Փառուխ
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Փառուխ | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Ասկերան | |
Համայնք | Փառուխ (համայնք) | Փառուխ[1] | |
Գյուղապետ | Վարդան Միքայելյան[2] | |
Մակերես | 1274.59 հա կմ² | |
Պաշտոնական լեզու | Հայերեն[3] | |
Բնակչություն | 72[1] մարդ (2015[1]) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Փառուխ, գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի արևելյան մասում[1]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Ասկերանի շրջանի բնակավայր[1], իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Խոջալուի շրջանի բնակավայր[5]։
Քարագլուխ գյուղի հետ միասին մտնում է Փառուխ համայնքի մեջ[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը գտնվում է ԱՀ արևելյան հատվածում՝ Ասկերանի շրջանում՝ նախկին Վարանդա գավառում։ Բնակավայրը տեղաբաշխված է Շիկաքարի հյուսիսահայաց լանջի վրա, Խաչենագետի միջին հոսանքի աջափնյակում։
Փառուխ գյուղը գտնվում է Արցախի լեռնաշղթայի Քարագլուխ բարձունքի անմիջապես ստորոտին՝ ծովի մակերևույթից 800 մետր բարձրության վրա։ Բնությունը գեղատեսիլ է, լեռնային մասը՝ հինականում անտառապատ։ Կան բազմաթիվ սառնորակ աղբյուրներ։ Մոտակա հովտով հոսում է Խաչեն գետը[1]։
Բնակավայրը շրջկենտրոն Ասկերան քաղաքից հեռու է 16 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 32[1]։ Բնակավայրից հյուսիս գտնվում է Ասկերանի շրջանի Քարագլուխ, հյուսիս-արևմուտքում՝ Մարտակերտի շրջանի Հովտաշեն, հարավ-արևելքում՝ Ասկերանի շրջանի Խրամորթ, հյուսիս-արևելքում՝ Ասկերանի շրջանի Արմենակավան բնակավայրերը[6]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փառուխը Արցախի հնագույն բնակավայրերից է, որի պատմությունը սկսվում է առնվազն 9-րդ դարից։
Փառուխը Քարագլուխ-Շիկաքարի մերձակայքում է, և կարծիք կա, որ նախկինում այդ նշանավոր ամրոց-բնակավայրի ձմեռանոցն էր։ Փառուխը Արցախի հնագույն բնակավայրերից է։ Կարմիր աղբյուրից հյուսիս արևմուտք գտնվող բարձունքի Կալեն խութ խաչքարերով գերեզմանոցը և եկեղեցու հիմքերը վկայում են, որ միջին միջնադարում Փառուխը գտնվում էր վերոնշյալ վայրում։ Որոշակի հանգամանքների ազդեցության տակ բարձունքից բնակիչները իջել են ներքև և նոր բնակավայր հիմնադրել։ Սկզբնաղբյուրներով գյուղը հիշատակվում է 1804-13 թվականներին ռուս-պարսկական պատերազմի ժամանակ։ 1812 թվականի սկզբներին պարսկական առաջապահ զորքերը թագաժառանգ Աբբաս-Միրզայի հրամանատարությամբ հասնում են Շահ Բուլաղի բերդը և պաշարում։ Ամրոցում էր գտնվում ռուսական 2 վաշտ՝ մայոր Իլյաշենկիի հրամանատարությամբ։ Վերահաս կործանումից նրանց փրկեց Վանի Աթաբեկյանը։ Նա գիշերը ռուսական ջոկատը ծածուկ հանեց բերդից և լեռնային կածաններով հասցրեց Փառուխ, որտեղ նրանք արդեն անվտանգ էին և, այդտեղից էլ նրանց ապահով ճանապարհեցին Շուշի։ Գյուղի մոտ՝ ժայռի մեջ՝ անմատչելի մի վայրում է գտնվում Փառուխի նշանավոր քարակրը, որի մեջ պատերազմական տարիներին ժողովուրդը պատսպարվում էր[7]։
1905-1906 և 1917-1920 թվականներին Փառուխը հայտվել էր հայ-թաթարական բախումների կիզակետում։
