Թալմուդ
հոդվածաշարի մաս |
Հրեաներ և հուդայականություն |
---|
|
Կատեգորիա Պորտալ |
Թալմուդ (եբրայերեն՝ תָלְמוּד, «ուսմունք, ուսուցում»), հրեական քաղաքացիական և կրոնական իրավունքի, կրոնական արարողությունների կանոնադրության, բարոյական նորմերի, իմաստությունների, առակների և լեգենդների ժողովածու։ Ստեղծվել է մ.թ. 1-3-րդ դարերում ռաբբի-թաննայիների, փարիսեցիների ժառանգորդների միջավայրում։
Բաժանվում է Միշնայի (օրենքի «կրկնություն»), որը 210 թ. կազմել և խմբագրել է Յեհուդա Հա-Նասին (135-217 թթ.), և Միշնայի մեկնությունների՝ Գեմարայի («ավարտ»), որոնք ըստ մեկնության վայրի երկուսն են՝ Երուսաղեմյան ու Բաբելոնյան (այդ պատճառով էլ տարբերում են Թալմուդի երկու տարբերակներ՝ Երուսաղեմյան և Բաբելոնյան)։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Միշնան կազմված է վեց բաժիններից, որոնք պարունակում են 63 տրակտատ (նշված են մանր տառերով) և ստանդարտ տպագրության դեպքում տեղավորվում են ավելի քան 6200 էջերի վրա։
- Զրաիմ (եբրայերեն՝ זרעים, «Սերմեր»)՝ հացահատիկներ մշակելու և հողագործության օրենքներ։ Առաջին տրակտատը՝ Բրախոտը նվիրված է օրհնանքների և աղոթքների օրենքներին։
- Բրախոտ·Փեա·Դմայ·Քիլայիմ·Շեվիիթ·Թրումոտ·Մաասերոտ·Մաասեր Շենի·Հալա·Օրիա·Բիքուրիմ
- Մոեդ (եբրայերեն՝ מועד, «Տոնակատարություններ»)՝ նվիրված է շաբաթի և տոների օրենքներին։ Ձևակերպված են բոլոր տոների համար ընդհանուր և նրանցից որոշների համար յուրահատուկ օրենքները։
- Շաբաթ·Երուվին·Փեսահիմ·Շքալիմ·Յոմա·Սուքա·Բեյցա·Րոշ Հաշանա·Թաանիթ·Մեգիլա·Մոեդ Քատան·Հագիգա
- Նաշիմ (եբրայերեն՝ נשים, «Կանայք»)՝ ներկայացնում է ամուսնության և ամուսնալուծության, ծնողական պարտականությունների, երեխաների դաստիարակության և նրանց արհեստներ սովորեցնելու օրենքները։
- Եւամոտ·Քետուբոտ·Նեդարիմ·Նազիր·Սոթա·Գիթին·Քիդուշին
- Նեզիքին (եբրայերեն՝ נזיקין, «Վնասներ»)՝ կազմված է հասցված նյութական վնասների, պատժի և տուգանքի համակարգի օրենքներից։
- Բավա Քամա·Բավա Մեցիա·Բավա Բաթրա·Սանհեդրին·Մաքոտ·Շեվուոտ·Եդույոտ·Ավոդա Զարա·Ավոտ·Հորայոտ
- Քոդաշիմ (եբրայերեն՝ קדשים, «Սրբություններ»)՝ դիտարկում է զոհաբերությունների և տաճարի ծառայությունների օրենքները, ինչպես նաև սննդի (Կաշրուտ) և անասունները մորթելու ծիսակատարությունների օրենքները։
- Զեւահիմ·Մենահոտ·Հուլին·Բեքհորոտ·Արախին·Թեմուրա·Քերիթոտ·Մեիլա·Թամիդ·Միդոտ·Քինիմ
- Թեհարոտ (եբրայերեն՝ טהרות, «Մաքրություններ»)՝ ամբողջությամբ նվիրված է ծիսական մաքրության և անմաքրության բազմաթիվ օրենքներին։
- Քեիլիմ·Օհոլոտ·Նեգաիմ·Փարա·Թոհորոտ·Միքվաոտ·Նիդա·Մախշիրին·Զավիմ·Թեվուլ Յոմ·Յադայիմ·Ուքցիմ
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև մեր դարաշրջանի սկիզբը հրեաների կրոնական ուսումը կատարվում էր բանավոր, նրանք չունեին օրենքների գրավոր հավաքածու։ Կրոնական տարբեր ուսումնական հաստատություններում՝ եշիվաներում միևնույն օրենքը մեկնաբանվում էր տարբեր կերպ։
Այդ ժամանակներում Միջին Արևելքի հրեաները կենտրոնացած էին երկու համայնքներում՝ Երուսաղեմի և Բաբելոնի։ Բաբելոնյան համայնքն առաջացել էր Պաղեստինը գրավելուց հետո մ.թ.ա. 598-586 թթ. Նաբուգոդոնոսոր II թագավորի իրականացրած մեծաքանակ հրեաների աքսորի հետևանքով։
Միշնա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմի տիրապետության տակ գտնվող Պաղեստինի տարածքում հնգամատյանի օրենքներն ուսուցիչներն իրենց աշակերտներին փոխանցում էին բանավոր։ Օրենքների ուսուցիչներին ասում էին թանաներ։ III դարի սկզբում Երուսաղեմի համայնքի գլխավորը՝ թանա Եհուդա հա-Նասին եկավ այն եզրակացության, որ հարկավոր է բանավոր օրենքները կանոնակարգել և գրառել։ Դա անհրաժեշտ էր նաև սովորույթներն ու ավանդույթները խախտողներին արդարացի դատելու համար։
Այդ աշխատանքն իրականացնելու համար պահանջվեց մի քանի տասնյակ տարի։ Գրի առնված օրենքների, նրանց մեկնաբանությունների և բացատրությունների ժողովածուն մեր ժամանակներում հայտնի է որպես Միշնա։
Գեմարա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նման աշխատանք կատարեցին նաև Բաբելոնի ուսուցիչներն ու մեկնաբանները, որոնց այստեղ ասում էին ամորաներ։ Նրանք շարունակեցին Պաղեստինում թանաների սկսած և կիսատ մնացած աշխատանքը։ Ամորաներն իրենց կողմից ավելացրեցին կրոնական պատվիրաններ և հուդաիզմի օրենսդրական դրույթներ՝ գալահներ և ագադներ՝ ասույթներ և կրոնա-էթիկական բնույթի խրատներ։ Այս աշխատանքն ստացավ Գեմարա (եբրայերեն՝ גמרא) անունը։
Միշնայի և Գեմարայի միավորված տեքստը կազմում է Հուդաիզմի օրենքների ժողովածուն՝ Թալմուդը։
Ժամանակի ընթացքում առաջացան դժվարություններ Թալմուդը կարդալու և ուսումնասիրելու համար, քանի որ այն գրվել էր նախ՝ առանց կետադրությունների և խորագրերի և երկրորդը՝ երկու լեզուներով՝ եբրայերեն և արամեերեն։ 11-րդ դարում հրեա գիտնական Րաշին (1040-1105) գրեց մեկնաբանություններ համարյա բոլոր հոդվածների համար, տվեց գործածությունից դուրս եկած բառերի բացատրությունները։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թալմուդ՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թալմուդ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 127)։ |