Ադրբեջանի ռազմական գործողություններ Արցախում (մարտ, 2022)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադրբեջանի ռազմական գործողություններ Արցախում
Հայ-ադրբեջանական հակամարտություն
Թվական մարտ, 2022
Վայր Խրամորթ, Կարմիր Շուկա, Թաղավարդ, Փառուխ, Խնապատ
Արդյունք Փառուխ գյուղի գրավում, Արցախի գազամատակարարման խափանում
Հակառակորդներ
Ադրբեջան Ադրբեջանի Հանրապետություն Արցախ Արցախի Հանրապետություն Ռուսաստան Ռուսաստանի Դաշնություն
(խաղաղապահ գործառույթներով)
Կողմերի ուժեր
Ադրբեջանի զինված ուժեր Արցախի պաշտպանության բանակ Արցախում ռուսական խաղաղապահ զորամիավորում
Ռազմական կորուստներ
Հայկական աղբյուրներ՝
  • 5 զոհ (Ադրբեջանի ԶՈւ-ի)

Ադրբեջանական կողմը հերքում է

Հայկական աղբյուրներ՝
  • 3 զոհ (զինծառայող)
  • 15 վիրավոր (14 զինծառայող, 1 քաղաքացիական անձ)

Ադրբեջանի ռազմական գործողություններ Արցախում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի վերահսկողության գոտում գտնվող Արցախի Հանրապետության մի շարք բնակավայրերի վրա ռազմական հարձակում հրաձգային զենքերով, ականանետերով, հարվածային անօդաչու սարքերով և հոգեբանական ներազդման միջոցներով 2022 թվականի մարտ ամսին։ Ռազմական գործողություններին նախորդել է Ադրբեջանի կողմից Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչներին ուղված սպառնալիքի և գյուղը լքելու կոչերը[1], ինչպես նաև Շուշիի հատվածում Արցախը մատակարող միակ գազամուղը շարքից հանելու և վերականգնման աշխատանքներին խոչընդոտելու գործողությունները[2]։

Մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերը գրավել են Փառուխ գյուղը՝ զբաղեցնելով նոր դիրքեր[3]։ Գործողությունների արդյունքում հայկական կողմից զոհվել է 3 զինծառայող[4], 14-ը ստացել են վիրավորում։

Ռազմական գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետրվարի 25-ին և 26-ին ադրբեջանցիները Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչներից պահանջել են լքել գյուղը, այլապես սպառնացել են ուժ կիրառել։

Մարտի 9-ին օրվա ընթացքում, այնուհետև ողջ գիշերը Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, ինչպես նաև ականանետերի կիրառմամբ կրակել են Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ և Նախիջևանիկ, Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա համայնքների վարչական տարածքների, ճանապարհների ուղղությամբ[5]։ Կրակոցների հետևանքով Խրամորթում վիրավորում է ստացել մեկ քաղաքացիական անձ։ ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հայտնել է, որ Ադրբեջանը Խրամորթ գյուղի ուղղությամբ ցուցադրաբար կուտակել է նաև ծանր տեխնիկա (տանկեր)[6]։

Նույն օրը Ադրբեջանի Ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Շահիդովը հայտարարել է, որ Ադրբեջանն Արցախում սկսել է «ահաբեկչության դեմ ռազմական գործողություն»[7]։

Մարտի 11-ին Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնել է, որ Ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը շարունակում է խախտել Խրամորթ, Փառուխ և Խնապատ գյուղերի ուղղություններով[8]։

Ադրբեջանը ժամը 10:20-ի սահմաններում 120 մմ-ոց 2 արկ է արձակել Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ, իսկ Թաղավարդ գյուղի հարակից ադրբեջանական դիրքերից բարձրախոսներով գյուղը լքելու սպառնալիքներ են հնչել[9]։

Գազամատակարարման խափանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտի 8-ին Շուշի-Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի ունեցած մայրուղային բարձր ճնշման գազատարի վթարի պատճառով Արցախի Հանրապետության տարածքում խափանվել է գազամատակարարումը։ Ադրբեջանական զինված ուժերը ավելի քան 4 օր խոչընդոտներ են հարուցում գազատարի վթարի վայր հասանելիության և վերականգնողական աշխատանքներ իրականցնելու համար։

