Հայկական հարցը և հայերի ցեղասպանությունը պատմագրության մեջ
Հայկական հարցի և հայերի ցեղասպանության բազմապլան խնդիրների ուսումնասիրությամբ առաջացել է մեծաքանակ պատմական գրականություն՝ աշխատություններ, փաստաթղթերի ու վավերագրերի ժողովածուներ, հուշագրությունների և այլն հրապարակումներ։ Խնդիրը ուսումնասիրել և ուսումնասիրում են ոչ միայն հայ պատմաբանները, այլև օտարները՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, եվրոպական ու մերձավորարլևելյան երկրների գիտնականները։ Իրադարձությունների իր տեսակետն է առաջ քաշում նաև թուրքական պատմագրությունը, որը ձգտում է ամեն կերպ արդարացնել Թուրքիայի ղեկավար շրջանների հանցավոր գործողությունները, նրանց հակահայկական քաղաքականությունը։ Ստեղծված գրականությունը տարբերվում է ոչ միայն ժամանակի առումով, այլև մեթոդաբանական մոտեցումներով, պատմական նյութի քննության հավաստիության և օբյեկտիվության աստիճանով, ինչը պայմանավորված է ինչպես հետագոտողների տարբեր մեթոդաբանական դպրոցների պատկանելությամբ, այնպես էլ այլ խնդիրներով (գիտական կամ քաղաքական իրադրությունից ելնելով), որոնք դրել են տարբեր երկրների հեղինակները։ Հետաքրքրությունը խնդրի նկատմամբ չի թուլանում, ընդհակառակը, շատ երկրներում ստեղծվող պատմական գրականությունը վկայում է, որ հայկական հարցը և հայերի ցեղասպանության խնդիրը մնում են միջազգային պատմագրության, հետևաբար և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Հասկացաք դե արտագրեք
Հայկական պատմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ ժողովրդի գոյապահպանության, ազգային համախմբման, իր երկրին տեր դառնալու, իր պետականությունը վերականգնելու համար հայ ժողովրդի արդարացի պայքարի հետևանք էր Հայկական հարցը։ 19-րդ դարի 70-ական թվականներից հայ հասարակական մտքի և պատմագիտության շատ ակնառու ներկայացուցիչների հետաքրքրել են հայկական հարցի արծարծումները և հայ ժողովըրդի ազգային-ազատագրական շարժումների հետ կապված ամենաբազմազան խրնդիրները, արևմտահայության նկատմամբ Թուրքիայում կիրառված ջարդերի քաղաքականությունը։ Ստեղծվել են ծավալուն գրականություն, հարուստ փաստական տվյալների հիման վրա գրված մեծ թվով մենագրություններ, որոնցում իրադարձությունները մեկնաբանել են տնտեսական, քաղաքական, դիվանագիտական և այլ տեսանկյուններից, բացահայտվել Հայկական հարցի և հայերի ցեղասպանության սկզբնավորման ու նրա հետագա գործընթացի հայտնի ու գաղտնի նենգ դիտավորությունները, որոնք սկիզբ են առնում օսմանյան առաջին սուլթանների «խաղաղ» ֆերմաններում, համիդյան բռնապետության «զուլումի» քաղաքականության որոգայթներում, կոտորածներում և, վերջապես, արդեն զանգվածային ցեղասպանության ծրագիր դառնում երիտթուրքերի գործողություններում։
Րաֆֆի
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ ազգային-ազատագրական շարժման և հայկական հարցի առաջ բերած խնդիրների պատասխաններն ու լուծումն է որոնել իր ամբողջ ստեղծագործական կյանքում պատմավիպասան և հրապարակախոս Րաֆֆին (Մելիք-Հակոբյան Հակոբ, 1835-1888)։ Իր բազում հոդվածներում, «Ճանապարհորդություն Թիֆլիսից մինչև Ագուլիս» (1878) ուղեգրությունում, «Ջալալեդդին» (1878) վիպակում, վերլուծելով ազատագրական շարժման իրական հանգամանքները և անհեռանկար դիտելով հայկական հարցի լուծման եվրոպական դիվանագիտության ուղին, Րաֆֆին առաջադրել է ազատագրական պայքարի գաղափարը՝ արևմտահայերի գլխավոր խնդիրը համարելով այդ գաղափարի «անդադար և անընդհատ նախապատրաստությունը»։ Այդ ծրագրի գեղարվեստական արտահայտությունն են «Խենթը» (1881) և «Կայծեր» վեպերը։ Րաֆֆին մերկացնում է թուրքական քաղաքականության խարդավանքները, հետևողականորեն բացահայտում այն մտայնության պատրանքայնությունը, թե հնարավոր է փրկությունը ապագա «քաղաքակրթված» Թուրքիայում։ «Այդ ցնորք է, թուրքը այսօր անկիրթ բարբարոս է, բայց քաղաքակրթվելուց հետո կդառնա կրթյալ ավազակ և այն ժամանակ ավելի վտանգավոր կդառնա... Մենք ունենք պատմություն, 850 տարվա պատմություն, թե ինչպես է վարվել մեզ հետ թուրքը։ Նրա ամեն մի տողը արյունով և արտասուքով է գրված։ Ով որ ուրանում է պատմությունը, առաջ ինքն է կնքում իր դատավարության դատակնիքը»։ 1878 թվականին Բեռլինի կոնգրեսում եվրոպական տերությունները կարողացան դիմակայել ռուս-թուրքական պատերազմում հաղթած Ռուսաստանի հզորացմանը՝ դրանով իսկ մերժելով արևմտահայերի պահանջատիրությունը։ Նման պարագայում Րաֆֆին առաջարկում է քարոզիչներ ուղարկել Արևմտյան Հայաստան, որոնք հայ ժողովրդին կուսուցանեին ազգային մաքառման գիտությունը, կցանեին գաղափարական այն կայծերը, որոնցից կբռնկվեին արևմտահայության ազատագրության համար համազգային պայքարի կրակները։ Այն ժամանակ, երբ հայ քաղաքական շրջանները Բեռլինի կոնգրեսից առաջ և նրանից հետո հաճախ անհետևողականություն էին հանդես բերում, տարուբերվում հարափոփոխ իրավիճակներում, Րաֆֆին շարունակում էր հավատ չընծայել եվրոպական դիվանագիտությանը և, ապավինելով Ռուսաստանի ազատագրական առաքելությանը, միաժամանակ առաջ էր քաշում Հայաստանի ազատագրությունը սրով ու զենքի ուժով ձեռք բերելու համարձակ ծրագիրը։ 1879 թվականին Րաֆֆին գրել է, որ արևմտահայերը «նախապատրաստված չէին ժամանակից մեծ օգուտ քաղելու և այս պատճառով չհասան իրենց նպատակին, թեև ոմանք Բեռլինի վճռի 61-րդ հոդվածի մեջ ոսկու հանք են տեսնում։ Այդ հանքը մեզ շատ չի շլացնում։ ...Մենք մի հանք ենք ճանաչում, որից կարելի է ստանալ ցանկացած ոսկին, եթե այդ հանքն անդադար և անընդհատ կերպով կբովագործվեր, դա կոչվում է նախապատրաստվածություն։ Եվ Տաճկաստահայոց խնդիրը պետք է կայանար այսուհետև անդադար և անընդհատ նախապատրաստության գործի մեջ, որպեսզի նրանք կազմ ու պատրաստ հանդիպեն այն մեծ օրվան, երբ կրկին կզարկե ազատության ժամը»։ Այս գաղափարախոսության վրա խարսխվեց 1880-1890-ական թվականների հայ ազգ-ազատագրական պայքարը, ժամանակաշրջան, երբ տակավին հայկական հարցի լուծման, թուրքական բարբարոս տիրապետությունը թոթափելու հիմքում համառորեն դրվում էր Ռուսաստանի գործոնը, ռուս պետականության օգնությամբ փրկվելու հնարավորությունը։ Սակայն 1880-ական թվականներին, հատկապես 1883-1884 թվականներին, երբ ակներև եղավ ցարիզմի բացասական դիրքորոշումը հայկական հարցի լուծման հանդեպ, և բացահայտ դարձավ նրա հալածական քաղաքականությունը հայ ժողովրդի դպրոցական-եկեղեցական ինքնավարության նկատմամբ (1885 թվականին փակվեցին կովկասահայ դպրոցները), Րաֆֆին փոխեց իր վերաբերմունքը պաշտոնական Ռուսաստանի նկատմամբ։ Նա դժգոհ էր, որ Ռուսաստանը հետևողական չէր հայկական հարցի լուծման գործում, ավելին՝ հայերի մոտ մեկդարյա արտակարգ զոհողությունները ռուսական զենքի հաջողության համար ցարական սատրապների կողմից չարժանացան որևէ փոխհատուցման։
Գրիգոր Արծրունի
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր այս տեսակետով Րաֆֆին ջանում էր ներազդել Գրիգոր Արծրունու վրա, որը հարմարվում էր ցարական կառավարության քաղաքականությանը։ Արծրունին իրավացի էր, որ չէր հավատում եվրոպական տերությունների արևելյան քաղաքականության անկեղծությանը, սակայն մոլորվում էր, երբ մեկ ուրիշ նվաճողի՝ ցարական Ռուսաստանի օգնությամբ էր հնարավոր համարում Թուրքիայի լծից հայ ժողովրդի արևմտահայ հատվածի ազատագրումը։ Նա գտնում էր, որ լավ կլինի, եթե Արևմտյան Հայաստանը միանա Ռուսաստանին, բայց եթե իրավիճակը այլ ընթացք ստանա, և արևմտահայերի ցանկությունը չիրականանա, ապա «որքան և աննպաստ, անընդունակ լիներ Հայաստանը ինքնուրույն կյանքին, ինքնավարությունը, այնուամենայնիվ լավ է, թող ինքնավարություն ստանա, քան թե նորից վերադարձած լինի թուրքաց բարբարոս, ճնշող, ոչնչացնող տիրապետությանը»։ Արծրունին այս անգամ էլ հայերի միակ հույսը Ռուսաստանն էր համարում, քանզի Ռուսաստանի համար «ավելի լավ է որպես հարևան ունենալ մի փոքրիկ անկախ Հայաստան, քան թե Անգլիայի պես նենգավոր, եսական, հարստահարող և միշտ թշնամի հարևան»։ Պատմությունը, ինչպես հայտնի է, հակառակ ընթացավ Արծրունու կանխատեսումներին և ակնկալություններին։ Թուրքիան պատերազմից հետո մնաց կանգուն, և ցարիզմը բոլորովին բարյացակամ չգտնվեց հայերի նկատմամբ։ Ոչ մի լավ գալիք չգուշակելով «հիվանդ մարդու» համար, առավել ևս նրա գարշապարի տակ հեծող արևմտահայության համար՝ Արծրունին գտնում էր, որ վերջինս Ռուսաստանի հետ կապվելով ոչ միայն հնարավորություն ձեռք կբերի արևելահայության նման հաղորդակից լինելու համաշխարհային քաղաքակրթությանը, այլև կդառնա այդ քաղաքակրթության տարածողը Փոքր Ասիայում։
Մատթեոս Մամուրյան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ ազատագրական շարժման գալիքի և հայկական հարցի լուծման այլ ուղի էր տեսնում Մատթեոս Մամուրյանը (1830-1901)։ Նա մերժում էր կովկասահայ ազատամիտների ռուսական կողմնորոշումը և պաշտպանում ցարիզմի կովկասյան քաղաքականության՝ ազգպահպանողականների քննադատական գիծը։ Եթե անգլիական քաղաքականության մեջ Մամուրյանը նշմարում էր աշխարհակալության, հափշտակության և անիրավության վրա հիմնված իրավունքի հետքերը, ապա ռուսական գաղութակալությունը պատկերավոր ներկայացնելու համար համեմատում էր ցարական կնուտը պարսկական խարազանի և թուրքական թակի հետ ու գրում, դրանցից առաջինը՝ «կսպանե, երկրորդը կանդամալուծե, երրորդը կգրգռե»։ 19-րդ դարի 80-ական թվականների կեսից արևմտահայության ազատագրության գաղափարախոսությունն ու գործը թևակոխեցին իրենց զարգացման նոր փուլը։ Հայ հասարակական-քաղաքական ուժերը անդրանիկ քայլերն էին անում՝ կազմակերպվելու ժամանակի պահանջներին համապատասխան։ Ամենուրեք՝ հայրենիքում և հայրենիքից դուրս, Ռուսաստանում և Եվրոպայի երկրներում ստեղծվում էին խմբեր, կազմակերպություններ, որոնց նպատակն էր նախ և առաջ ունենալ անկախ հայրենիք, թոթափել օտարերկրյա լուծը։ Մ. Խրիմյանը, Ն. Վարժապետյանը, Րաֆֆին, Գ. Արծրունին, Ա. Արփիարյանը, Մ. Փորթուգալյանը, Ռ. Պատկանյանը և մյուսները գործնական պայքարի գաղափարական հիմքերը դրեցին։ Ազատագրական պայքարի այս շեփորահարները ոչ միայն ազատության համար մաքառելու գաղափարը դարբնեցին հայ ժողովրդի սրտի և հոգու մեջ, այլև գործնականում դաստիարակեցին թուրքական հանրաբանտի վրա գրոհող մարտիկների մի խիզախ սերունդ։ Ըստ Լեոյի, հայրենասիրական բուռն վերելքը բացահայտորեն սկսվեց ռուս-թուրքական պատերազմի պահին ու շարունակվեց 6-7 տարի, և այս շրջանն էր, որ «կռեց, կոփեց մի գործունյա, անձնազոհ հայրենասիրություն»։ Հասարակության տրամադրությունն այնպիսին էր, որ Արևմտյան Հայաստանի «ազատությունը բովանդակ հայ ազգի ազատություն էր համարվում»։
Լեո
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ պատմագրության մեջ առավել քան հանգամանորեն Լեոն է զբաղվել արևմտահայության ծանր կացության պատճառների, եվրոպական դիվանագիտության խարդավանքների առարկա հայկական հարցի ուսումնասիրմանը։ Արևելյան ճգնաժամին և հայկական հարցին նվիրված իր աշխատություններում նա կարողացել է լուսաբանել միջազգային իրադրության, Թուրքիայի ներքին ու արտաքին իրավիճակի հանգուցային խնդիրները, այն հիմնական դեպքերի ընթացքն ու դեմքերի գործողությունը, որոնք առավել են առնչվել արևմտահայերի քաղաքական ճակատագրի, հայկական հարցի շուրջ ծավալված դիվանագիտական գործողությունների հետ։ 1878-1914 թվականների ժամանակաշրջանն ընդգրկող «Հայոց հարցի վավերագրերը» (1915) ժողովածուում պարզորոշ երևում են, թե ինչպես մեծ տերությունները հետամուտ էին բոլոր միջոցներով կանխելու 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմում ռուսական բանակների հաղթանակին համապատասխան Ռուսաստանի քաղաքական և դիվանագիտական վերընթացը։ Մեծ տերություններն ամեն կերպ խոչընդոտեցին Ռուսաստանի գործուն մասնակցությամբ արևմտահայության քաղաքական կացության բարելավմանը։ Մեծ տերությունների համար հայկական հարցը սոսկ միջոց էր Օսմանյան կայսրության ներքին գործերին միջամտելու համար։ Կուռ փաստերով Լեոն բացահայտում է այն խարդախությունները, որոնցով նույն այդ տերությունները 1915 թվականին և հետագա տարիներին ոչ միայն չպաշտպանեցին արևմտահայությանը թուրք բարբարոսներից, այլև իրենք ուղղակի և անուղղակի մասնակիցը դարձան 20-րդ դարի առաջին ցեղասպանության իրականացմանը։ «Անցյալից» (1925), «Հայոց պատմություն» (նորագույն շրջան, 1927), «Թուրքահայ հեղափոխության գազափարաբանությունը (հ. 1-2, 1934-1935), «Խոջայական կապիտալ» (1934) և այլ աշխատություններում Լեոն բացասական վերաբերմունք է ցուցաբերել հայ ազատագրական շարժումների և դրանց գործիչների նկատմամբ։ Նրա կարծիքով, հայ ազատագրական շարժման անցանկալի հետևանքների պատճառը Ռուսաստանի անազնիվ, «խարդախ» քաղաքականությունն էր, քանի որ ցարիզմը չկատարեց հայերին տված իր բազում խոստումները։ Մեղադրելով ցարիզմի երկդիմի քաղաքականությունը՝ Լեոն չի բացատրում իր մեղադրանքների հիմքերն ու պատճառները։ Քննադատելով հանդերձ ռուսական ինքնակալության նվաճող քաղաքականությունը՝ Լեոն գտնում էր, որ նվաճվելով և ցարական ծանր վարչակարգին ենթարկվելով Մերձավոր Արևելքի երկրները, այնուամենայնիվ, ակամա ներգրավվում էին Ռուսաստանի հասարակական զարգացման ոլորտը, հնարավորություն ստանում հաղորդակցվելու եվրոպական մշակույթին։
