23,3 23,4 23,5 23,6 Фабрис Урлье (режиссёр). Метроном, часть 3 (документальный фильм). Франция: Froggies Media, Indigenes, Carpo 16. {{cite AV media}}: Unknown parameter |date2= ignored (օգնություն)
  24. Иван Комбо, 2002, էջ 26, 27
  25. История Средних веков, 1952, էջ 318
  26. История Средних веков, 1952, էջ 317, 318
  27. Иван Комбо, 2002, էջ 28, 29
  28. 28,0 28,1 28,2 28,3 Ашиль Люшер, 1999, Глава I. Материальное и нравственное состояние общества
  29. Иван Комбо, 2002, էջ 29, 30, 31
  30. Иван Комбо, 2002, էջ 33, 34
  31. История Средних веков, 1952, էջ 315, 328
  32. История Средних веков, 1952, էջ 331, 333, 334, 335
  33. Иван Комбо, 2002, էջ 34, 35, 45
  34. Иван Комбо, 2002, էջ 35, 36
  35. История Средних веков, 1952, էջ 334, 336, 337
  36. Иван Комбо, 2002, էջ 36, 37
  37. История Средних веков, 1952, էջ 338, 339
  38. Иван Комбо, 2002, էջ 37
  39. История Средних веков, 1952, էջ 339, 340
  40. Иван Комбо, 2002, էջ 37, 38
  41. История Средних веков, 1952, էջ 340
  42. Иван Комбо, 2002, էջ 39
  43. 43,0 43,1 43,2 Симона Ру, 2008, Часть третья. Глава седьмая
  44. История Средних веков, 1952, էջ 341, 395
  45. Иван Комбо, 2002, էջ 39, 40, 41
  46. История Средних веков, 1952, էջ 346, 347, 348
  47. Иван Комбо, 2002, էջ 41, 45, 52
  48. 48,0 48,1 Пилявский В. И. и Лейбошиц Н. Я., 1968, էջ 18
  49. Пилявский В. И. и Лейбошиц Н. Я., 1968, էջ 18, 19
  50. Пилявский В. И. и Лейбошиц Н. Я., 1968, էջ 20, 44
  51. Пилявский В. И. и Лейбошиц Н. Я., 1968, էջ 20, 30
  52. Пилявский В. И. и Лейбошиц Н. Я., 1968, էջ 14, 22, 31
  53. История Средних веков, 1952, էջ 111, 149, 350
  54. Иван Комбо, 2002, էջ 14, 20, 41
  55. 55,0 55,1 Симона Ру, 2008, Часть первая. Глава вторая
  56. 56,0 56,1 56,2 56,3 56,4 Симона Ру, 2008, Часть первая. Глава третья
  57. 57,0 57,1 Симона Ру, 2008, Часть третья. Глава восьмая
  58. Дубнов С. М., 2003, էջ 364, 372, 373, 374, 375
  59. Иван Комбо, 2002, էջ 21
  60. Дубнов С. М., 2003, էջ 367, 370, 375, 376
  61. Дубнов С. М., 2003, էջ 410, 411, 419, 420
  62. Дубнов С. М., 2003, էջ 421, 425, 428, 429, 430
  63. Дубнов С. М., 2003, էջ 441, 442, 443, 444, 554
  64. Иван Комбо, 2002, էջ 38
  65. 65,0 65,1 Симона Ру, 2008, Часть вторая. Глава четвёртая
  66. 66,0 66,1 История Средних веков, 1952, էջ 615
  67. Иван Комбо, 2002, էջ 31, 32, 33
  68. 68,0 68,1 68,2 68,3 68,4 68,5 68,6 Ашиль Люшер, 1999, Глава III. Студент
  69. Иван Комбо, 2002, էջ 32, 33
  70. 70,0 70,1 70,2 70,3 70,4 70,5 Симона Ру, 2008, Часть вторая. Глава шестая
  71. История Средних веков, 1952, էջ 615, 616, 617
  72. История Средних веков, 1952, էջ 618, 621, 622
  73. Симона Ру, 2008, Часть вторая. Глава пятая
  74. История Средних веков, 1952, էջ 605, 606, 608
  75. Иван Комбо, 2002, էջ 27, 28
  76. История Средних веков, 1952, էջ 269
  77. Иван Комбо, 2002, էջ 26
  78. Иван Комбо, 2002, էջ 25, 26
  79. Иван Комбо, 2002, էջ 29, 30
  80. Симона Ру, 2008, Часть третья. Глава девятая

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дефурно М., Повседневная жизнь времен Жанны д`Арк, Москва, «Евразия», 2003 — 320 էջ, ISBN 5-8071-0116-2։
  • Дубнов С. М., Краткая история евреев, Ростов-на-Дону, «Феникс», 2003 — 576 էջ, ISBN 5-222-03451-8։
  • Комбо И., История Парижа, Москва, «Весь мир», 2002 — 176 էջ, ISBN 5-7777-0192-2։
  • Косминский Е. А., История Средних веков, Москва, «Государственное հրատարակչություն политической литературы», 1952 — 748 էջ։
  • Люшер А., Французское общество времен Филиппа-Августа, Москва, «Евразия», 1999 — 414 էջ, ISBN 5-8071-0023-9։
  • Пилявский В. И. и Лейбошиц Н. Я., Париж, Ленинград, «հրատարակչություն литературы по строительству», 1968 — 112 էջ։
  • Ру С., Повседневная жизнь Парижа в средние века, Москва, «Молодая гвардия», 2008 — 252 էջ, ISBN 978-5-235-03100-5։