Մարտի 18-ին ադրբեջանական կողմը վերանորոգել է վթարված գազատարը՝ այդ հատվածում տեղադրելով փական[10]։ Մարտի 21-ին ադրբեջանցիները կրկին դադարեցրել են Հայաստանից Արցախ գազամատակարարումը, այս անգամ փականի միջոցով[11][12]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրամիության դիվանագիտական գերատեսչության խոսնակ Պիտեր Ստանոն մտահոգություն է հայտնել Արցախում գազամատակարարման խափանման հետ կապված[13], իսկ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան կոչ է արել շուտափույթ կարգավորել Արցախում գազամատակարարման խնդիրը[14]։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ այս գործողությունների արդյունքում Արցախը հումանիտար աղետի շեմին է[15]։

Փառուխ գյուղի գրավում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտի 24-ին Ադրբեջանական զինված ուժերը Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը[16], զբաղեցրել նոր դիրքեր, գրավել գյուղը, որտեղից նախապես տարհանվել էր բնակչությունը[17]։

Արցախի Պաշտպանության Բանակը հայտնել է, որ ադրբեջանական կողմը մարտի 25-ի գիշերը կրակ է բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ՝ հարվածային ԱԹՍ։ Փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող։ Հայկական կողմից կա 5 վիրավոր[18]։

Մարտի 25-ին կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից բացի կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի, որի հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող[19]։

Մարտի 27-ին Ռուսաստանի Դաշնության ՊՆ-ն հայտնեց, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանական ուժերը հեռացել են Փառուխից[20], սակայն քիչ անց ադրբեջանական ԱԳՆ-ն հերքել է այդ տեղեկությունը՝ հայտնելով, որ իրենց զինված ուժերը շարունակում են մնալ Փառուխ գյուղի և մոտակա բարձունքների դիրքերում[21]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստան - Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Ադրբեջանին մեղադրել է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները խախտելու մեջ, հայտնել, որ վերջիններս մարտի 24-ին և 25-ին մտել են ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի, և դիտակետ տեղակայել։ Ռուսական կողմը հայտնել է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից «Բայրաքթար» անօդաչուով չորս հարված հասցելու մասին։ Ադրբեջանական կողմին կոչ է արվել հետ քաշել զորքերը։
  • ՄԱԿ - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ նոր մարտերի մասին հաղորդումներով և կողմերին կոչ է արել զերծ մնալ ցանկացած գործողությունից և հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրման[22]։
  • Հայաստան - Հայաստանի ԱԳՆ. «Ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահ զորքերը միջոցներ կձեռնարկեն, որպեսզի Ադրբեջանի զորքերը անհապաղ վերադառնան ելման դիրքեր»։
  • Արցախ - Արցախի ԱԳՆ դատապարտել է Ադրբեջանի սադրիչ գործողությունները խաղաղ բնակիչների նկատմամբ[23]։
  • Հայաստան - Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը խստորեն դատապարտել է Ադրբեջանի շարունակվող հանցավոր քաղաքականությունը՝ նշելով, որ այս գործողությունները միտված են հայաթափել ու էթնիկ զտման ենթարկել Արցախը իր բնիկ հայերից[24]։
  • Հայաստան - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ նշել է, որ զերծ կմնա գնահատական տալուց[25]։
  • Հայաստան - Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը պատասխանելով իրավիճակի մասին լրագրողի հարցին, հայտնել է. «Հետո ինչ, որ Ադրբեջանը կրակում է, մենք մեր ճանապարհից չենք շեղվում»։
  • Ադրբեջան - Բաքուն հերքել է տարածվող ինֆորմացիան՝ հայտնելով, որ ադրբեջանական ստորաբաժանումները շարունակում են դիրքերի, տեղակայման վայրերի ճշգրտման գործընթացը՝ առանց ուժ կիրառելու