Արշակ Չոպանյան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ ազգային-ազատագրական պայքարին սթափ և հավասարակշռված գնահատական է տվել Արշակ Չոպանյանը (1872-1954) իր աշխատություններում։ Նա գտնում էր, որ ճիշտ չեն «հայ պոլիտիկոսները», որոնք «կը նախընտրեին թուրքը ռուսէն», որը Արևելյան Հայաստանի փոքրիկ մի տարածքում արդեն հավաստել էր «ապահովություն պատվո, կենաց և ինչից», ու մերժում էր բոլոր նրանց, ովքեր կցանկանային ինչ-որ ինքնավարություն ունենալ «շնորհիվ Անգլո և մինչև իսկ հավանությամբ թուրքին»։ Չոպանյանը հաստատ համոզված էր, որ հայերի ֆիզիկական ոչնչացումը Օսմանյան Թուրքիայի կառավարողների անշեղ ծրագիրն է, որի գործադրությունը պարզապես կախված է ժամանակից, ռեգիոնալ և միջազգային նպաստավոր պայմաններից։ Միաժամանակ նա ճիշտ չէր համարում այն կարծիքը, թե իբր թուրքերի կողմից այդ ծրագրի արագացմանը նպաստեց որոշ հայ տարրերի (կամավորներ, կուսակցություններ) արկածախնդրական գործելակերպը։ 19-րդ դարի 90-ական թվականներին Չոպանյանը արևմտահայ իրականության մեջ առաջիններից էր, ով ամուր կանգնեց ռուսական կողմնորոշման դիրքերի վրա։ «Ռուսիա և հայերը», «Հայաստանը թուրք լուծին տակ» և այլն ուսումնասիրություններում նա հայ ժողովրդի ազգային ազատագրության վճռորոշ դերը վերապահում էր Ռուսաստանին, որին դիտում էր որպես դրական և բնական դաշնակցի, և որի արտաքին քաղաքական շահերը հաճախ համընկել են հայերի ակնկալություններին։ Նա դատապարտում էր անտարբեր դիտորդի ղերում հանդես եկող եվրոպական դիվանագիտությունը։ Առաջին աշխարհամարտի նախօրեին Չոպանյանը հորդորում էր հայերին չեզոքության, իսկ եթե պատերազմի ընթացքում Ռուսաստանում կատարվեր բարեշրջություն և ցարականին փոխարինելու գար «ազատական Ռուսաստանը», այնժամ հայերը պետք է օգնեին նոր Ռուսաստանին, քանզի ղրանով նպաստած կլինեին բռնության նահանջին, իսկ բռնության շղթաները թոթափած Ռուսաստանում «որքան ալ մեզի համար հատուկ տուն մը շինելու հույսը գոյություն չունենա, գեթ մեծ, առողջ և հզոր տան մը մեջ ապահով ու հանգիստ սենյակ մը ունեցած կըլլանք մեր գոյությունը պատսպարելու և զարգացնելու համար»։
Եղիշե Քահանա Գեղամյան
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղիշե Քահանա Գեղամյանը (1840-1920) իր մի շարք աշխատություններում («Պատմական քաղվածքներ», 1909, «Պատմության դասերը», 1915, «Հայ ազատագրական շարժումները ԺԹ դարում», 1915 և այլն) հակակրանքով է խոսել «համազգային ոգու զորության վրա» երկաթին գերապատվություն տվող Րաֆֆու և Մ. Խրիմյանի «ինքնահնար գյուտի» մասին, որովհետև նրանք «հասուն գիտակցության զորությունն արհամարհելով՝ միայն երկաթի մեջ որոնեցին հայ ժողովրդի ազատագրությունը, որը մեծ մոլորություն էր՝ իր մեծ ու չարաչար հետևանքներով»։ Ըստ Գեղամյանի՝ իսլամական աշխարհում հայերի անդորրը խանգարել են հատկապես նրանց ռուսական կողմնորոշումը և Ռուսաստանի արևելյան քաղաքականությունը։
Սեդրակ Ավագյան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայերի ռուսական կողմնորոշումը և նրա հետևանքները նույն դիրքերից է քննել Սեդրակ Ավագյանը։ 1915 թվականին լույս տեսած «Ազատ Հայաստան Ռուսաստանի հովանավորության տակ» աշխատության մեջ, հանդուրժող չափավորությամբ քննադատելով ցարիզմի ազգային, կրոնական քաղաքականությունը, նա այդ քննադատության անվան տակ սևացրել է հայ ազատագրական շարժումները։ Ռուս-թուրքական զինաբախումների ժամանակ հայերը «կուրորեն օգնել և աջակցել են» ռուսներին։ «Ահա թե ինչու, գրել է նա Մեծ եղեռնի նախօրեին, տասնյակ տարիներ տաճիկը մեզ հալածում, կոտորում ու բնաջինջ է ուզում անել մեր հարազատ երկրում»։ Այս տեսակետը, սակայն, լայն տարածում չի գտել հայ մտավորականության շրջաններում։
Մաղաքիա Օրմանյան
[խմբագրել | խմբագրել կոդը]1896-1908 թվականների դժնդակ տարիներին, երբ եվրոպական տերությունների գործուն հովանավորությամբ Թուրքիայում խաթարված էր հայերի ոչ միայն խաղաղությունը, այլև ֆիզիկական գոյությունը, հայ պահպանողականության ինքնատիպ և խոհուն ներկայացուցիչ Մաղաքիա Օրմանյանը (1841-1918), քննադատելով ցարական իշխանությունների ուխտադրժությունը, ռուսական տիրապետությունը հայերի նկատմամբ ըստ էության համարում էր ընդունելի։ Նա իրատեսորեն էր գնահատում պատմաքաղաքական իրադարձությունները։ Քիչ չեն դեպքերը, գրում էր նա, երբ ռուսական տիրապետության ներքո սաստկացել են հայության նկատմամբ ճնշումներն ու հալածանքները, փակվել մշակութային հաստատություններն ու դպրոցները, բռնագրավվել եկեղեցական գույքը։ Այնուամենայնիվ «Ազգապատումի» հեղինակը նախընտրում էր ռուսական տիրապետությունը, որովհետև այն համատարած մեռելություն չէր սփռում և երբեք «երեք հարյուր հագարներու խողխողում», «մոլեռանդ խուժանի մը ձեռքով խաղաղ ապրող տարրին վրա հարձակում և ջարդ», «երեսուն հազար անմեղ կյանքերու անողորմ կոտորած» չէր ստեղծում։
Այլ պատմագիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական հարցի արծարծման և արևմտահայերի ծանր կացության, հայերի ցեղասպանության վերաբերյալ «Զեյթունյան հերոսապատում» (1899), «Գ. Ա. Տանշիևը և Հայկական հարցը» (1901), «Թուրքական Հայաստանի ապագան» (1911) աշխատություններում Ալեքսեյ Տիվելեգովը (1875-1952) մերկացրել է սուլթան Աբդուլ Համիդ II-ի և երիտթուրքերի մոլեռանդ ազգայնամոլությունը, եվրոպական մեծ տերությունների նենգ քաղաքական էությունը։
Արևմտահայերի սոցիալ-տնտեսական ծանր գոյատևման, հասարակական շարժումների և հայկական հարցի մասին արժեքավոր փաստական նյութ և օբյեկտիվ գնահատականներ է պարունակում Առաքել Սարուխանի (1863-1949) «Հայկական խնդիրը և Ազգային սահմանադրությունը Թուրքիայում (1860-1910)» աշխատությունը (1912)։ Հայկական հարցին հոդվածներ է նվիրել Նիկողայոս Ադոնցը (1871-1942)։ Նա խստորեն քննադատել է 1918 թվականի Բրեստի հաշտությունը՝ գտնելով, որ հենց այդ ժամանակ է Խորհրդային Ռուսաստանը հրաժարվել Արևմտյան Հայաստանից։ «Հայկական հարցը Սևրում» հոդվածում պատմաբանը ցույց է տվել եվրոպական տերությունների քաղաքականության անհետևողականությունը հայկական հարցում՝ պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո էլ։ Հաղթող տերությունները չկարողացան պարտադրել Թուրքիային կատարել Սևրի հաշտության պայմանագիրը (1920)։
20-րդ դարի առաջին երկու տասնամյակին հայ հասարակական մտքի բոլոր ակնառու ներկայացուցիչները հանգել են այն ճշմարիտ գաղափարին, որ անցյալը պետք է նպաստի հասկանալու ժողովրդի ներկան, նրա կարիքներն ու խնդիրները, և՝ ընդհակառակը, հանուն ներկայի ճիշտ գործելակերպի մշակման հարկավոր է անաչառ գնահատել պատմական անցուդարձերը, դեպքերն ու երևույթները։ Այս ելակետից են գնահատել հայ ժողովրդի քաղաքական կողմնորոշումը իրենց աշխատություններում Հ. Առաքելյանը «Թիֆլիսից-Դիլման։ Տանջված Հայաստան, ուղևորություն թուրքաց Հայաստանում» (1915), Հ. Աճառյանը «Տաճկահայոց հարցի պատմությունը (սկզբից մինչև 1915 թ.)» (1915), Մ. Սեմերճյանը (Զեյթունցի) «Զեյթունի անցյալեն ու ներկայեն» (հ. 1-2, 1902), Ա. Անտոնյանը «Այն սև օրերուն...» (1915), Ատոմը «Բարենորոգումներու հարցը» (1914), Վ. Ավանեսյանը «Հայ փախստականներին» (1919), Ատրպետը «Ճիվաղը, Քյոռ Հյուսեին փաշա քյուրդը անսահման իշխան. Թրքահայերի ներկա վիճակը» (1911), Բաբկեն Վարդապետը «Հայկական հարցը և Պողոս Նուբար փաշան» (1914), «Բարենորոգումները Հայաստանում. 1912 թ. նոյեմբերի 12-ից մինչև 10 մայիսի 1914 թ. ժողովածու դիպլոմատիքական դոկումենտների» (1915), Սմբատ Բյուրատը «Արևելյան խնդիր և հայկական հարց, պատմական ուսումնասիրություն» (1919), «Արյունի ձորր» (1919), «Արյունի ճամբուն վրա» (1911), Գ. Գապպենջյանը «Դրվագներ Եդեսիո արյունոտ ջարդերին» (1909), Հ. Թերզյանը «Կիլիկիո աղետը. Ականատեսի նկարագրություններ, վավերաթղթեր, պաշտոնական տեղեկագրեր, թղթակցություններ, վիճակագրություններ, ամենեն կարևոր պատկերներով» (1912), Ե. Թոփչյանը «Երիտասարդ Թուրքիան և հայերը» (հ. 1, 1909), «Հարստահարությունները Տաճկահայաստանում. դիվան հայոց պատմության» (գիրք ԺԳ, 1915), «Հիշատակագիր Վանա ինքնապաշտպանության դեպքերուն (1915 թ. ապրիլ-մայիս)» (1919), Ա. Հովհաննիսյանը «Գորդյան հանգույցը (թրքահայոց հարցի վերջին շրջանը)» (1907), Վահան Միրագենցը «Հայկական ջարդերու փաստաթղթերը» (հ. 1, 1920), Թ. Մկրտչյանը «Ոճրապատում», (պր. 1, 1917), «Տիգրանակերտի նահանգին ջարդերը և քյուրտերու գազանությունները (ականատեսի պատմությունը)» (1919), Մուշեղ արքեպիսկոպոսը «Հայկական մղձավանջը. քննական վերլուծումներ» (1916), Լ. Շաթրյանը «Հայկական ջարդերը և թուրք վարիչները», (1919), Ս. Պարթևյանը «Կիլիկյան արհավիրքը» (1910), «Տեղեկագիրք Ա. Թուրքահայ աղետը, պատմական փաստաթղթեր» (1919), Եղիշե Տեր-Պետրոսյանը «Տարոնո ինքնապաշտպանությունն ու ջարդը» (1920) և այլն։ Հավաքելով փաստական ու վավերական նշանակալի նյութ՝ հայ պատմագրությունը փորձեց իմաստավորել ու ընդհանրացնել այն, առաջ քաշեց տարբեր հայեցակետեր ու մոտեցումներ, որոնք արտահայտում էին 19-րդ դարի 2-րդ կեսի և 20-րդ դարի սկզբի հայ հասարակական-քաղաքական մտքի որոշակի հոսանքների շահերը։ Շատ աշխատություններ հիմք դրեցին հիմնահարցի գիտական ուսումնասիրման և ունեն մշտամնա արժեք։
Խորհրդային պատմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային հայ պատմագրությունը իր ձևավորման շրջանում անցյալի ժառանգության յուրացման հարցում հանդես է բերել ոչ համապարփակ, խիստ խոցելի, ոչ գիտական ու կողմնակալ մոտեցում։ Կողմնորոշվելով նախ և առավելապես դեպի սոցիալ-տնտեսական խնդիրները՝ 1920-1930-ական թվականներից իսպառ կամ գրեթե իսպառ արտաքսվեցին ազգային-ազատագրական պայքարի խնդիրները։ Ավելին, նշված շրջանում պատմական գիտությունը մերժեց հայ ժողովրդի մեծ հատվածի՝ արևմտահայության խնդիրների ուսումնասիրությունը, զբաղվեց հայ ժողովրդի միայն մի հատվածի՝ արևելահայության սոցիալ-հասարակական հարցերով՝ սերտորեն առնչված Ռուսաստանի պատմական զարգացման օրինաչափությունների հետ։ Եթե գիտական տեսակետների և մոտեցումների ձևավորման սկզբնական շրջանում նրա վրա կործանարար ազդեցություն ուներ սոցիոլոգիզմը, ապա հետագա տասնամյակներին պատմաբանի միտքը կաշկանդված էր Ստալինի՝ անհատի պաշտամունքի պահանջներին համապատասխան աշխարհայացքի դաժան չափանիշներով։ Նման պայմաններում հայ ժողովրդի ազգային-ագատագրական պայքարի (թեկուզև ուղղված լիներ օսմանյան ջարդարարների և նրանց հովանավոր մեծ տերությունների ու ցարական Ռուսաստանի քաղաքականության դեմ) պատմությանն անդրադառնալը ընկալվում և գնահատվում էր որպես «հայկական ազգայնամոլության» քարոզ։ Գռեհիկ կեղծարարության և անարդար մերժման ենթարկվեցին Րաֆֆու և Ռ. Պատկանյանի ժառանգությունները։ Փորձեր արվեցին հանել նրանց հայ դեմոկրատ, մտքի զարգացման ընդհանուր գործընթացից և ժողովրդին ազգային-ազատագրական պայքարի կոչող նրանց հայրենասիրությունը նույնացնել հատկապես տիրապետող մեծաքանակ ազգերի բյուրոկրատ մտավորականությանը հատուկ ազգայնականության հետ։
Բագրատ Բորյան