1918 թվականին սեպտեմբերի 22-ին թուրքական բանակը տեղացի նահմեդականների ուղեկցությամբ մտավ Արցախ՝ ավերելով Դահրազ, Վարազաբուն, Փրջամալ, Նախիջևանիկ, Քյաթուկ, Խրամորթ, Խանաբադ, Ղլիշբաղ, Քարագլուխ, Փառուխ գյուղերը։
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, թուրքական զորքերը հեռացան Հարավային Կովկասից։ Գրավված հայկական գյուղերի բնակիչները վերադարձան իրենց բնակավայրերը և նորից վերականգնեցին ավերած ու թալանված բնակարանները։
Արցախում խորհրդային կարգերի հաստատվելուց հետո՝ 1932 թվականին Փառուխում կոլտնտեսուրյուն է կազմակերպվել։ Խոշորացման տարիներին այն միավորվել է Խրամորթի կոլտնտեսությանը։
18-րդ դարի 20-ական թվականներին հայ ազատագրական շարժման մեջ խոշոր դեր էին խաղում Արցախի մելիքությունների տարածքում հիմնված ամրոց-հենակետերը (սղնախները), որոնցից մեկը Շիկաքար-Քարագլուխ բնակավարն էր (ներկայիս Փառուխ գյուղն ու հարակից սարը)։ Այն համարվում էր Խաչենի մելիքության հիմնական ռազմավարական հենակետը[8]
Հայ-ազատագրական շարժմանը զուգահեռ ընթանում էին նաև ռուս-պարսկական առճակատումը։ 19-րդ դարի սկզբի ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Շիկաքարի ամրոցը հետ են առնչվում նաև մի քանի ռազմական ընդհարումներ[9]։ Այդ պատերազմում ռուսական զորքերին մեծ աջակցություն էր ցույց տվել Կուսապատ գյուղից Ջրաբերդի մելիքության մելիք Մելիք-Վանի Աթաբեկյանը, որի խորհրդով 1805 թվականի հունիսին ռուսական զորքերը գնդապետ Կարյագինի հրամանատարությամբ ճիշտ ընտրեցին մարտավայրը և ջախջախեցին Փիր-ղուլի խանի գերակշռող ուժերին։ Ռազմական բախումը տեղի ունեցավ Ղարա-Ղաջի գերեզմանոցի մոտ (ներկայիս Ասկերանի շրջանի Ասկերան քաղաքի և Ակնայի միջև՝ Փանահ խանի տոհմական գերեզմանոց)։ Երբ պարսից զորահրամանատարին օգնության եկավ Աբբաս-Միրզան իր 30 հազարանոց բանակը և ռուսական զորքերի համար ստեղծեց անելանելի վիճակ, Ջրաբերդի Մելիք Վան Աթաբեկյանը, վտանգելով իր կյանքը, ժամանում է Շիկաքար բերդի ստորոտում գտնվող Խրամորթ գյուղ, հանդիպում Մելիք Ադամին, Ասրի բեկ Փիրումյանին և այլ ղեկավարների և վերջինների օգնությամբ աջակցություն ցուցաբերում ռուսական զորքերին[9]։
Արցախյան ազատամարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արցախյան ազատամարտի տարիներին Փառուխ գյուղի տարածքը հիմնականում զերծ է մնացել ռազմական գործողությունների վայր լինելուց։ Այնուամենայնիվ, արձանագրվել են զինված միջադեպեր։ Մասնավորապես, 1991 թվականի հուլիսի 27-ին Փառուխ գյուղի մոտ՝ դեպի Խրամորթ գյուղ տանող ճանապարհին ադրբեջանական զինված խումբը գնդակոծել է 7 հայերի տեղափոխող ԳԱԶ-53 մակնիշի բեռնատար ավտոմեքենա։ Հարձակման հետևանքով սպանվել են 41-ամյա Սամվել Միքայելյանը և 24-ամյա Սամվել Մելքումյանը, իսկ հրազենային վիրավորում ստացել 60-ամյա Աբել Առստամյանը և 35-ամյա Ալբերտ Խաչատրյանը[10]
1992 թվականին մայիսի 10-ին ադրբեջանցիներին հաջողվել է գրավել Փառուխը։ 1992 թվականին սեպտեմբերի սկզբներին ԱՀ ՊԲ ստորաբաժանումները, վերախմբավորելով ուժերը, ազատագրել են Փառուխ, Խրամորթ, Դահրազ, Նախիջևանիկ, Աղբուլաղ, Արանզամին, Փիրջամալ գյուղերը։ Սակայն 2 ամիս անց թշնամին նորից գրավել է Փառուխ գյուղը։ 1993 թվականին հունվարին ԱՀ ՊԲ լայնամասշտաբ ռազմագործողության արդյունքում ազատագրվել են գերյալ մի շարք տարածքներ, այդ թվում՝ Փառուխը։
