Միհրան Պողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միհրան Պողոսյան
Mihran Poghosyan.jpg
ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող
 
Քաղաքացիություն՝ Flag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտություն՝ տնտեսագետ
Ազգություն հայ
Ծննդյան օր մայիսի 29, 1976 (41 տարեկան)
Ծննդավայր Երևան, ՀԽՍՀ

Միհրան Սուրենի Պողոսյան (մականունը՝ Քեթրինի Միհրան, ծնվ․ 29 մայիսի 1976 թ., Երևան, ՀԽՍՀ), ՀՀ պետական, քաղաքական գործիչ, խոշոր բիզնեսմեն-ներկրող[1][2]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1983 - 1990 թթ. - թիվ 62 միջնակարգ դպրոց
  • 1990 - 1993 թթ. - "Անանիա Շիրակացու" անվան ֆիզ.մաթեմատիկական քոլեջ
  • 1993 - 1998 թթ. - ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետ, որակավորումը՝ տնտեսագետ
  • 1998 - 2000 թթ. - Ծառայել է ՀՀ ԱԱԾ հատուկ մարտական ստորաբաժանումում
  • 2004 - 2006 թթ. - Մոսկվայի "Միջազգային անկախ էկոլոգիա-քաղաքագիտական համալսարան", որակավորումը՝ իրավաբան, մասնագիտությունը՝ իրավագիտություն

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997 թ. - Հիմնադրել է "Քեթրին Գրուպ" սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը
  • 2000 - 2006 թթ. - ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության օպերլիազոր
  • 2006 - 2007 թթ. - ԼՂՀ ԱԱԾ ավագ օպերլիազոր, կոչումը՝ մայոր
  • 2007 - 2008 թթ. - ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ
  • 2008 թ. հունիսի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող[3]։

ՀՀ նախագահի 2012 թ. փետրվարի 20-ի հրամանագրով շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում[4]։
ՀՀ ԱՆ իրավաբանական ինստիտուտի գիտական խորհրդի կողմից շնորհվել է Պատվավոր պրոֆեսորի կոչում։
Ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։

Օֆշորային Սկանդալը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը խորը արմատներ է գցել օֆշորային գոտիներում։ Այնտեղ գրանցած ընկերությունների միջոցով բիզնես է անում, իր պաշտոնն օգտագործում է սեփական բիզնեսի զարգացման համար և թաքցնում է եկամուտները։

«Հետքը» մասնակցել է Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի համատեղ (ICIJ) նախագծին. այս անգամ գաղտնազերծվել են Բրիտանական Վիրջինյան կղզիներում, Պանամայում, Սեյշելներում, Բահամյան կղզիներում, Նևադայում, Հոնկ Կոնգում, Միացյալ Թագավորությունում, Բելիզում, Կոստա Ռիկայում, Մալթայում, Նոր Զելանդիայում, Կիպրոսում, Սինգապուրում և մի քանի այլ վայրերում գրանցված միլիոնավոր օֆշորային ընկերությունների փաստաթղթեր։ Տվյալների այդ բազայում կան նաև հայաստանցիներ։ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը և նրա քեռիների՝ Գրիգորի և Միխաիլ Հարությունյանների ընտանիքների անդամների անունները այդ ցուցակում են։ 40-ամյա այս պաշտոնյան 2008 թվականից զբաղեցնում է գլխավոր դատական հարկադիր կատարողի պաշտոնը։ Իր մասնագիտական կարիերան սկսել է Ազգային անվտանգության ծառայությունից։ ՀՀ ԱԱԾ պետի ֆինանսական գծով տեղակալը այդ տարիներին եղել է Գրիգորի (Գրիշա) Հարությունյանը՝ Միհրան Պողոսյանի քեռին։

Համաձայն գաղտնազերծված փաստաթղթերի՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերությունների՝

  • «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» (Sigtem Real Estates Incorporated)
  • «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ» (Hopkinten Trading Incorporated)
  • «Բանջիո ինվեստ» ԲԸ (BANGIO INVEST S.A.)։
Միհրան Պողոսյանի Hopkinten trading inc.-ի բաժնեմասի տիրապետման սերտիֆիկատ