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկար ժամանակ, մինչև 1950-ական թվականների կեսը, հայ պատմական գիտությունը զրկված էր ազգային-ազատագրական շարժումների, հայ ազգային քաղաքական կուսակցությունների, հայկական հարցի և հայերի ցեղասպանության հետ առնչվող խնդիրներն ուսումնասիրելու հնարավորությունից։ Նման պայմաններում բազմիցս «հերքվեց», ապա և «մերժվեց» Բագրատ Բորյանի (1882-1938) «Հայաստանը, միջազգային դիվանագիտությունը և ՍՍՀՄ-ը» աշխատությունը, որտեղ հեղինակը փաստական հարուստ նյութի օգտագործմամբ հայկական հարցը դիտարկել է միջազգային քաղաքականության, դիվանագիտության և իրավունքի տեսանկյունից։ Բորյանը վերլուծել է մեծ տերությունների դիրքորոշումը հայկական հարցում, ցույց տվել, որ նրանք միշտ առաջնորդվել են նախ և առաջ իրենց շահադիտական խնդիրներով։
Մկրտիչ Ներսիսյան
[խմբագրել | խմբագրել կոդը]Բորյանի աշխատությունից հետո (մեծ լռությունից հետո) 1955 թվականին լույս տեսավ Մկրտիչ Ներսիսյանի (ծն․ 1910) «Հայ ժողովրդի ազատագրական պայքարը թուրքական բռնապետության դեմ 1850-1870-ական թվականներին» մենագրությունը, որտեղ հեղինակը փաստական առատ նյութերի հիման վրա հանգամանորեն բացահայտել է արևմտահայության ծանր կացությունը, վեր հանել նրա հերոսական մաքառումն ու ազատագրական շարժման ընթացքը և այդ շարժման առնչությունները հարևան ժողովուրդների հակասուլթանական ընդվզումների հետ, մատնանշել հայ ազատագրական պայքարի սոցիալ-դասակարգային բովանդակությունը և շարժման առաջմղիչ ուժերի ծրագրային նպատակները, արևմտյան տերությունների հետադիմական, հակահայկական դիրքորոշումը և այլ հարցեր, ցույց տվել արևմտահայ ազատագրական շարժման բնականոն, համազգային բնույթը, շարժման գաղափարախոսության ազգային-դեմոկրատական էությունը։ Մ. Ներսիսյանը հոդվածներ է գրել նաև Զեյթունի 1862 թվականի ապստամբության, արևմտահայերի կոտորածների, հայ ժողողովրդի հերոս Անդրանիկի մասին։ Նրա առաջաբանով ու խմբագրությամբ 1966 թվականին լույս տեսավ «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» ժողովածուն, ուր ամենայն համակողմանիությամբ ներկայացվում է սուլթան Աբդուլ Համիդ II-ի և երիտթուրքերի կազմակերպած զանգվածային կոտորածների՝ ցեղասպանության քաղաքականության ողջ էությունը։ Բազում նորահայտ արխիվային փաստաթղթեր և կարևոր այլ նյութեր պարունակող այս ժողովածուն մի անհերքելի պատմական տարեգրություն է թուրքերի աննախադեպ ոճրագործությունների և արևմտահայության մեծ ողբերգության մասին։
Աշոտ Հովհաննիսյան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ ժողովրդի ազգային-ագատագրական շարժման գաղափարախոսությունն սկսած պետականության կորստից մինչև 19-րդ դարի վերջը քննել է Աշոտ Հովհաննիսյանը (1887-1972) «Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության», «Նալբանդյանը և նրա ժամանակը» հիմնարար աշխատություններում, 1960-ական թվականներին հրապարակած բազմաթիվ հողվածներում։ Աշոտ Հովհաննիսյանը հայ քաղաքական կուսակցությունների ստեղծմանը, գաղափարախոսությանն ու գործունեությանը նվիրված հողվածներում ճշտիվ ցույց է տվել, որ այղ կուսակցությունների գաղափարների մեջ գլխավորը վերաբերմունքն էր հայկական հարցին, նրա լուծման ուղիների որոնմանը։
Երվանդ Սարգսյան
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարի 2-րդ կեսից մինչև առաջին համաշխարհային պատերազմը (1914-1918) ընկած ժամանակաշրջանում Արևմտյան Հայաստանում օսմանյան կառավարության վարած քաղաքականությանն է նվիրել մի շարք աշխատություններ Երվանդ Սարգսյանը՝ «Օսմանյան կառավարության ագրարային քաղաքականությունը Արևմտյան Հայաստանում 19-րդ դարի երկրորդ կեսին» (1957), «Օսմանյան կայսրության էքսպանսիոնիստական քաղաքականությունը Անդրկովկասում առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին և պատերազմի տարիներին» (1962), «Օսմանյան կայսրության քաղաքականությունը Արևմտյան Հայաստանում և տերությունները 19-րդ դարի վերջին քառորդում և 20-րդ դարի սկզբին» (1973) ուսումնասիրություններում Սարգսյանը բացահայտել է պանթյուրքիզմի և պանիսլամիզմի հետադիմական էությունը, որոնց վրա է հիմնվել երիտթուրքերի արտաքին քաղաքական ուսմունքը, նշել, որ երիտթուրքերի իրագործած հայերի ցեղասպանությունը եղել է Թուրքիան կառավարողների նվաճողական ծրագրերի բաղկացուցիչ մասը։
Ծատուր Աղայան
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից» (1976) ծավալուն աշխատության մեջ Ծատուր Աղայանը (1912-1983) լուսաբանել է Հայկական հարցի բովանդակությունը կազմող մի խումբ հարցեր՝ արևմտահայերի սոցիալ-տնտեսական վիճակը, նրանց ազատագրական շարժումը, մեծ տերությունների քաղաքականությունը հայկական հարցում և այլն։ Մեծ տեղ է հատկացրել նաև ժողովրդական հերոս Անդրանիկի գործունեության լուսաբանմանը։
Ջոն Կիրակոսյան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական հարցի դիվանագիտական պատմությունն առավել ամբողջական ուսումնասիրել է Ջոն Կիրակոսյանը (1929-1985) «Բուրժուական դիվանագիտությունը և Հայաստանը 19-րդ դարի 70-ական թվականներին» (1978), «Բուրժուական դիվանագիտությունը և Հայաստանը 19-րդ դարի 80-ական թվականներին» (1980), «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ» (1982-1983) աշխատություններում խոր վերլուծությամբ բացահայտել է հակասությունների մեջ միասնական և միասնության մեջ խիստ հակասական եվրոպական մեծ տերությունների դիվանագիտական ողջ անբարոյությունը, ցույց տվել, որ երբևէ ոչ մի ազատագրական շարժման ավելի մեծ դաժանությամբ չեն դավաճանել և որպես գոհ թողել բռնությանը, որքան հայկական շարժմանը։ Եվրոպայից ակնկալվող օգնության փոխարեն հայերը հանդիպեցին բոլոր մեծ տերությունների ակնհայտ անբարյացակամությանը և հայկական հարցի «խաղաղ» զարգացման ժամանակաշրջանում, և ցեղասպանությանն անմիջապես նախորդող ու հաջորդող տարիներին, և այժմ, երբ թուրքական պատմագրությունը կեղծում է կատարված վայրագությունների իրողությունը։ Հայ ժողովրդի ապրած ողբերգությունը 1915-1916 թվականներին Ջ. Կիրակոսյանը տվել է «Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը» (1965) մենագրության մեջ։
Այլ պատմագիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1960-1980-ական թվականներին հայ պատմաբանները ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում զգալի թվով ուսումնասիրություններ են նվիրել հայկական հարցին, հայերի ցեղասպանությանը։ Նրանցում դիտարկվել են Արևմտյան Հայաստանի տեղը պետությունների զավթողական ծրագրերում (Ս. Հակոբյան, Ս. Ստեփանյան), արևմտահայերի սոցտնտեսական և հասարակական-քաղաքական կացությունը 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբին (Հ. Ղազարյան, Ս. Մարկոսյան, Հ. Վարդանյան, Ա. Համբարյան, Մ. Արզումանյան և ուրիշներ), թուրք ազգային բուրժուազիայի քաղաքականությունն ու գաղափարախոսությունը (Հ. Ինճիկյան, Հ. Սիմոնյան), իրադարձությունները Կիլիկիայում (Ռ. Սահակյան, Շ. Թորոսյան), հայ ժողովրդի կռիվը թուրք զավթիչների դեմ (Հ. Թուրշյան, Ա. Հարությունյան), Թուրքիայում քաղաքական իրադրության և հայ ժողովրդի ազատագրական շարժման ընղհանուր հարցերը (Հ. Պողոսյան, Ս. Պողոսյան, Մ. Քոչար և ուրիշներ), Խորհրդային Ռուսաստանի վերաբերմունքը հայկական հարցին (Լ. Խուրշուդյան, Է. Զոհրաբյան և ուրիշներ)։ Սփյուռքահայ հեղինակների աշխատությունները (հուշագրական, պատմագրական և այլն) պարունակում են հարուստ փաստական նյութ, իրադարձությունների ականատեսների ճշմարիտ հաղորդումներ, տեղեկություններ ազգային-ազատագրական պայքարի հերոսների, ֆիդայիների մասին և այլն։ Սփյուռքահայ հեղինակների աշխատությունները քննարկվում են համապատասխանաբար այն երկրների պատմագրության մեջ, որտեղ նրանք ստեղծագործել կամ ստեղծագործում են. ԱՄՆ (Տ. Բոյաջյան, Ս. Գաբրիելյան, Շ. Թորիկյան, Ռ. Հովհաննիսյան, Վ. Տատրյան, ժ. Լիպարիտյան, Մ. Հուսեփյան, Լ. Նալբանդյան, Հ. Դոքմեջյան, Գ. Բարղակչյան, Ռ. Սյունի, Ռ. Ադալյան), Կանադա (Գ. Բաղջյան, Հ. Կապրիելյան), Արգենտինա (Պ. Օհանյան, Ն. Բուլղուրճյան), Ֆրանսիա (Ս. Աֆանասյան, Ա. Բեյլերյան, ժ. Շալյան, Ա. Տեր-Մինասյան, Կ. Մուրադյան), Գերմանիա (Ժ. Քոչարյան), Եգիպտոս (Ա. Ալպոյաճյան), Լիբանան (Զ. Մսըրլյան, Ա. Բուջիկանյան), Սիրիա (Ռ. Պողոսյան), Կիպրոս (Ա. Նասիբյան) և այլն։
Հայ պատմաբանները մշակել են հարցի աշխարհայացքային դրույթները, և ապացուցվել է հայ ազգային-ազատագրական շարժման օրինաչափությունը, որը բնական պատասխանն էր թուրքական իշխանությունների քաղաքական, սոցիալական, ազգային և կրոնական ճնշմանը, հայկական հարցը և ցեղասպանությունը դիտվել են օսմանյան սուլթանության ներքին և արտաքին համալիր խնդիրների շարքում, պանթյուրքիզմի և պանիսլամիզմի գաղափարախոսության տեսանկյունից, որը զենք էր դարձել հետադիմական թուրք ազգային բուրժուազիայի ձեռքին, ցույց է տրվել Հայկական հարցի տեղը Օսմանյան կայսրության շուրջ միջազգային հակասությունների ընդհանուր հանգույցում և եվրոպական տերությունների դիրքորոշումները այդ հարցում։
Այս ամենի հետ հայկական հարցի և հայերի ցեղասպանության պատմագրության մեջ կան էական բացթողումներ։ Նախ և առաջ բացահայտորեն անբավարար է ուսումնասիրված հայ ազգային քաղաքական կուսակցությունների գործունեությունը, որոնք ծնունդ էին հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի և ծառայում էին նրան։ Շատ ուսումնասիրողներ հայդուկային շարժումը դիտել են ազգային կուսակցություններից անջատ և վերջիններիս գործողությունները լավագույն դեպքում համարել «անհեռատես», «անզգույշ», իսկ վատագույն դեպքում նույնիսկ՝ «հակաժողովրդական»։ Սոսկ վերջին տարիներին Հայաստանում սկսեց վերանայվել հայ կամավորական շարժումը առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, որը նախկինում որակվում էր որպես ցարիզմի կազմակերպածը և նրան ի շահ, ընդ որում անտեսվում էր հազարավոր հայ կամավորների ազնիվ հայրենասիրությունը, որոնք ռուսական բանակի կազմում կռվում էին թուրքական լծից իրենց արևմտահայ եղբայրներին ազատագրելու հույսով։
Հրատարակված գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրատարակվել են նաև հայկական հարցին ու հայերի ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերի ու նյութերի ժողովածուներ, բացի վերը հիշված «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում»-ից, նաև «Հուշամատյան մեծ եղեռնի» (1965, Բեյրութ), «Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923)» (կազմողներ՝ 3. Կիրակոսյան, Ռ. Սահակյան, Ջ. Կիրակոսյանի խմբ., 1972), «Հայերի ցեղասպանությունը ըստ երիտթուրքերի դատավարության փաստաթղթերի» (կազմող Ա. Փափագյան, 1988), «Գերմանական աղբյուրները հայերի ցեղասպանության մասին» (1991, Ս. Ստեփանյանի խմբ.)։
Հայ պատմաբանները որոշակի աշխատանք են արել թուրք պատմագրության քննադատության ասպարեզում։ Հրատարակվել են Ե. Սարգսյանի և Ռ. Սահակյանի «Հայ ժողովրդի նոր շրջանի պատմության նենգափոխումը թուրք պատմագրության մեջ» (1963), Ռ. Սահակյանի «Սովետա-թուրքական հարաբերությունների պատմության հակագիտական լուսաբանումը ժամանակակից թուրք պատմագրության մեջ» (1964) և «Ցեղասպանության պատմությունից» (1990) ուսումնասիրությունները։ Հրատարակվել է կոլեկտիվ մենագրություն «Հայաստանի նոր պատմությունը արտասահմանյան արդի հեղինակների աշխատություններում» (ռուսերեն, 1993) և մի շարք հոդվածներ։
Ռուսական պատմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դար
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ ժողովրդի դրությունը Թուրքիայում, նրա ազատագրական պայքարը, 1878 թվականի Բեռլինի կոնգրեսից ի վեր ասպարեզ իջած հայկական հարցը և տերությունների քաղաքականությունը նրա նկատմամբ, հայերի ցեղասպանությունը իրենց արտահայտությունն են գտել ինչպես ռուսական հասարակական մտքի, այնպես և ռուսական պատմագրության մեջ։ Այդ հարցերին նվիրված հատուկ աշխատությունները քիչ են, բայց դրանք լուսաբանված են Ռուսաստանի պատմության, ռազմական և միջազգային հարաբերությունների պատմության և, հատկապես, Արևելյան հարցին ու Թուրքիայի պատմությանը նվիրված երկերում, ինչպես նաև փաստաթղթերի ժողովածուներում։ Հարցերը լուսաբանվել են նաև պարբերական մամուլում։ Պատմաբանների վերաբերմունքը խնդրո առարկա հարցերին տարբեր է եղել, ինչը պայմանավորված էր նրանց քաղաքական համոզմունքներով, բայց աշխատությունների մեծ մասում առկա է համակրանքը հայ ժողովրդի ողբերգական ճակատագրի հանդեպ, խիստ դատապարտվում է թուրքական կառավարող շրջանների քաղաքականությունն ու արևմտյան տերությունների դիրքորոշումը, ցույց տրվում հայ ազատագրական պայքարի ռուսական կողմնորոշումը և Ռուսաստանի օգնությունը հայ ժողովրդին։ Որոշ աշխատություններում քննադատվում է նաև ռուսական ցարիզմի քաղաքականությունը Հայկական հարցի որոշակի փուլերում և ցարական դիվանագիտության նահանջը հայ ժողովրդի շահերի պաշտպանության դիրքերից։