Գյուղի վերականգնողական աշխատանքները սկսվել են պատերազմից անմիջապես հետո։
44-օրյա պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Արցախի Հանրապետության Ասկերանի շրջան ի արևելյան հատվածը հայաթափվել և 2020 թվականի նոյեմբերի 20-ին հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը[11], որի հետևանքով Փառուխ գյուղը հայտնվել է հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[12][13][14][15][16]։
Փառուխ գյուղի և Քարագլուխ բարձունքի գրավում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ մամուլի հրապարակումների՝ 2022 թվականի մարտի 22-ին Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փառուխ գյուղին հարակից հայ-ադրբեջանական շփման գծի հատվածում հակամարտող կողմերի զորքերի հայելային հետքաշման մասին, քանի որ այդ հատվածում տեղադրվել է ռուսական դիտակետ։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակն իր ստորաբաժանումները հետ է քաշել, իսկ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը՝ ոչ[2][17][18]։
2022 թվականի մարտի 24-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները, շրջանցելով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետը, Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը[17][19], գրավել գյուղը և զբաղեցրել նոր դիրքեր[20][21]։ Գյուղի բնակչությունը տարհանվել է։ Միաժամանակ տարհանվել են նաև Փառուխի հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները[20][21]։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փառուխ գյուղի տարածքում առկա են մի շարք պատմամշակութային հուշարձաններ։ Դրանցից է գյուղից 1 կմ հարավ-արևմուտք գտնվող և 9-ից 12-րդ դարերով թվագրվող Կալեն Խութ անունը կրող գերեզմանոցը[1]։
Շիկաքար ամրոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մակար Բարխուդարյանը գրել է, որ տեղացիների վկայությամբ նախկինում գյուղում 100 տուն բնակիչ կար, իսկ 1890-ական թվականներին՝ ընդամենը 8 տուն, 24 բնակիչ։
Փառուխում 1987 թվականին կար 24 տուն, 81 բնակիչ, 2010 թվականին՝ 17 տուն, 63 բնակիչ, 2018 թվականին 21տուն, 82 բնակիչ։
Խորհրդային տարիներին Փառուխ գյուղի բնակչության կյանքի միջին տևողությունը 75-80 տարի է[22]։
Ստորև պատկերված աղյուսակով ներկայացված է Փառուխ գյուղի բնակչության վիճակագրական տվյալներն ըստ տարիների՝
Տարի | 2008 | 2009 | 2010 | 2015 |
---|---|---|---|---|
Բնակիչ | 73[23] | 60[23] | 63[23] | 72 (20 տուն)[1] |
Համայնքային կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]1932 թվականին Փառուխ գյուղում կազմավորվել է կոլտնտեսություն։ Էլեկտրիֆիկացվել է 1958 թվականին[22]։ Խորհրդային տարիներին գյուղում տարրական դպրոց է գործոլ։ Աշակերտների թվաքանակի կրճատման պատճառով 1984 թվականին դպրոցը փակվել է։ ԱՀ կառավարության որոշմամբ պատերազմից հետո բնակավայրում բացվել է Խրամորթի միջնակարգ դպրոցի Փառուխի մասնաճյուղը։