Մասնագիտությամբ տնտեսագետ Միհրան Պողոսյանը տիրապետում է օֆշորային գաղտնիքներին։ Նա հանդես է գալիս որպես Bearer Share-ի սեփականատեր։ Այսինքն՝ ընկերության իրական բաժնետերը ընկերությունների պետական ռեգիստրում չի գրանցվում, նրա լիազորը գրանցող կազմակերպությունն է, որն էլ բաժնետիրոջը տրամադրում է բաժնեմասի տիրապետման սերտիֆիկատ (Տես լուսանկարում)։ Ստացվում է, որ միայն այդ սերտիֆիկատը տնօրինողն է տիրապետում այդ ինֆորմացիային՝ գրանցող ընկերությունից բացի։ Սա ընդունված մեթոդ է, որից օգտվում են գաղտնի մնալու ձգտում ունեցող անձինք։ Միհրան Պողոսյանն առաջին երկու ընկերությունների բաժնեմասը ստանձնել է 2011 թ. մարտին։ Այսինքն՝ այն ժամանակ, երբ արդեն զբաղեցնում էր ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը։ Իսկ «Բանջիո ինվեստ»-ի հետ առնչություն ունեցել է դեռևս 2005-ից։ Նշենք, որ փաստաթղթերում գաղտնազերծված անձը ՀՀ քաղաքացի ոմն Միհրան Պողոսյան չէ, այլ հենց ԴԱՀԿԾ պետն է, ում գրանցման հասցեն և անձնագրային տվյալներն ուղարկվել են գրանցող/միջնորդ ընկերության կողմից վերոնշյալ ընկերությունների գրանցման, բաժնեմասի տնօրինման, բանկային հաշիվների բացման համար։

Օֆշորային ընկերությունների բաժնետեր լինելու վերաբերյալ «Հետքի» հարցմանը Միհրան Պողոսյանի ղեկավարած գերատեսչությունը պատասխանել է հակիրճ․

«ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը Ձեր հարցման մեջ նշված ընկերությունների հետ որևէ առնչություն չունի»։

«Բիզնես չունեցող» այս պաշտոնյան, սակայն, մեծ գումարների փոխառություններ է տալիս։ 2013-2014 թթ. Միհրան Պողոսյանը գումարի բռնագանձման պահանջով 4 հայցադիմում է ներկայացրել դատարաններ և պարտքը վերադարձրել դատական կարգով։ Միհրան Պողոսյանը 2013 թ. ապրիլի 4-ին 53 մլն դրամ գումարի բռնագանձման պահանջով հայցադիմում է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Սթար Դիվայդ» ՓԲԸ-ի։ Գործը դատաքննության նախապատրաստելու փուլում Մ. Պողոսյանը հրաժարվել է հայցապահանջից՝ պատճառաբանելով, թե «պատասխանող ընկերությունը հայցադիմումով պահանջվող գումարը կանխիկ եղանակով ամբողջությամբ վերադարձրել է»: Նույն օրը մեկ այլ հայցադիմում է մուտք արվել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան։ Այս անգամ Միհրան Պողոսյանը 4,7 մլն դրամի պահանջ է ներկայացրել «Բյուրակն» ՍՊԸ-ի դեմ։ Այս գործը ևս կարճվել է, քանի որ Միհրան Պողոսյանը հրաժարվել է հայցից՝ տեղեկացնելով, որ ընկերությունը պարտավորությունը կատարել է։ Միհրան Պողոսյանը 2013 թ. նոյեմբերին քաղաքացի Գևորգ Աֆանդյանի դեմ է հայցադիմում ներկայացրել դատարան՝ պահանջելով 5 մլն 147 հազար դոլար:

Այս ամենին զուգահեռ՝ 2015 թ. Մ. Պողոսյանի հայտարարագրած եկամուտներն ու դրամական միջոցները շատ համեստ են. նա ունեցել է ընդամենը 22 մլն 359 հազար դրամի եկամուտ, որից աշխատավարձը՝ մոտ 12,5 մլն, իսկ մնացածը՝ վարձակալության դիմաց ստացված վճարներ։ Արտարժույթով նա ունեցել է նաև 200 հազար դոլար և 12 հազար եվրո։ ԴԱՀԿ ծառայության պետի կինը ո'չ 2014 թ., ո'չ էլ 2015-ին եկամուտ չի ունեցել, սակայն 2014 թ. հայտարարագրել է 15 մլն դրամ կարողություն։ Եկամուտ չունենալը չի խանգարել տիկին Մխիթարյանին գնել 70 000 դոլար արժողության «RANGE ROVER SPORT-HSE» մակնիշի ավտոմեքենա։[5]

Պարգևատրվել է[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ ոստիկանության "Օրենքի Պատվար" մեդալով,
  • ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության "Համագործակցություն հանուն փրկության" մեդալով,
  • Ռուսաստանի Դաշնության դատական պրիստավների դաշնային ծառայության "Ծառայությունների համար","Ակտիվ աջակցության համար" մեդալներով,
  • "Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի hարկադիր կատարումն ապահովող ծառայության պատվավոր աշխատող" կրծքանշանով,
  • "Դատական պրիստավների դաշնային ծառայության պատվավոր աշխատակից" կրծքանշանով,
  • "Քննչական գլխավոր վարչության 50-ամյակ" կրծքանշանով։

Անձնական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]