Ռուս պատմաբանների շատ աշխատություններում հետաքրքիր տվյալներ, փաստեր ու մտքեր կան 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի, Բեռլինի կոնգրեսի, հայկական հարցի ծագման, 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հայկական հարցի շուրջ արևմտյան տերությունների միջև հակասությունների սրման վերաբերյալ։ Ռուսական ռազմական պատմաբաններ Ֆ. Ի. Բուլգակովի («Բայազետի հերոսական պաշտպանությունը», 1878), Գ. Կ. Գրադովսկու («Փոքր Ասիայի 1877 թվականի պատերազմը», 1878), Մ. Վ. Ալեքսեևի («1877-1878 թթ. պատերազմը Ասիական ռազմաբեմում», 1892), Պ. Գարկովենկոյի («Ռուսաստանի պատերազմը Թուրքիայի դեմ», 1879), Պ. Ի. Ավերյանովի («Կովկասա-թուրքական ռազմաբեմի գործողությունների համառոտ ռազմական ակնարկ», 1905) երկերում ցույց է տրված հայերի մասնակցությունը այդ պատերազմին Ռուսաստանի կողմում, նրանց ռուսական կողմնորոշումը, հայ բնակչության օգնությունը ռուսական բանակին, ինչպես նաև ռուսական բանակի հայազգի գեներալների (Լորիս-Մելիքով, Տեր-Ղուկասով, Լազարև, Շելկովնիկով և ուրիշներ) դերը Կովկասյան ճակատի ռազմական գործողությունների իրականացման մեջ։ Այդ հարցերին իր աշխատություններում հատկապես մեծ տեղ է հատկացրել Վ. Պոտտոն («Գեներալ-համհարզ Իվան Դավիդովիչ Լազարևը», 1900, «Կովկասյան պատերազմը», հ. 3., 1888, «Ղարաբաղի առաջին կամավորները», 1909, «1910 թ. Կարսի հանդիսությունները և Կարսի չորս գրոհները», 1911, և այլն)։ 1877-1878 թվականների պատերազմից և Բեռլինի կոնգրեսից հետո հրատարակված գրքերում (Վ. Ա. Աբազա, «Հայաստանի պատմություն», 1888, Ռ. Օվսյանին, «ժամանակակից Թուրքիան», 1877, «Թուրքիայի ժողովուրդները» ժող., 1879 և այլն) ցույց է տրված պատերազմի ժամանակ և նրանից հետո արևմտահայերի համար ստեղծված ծանր իրադրությունը, թուրքական իշխանությունների բռնությունների ուժեղացումը։ Բեռլինի կոնգրեսից հետո արևմտահայերի վիճակի կտրուկ վատացումը. 1894-1896 թվականների զանգվածային կոտորածները, որոնք նշանավորում էին Թուրքիայի ցեղասպանական քաղաքականության սկիզբը, Ռուսաստանում առաջ բերեցին բողոքի և հայերի իրավունքների պաշտպանության հզոր ալիք, որն իր արտահայտությունը գտավ պատմական գրականության մեջ։
Ռուս առաջավոր հասարակայնության ներկայացուցիչները Մոսկվայում կազմակերպեցին երկու՝ «Հայերի դրությունը Թուրքիայում մինչև տերությունների միջամտությունը 1895 թվական» (1896) և «Եղբայրական օգնություն Թուրքիայում տուժած հայերին» (1897) ժողովածուների հրատարակումը։ «Եղբայրական օգնություն...» ժողովածուում հայերին օգնելու համար Ռուսաստանում ծավալված հասարակական շարժման պաշտպանությանը մասնակցեցին շատ ռուս անվանի պատմաբաններ՝ Մ. Կովալևսկի, Պ. Միլյուկով, Վ. Պոտտո, Մ. Նիկոլսկի, Ռ. Շտակելբերգ, Պ. Բելյաև, Լ. Կամարովսկի և ուրիշներ։ Ժողովածուում հողվածներից մի քանիսը անմիջականորեն շոշափում են հայկական հարցը։ Առավել ուշագրավը Լ. Կամարովսկու հողվածն է։ Տակավին 1889 թվականին Լոնդոնում հրատարակվող «Հայաստան» հայկական թերթին նա նամակ է գրել, որտեղ ղատապարտել է մեծ տերությունների, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքականությունը հայկական հարցում։ «Թուրքիայում բարենորոգումների մասին» հոդվածում խոսել է սուլթան Աբդուլ Համիդ II-ի քաղաքականության, հայերի ջարդերի մասին և առաջ քաշել տերությունների միջամտության անհրաժեշտությունը։ Հեղինակը այդ հարցերը բարձրացրել է նաև «Արևելյան հարց» գրքում (1896)։
19-րդ դարի վերջին ռուս պատմաբանների հրատարակած այլ գործերում (Ս․ Ժիգարյով, «Ռուսական քաղաքականությունը Արևելյան հարցում», 1896, Կ․ Սկալկովսկի, «Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը և օտարերկրյա տերությունների դրությունը», 1897, Վ․ Տենիշև, «Քաղաքակրթության ամոթը, թուրքական գործերի առթիվ», 1897, Վ․ Մաևսկի, «Վանի վիլայեթը։ Ռազմաստրատեգիական նկարագրություն», 1901) նույնպես արտացոլված են Թուրքիայի 1894-1896 թվականների իրադարձությունները, հայերի զանգվածային կոտորածները, տերությունների քաղաքականությունը հայկական հարցում Բեռլինի կոնգրեսից հետո, նրա ընդունած որոշումների ձախողումը և տերությունների կողմից ցուցաբերվող օգնության գործնական բացակայությունը։
20-րդ դար
[խմբագրել | խմբագրել կոդը]20-րդ դարի սկզբի և Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեի ռուսական պատմական գրականության մեջ, Եվրոպայում նոր դաշինքների և կոալիցիաների ձևավորման ժամանակաշրջանում, իրենց արտացոլումը գտան այնպիսի հարցեր, ինչպես Թուրքիայում երիտթուրքերի իշխանության գլուխ անցնելը և նրանց քաղաքականությունը հայ բնակչության նկատմամբ, Ռուսաստանի քաղաքականության ակտիվացումը մասնավորապես Թուրքիայի հանդեպ, Ռուսաստանի նախաձեռնությունն ու հետևողական ջանքերը Արևմտյան Հայաստանի 1912-1914 թվականների բարենորոգումների ուղղությամբ և դրա հետ կապված՝ Ռուսաստանում արևմտահայերի ճակատագրի նկատմամբ հետաքրքրության մեծացումը։
Ի. Ի. Գոլոբորոդկոյի աշխատություններում («Հին ու նոր Թուրքիան», 1908, «Թուրքիա», 1912) լուսաբանվում են Սասունի և Արևմտյան Հայաստանի այլ վայրերի հայերի ջարդերի հետ կապված իրադարձությունները, վիճակագրական տվյալներ բերվում հայերի հսկայաթիվ զոհերի ու վնասների մասին, ցույց տրվում հայերի ծանր վիճակը երիտթուրքերի օրոք, վերլուծվում նրանց քաղաքականությունը Թուրքիայի ազգային փոքրամասնությունների նկատմամբ։ Այդ հարցերն են քննարկվում նաև Վ. Վոդովոզովի, Ա. Կաֆմանի «Թուրքական ժողովածուում» (1909) հրապարակված հոդվածներում, Ս. Գորյաինովի («Բոսֆորը և Դարդանելը», 1907), Ի. Ռ. Բաժենովի («Մեր արտաքին քաղաքականությունը Մերձավոր Արևելքում ազգային տեսակետից», Մ. Միխայլովի («Արյունոտ սուլթանը», 1912) և ուրիշներ աշխատություններում։
Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունները, Թուրքիայում հայերի զանգվածային ցեղասպանությունը և նրանց հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի բռնագրավումը, հայերի սփռվելը աշխարհով մեկ, տերությունների քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ պատերազմի տարիներին, հայկական կամավորական շարժումը, բոլոր այս հարցերը, բնական է, չէին կարող այն ժամանակ իսկ դառնալ լուրջ ուսումնասիրության առարկա, ուստի և ժամանակի ռուսական պատմագրության մեջ գրեթե բացակայում են հատկապես այդ հարցերին նվիրված ուսումնասիրությունները։ Ռուս պատմաբանների վերաբերմունքը այն ժամանակվա իրադարձություններին իր արտահայտությունը հիմնականում գտել է պարբերական մամուլում տպագրված նրանց հոդվածներում՝ որպես Ռուսաստանի հասարակայնության անմիջական արձագանքներ այդ ողբերգական անցուդարձերին՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի կյանքի ու իրավունքների։ Պատերազմի տարիներին հայ փախստականներին օգնելու, Ռուսաստանի հասարակայնությանը հայերի կրած տառապանքներին տեղյակ պահելու նպատակով կազմակերպվել է «Արմյանսկի վեստնիկ» (1916, Մոսկվա) շաբաթաթերթի և «Արմյանե ի վոյնա» (1916, Օդեսա) ամսագրի հրատարակումը։ «Արմյանսկի վեստնիկում» հողվածներով հանդես են եկել Պ. Բուրսկին («Ռուս-թուրքական ճակատում», հոդվածաշար), Պ. Դ. Դոլգորուկովը («Հայկական հարցը և ռուս հասարակությունը»), Վ. Օբնինսկին («Վերածննդի ճանապարհին») և ուրիշներ, ուշագրավ է Ֆ. Զաբլուդովսկու «Ֆրանսիան և Հայկական հարցը» հոդվածը։
Տուրաև և Մանդելշտամ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետաքրքրություն է ներկայացնում ակադեմիկոս Բորիս Տուրաևի «Ռուսաստանն ու քրիստոնյա Արևելքը» հոդվածը՝ «Ռուսաստանն ու նրա դաշնակիցները հանուն քաղաքակրթության» ժողովածուում (1916), որտեղ հեղինակը ռուս ընթերցողին ծանոթացնում է Հայաստանի պատմությանն ու մշակույթին, ռուս-հայկական կապերին, պատմում ռուս-թուրքական պատերազմների և դրանց՝ հայերի մասնակցության մասին, անդրադառնալով Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերին՝ շեշտում, որ 61-րդ հոդվածը «Դռան համար ազդանշան ծառայեց հայ ժողովրդի կանոնավոր կոտորածների և ոչնչացման»[1], ընդգծում Արևմտյան Հայաստանի ազատագրման նշանակությունն ու այնտեղ գտնվող պատմական հուշարձանների կարևորությունը ռուսական պատմական գիտության համար։
Հայկական հարցի և Թուրքիայի հայության ցեղասպանության մասին հիմնարար աշխատություններ է գրել ռուս դիվանագետ, պատմաբան ու իրավագետ Անդրեյ Մանդելշտամը։ Նրա «Երիտթուրքական տերություն» (1915) և հատկապես «Օտոմանյան կայսրության ճակատագիրը» (1917, ֆրանսերեն) գրքերում լուսաբանված է հայերի հանդեպ Թուրքիայի քաղաքականությունը, մանրամասն տեղեկություններ են տրված 1915 թվականի ցեղասպանությանը նախորդած իրադարձությունների, առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ արևմտահայերի նկատմամբ գործադրված բռնությունների, տեղահանության և ջարդերի մասին։ «Ազգերի լիգան և մեծ տերությունները Հայկական հարցի առջև» (1926, ֆրանսերեն) աշխատության մեջ Ա. Մանդելշտամը շարադրել է հայկական հարցի առավել հանգամանալից պատմությունը՝ 1856 թվականի Փարիզի դաշնագրից մինչև 1922-1923 թվականների Լոզանի կոնֆերանսը։ Փաստագրական հարուստ նյութերի հիման վրա նա լուսաբանել է Թուրքիայի և եվրոպական տերությունների (ներառյալ Ռուսաստանը) քաղաքականությունը հայկական հարցում։ Գրքում տրվում է Արևմտյան Հայաստանի 1912-1914 թվականների բարենորոգումների շուրջ բանակցությունների պատմությունը, վերլուծվում ռուսական կառավարության դիրքորոշումը այդ հարցում։ Այստեղ մանրամասն քննարկվում է նաև 1915-1916 թվականների ցեղասպանության պատմությունը, բերվում անհերքելի փաստեր, որոնք վկայում են կայսերական Գերմանիայի մեղսակցությունը արևմտահայերի բնաջնջման գործին։
Միլյուկով և Մինորսկի
[խմբագրել | խմբագրել կոդը]Պավել Միլյուկովը իր մի շարք աշխատություններում («Բալկանյան ճգնաժամը և Ա. Պ. Իզվոլսկու քաղաքականությունը», 1910, «Ռուսական երկրորդ հեղափոխության պատմությունը». հ. 1, 1921-1924 և այլն), կարեկցանքով վերաբերվելով Թուրքիայում հայերի ծանր կացությանը և նշելով «ռուսահայերի հավատարմությունը», միաժամանակ չէր պաշտպանում հայկական անկախ պետություն ստեղծելու գաղափարը, ավելին նա ուղղակի դեմ էր Հայաստանի ինքնավարությանը՝ ընդունելով միայն հայերի վերամիավորումը ռուսական պետության սահմաններում և Հայաստանը դիտում էր որպես ռուսական քաղաքականության կարևոր տարր Արևելքում։ Նա գտնում էր, որ արևմտահայության ճակատագրի համար վնասակար հետևանքների պատասխանատվությունը կրում է նախ և առաջ Մեծ Բրիտանիան։
Հայ ժողովրդի համար բախտորոշ մի շարք հարցեր են քննարկվում նաև նշանավոր արևելագետ Վլադիմիր Գորդլևսկու և Վլադիմիր Մինորսկու աշխատություններում։
Ուշադրության են արժանի նաև ռուս պատմաբանների աշխատանքները հայկական հարցն ու Թուրքիայի հայերի դրությունը արտացոլող նյութերի և վավերագրերի ժողովածուների հրատարակության ուղղությամբ («1877-1878 թթ. ոուս-թուրքական պատերազմի Կովկաս-Փոքրասիական ռազմաբեմի նյութերի ժողովածու», 1903, «Հայաստանի ապագա կազմակերպումը» (Երրորդ նարնջագույն գիրք), 1915, «Դիվանագիտական փաստաթղթերի ժողովածու։ Բարենորոգումներ Հայաստանում. 1912 թվականի նոյեմբերի 26, 1914 թվականի մայիսի 10, 1915 և այլն։