Ժամանակակից շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Փառուխ գյուղում գործում է գյուղապետարան, բուժկետ, դպրոց[1]։ Գյուղի խմելու ջրի ջրամատակարարումը կատարվում է ինքնահոս եղանակով 3 աղբյուրներից[1]։ Այն ապահովված է էլեկտրաէներգիայով, ունի գազամատակարարման ցանց[1]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի տվյալներով Փառուխի բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հակոբ Ղահրամանյան, «Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի», Երևան, Ճարտարագետ, 2015 թվական։
- ↑ 2,0 2,1 «Կանգնած նայում էինք, ադրբեջանցիները գալիս էին։ Մտածեցինք՝ երևի խաղաղապահներն ինչ-որ բան կձեռնարկեն, բայց ոչ մի բան չարեցին. Փառուխի գյուղապետ» հոդված lragir.am լրատվական կայքում, (արխիվացված 25․03․2022թ․)։
- ↑ Արցախի Հանրապետության սահմանադրություն, ընդունված 2017 թվականի փետրվարի 20-ին, (արխիվացված 23․03․2022թ․)։
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ Ադրբեջանի Հանրապետության պետական վիճակագրական կոմիտե, «Վարչական տարածքային բաժանման դասակարգում 2019», պաշտոնական հրատարակություն, Բաքու 2020, բնօրինակը՝ Azərbaycan Respublikasının Dövlət Statistika Komitəsi. "İnzibati ərazi bölgüsü təsnifatı 2019", Rəsmi nəşr, Baki 2020.(ադրբ.)
- ↑ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպություն, տեքստը՝ Սամվել Կարապետյանի, «Արցախ քարտեզագիրք», Երևան, 2016 թվական, (թվային տարբերակ)(չաշխատող հղում)։
- ↑ Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 152–154.
- ↑ Ջ. Արզամանսսն, «Մեծ» և «Փոքր» սղնախների հարցի շուրջ, «Լրաբեր», 1985 թվական, հրատարակություն 4. էջ 91։
- ↑ 9,0 9,1 В. А. Потто, Первые добровольцы Карабаха в эпоху водворения русского-владычества, Тифлис, 1902, стр. 15— 18.
- ↑ Արիս Արսենի, «Արցախյան շարժման և զինված պայքարի ժամանակագրություն (1988 - 1994)», (թվային տարբերակ)։
- ↑ «Հայաստանի հարավարեւելյան հատվածում դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հարցեր չեն քննարկվում» հոդված hetq.am լրատվական կայքում, (արխիվացված 24.03.2022թ.)
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․)։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
- ↑ «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ 17,0 17,1 «Ի՞նչ է կատարվում Արցախում» հոդված hraparak.am լրատվական կայքում, (արխիվացված 25․03․2022թ․)։
- ↑ «Խրամորթում հայկական դիրքերը հանվել էին ռուսական կողմի առաջարկով» հոդված lragir.am լրատվական կայքում, (արխիվացված 25․03․2022թ․)։
- ↑ «Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը» հոդված hetq.am լրատվական կայքում, (արխիվացված 24․03․2022թ․)։
- ↑ 20,0 20,1 «Ադրբեջանցիները գրավել են Արցախի Փառուխ գյուղը, կրակոցներ չեն հնչել, բոլորը տարհանվել են․համայնքապետ» հոդված tert.am լրատվական կայքում, (արխիվացված 24․03․2022թ․)։
- ↑ 21,0 21,1 «Գյուղն են գրավել, կրակոցներ չեն հնչել, բոլորը տարհանվել են․ Փառուխի համայնքապետ» հոդված factor.am լրատվական կայքում, (արխիվացված 24․03․2022թ․)։
- ↑ 22,0 22,1 Ս. Մելքումյան, Լեռնային Ղարաբաղ, 1990 թ., Երևան, էջ 146։
- ↑ 23,0 23,1 23,2 Արցախի Հանրապետության բնակչություն ըստ համայնքների, (արխիվացված 10․03․2022թ․)։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Փառուխ կատեգորիայում։ |
|