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թովմասյան, Իշխան (2022 թ․ փետրվարի 26). «Կաթվածահար է գյուղի բնականոն կյանքը. Արցախի ՄԻՊ-ը մանրամասներ է հաղորդել Խրամորթից». Ազգ. Վերցված է 2022 թ․ մարտի 11-ին.
  2. «Արցախում 4-րդ օրն է՝ գազ չկա. ադրբեջանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են». news.am. Վերցված է 2022 թ․ մարտի 11-ին.
  3. «Գյուղն են գրավել, կրակոցներ չեն հնչել, բոլորը տարհանվել են․ Փառուխի համայնքապետ |factor.am|». infocom.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 24-ին.
  4. «Արցախի արևելյան սահմանագոտում Բաքվի կողմից Bayraktar-ների կիրառման արդյունքում 3 պայմանագրային զինծառայող է զոհվել». armenpress.am. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  5. «Ադրբեջանի ԶՈւ-ը ակտիվ կրակ են վարում Արցախի մի շարք համայնքների ուղղությամբ. ԼՂ դատախազություն». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022 թ․ մարտի 11-ին.
  6. «Խրամորթում մեկ քաղաքացիական անձ վիրավոր է, հակառակորդը գյուղի ուղղությամբ կուտակել է ծանր տեխնիկա․ ՄԻՊ». news.am. Վերցված է 2022 թ․ մարտի 11-ին.
  7. One, Studio. «Ադրբեջանում հայտնել են Արցախում «ռազմական գործողություն» սկսելու և այն շուտով ադրբեջանական վերահսկողության տակ վերցնելու մասին». yerkir.am (ամհարերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 11-ին.
  8. «Ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը շարունակում է խախտել Խրամորթ, Փառուխ և Խնապատ գյուղերի ուղղություններով. ԱՀ ոստիկանություն». artsakhpress.am. Վերցված է 2022 թ․ մարտի 11-ին.
  9. «Ադրբեջանական կողմը ականանետ է կիրառել Խնապատի ուղղությամբ, Թաղավարդում բարձրախոսով գյուղը լքելու կոչեր հնչեցրել». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022 թ․ մարտի 11-ին.
  10. «Արցախում վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022 թ․ մարտի 24-ին.
  11. «Ադրբեջանական կողմը խողովակը նորոգելիս այն բացել ու փակելու հարմարանք է տեղադրել. Արցախի իշխանություններ». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022 թ․ մարտի 24-ին.
  12. «Ադրբեջանն ուղղակի փակել է գազի փականը, նպատակն է՝ անհնար դարձնել արցախցիների կյանքը սեփական հայրենիքում. Փաշինյան». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022 թ․ մարտի 24-ին.
  13. «Եվրամիությունը մտահոգված է Արցախում գազամատակարարման խափանումներով». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022 թ․ մարտի 24-ին.
  14. «Մոսկվան կոչ է անում շուտափույթ կարգավորել Արցախում գազամատակարարման խնդիրը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022 թ․ մարտի 24-ին.
  15. «Արցախը հումանիտար աղետի շեմին է. Փաշինյան». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022 թ․ մարտի 24-ին.
  16. «Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը». Hetq.am. Վերցված է 2022 թ․ մարտի 24-ին.
  17. «Ադրբեջանցիները գրավել են Արցախի Փառուխ գյուղը, կրակոցներ չեն հնչել, բոլորը տարհանվել են․համայնքապետ․ factor.am». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 24-ին.
  18. LLC, Helix Consulting. «Գիշերը Ադրբեջանը կրակ է բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, հարվածային ԱԹՍ. հակառակորդն ունի 5 զոհ, հայկական կողմը՝ 1 վիրավոր - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  19. «Հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող․ իրադրությունը շարունակում է ծայրաստիճան լարված մնալ». infocom.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  20. «ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանական ուժերը հեռացել են Փառուխից». CIVILNET. 2022 թ․ մարտի 27. Վերցված է 2022 թ․ մարտի 27-ին.
  21. LLC, Helix Consulting. «Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է հետքաշման մասին Ռուսաստանի տեղեկությունը. նրանք շարունակում են մնալ Փառուխ գյուղի և մոտակա բարձունքների դիրքերում - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 27-ին.
  22. «ՄԱԿ-ը Բաքվին եւ Երեւանին զսպվածության կոչ է արել՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին». news.am. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  23. «Արցախի ԱԳՆ դատապարտել է Ադրբեջանի սադրիչ գործողությունները խաղաղ բնակիչների նկատմամբ». Hetq.am. Վերցված է 2022 թ․ մարտի 11-ին.
  24. Բաքուն արդեն շուրջ մեկ շաբաթ է թույլ չի տալիս Արցախի ներկայացուցիչներին վերականգնել գազատարի ենթադրյալ «խափանումը»․ ՄԻՊ
  25. Գնահատական տալուց զերծ կմնամ․ Նիկոլ Փաշինյանը՝ Արցախ մտնող գազատարի վնասման մասին