Ռուսական խորհրդային պատմագրության մեջ հայկական հարցին ու հայերի ցեղասպանությանը նվիրված հատուկ աշխատություններ չկան։ Սակայն այդ հարցերն իրենց արտացոլումն են գտել Ռուսաստանի և Թուրքիայի նոր և նորագույն պատմության, միջազգային հարաբերությունների պատմության, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրների պատմության վերաբերյալ մի շարք աշխատություններում, որոնցում ընդհանուր գծերով քննարկվում են 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմը, հայ ազատագրական շարժման ռուսական կողմնորոշումը, Բեռլինի կոնգրեսն ու հայկական հարցի առաջացումը, արևմտահայերի ծանր կացությունը, եվրոպական տերությունների քաղաքականությունը հայկական հարցում 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին։
Ռոտշտեյն և Երուսալիմսկի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեոդոր Ռոտշտեյնի (1871-1953) աշխատություններում («Միջազգային հարաբերությունները XIX դարի վերջին», 1960, «Եգիպտոսի զավթումն ու ստրկացումը», 1959, «Դիվանագիտության պատմություն», հ. 2, 1963, ինչպես նաև մի շարք հոդվածներ) քննարկվում են 19-րդ դարի վերջին Արևմտյան Հայաստանի իրավիճակի վերաբերյալ եվրոպական տերությունների քաղաքականության բազմաթիվ հարցեր։ Մատնանշելով եվրոպական, մասնավորապես՝ անգլիական դիվանագիտության շահախնդիր մտադրությունները՝ հեղինակը գալիս է այն եզրակացության, որ եվրոպական տերությունների միջև սուր հակասությունների հետևանքով Բեռլինի դաշնագրի՝ արևմտյան Հայաստանի բարենորոգումների վերաբերյալ 61-րդ հոդվածի իրականացումը փաստորեն թողնվեց Թուրքիայի հայեցողությանը, իսկ արևմտահայության վիճակը էլ ավելի ծանրացավ։
Հայկական հարցին, մասնավորապես այդ հարցում կայսերական Գերմանիայի քաղաքականությանը մեծ տեղ է հատկացրել Արկադի Երուսալիմսկին (1901-1965) «Գերմանական իմպերիալիզմի արտաքին քաղաքականությունը և դիվանագիտությունը XIX դարի վերջին» (1948) գրքում։ Այստեղ լայնորեն լուսաբանված է Աբդուլ Համիդ II-ի արյունալի քաղաքականությունը, հայերի 1894-1896 թվականների ջարդերը, ցույց է տրված, որ Եվրոպայի հանրային կարծիքը պահանջում էր միջոցներ ձեռնարկել բազմաչարչար հայ ժողովրդի փրկության համար, բայց մեծ տերությունները չէին խորշում հայերի ճակատագիրն օգտագործել որպես դիվանագիտական անամոթ առքուվաճառքի առարկա»[2]։ Արխիվային փաստաթղթերի հիման վրա մենագրությունում բացահայտվում է գերմանական դիվանագիտության փարիսեցիությունը. ցույց տրվում գերմանական կառավարության՝ որպես Թուրքիայի գործակցի ու հովանավորի իսկական դերը արևմտահայերի բնաջնջման արյունոտ ծրագրի իրականացման մեջ։
Կորսուն և Գուրկո-Կրյաժին
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլայ Կորսունի՝ Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատի առանձին ռազմական գործողություններին նվիրված աշխատություններում («Համաշխարհային պատերազմի Կովկասյան ռազմաճակատի Սարիղամիշի օպերացիան 1914-1915 թթ», 1937, «Համաշխարհային պատերազմի Կովկասյան ռազմաճակատի Էրզրումի օպերացիան 1915-1916 թթ.», 1938, և այլն), ինչպես նաև նրա «Առաջին համաշխարհային պատերազմը և Կովկասյան ռազմաճակատը» ընդհանրացնող գրքում ուշագրավ նյութեր կան Արևմտյան Հայաստանի ռազմավարական նշանակության, հայերի ռուսական կողմնորոշման մասին, քննարկվում են 1912-1914 թվականներին Արևմտյան Հայաստանում բարենորոգումների արծարծման, հայկական հարցում Ռուսաստանի դերի, արևմտահայերի բռնի տեղահանությունների խնդիրները, լուսաբանվում Վանի 1915 թվականի դեպքերը, հայկական կամավորական ջոկատների գործողությունները և այլն։
1915-1916 թվականներին հայերի ցեղասպանության, արևմտահայության դրության, սուլթանական կառավարության և երիտթուրքերի քաղաքականության հարցերի ամբողջությունը համեմատաբար լայնորեն է լուսաբանել Վլադիմիր Գուրկո-Կրյաժինը (1887-1931) «Մերձավոր Արևելքը և տերությունները» (1925), «Տերությունների պայքարը և ազգային-ազատագրական շարժման ծագումը Թուրքիայում» (1929) և այլ աշխատություններում։ Այդ հարցերին պատշաճ ուշադրություն է նվիրել նաև թուրքագետ Բ. Դանցիգը «Թուրքիա» (1949) գրքում, որտեղ ցույց է տալիս, որ 16-րդ դարից սկսած «հայերի դրությունը Թուրքիայում միշտ եղել է շատ ծանր»[3], և որ այն էլ ավելի է վատթարացել հատկապես 19-րդ դարի 70ական թվականներից։ Վերլուծելով Սան Ստեֆանոյի պայմանագիրն ու Բեռլինի կոնգրեսը՝ Դանցիգը մատնանշում է, որ, «խափանելով Սան Ստեֆանոյի պայմանագիրը, անգլիացիները հայերին թողեցին բախտի քմահաճույքին»[3], և, օգտվելով դրանից, Աբդուլ Համիդ II-ը որոշեց «վերջ տալ Ռուսաստանի հետ սահմանամերձ հայ բնակչությանը»[3]։ Հեղինակը դատապարտում է Թուրքիայում 1894-1896 թվականներին հայերի կոտորածները և մատնանշում այդ քաղաքականության քաջալերումը Գերմանիայի կողմից։ Քննարկելով երիտթուրքերի քաղաքականությունը՝ Դանցիգը նշում է, որ Թուրքիայում ազգային հարցի «լուծումը» նրանք տեսնում էին հպատակ ժողովուրդների ջարդերի և ֆիզիկական ոչնչացման մեջ։
Անատոլի Միլլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական հարցի պատմության մի առանձին խնդիր է խորհրդա-թուրքական և հայ-թուրքական հարաբերությունների հարցը Թուրքիայում քեմալականների տիրապետության շրջանում։ Թուրքիայում հայ բնակչության մնացուկների (Կիլիկիայում) կանոնավոր ոչնչացմանն ուղղված քեմալական քաղաքականությունը, վերաբերմունքը Հայաստանի հանդեպ, այդ ժամանակաշրջանի խորհրդաթուրքական հարաբերությունները, քեմալականների գործարքը արևմտյան տերությունների հետ արդեն 1919-1920 թվականներին խորհրդային պատմագրության մեջ տարանշանակ և ոչ միշտ ճիշտ արտացոլում են ստացել։ Խորհրդային թուրքագետների մի շարք աշխատությունների կողքին, որտեղ հիմնականում ճշմարիտ է բացահայտված քեմալականների սոցիալ-դասակարգային էությունը, կան նաև աշխատություններ, որտեղ տրված է այդ հարցերի միակողմանի և սխալ լուսաբանումը։ Հեղինակների դիրքորոշման վրա իր կնիքն է դրել դեռևս 1920-ական թվականներին տարածում գտած քեմալական շարժման «հեղափոխականության» գերագնահատումը, նրա դասակարգային էության թյուրըմբռնումը, որը հետագայում Թուրքիային կողմնորոշեց դեպի Արևմուտք։ Այդ ազգայնական շարժման նման գնահատականը իր արտահայտությունն է գտել նաև Հայաստանի նկատմամբ քեմալական Թուրքիայի քաղաքականության լուսաբանման գործում։ Անատոլի Միլլերը իր «Թուրքիայի համառոտ պատմություն» (1948), «Թուրքիայի նորագույն պատմության ակնարկներ» (1948) և այլ աշխատություններում քեմալականներին համարում է ճնշված ժողովուրդների ազատագրման կողմնակիցներ՝ չբացահայտելով Թուրքիայի ազգային փոքրամասնությունների նկատմամբ քեմալականների քաղաքականության հետադիմական էությունը, և լռության է մատնում այն իրողությունը, որ քեմալականները շարունակում էին իրենց նախորդների հակահայկական քաղաքականությունը՝ ջարդեր կազմակերպելով Կիլիկիայում և այլուր 1920-1922 թվականներին։ 1920 թվականի քեմալական արշավանքը Հայաստան Միլլերը բացատրում է ոչ թե քեմալականների ազգայնական քաղաքականությամբ ընդհանրապես, այլ միայն նրանով, որ «քեմալականների մեջ կային ոչ քիչ հետադիմականներ ու ազգայնամոլներ»[4]։ Հեղինակը լռում է նաև Հայաստանի տարածքում քեմալականների իրագործած բռնությունների ու թալանի մասին։
Այլ գրողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքիայի ազգային քաղաքականությունն ու հայկական հարցի նկատմամբ տերությունների դիրքորոշումն են քննարկված Ն. Կրավչենկոյի «XIX դ. վերջի և XX դ․ սկզբի միջազգային հարաբերությունների պատմության ակնարկներ։ 1878 թ. Բեռլինի կոնգրեսն ու Եռյակ դաշինքը» (1925), Սերգեյ Սկազկինի «Ավստրո-ռուս-գերմանական դաշինքի վերջը։ 1878 1884» (հատոր 1, 1928), Գ. Լ. Բոնդարևսկու «Բաղդադի ճանապարհը և գերմանական իմպերիալիզմի թափանցումը Մերձավոր Արևելք (1888-1903)», (1955), Ալեքսանդր Սեմյոնովիչ Սիլինի «Գերմանիայի էքսպանսիան Մերձավոր Արևելքում XIX դարի վերջին» (1971). «Արևելյան հարցում Բիսմարկի 1870-1890-ական թվականների քաղաքականության պատմությունից» (1976), Վլադիմիր Խվոստովի, Ա. Դ. Ժելտյակովի և այլ պատմաբանների աշխատություններում։ Ռուսական ժամանակակից պատմագրության մեջ ամբողջական խորությամբ ու համակողմանիությամբ իրենց արտացոլումը չեն գտել հայ ժողովրդի ողբերգական պատմության այնպիսի կարևոր էջեր, ինչպես երիտթուրքերի քաղաքականությունն ու Արևմտյան Հայաստանի բարենորոգումների (1880-1890-ական թվականներ, 1912-1914 թվականներ) հարցերը, հայ կամավորական շարժումը, հայերի մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին Ռուսաստանի ու Անտանտի կողմում, 1915-1916 թվականների ցեղասպանության հետևանքով հայ ժողովիղի հայրենիքի բռնագրավումը և այլն։ Իմպերիալիզմին և առաջին համաշխարհային պատերազմի պատմությանը նվիրված առանձին երկերում միայն (Եվգենի Տառլե, Ե. Ֆ. Լուդշուվեյտ, Ա. Ս․ Սիլին) խոսվում է հայ ժողովրդի ողբերգության մասին, սկզբունքորեն դատապարտվում 1915-1916 թվականների ցեղասպանությունը։
Քեմալականների քաղաքականության հակահայկական ուղղվածությունը բավականին համոզիչ բացահայտել են Բորիս Շտեյնը, ով «Ռուսական հարցը 1920-1921 թթ.» (1958) գրքում ուղղակի մատնացույց է անում «քեմալականների ագահությունը, որոնք ձգտում էին Հայաստանի բռնակցմանը»[5], Ա. Նովիչևը, ով «Քեմալականների հակագյուղացիական քաղաքականությունը 1919-1922 թթ.» (1951) հոդվածում գրում է, թե ինչպես թուրք գյուղացիներին ու բանվորներին «քեմալականները նվաճողական արշավանքի էին քշում հայկական հողերը զավթելու համար»[6], Ա. Ն. Հեյֆեցը, ով շատ է զբաղվել խորհրդա-թուրքական հարաբերությունների շրջանակներում Հայաստանի խնդրով, իր ուսումնասիրություններում («Խորհրդային Ռուսաստանը և Արևելքի սահմանակից երկրները։ 1918-1920», 1964, և այլն) մատնանշում է քեմալականների հետ արդեն 1920 թվականին անգլիական գործարքի միտումը՝ զավթել Հայաստանը որպես Անդրկովկաս տանող, Խորհրդային Ռուսաստանի դեմ հետագա պայքարի հենակետ։ Հեյֆեցը գրում է ոչ միայն այն մասին, որ թուրքերը 1921 թվականի Մոսկվայի պայմանագրով զավթերին հայերի պապենական հողերը, որոնք նախկինում մտնում էին Ռուսաստանի կազմի մեջ, այլև շեշտում, որ ԽՍՀՄ-ի և արտասահմանի հայ հասարակայնությունը պահանջում է վերադարձնել դրանք։
Հայկական հարցը եվրոպական տերությունների քաղաքականության մեջ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, հաշտության պայմանագրերի Վերսալյան համակարգի ստեղծման ժամանակաշրջանում, ապա և 1920-ական թվականների սկզբին նույնպես իր արտահայտությունն է գտել խորհրդային պատմագրության մեջ։ Այդ հարցերը մասնակիորեն լուսաբանված են Բորիս Շտեյնի «Ռուսական հարցը» Փարիզի հաշտության կոնֆերանսում (1919-1920 թթ.)» (1949) երկում։ Նշելով, որ Փարիզի հաշտության կոնֆերանսը մեծ ուշադրություն է նվիրել հայկական հարցին, Շտեյնը միաժամանակ ցույց է տալիս, որ այդ հարցը 19-րդ դարից սկսած տերությունների շահերի բախումների առարկա է եղել, և «այդ բախումներին պարբերաբար զոհ է գնացել հայ ժողովուրդը»[7]։ Անդրադառնալով Հայաստանի մանդատի հարցին և վերլուծելով տերությունների քաղաքականությունը Վերսալում՝ հեղինակը նշում է, որ «Հայաստանին հումանիտար օգնություն ցույց տալու, հայ ժողովրդի ճակատագրի, որին իսկապես սպառնում էր ֆիզիկական ոչնչացում թուրքերի կողմից, շուրջ բարձրացված աղմուկը դադարում էր, հենց որ խոսք էր գնում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի իմպերիալիստական պլանների մասին»[8], և որ դաշնակիցների իսկական նպատակը Հայաստանը Խորհրդային Ռուսաստանի դեմ պայքարի մեջ քաշելն էր։
Հայկական հարցը Փարիզի և Լոնդոնի կոնֆերանսներում, նրա նկատմամբ Ազգերի լիգայի վերաբերմունքը այս կամ այն կերպ շոշափվում են նաև Վասիլի Վոդովոզովի, Ալեքսանդր Մակարովի, Նիկոլայ Ռուբինշտեյնի աշխատություններում։ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության պատմության վերաբերյալ խորհրդային գիտնականների կոլեկտիվ աշխատություններում նույնպես առկա են Հայկական հարցին և հայերի ցեղասպանությանը վերաբերող որոշ նյութեր («Դիվանագիտության պատմություն», հ. 2, 3, 1945, 2-րդ հրտ. 1963, 1965), «Գենոցիդ» աշխատությունը՝ Ա. Ա. Գալկինի խմբ., 1985 և այլն)։
