Դոնժոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վենսենի ամրոցի դոնժոնը, Փարիզ

Դոնժոն (ֆր.՝ donjon — քաղաքային աշտարակ), եվրոպական ֆեոդալական ամրոցների գլխավոր աշտարակը։

Ի տարբերություն ամրոցի պատերի աշտարակների` դոնժոնը գտնվում է ամրոցային պատերից ներս` սովորաբար ամենաանմատչելի և լավ պաշտպանված տեղում։ Դոնժոնը հիմնականում կապված չի լինում ամրոցի մյուս մասերի հետ. այն կարծես առանձին ամրոց լինի ամրոցի ներսում։ Դոնժոնը կառուցվել է փայտից կամ քարից, ունեցել երեք հարկ։ Որպես կանոն այն ունեցել է նեղ սրահներ, որոնք նախատեսված չեն եղել բնակության համար։ Բնակելի տներ կառուցվել են դոնժոնից որոշակի հեռավորության վրա, իսկ գլխավոր աշտարակն ունեցել է ռազմական և խորհրդանշական նշանակություն[1]։ Դոնժոնի ներսում հաճախ տեղակայվել են ամրոցի համար կարորություն ներկայացնող տարբեր սրահներ` զինագործական սենյակներ, պահեստներ, գլխավոր ջրհորը։

Չնայած ամրոցները եղել են աշտարակներով կառույցներ` ներսում դոնժոն ունեցող, սակայն նրանցից շատերը բաղկացած են եղել միայն կենտրոնական աշտարակից` առանց ամրոցային պատերի։ Այդպիսի օրինակ է Վաո ամրոցը Էստոնիայում։

Դոնժոններն իրենց արտաքին տեսքով շատ բազմազան են։ Այսպես` Մեծ Բրիտանիայում տարածված են եղել քառանկյուն աշտարակները։ Հանդիպում են նաև շրջանաձև, ութանկյուն, ուղղանկյուն, անկանոն բազմանկյան ձևով դոնժոններ։ Դրանց ձևերի փոփոխությունը պայմանավորված է ճարտարապետության և ամրոցային տեխնիկայի զարգացմամբ։ Շրջանաձև և բազմանկյուն աշտարակները ավելի լավ են դիմակայել ռումբերին։ Հաճախ դոնժոն կառուցելիս հաշվի են առել տեղանքի ռելիեֆը` այն կառուցելով բարձունքում։

Դոնժոնից պետք է տարբերել բերգֆրիդը (գերմ.՝ Bergfried)` ամրոցի գլանաձև աշտարակը, որ տարածված է եղել միջնադարյան Գերմանիայում և Չեխիայում։

Նշանավոր դոնժոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սպիտակ աշտարակ (անգլ.՝ White Tower) - գտնվում է Լոնդոնի Թաուերում (The Tower of London): Կառուցվել է Վիլհելմ I Նվաճողի օրոք։
  • Ռոչեսթրի ամրոցի դոնժոնը Ռոչեսթրում` Քենտի կոմսությունում։ Այն հիմա էլ գերիշխող տեսք ունի քաղաքում։
  • Շրջանաձև դոնժոն Ռուանում - այն ամենն է, ինչ մնացել է քաղաքային մեծ ամրոցից, որտեղ բանտարկվել էր Ժաննա դ'Արկը հերետիկոսության մեջ մեղադրվելուց հետո։
  • Հերմանն ամրոցի դոնժոնը Նառվայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Дюби Ж. Средние века / пер. с фр. Г. А. Абрамова, В. А. Павлова. М.: Международные отношения, 2001. — С. 79.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոնժոն» հոդվածին։