Հայկական հարցն իր արտահայտությունն է գտել Ռուսաստանի և ԽՍՀՄ արտաքին քաղաքականության հարցերի փաստաթղթերի ու նյութերի մի շարք ժողովածուներում՝ Յուրի Կլյուչնիկով, Ս. Սաբանին, «Նորագույն շրջանի միջազգային քաղաքականությունը պայմանագրերում, նոտաներում ու դեկլարացիաներում» (մաս 1-2, 1925, «ԽՍՀՄ արտաքին քաղաքականության փաստաթղթեր» (հ. 1-3, 1957-1959), «Սևրը և Լոզանը» (1927), «Հայկական հարցը Լոզանի կոնֆերանսում» (1926), «Ասիական Թուրքիայի բաժանումը նախկին Արտգործնախարարության փաստաթղթերում» (1924), «Խորհրդային Միությունը 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանի միջազգային կոնֆերանսներում», հ. 6, «Երեք դաշնակից տերությունների՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների Բեռլինի (Պոտսդամի) կոնֆերանսը (1945 թ. հուլիսի 17-օգոստոսի 2)» (1984) և այլն։
Անգլիական պատմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դար
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ ժողովրդի քաղաքական պատմության, հայկական հարցի խնդիրները 19-րդ դարի 70-ական թվականներից սկսած իրենց արտահայտությունն են գտել անգլիական պատմագրության մեջ։ Արևմտահայերի ծանր դրությունը սուլթանական տիրապետության տակ, թուրքական իշխանությունների կողմից 1870-1880-ական թվականներին հայերի հալածանքների ու ճնշումների ուժեղացումը, հայ ժողովրդի ազգային-ագատագրական պայքարի դրսևորումները քննարկվել են անգլիական հեղինակներ Ու. Դյութոնի («Թուրքիայի քրիստոնյաները, նրանց դրությունը իսլամական կառավարման ներքո», 1876), Ջեյմս Ֆարլեյի («Թուրքերն ու քրիստոնյաները. Արևելյան հարցի լուծումը», 1876), Ջ. Փրոբինի («Հայաստան և Լիբանան», 1877), Հ. Սենդվորթի («Ինչպես են թուրքերը կառավարում Հայաստանը», 1878), Ջ. Սմիթի («Հայաստանը Թուրքիայի տիրապետության տակ», 1878), Ու. Ռայլիի («Քրիստոնյաները և քրդերը արևելյան Թուրքիայում», 1889) աշխատություններում։ Ս. Նորմանի («Հայաստանը և 1877-78-ի պատերազմը», 1878), Ֆ. Գրինի («Ռուսական բանակը և նրա 1877-78-ի պատերազմը», 1879), Զ. Ուիլյամսի («Հայկական ռազմարշավ. Հայաստանի և Քրդստանի 1878-ի պատերազմի օրազիր», 1878) և այլն հետազոտություններում լուսաբանված են 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ հայերի դրության, Արևմտյան Հայաստանի տարածքում տեղի ունեցած ռազմական գործողությունների, հայ բնակչության կողմից ռուսական բանակին ցուցաբերած օգնության հարցերը։ Հայկական հարցի շուրջ տերությունների դիվանագիտական մրցակցությանը, 1878 թվականի Սան Ստեֆանոյի և Բեռլինի բանակցություններում դրանց արդյունքների վերլուծությանն են նվիրված Մ. Մաքկոլի («Արևելյան հարցը, փաստեր և հերյուրանքներ». 1877), Ս. Աբգարի («Հայերը և Արևելյան հարցը», 1878), Ջ. Արգայլի («Արևելյան հարցը Փարիզի 1856-ի դաշնագրից մինչև Բեռլինի 1878-ի պայմանագիրը», 1879), Ջ. Բրայսի («Անդրկովկասն ու Արարատը», 1877, «Ասիական Թուրքիայի ապագան», 1878), Ի. Ուայթեքերի («Ասիական Թուրքիայի հեռանակարները», 1880), Թ. Հոլլանդի («Եվրոպական կոնցերտը Հայկական հարցում», 1895), Մ. Սասլիի («Հայկական հարցը», 1889) աշխատանքները։ Դրանցում արտահայտված է Մեծ Բրիտանիայի հասարակայնության մտահոգությունը արևմտահայերի ճակատագրով, դատողություններ ու առաջարկություններ են պարունակում Արևմտյան Հայաստանի ապագա կառուցվածքի, բարենորոգումների իրականացման և քրիստոնյա բնակչության կենսապայմանների բարելավման, Բեռլինի կոնգրեսում տերությունների ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտության վերաբերյալ։
Անգլիական պատմագրության մեջ լայն արտացոլում են գտել Աբդուլ Համիդ II-ի հակահայկական քաղաքականության ուժեղացումը, սուլթանական կառավարության՝ 1894-1896 թվականներին կազմակերպած հայկական ջարդերն ու կոտորածները։
1889-1900 թվականներին Մեծ Բրիտանիայում հրապարակվել են ավելի քան 100 գիրք ու հոդված հայկական հարցի մասին։ Օսմանյան կայսրության հայերի դրության լուսաբանմանը, 1890-ական թվականների հայկական ջարդերի ու կոտորածների նկարագրությանը, հայերի ազգային-ազատագրական շարժմանն են նվիրված Ռ. Դեյվիի («Թուրքիան և Հայաստանը», 1895, «Սուլթանը և նրա հպատակները», 1897), Է. Դիլոնի («Հայաստանը և հայ ժողովուրդը», 1890), Ու. Գլադստոնի («Ջարդերը Թուրքիայում», 1896), Ռ. Գինեսի («Թուրքիայի ջարդերը», 1896), Ու. Հարրիսի («Անկողմնակալ հայացք Հայկական հարցի վրա», 1895), Ի. Հոդգեթսի («Հայաստան, ջարդեր», 1895), Մ. Մաքկոլի («Կոստանդնուպոլսի սպանդն ու նրա դասը», 1895), Ու. Ռամսեյի («Երկու կոտորած Փոքր Ասիայում», 1896), Հ. Ռաունսլիի («Հայաստանի տառապանքները», 1896), Ջ. Ռոջերսի («Ջարդեր Թուրքիայում», 1896), Ֆ. Սթիվենսոնի («Հայաստան», 1895), Ու. Ուինթլի («Հայաստանը և նրա տառապանքները», 1896) և ուրիշներ աշխատանքները։ Որոշ անգլիական հեղինակներ հանդես էին գալիս մեծ տերությունների միջև Օսմանյան կայսրության բաժանման կամ նրա տեղում մի շարք ինքնուրույն պետություններ, այդ թվում՝ անկախ Հայաստան ստեղծելու օգտին։ Ոմանք էլ դեմ էին սուլթանի վրա ճնշում գործադրելուն և պահանջում էին բարենորոգումներ անցկացնել տերությունների վերահսկողությամբ։ Ջ. Բրայսը, Ի. Հոդգեթսը, Մ. Մաքկոլը Թուրքիայի հայ բնակչության միակ փրկությունը տեսնում էին եվրոպական տերությունների աջակցությամբ Մեծ Բրիտանիայի ռազմական միջամտության մեջ։ Ջ. Արգայլի դքսի («Հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ահ ու սարսափի համար Անգլիայի պատասխանատվության փաստագրական ու պատմական վկայություններ», 1896, «Մեր պատասխանատվությունը Թուրքիայի իրադրության համար», 1896), Է. Դիլոնի («Հայաստան, կոչ», 1896, «Ձախողանք Հայաստանում», 1896), Ֆ. Գեֆքենի («Արևելյան հարցը, թուրքական բարենորոգումները և Հայաստանը», 1895), Ու. Գլադստոնի («Հայկական հարց», 1896, «Արևելյան ճգնաժամ», 1897), Հ. Լինչի («Հայկական հարց», 1894-1896), Մ. Մաքկոլի («Անգլիայի պատասխանատվությունը Հայաստանի հանդեպ», 1897), Ջ. Ռասսելի («Հայաստանը և առաջավոր շարժումը», 1896), Ֆ. Սթիվենսոնի («Անգլիան, Թուրքիան և Ռուսաստանը. պատմության հետադարձ հայացք», 1896, «Փաստեր հօգուտ հայերի», 1896) աշխատություններում վերլուծվում են եվրոպական տերությունների քաղաքականությունը Հայկական հարցում, քննադատվում նրանց դիրքորոշումը Արևմտյան Հայաստանի նկատմամբ։ Հայկական հարցի մասին փաստագրական հարուստ նյութեր են պարունակում Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության 1890-ական թվականների հրատարակած դիվանագիտական վավերագրերի ժողովածուները, ինչպես նաև անգլիական «Սփեքթեյթր», «Քընթեմփորըրի ռեվյու», «Ֆորթնայթլի ռեվյու», «Նայնթինթ սենչըրի» ամսագրերի խմբագրական հոդվածները։
20-րդ դար
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Թուրքիայի հայ բնակչության դրության, երիտթուրքական կառավարության ներքին քաղաքականության, Ադանայի 1909 թվականի ջարդերի և կոտորածների, Արևմտյան Հայաստանի բարենորոգումների 1912-1914 թվականների հարցի քննարկման, հայկական հարցի նոր փուլում տերությունների քաղաքականության խնդիրներն են արծարծված Է. Փիրսի («Թուրքիան և նրա բնակչությունը», 1911, «Թուրքիան և պատերազմը», 1913), Ֆ. Կավենդիշի («Վտանգ Հայաստանում», 1913), Է. Ռոբինսոնի («Ճշմարտությունը Հայաստանի մասին», 1913), Է. Ֆերիմանի («Երիտթուրքերը և ճշմարտությունը Ադանայի 1909-ի ապրիլյան կոտորածի մասին», 1913), Մ. Փրայսի («Ասիական Թուրքիայի խնդիրները», 1914), Ֆ. Սքեչարդի («Հայկական հարց», 1914) և ուրիշներ հոդվածներում ու գրքերում։ Անգլիայի շատ հեղինակներ Մեծ Բրիտանիայի կառավարությանը նախազգուշացնում էին համաշխարհային պատերազմի նախօրեին Թուրքիայի հայ բնակչության վրա կախված ֆիզիկական ոչնչացման վտանգի մասին։ Առաջին համաշխարհային պատերազմը, Թուրքիայում արևմտահայերի ցեղասպանությունը էլ ավելի սրեցին անգլիական պատմագրության ուշադրությունը հայկական հարցի խնդիրների վրա։ Երևան եկան պատերազմի տարիներին Թուրքիայի հայ բնակչության դրության և նրանց զանգվածային տեղահանությունների վերաբերյալ փաստագրական նյութերի արժեքավոր հրապարակումներ, մասնավորապես՝ Ջ. Բրայսի («Հայերի վիճակր Օսմանյան կայսրությունում. 1915-1916», 1916), Ա. Թոյնբիի («Փաստաթղթեր Օսմանյան կայսրության և հյուսիսարևելյան Իրանի հայերի ու քրիստոնյա ասորիների նկատմամբ վերաբերմունքի մասին», 1916), Ա. Անտոնյանի («Նայիմ բեյի հուշերը», 1920) ժողովածուները։ Երիտթուրքերի հայատյաց քաղաքականության, հայերի տեղահանության և ցեղասպանության, հայ գաղթականների ծանր վիճակի մասին փաստական հարուստ նյութեր ու վկայություններ են պարունակում Ա. Սաֆրաստյանի («Հայաստանի ներկա կացությունը», 1915), Է. Ռոբինսոնի («Հայաստանը և հայերը», 1918, «Մեր դաշնակից Հայաստանի դրությունը», 1919), Ա. Թոյնբիի («Հայկական սարսափները, մի ազգի բնաջնջումը», 1915, «Թուրքերի արյունռուշտ բռնակալությունը». 1917), Ու. Ուիլյամսի («Հայաստանի ողբերգական պատմությունը» 1916), Լ. Չամբերսի («Հայաստանի կոտորածը», 1916), Ջ. Դուգլասի («Մահվան ճանապարհը Անատոլիայում և Հայաստանում», 1920), Լ. Էյնշտեյնի («Հայկական ջարդերը», 1917), Ի. Մկրտչյանի («Թուրքական լծից», 1918), Մ. Ուորդի («Տեղահանությունը Փոքր Ասիայում», 1922) և ուրիշներ աշխատությունները։ Հայկական հարցի նկատմամբ Մեծ Բրիտանիայի և մյուս տերությունների քաղաքականության խնդիրներին, բրիտանական կաբինետում և պառլամենտում, հետպատերազմյան միջազգային կոնֆերանսներում Հայաստանի հարցի քննարկմանն են նվիրված Ջ. Բրայսի («Հայաստանի ապագան», 1919, «Մերձավոր Արևելքի կարգավորումը», 1920), Հ. Բաքսթոնի («Հայաստանը և կարգավորումը», 1919), Ս. Լիզի («Հայաստանը և դաշնակիցները», 1920), Ի. Փիթլի («Հայկական հարցը ներկայացուցիչների պալատում», 1918), Ջ. Մերիոթի («Արևելյան հարցը եվրոպական դիվանագիտության մեջ», 1917), Գ. Միքայելյանի («Հայերի ապագան», 1924), Ռ. Ռոդի («Հայաստան։ Բրիտանական պարտավորությունները և Մերձավոր Արևելքը», 1920), Ա. Սաֆրաստյանի («Գերմանիան և Հայաստանը», 1917) և ուրիշներ ուսումնասիրությունները։
1920-ական թվականներից մինչև մեր օրերը անգլիական պատմաբանները հետազոտել են հայկական հարցի պատմության, մասնավորապես՝ Արևմտյան Հայաստանի նկատմամբ Մեծ Բրիտանիայի և մյուս տերությունների քաղաքականության հետ կապված բազմաթիվ հարցեր, թուրքական կառավարության հակահայկական քաղաքականությունը, Հայկական հարցի քննարկումները միջազգային կոնֆերանսներում, ինչպես նաև Թուրքիայից արտաքսված և Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և Ամերիկայի երկրներում ապաստանած հայության ճակատագրի, 1944-1946 թվականներին հայկական հարցի վերարծարծման խնդիրները։ Հայ ժողովրդի քաղաքական պատմության այս և մյուս խնդիրները շոշափված են Ի. Փայի («Հայկական խնդիրը», 1926), Ջ. Բարթի («Հայերի տարաբնակեցումը», 1919), Հ. Վուդսի («Հայերը երեկ և այսօր», 1930), Փ. Շափի («Եվրոպական տերությունները և մերձավորարևելյան հարցը», 1931), Ֆ. Քորբինի («Հայ ժողովրդի ներկա վիճակը», 1932), Ռ. Սեթոնի Ուոթսոնի («Դիգրայելին, Գլադստոնը և Արևելյան հարցը», 1935), Հ. Գուհի և Հ. Թեմփերլիի («Պատերազմի նախօրեի բրիտանական փաստաթղթեր. 1894-1914», 1936), Դ. Լլոյդ Ջորջի («ճշմարտությունը հաշտության պայմանագրի մասին», 1938), Ռ. Լենսի («Հայկական հարցի հարությունը», 1945), Ա. Սարգսյանի («Դիվանագիտական կոնցերտը և հայերը. 1890-1897», 1961), Ռ. Դուգլասի («Բրիտանիան և Հայկական հարցը. 1894-1897», 1976), Դ. Լանգի («Հայերը», 1976, «Հայաստան, քաղաքակրթության օրրան», 1970, «Հայերը. Արտաքսված ժողովուրդ», 1981), Ա. Նասիբյանի («Բրիտանիան և Հայկական հարցը. 1915-1923», 1984), Ք. Ուոքըրի («Հայաստան. Մի ժողովրդի վերապրումը», 1980, 1990) հետազոտություններում։
Վերջին շրջանի աշխատություններում օգտագործված են Մեծ Բրիտանիայի և այլ երկրների արխիվներում եղած բազմաթիվ փաստագրական նյութեր։ Հայկական հարցի և հայերի ցեղասպանության խնդիրները քննարկելիս տեղեկություններ են տրվում Հայաստանի պատմության և մշակույթի մասին, ընդգծվում է հայ ժողովրդի ներդրումը համաշխարհային քաղաքակրթության զարգացման մեջ։
ԱՄՆ-ի պատմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դար
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ-ի պատմագրությունը հայկական հարցին և հայերին անդրադարձել է դեռևս 19-րդ դարի 9Օ-ական թվականներին, մասնավորապես՝ սկսած Օսմանյան կայսրության հայերի 1894-1896 թվականների ջարդերից և կոտորածներից։ ԱՄՆ-ի շատ ազդեցիկ թերթերում հրապարակվել են բազմաթիվ նյութեր ու հոդվածներ արևմտահայերի կյանքի, նրանց նկատմամբ սուլթանական կառավարության վարած քաղաքականության, հայկական հարցում մեծ տերությունների դիրքորոշման մասին, դեպքերի ականատես ամերիկյան միսիոներների, դիվանագետների, փախստական հայերի վկայություններ և այլն։ Թուրքիայի հայերի դրության, հայկական կոտորածների մասին կոնկրետ ու հավաստի վկայություններ են պարունակվում ամերիկյան հեղինակներ Տ. Օ. Շիի («Դժբախտ Հայաստան», 1895), Թ. Պետերսոնի («Թուրքիան և Հայկական հարցը», 1895), Չ. Մաքդերմոտի («Մեծ մարդասպանը և Հայաստանի քրիստոնյաները», 1897), Հ. Հիվերնատի («Հայաստան։ Անցյալը և ներկան», 1896), Դ. Գրեգորիի («Քրիստոնեական աշխարհի ոճրագործությունը։ Հայկական ճգնաժամը և ջարդերը», 1900), Հ. Թափփերի («Հայաստան, ներկա ճգնաժամը և անցյալ պատմությունը», 1896) և ուրիշներ աշխատություններում։ Օսմանյան կայսրության պատմության, Արևմտյան Հայաստանի, հայկական հարցում եվրոպական պետությունների և ԱՄՆ-ի քաղաքականության խնդիրների. 1894-1896 թվականների հայկական կոտորածների հետազոտման արժեքավոր աղբյուրներ են ամերիկյան միսիոներներ Է. Բլիսի («Թուրքիան և հայկական սարսափները», Ս. Համլինի («Հայկական ջարդեր», 1895, «Հայաստանի նահատակությունը», 1896, «Հայ հպատակների թուրքական ջարդերի քաղաքականության ծագումն ու զարգացումը», 1899), Ֆ. Գրինի («Հայկական ճգնաժամը Թուրքիայում. ջարդ 1894», 1895, «Հայկական ջարդերը կամ Մուհամմեդի սուրը», 1896), Գ. Քիմբալի («Վանի ջարդերը». 1896, «Իրավիճակը Հայաստանում». 1896), լրագրողներ Լ. Աբբոթի («Հայկական հարց», 1896), Է. Գոդկինի («Հայկական տագնապներ», 1895, «Հայկական սարսափներ», 1897) և ուրիշների ուսումնասիրությունները։ Աբդուլ Համիդ II-ի հակահայկական քաղաքականությունը տագնապ առաջ բերեց նաև հայկական ծագում ունեցող ամերիկացիների մոտ. լույս տեսան Ա. Ագդերյանի («Թուրքը և Հայկի երկիրը, կամ Թուրքիան և Հայաստանը», 1896), Գ. Փափազյանի («Հայերի անցյալը և ներկան», 1891), Ա. Վարդուղյանի («Հայաստանի փորձությունը», 1896), Մ. Մանգասարյանի («Հայաստանի անխուսափելի կործանումը», 1896) աշխատությունները։ Առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում Ս. Գաբրիելյանի («Հայերը կամ Արարատի ժողովուրդը», 1892, «Փաստեր Հայաստանի մասին», 1895, «Արյունաքամ Հայաստանը, նրա պատմությունն ու սարսափները», 1897) ուսումնասիրությունները, որոնք ամերիկացի ընթերցողին ծանոթացնում էին հայ ժողովրդի տառապալից պատմությանը, արևմտահայերի վիճակին, հայկական հարցում պետությունների քաղաքականությանը։
20-րդ դար
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադանայի հայ բնակչության կոտորածը (1909), Թուրքիայի հայության տեղահանություններն ու կոտորածները լայնորեն լուսաբանվել են ԱՄՆ-ի 1914-1923 թվականների պատմագրության մեջ։ Երիտթուրքական կառավարության կողմից արևմտահայերի ոչնչացման ու արտաքսման նախօրոք ծրագրված քաղաքականության, հայկական կամավորական շարժման, հայերի ինքնապաշտպանական կռիվների վերաբերյալ բազմաթիվ վկայություններ ու դրվագներ են ամփոփված Գ. Ռեյնոլդսի («Սարսափելի փորձություններ Վանում», 1916), Ու. Ռոքուելի («Հայերի տեղահանությունը», 1916), Բ. Փափազյանի («Հայաստանի ողբերգությունը», 1918), Գ. Քնեպպի («Բիթլիսի ողբերգությունը», 1919), Ն. Տեր-Հակոբյանի («Հալածական Հայաստան», 1918), Գ. Ջենքինսի («Հայաստանը և Հայերը», 1913), Թ. Օ'Քոննորի («Հայաստանը և նրա ապագան», 1917), Բ. Էբիի («Թուրք ելուզակների իշխանության տակ», 1922), Ու. Քինգի («Թուրքական ջարդեր Փոքր Ասիայում», 1922), Գ. Մոնտգոմերիի («Հայերի ջարդերը 1915-ին», 1922) աշխատանքներում։
Հ. Գիբբոնսի գրքերը («Հայաստանը համաշխարհային պատերազմում», 1926, «Նորագույն պատմության ամենասև էջը։ Վերջին կոտորածները Հայաստանում, փաստեր և պատասխանատվություններ», 1916) հենվում են հավաստի փաստաթղթերի վրա, որոնց համար աղբյուր են ծառայել, մասնավորապես, Ամերկոմի զեկուցագրերը, գերմանական միսիոներների նամակները, ամերիկյան և անգլիական թերթերում հրապարակված բազմաթիվ վկաների ցուցմունքները։ Հայերի ցեղասպանության կարևոր աղբյուրներ են Թուրքիայի ամերիկյան դեսպան Հ. Մորգենթաուի «Հայաստանի ողբերգությունը» (1918), «Հայկական ջարդերի առթիվ» (1918) աշխատանքները։ 1926 թվականին լույս տեսան «Դեսպան Մորգենթաուի հուշերը», որտեղ, մասնավորապես, շարադրված են նրա զրույցները Թալեաթ փաշայի և երիտթուրքական այլ պարագլուխների հետ։ Հայերի տեղահանությանն ու Միջագետքի ավազուտներում նրանց ոչնչացմանը նվիրված գլուխները գրված են Հալեպի ամերիկյան հյուպատոսի զեկույցների հիման վրա։ Պատերազմի ժամանակ և նրանից հետո հայկական հարցում ԱՄՆ-ի և եվրոպական տերությունների քաղաքականության, Հայաստանին անկախություն տալու, Հայաստանի նկատմամբ ամերիկյան մանդատ հաստատելու խնդիրներին են նվիրված Ու. Զիբերտի («Հայաստանին ինքնավարություն տալու իրավունքը», 1916), Ֆ. Փաուերսի և Գ. Վարդումյանի («Հայաստանը հայերի համար», 1918), Վ. Վիլսոնի («Հայաստանի մանդատը», 1920, «Հայաստանի և Թուրքիայի սահմանը», 1920), Գ. Մոսլիի («Հայաստանի մանդատը։ գեներալ Տ. Հարբորդի հաշվետվությունը», 1929) և ուրիշներ աշխատությունները։ 1930-ական թվականների վերջին-1940-ական թվականների սկզբին սկսվում է հայկական ԱՄՆ-ի հասարակական-քաղաքական կյանքում տեղի հայ համայնքի դերի ուժեղացման, հայերի ցեղասպանության փաստերի միջազգային ճանաչման և Թուրքիայի զավթած հայկական տարածքի վերադարձման համար հայ սփյուռքի ծավալած եռանդուն պայքարի։
Հայկական հարցի և ցեղասպանության առանձին խնդիրներն են լուսաբանվում հայ ժողովրդի պատմության, նրա ազգային-ազատագրական պայքարի, միջազգային դիվանագիտության ընդհանուր հարցերին նվիրված ամերիկյան հեղինակների ուսումնասիրություններում։ Հիշատակելի են Գ. Փայելյանի «Հայկական պատմության փուլերը» (1942), Գ. Պողոսյանի «Հայոց պատմության և քաղաքականության կարևորագույն փուլերը» (1957), Վ. Քյուրքչյանի «Հայաստանի պատմություն» (1957), Ա. Զարդարյանի «Հայ ազատագրական շարժման պատմության ակնարկներ» (1959), Լ. Նալբանդյանի «Հայ հեղափոխական շարժում» (1963) աշխատանքները։ Հայկական հարցի 1870-1920-ական թվականների պատմության առանձին խնդիրներն են շոշափում U. Սարգսյանի «Հայկական հարցի սկզբնավորումը. 1870-1881» (1934), «Հայկական հարցի պատմությունը մինչև 1885-ը» (1938), Ձ. Վրթանեսի «Հայկական հարցը այսօր պատմական հեռանկարում» (1946), Ա. Բլեքի «Հայկական հարցի բարոյագիտական խնդիրները» (1946), Ռ. Դևիսոնի «Հայկական ճգնաժամ։ 1912-1914» (1948), Մ. Միսակյանի «Հայկական հարցի կարևորագույն փուլերը (1879-1950)» (1950), Ռ. Տերյանի «Հրաժարում Հայկական հարցից որպես միջազգային խնդրի», Ռ. Հովհաննիսյանի «Հայկական հարց» (1978) և ուրիշների ուսումնասիրություններում։ Լ. Գորդոնի («Ամերիկյան հարաբերությունները Թուրքիայի հետ. 1830-1930», 1938), Թ. Բեյլի («Վուդրո Վիլսոնը և կորուսյալ աշխարհը», 1944, «Վուդրո Վիլսոնը և մեծ դավաճանությունը», 1945), Ջ. Գիդնեյի («Հայաստանի մանդատը», 1967) աշխատություններում, որոնք նվիրված են ամերիկա-թուրքական փոխհարաբերություններին, վերլուծված է ԱՄՆ-ի քաղաքականությունը հայկական հարցում, մասնավորապես՝ 1918-1923 թվականներին։
Հայերի ցեղասպանության խնդիրների վերաբերյալ ԱՄՆ-ում լույս են տեսել հարուստ փաստագրական նյութ պարունակող հատուկ ուսումնասիրություններ. Չ. Գուտման, «Ցեղասպանության սկիզբը» (1948), Տ. Բոյաջյան, «Հայաստան։ Մոռացված ցեղասպանության գործը» (1972), Գ. Բարդակչյան, «Հիտլերը և հայերի ցեղասպանությունը» (1985, հայերեն հրտ. 1991), «Հայկական ցեղասպանությունը հեռանկարում» (1981), ականատեսների (Ա. Հարությունյան, Ն. Կապիկյան, Լ. Դեյվիս և ուրիշներ) վկայություններ, փաստաթղթերի ժողովածուներ. Ձ. Վրթանես, «Ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթեր» (1950), Ջ․ Նեյզեր, «XX հարյուրամյակի առաջին ցեղասպանությունը» (1968)։ 1980 թվականին լույս տեսավ Ռ. Քլոյանի «Հայկական ցեղասպանություն» ժողովածուն, որը ԱՄՆ-ի թերթերում և ամսագրերում հրապարակված (1915-1922) հայկական ցեղասպանությանը վերաբերող մի քանի հարյուր հաղորդագրությունների և հոդվածների պատճենների ժողովածու է։ Ռ. Հովհաննիսյանը կազմել է «Հայկական ողջակիզում» (1978) մատենագիտություն, որտեղ բերված է տարբեր երկրների արխիվների ցանկը, ուր պահվում են ցեղասպանության մասին փաստաթղթեր, ինչպես նաև այդ թեմայով արտասահմանյան հիմնական հրատարակությունների ցուցակը։ Ցեղասպանության և, մասնավորապես, հայկական ցեղասպանության խնդրի տեսական հարցերին են նվիրված Վ. Տատրյանի «Հայկական և հրեական ցեղասպանության բնորոշ առանձնահատկությունները» (1975), «Ցեղասպանության ուսումնասիրման մեթոդաբանական բաղկացուցիչները» (1972), «Ցեղասպանության կառուցվածքային-ֆունկցիոնալ բաղկացուցիչները» (1974) և այլ հետազոտությունները։ Հայ ժողովրդի քաղաքական պատմությունն է քննարկվում Ռ. Հովհաննիսյանի «Հայաստանը անկախության ճանապարհին» (1967) և «Հայաստանի Հանրապետություն» (հ. 1-2, 1971, 1982) աշխատություններում։
Թուրքական իշխանությունների և Թուրքիայի պատմագիտության կողմից հայոց պատմության կեղծման, հայերի ցեղասպանության խնդրի վարկաբեկման արշավը աջակցություն է գտնում ամերիկյան առանձին քաղաքագետների ու պատմաբանների մոտ։ Պատմական իրադարձությունների միտումնավոր, իսկ հաճախ նաև պարզապես խեղաթյուրված լուսաբանության օրինակ կարող են ծառայել Ս. Շոուի («Օսմանյան կայսրության և ժամանակակից Թուրքիայի պատմություն», 2 հ., 1976, 1977), Ք. Կարպատի («Թուրքիայի քաղաքականությունը», 1969, «Հետազոտություն Օսմանյան կայսրության ազգայնականության սոցիալական արմատների». 1973), Ջ․ Մաքկարտիի («Մուսուլմանները և փոքրամասնությունները։ Օսմանյան Անատոլիայի բնակչությունը և կայսրության վախճանը», 1983) աշխատությունները։ 1986 թվականին թուրք-ամերիկյան ընկերությունը հրատարակեց «Հայերի պնդումները. առեղծված և իրականություն» գիրքը՝ Թուրքիայում ամերիկյան դեսպան Շ. Էլեքդաղի առաջաբանով, որը հայկական հարցի և հայերի ցեղասպանության պատմությունը խեղաթյուրող միտումնավոր նյութերի հավաքածու է։
Գերմանական պատմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական հարցին գերմանական պատմագրությունը անդրադարձել է 19-րդ դարի վերջին՝ Թուրքիայում հայերի 1894-1896 թվականների կոտորածների առնչությամբ։ 1896 թվականին լույս է տեսել հումանիստ և հասարակական գործիչ Յոհաննես Լեփսիուսի «Հայաստանը և Եվրոպան։ Մեղադրանքներ քրիստոնեական մեծ տերություններին և կոչ քրիստոնյա Գերմանիային» գիրքը, որի հիմքում ընկած են գերմանական մամուլում հեղինակի տպագրած մի ամբողջ շարք հոդվածներ՝ «Ճշմարտությունը Հայաստանի մասին» ընդհանուր խորագրով։ Բերված նյութերը համոզիչ կերպով ապացուցում են, որ թուրքական ռազմական ու քաղաքացիական իշխանություններն անմիջական մասնակցություն են ունեցել հայերի կոտորածներին, թալանին, քրիստոնյաներին բռնի իսլամացնելու գործին։ Լեփսիուսը մերկացրել է հանցագործությունը թաքցնելու թուրքական իշխանությունների ջանքերը, բացահայտել արևմտահայերի կոտորածի լուրը Եվրոպա թափանցելու դեպքում մեղքը հայերի վրա բարդելու թուրքական կառավարող շրջանների մշակած մեխանիզմը։ Լեփսիուսը ապացուցել է նաև իրադարձությունների թուրքական մեկնության մյուս թեզի՝ թե իբր թուրքական իշխանությունները անկարող էին «կանգնեցնել» ջարդարարներին, սնանկությունը։ Քննության առնելով մեծ տերությունների քաղաքականությունը հայկական հարցում հանգել է այն եզրակացության, որ ստորագրելով 1878 թվականի Բեռլինի դաշնագիրը, նրանք միջոցներ չձեռնարկեցին այն կենսագործելու համար, որ հայ ժողովուրդը դարձավ այդ տերությունների երեսպաշտ քաղաքականության զոհը հետագա տարիներին։
1916 թվականին լույս տեսավ Լեփսիուսի «Հաղորդագրություն Թուրքիայում հայ ժողովրդի դրության մասին» աշխատությունը, որի մեջ մտան հեղինակի 1915 թվականին Կոստանդնուպոլիս կատարած այցելության ժամանակ գերմանական միսիոներներից ու ծառայողներից, չեզոք երկրներից դիվանագիտական ներկայացուցիչներից հավաքած վկայությունները, որոնք տալիս էին ցեղասպանության իսկական պատկերը և բացահայտում տեղահանության բուն նպատակը՝ հայ բնակչության ոչնչացումը։ Նրա հաշվարկներով սպանված ու տեղահանված հայերի ընդհանուր թիվը 1 396 350 մարդ է։ Նա ընդգծում էր, որ որոշ տեղերում հայերի կազմակերպած ինքնապաշտպանությունը միանգամայն օրինական միջոցառում էր խաղաղ բնակչության իրական բնաջնջման վտանգի դեմ հանդիման։ Լեփսիուսը պնդում էր, որ տեղահանության, նրա իրականացման եղանակների համար պատասխանատվությունը ընկնում է թուրքական կառավարության վրա, որը որևէ արդարացում չունի։ Նա առաջինն էր Եվրոպայում, որ Օսմանյան կայսրության արյունալի իրադարձությունները կապեց պանթյուրքիզմի գաղափարախոսության հետ։ 1919 թվականին «Հաղորդագրությունը...» վերահրատարակվեց կարևոր լրացումներով ու «Հայ ժողովրդի կործանումը» ենթավերնագրով (1930 թվականին իրականացվեց 4-րդ հրատարակությունը)։
Հայերի կոտորածի գերմանական առաջին վկայություններից եղավ Հալեպի գերմանական դպրոցի ուսուցիչ Մարտին Նիպագեի դիմումը՝ «Մի քանի խոսք գերմանական ժողովրդի պաշտոնական ներկայացուցիչներին» (1919. մինչ այդ հրատարակվել էր անգլերեն և ֆրանսերեն), որը մերկացնում էր երիտթուրքերի ոճրագործությունները, Գերմանիային մեղադրում հայկական հարցում վարած նրա քաղաքականության համար։
Արևելագետ Յոզեֆ Մարկվարտի «Հայ ազգի ծագումն ու վերածնությունը» աշխատության մեջ այն եզրակացությունն է արվել, որ օսմանյան կառավարությունը մոտալուտ համաշխարհային պատերազմը դիտել է առավել պատեհ առիթ՝ հայերի ոչնչացման վաղուց հղացած ծրագիրը իրականացնելու համար, որ սահմանադրության հռչակումից հետո դարձյալ Թուրքիայի կառավարող շրջանների հիմնական կարգախոսն էր՝ «երբ հայերը չլինեն, չի լինի նաև Հայկական հարցը»։ Հեղինակը նշել է, որ երիտթուրքերը իրենց դաժանությամբ ոչնչով չեն զիջել Աբդուլ Համիդ II-ին։ Յո. Մարկվարտը խստագույնս ղատապարտել է գերմանական կառավարությանը, գլխավոր շտաբն ու մամուլը, որոնք, նրա կարծիքով, նույնպես պատասխանատու են հայերի ցեղասպանության համար։
Հայ ժողովրդի ցեղասպանության պատմության ուսումնասիրության մեջ նշանակալի ներդրում է Հենրիխ Ֆիրբյուխերի «Հայաստան 1915։ Ի՞նչ է թաքցրել կայսերական կառավարությունը գերմանական հպատակներից։ Մի կուլտուրական ժողովրդի կոտորածը Թուրքիայի կողմից» աշխատությունը։ Հեղինակը, որ հասարակական գործիչ, պացիֆիստական շարժման մասնակից ու հակաֆաշիստ էր, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է Օսմանյան կայսրությունում։ Ֆիրբյուխերը քննարկել է հայկական հարցի հետ առնչվող խնդիրների լայն շրջանակ, առաջ քաշել Գերմանիայի պատասխանատվության հարցը հայերի ցեղասպանության մեջ, բացահայտել երիտթուրքերի համաթուրքական ձգտումների էությունը։ Նա գտնում էր, որ 1915 թվականի տեղահանությունը ծրագրված սպանություն Էր։ Աշխատությունն ավարտվում է «Խաբված ժողովուրդ» (տերմինը փոխառված է Ֆ. Նանսենից) գլխով, որտեղ հեղինակը նշում է, որ «նոր բռնապետ Քեմալ փաշան Թալեաթի և էնվերի արժանի հետնորդն է»[9]։ Ֆիրբյուխերը գտնում է, որ Լոզանի պայմանագիրը հայերի համար «նրա բոլոր հույսերի կործանումն էր», և նկատում, որ եթե կա մի բնագավառ, ուր Ազգերի լիգան ոչինչ չի արել, ապա դա հայկական հարցն է։
Ֆաշիզմի հաղթանակը Գերմանիայում, Երկրորդ համաշխարհային պատերազմն ու հիտլերյան Գերմանիայի պարտությունը փաստորեն գերմանական հասարակայնության հիշողությունից ջնջեցին հայ ժողովրդի բնաջնջման փաստն ու այն մարդկանց անունները, ովքեր հանդես էին գալիս հայերի պաշտպանությամբ։ Մի քանի տասնամյակ գերմանական պատմագրությունը հատկապես չէր զբաղվում հայկական հարցի հետ կապված խնդիրների լուսաբանմամբ։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբի միջազգային հարաբերությունների և Գերմանիայի արտաքին քաղաքականության ուսումնասիրությամբ զբաղվող գերմանական պատմաբանները շոշափել են սոսկ այդ խնդիրների որոշ կողմերը։ 1970-ական թվականներին գերմանական պատմագրության մեջ կրկին հետազոտության առարկա են դառնում հայկական հարցի և հայերի ցեղասպանության խնդիրները։
Ցեղասպանության հարցին է նվիրված Էռնստ Վեռների «Հայկական սարսափներ. 1915-1916՝ հայի հնարածն է արդյո՞ք» աշխատանքը, որը հրապարակվեց «Պատմության հետազոտությունների ամսագրում» (1973, N 2)։ 1977 թվականին Հայկական խնդիրների ինստիտուտը (Մյունխեն) հրատարակեց Պետեր Լաննեի «Հայաստան, հարյուրամյակի առաջին ցեղասպանությունը» աշխատությունը, որում մանրամասն լուսաբանված են Օսմանյան կայսրության 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի իրադարձությունները, հայերի կոտորածները Կիլիկիայում և Թուրքիայի մյուս մասերում։ «Ռուսական հեղափոխությունը և Կովկասյան ռազմաճակատը» գործում քննարկվում են Փետրվարյան հեղափոխությունից հետո մինչև Բրեստի հաշտություն և Մուդրոսի զինադադար ընկած իրադարձությունները։ Ամենամեծ գլուխը («Նյուրնբերգը չկայացավ») նվիրված է հայկական հարցին՝ ընդհուպ մինչև 1921 թվականի Լոնդոնի կոնֆերանսը։ Պ. Լաննեն նշում է, որ հրեաների ցեղասպանության մեղավորները իրենց արժանի պատիժն ստացան Նյուրնբերգում, մինչդեռ մեր դարաշրջանի «առաջին ցեղասպանությունը մի հին քրիստոնյա կուլտուրական ժողովրդի նկատմամբ» մնաց անպատիժ. «Դատ չեղավ, նյուրնբերգյան դատավարություն տեղի չունեցավ, նույնիսկ դատաքննություն չկատարվեց»[10] (էջ 7)։
Գերմանիայի մերձավորարևելյան քաղաքականությունը Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին, թուրք-գերմանական դաշինքի կնքումը և դրա հետևանքներն են քննարկվում Բ. Շուլտեի «1914 թ. պատերազմից առաջ։ Գերմանիան, Թուրքիան և Բալկանները» (1980) և «Եվրոպական ճգնաժամը և առաջին համաշխարհային պատերազմը» (1983) աշխատություններում։ Հեղինակը գտնում է. որ գերմանա-թուրքական դաշինքը օգտակար էր բացառապես Թուրքիային։ Մեկ այլ հետազոտող՝ Գրեգոր Շյոլգենը, իր «Իմպերիալիզմ և հավասարակշռություն։ Գերմանիան, Անգլիան և Արևելյան հարցը. 1871-1917» գրքում, նկարագրելով քրիստոնյաների ծանր վիճակը Օսմանյան կայսրությունում, գրում է, որ հայկական հարցը իր մեջ պարունակում էր Թուրքիայի անդամահատման վտանգ։ Այդ հանգամանքը տերությունները օգտագործեցին հօգուտ իրենց շահերի։ Պաշտպանելով 1912-1914 թվականների Արևմտյան Հայաստանի բարենորոգումների ծրագիրը՝ Գերմանիան ձգտում էր խափանել Թուրքիայի անդամահատման ռուսական քաղաքականությունը։
1970-1980-ական թվականներին ԳՖՀ-ում լույս տեսնող «Պոգրոմ» ամսագրի էջերում տպագրվել են Օսմանյան կայսրության հայերի ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ հողվածներ, փաստաթղթեր ու լուսանկարներ։ Այդ խնդրին է նվիրված ամսագրի մի հատուկ համար (1979, N 64), որտեղ զետեղված են հողվածներ, լուսանկարներ, տվյալներ են բերված 1894-1896 թվականների և 1915-1918 թվականների հայկական ջարդերի մասին։ Թեսսա Հոֆմանի ծավալուն հոդվածում («Հայերի դրության շուրջ») քննարկվում է հայ ժողովրդի աշխարհաքաղաքական դիրքը և դրա հետևանքները, հայկական հարցի «լուծման» թուրքական եղանակը, հակահայկական քարոզչությունը Թուրքիայում, հայկական հարցի ժամանակակից վիճակը։ Հեղինակը լայնորեն օգտագործում է Գերմանիայի արխիվների, Յոհաննես Լհփսիուսի, Արմին Վեգների և ուրիշների նյութերը։ Հայկական հարցին են նվիրված ամսագրի այլ համարներում տպագրված նույն հեղինակի և Ժ. Քոչարյանի բազմաթիվ հոդվածներ, որոնք ավելի ուշ լույս տեսան «Հայաստան։ Ցեղասպանություն։ Տեղահանություն։ Աքսոր» (1987) առանձին ժողովածուով։ 1987 թվականին Հերման Գոլցը հրատարակեց 1986 թվականին Յո. Լեփսիուսի հիշատակին Մարտին կութեր Քինգի ինստիտուտում տեղի ունեցած միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուն։
Հայկական հարցին ու Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության հարցերին զգալի տեղ են հատկացրել իրենց գրքում («Հռենոսի ե Արաքսի միջև, գերմանա-հայկական կապերի 900 տարին», 1988) Էննո Մեյերը և Արա Բեկյանը։ Ծավալուն փաստագրական նյութերի հիման վրա նրանք քննության են առնում Օսմանյան կայսրության քրիստոնյաների դրության, Բեռլինի կոնգրեսից հետո հայ բնակչության նկատմամբ թուրքական իշխանությունների վերաբերմունքի հարցերը, հայերի կոտորածներն ու Գերմանիայի վերաբերմունքը դրանց, Հայաստանի վիճակը Առաջին համաշխարհային պատերազմից հետո և այլն։ Գրքում խոսվում է գերմանական և շվեյցարական բարեսիրական կազմակերպությունների՝ հայ գաղթականներին ցույց տված օգնության մասին։
Գերմանական հետազոտողնհրը զգալի աշխատանք են կատարել հայկական հարցին և հայերի ցեղասպանությանը վերաբերող փաստագրական նյութերի հրատարակման ուղղությամբ։ Այդ կարևոր գործը սկզբնավորել է Յոհաննես Լեփսիուսը։
1916 թվականին Բեռլինում հրատարակվեց ժողովրդական վրիժառու Սողոմոն Թեհլերյանի դատավարության սղագրությունը, որտեղ մեծ հետաքրքրություն են ներկայացնում վկաների ցուցմունքներն ու Յո. Լեփսիուսի փորձագիտական եզրակացությունը, որոնք նպաստեցին Թեհլերյանի արդարացմանը։ 1980 թվականին Գյոթինգենում լույս տեսավ դատավարության արձանագրությունների նոր հրատարակությունը («Հայերի ցեղասպանությունը դատարանի առջև։ Թալեաթ փաշայի դատավարությունը», ներածությունը՝ Թ. Հոֆմանի)։
Հայկական հարցին վերաբերող փաստաթղթեր կան նաև 1922-1927 թվականներին Բեռլինում հրատարակված «Եվրոպական կաբինետների մեծ քաղաքականությունը։ 1871-1914» դիվանագիտական փաստաթղթերի 40-հատորյա շարքում, որի պատրաստմանը մասնակցել է Յո. Լեփսիուսը։
1984 թվականին ԳՖՀ-ում հրատարակվել է «Լռության ոճրագործություններ։ Հայերի նկատմամբ գործադրված թուրքական ցեղասպանության գործի դատաքննությունը ժողովուրդների մշտական ատյանի առջև» նյութերի ժողովածուն։ Ժողովուրդների մշտական ատյանի նիստերը տեղի ունեցան 1984 թվականի ապրիլին և իրենց վրա բևեռեցին եվրոպական հասարակայնության ուշադրությունը։ Ժողովածուի հրատարակիչն ու ներածականի հեղինակը Թ. Հոֆմանն է։ Վերատպվել է նաև Յո. Լեփսիուսի «Գերմանիան և Հայաստանը։ 1914-1918» ժող., որի վերջաբանը գրել է Մ. Ռայներ-Լեփսիուսը։
Թուրքիայում հայերի ցեղասպանության աղբյուրագիտության մեջ լուրջ ներդրում են 1987-1988 թվականներին հայկական խնդիրների ինստիտուտի հրատարակած «Հայերի ցեղասպանությունը» բազմահատորյակի առաջին երկու և 8-րդ հատորները։ Առաջին հատորը փաստաթղթերի, թերթերից, գրքերից բերված քաղվածքների հավաքածու է։ Տեքստերը բնագրի լեզվով են։ Ներածությունը գրել է Ֆ. Էրմակորան։ Երկրորդ հատորում տեղ են գտել Ավստրիայի արխիվներում Ա. Օհանջանյանի հայտնաբերած բազմաթիվ նոր վավերագրեր, որոնք լրացնում են արևմտաեվրոպական և ամերիկյան արխիվների նյութերը։ Ներածությունը գրել է Վ. Բիլը։ Գերմանական առաջադեմ պատմաբանները, գիտական շրջանառության մեջ դրած նրանց բազմաթիվ նյութերը մեծապես նպաստում են Հայկական հարցի և հայերի ցեղասպանության պատմության անկողմնակալ լուսաբանմանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Բորիս Տուրաև «Ռուսաստանն ու քրիստոնյա Արևելքը», 1916 թ, էջ 226
- ↑ Արկադի Երուսալիմսկի «Գերմանական իմպերիալիզմի արտաքին քաղաքականությունը և դիվանագիտությունը XIX դարի վերջին», 1948 թ, էջ 150
- ↑ 3,0 3,1 3,2 Բ. Դանցիգ «Թուրքիա», 1949 թ, էջ 28-29
- ↑ Անատոլի Միլլեր «Թուրքիայի համառոտ պատմություն», էջ 183
- ↑ Բորիս Շտեյն «Ռուսական հարցը 1920-1921 թթ.», 1958 թ, էջ 201
- ↑ «Վոպրոսի իստորիի», N 9, 1951, էջ 60
- ↑ Բորիս Շտեյն «Ռուսական հարցը» Փարիզի հաշտության կոնֆերանսում (1919-1920 թթ.), 1949 թ, էջ 335
- ↑ Բորիս Շտեյն «Ռուսական հարցը» Փարիզի հաշտության կոնֆերանսում (1919-1920 թթ.), 1949 թ, էջ 344-345
- ↑ Հենրիխ Ֆիրբյուխեր «Հայաստան 1915։ Ի՞նչ է թաքցրել կայսերական կառավարությունը գերմանական հպատակներից։ Մի կուլտուրական ժողովրդի կոտորածը Թուրքիայի կողմից», էջ 79
- ↑ Պետեր Լաննե «Հայաստան, հարյուրամյակի առաջին ցեղասպանությունը», էջ 7
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |