Առաքել Սարուխան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Առաքել Սարուխան
Ծնվել էհոկտեմբերի 13, 1863(1863-10-13)
ԾննդավայրԱրտանուջ, Արդվինի նահանգ, Թուրքիա
Մահացել էփետրվարի 6, 1949(1949-02-06) (85 տարեկանում)
Մահվան վայրԲրյուսել, Բրյուսել, Բելգիա
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան

Սարուխանյան Առաքել Զատիկի (հոկտեմբերի 13, 1863(1863-10-13), Արտանուջ, Արդվինի նահանգ, Թուրքիա - փետրվարի 6, 1949(1949-02-06), Բրյուսել, Բրյուսել, Բելգիա), հայ պատմաբան, բանասեր, գրող, հասարակական գործիչ։

Ավարտել է Կոստանդնուպոլսի Վիեննայի Մխիթարյանների վարժարանը, աշակերտել Արսեն Այտընյանին։ Վերադառնալով հայրենիք, զբաղվել է մանկավարժական աշխատանքով։ 1894-1911 թվականներին եղել է Ալեքսանդր Մանթաշյանի նավթարդյունաբերական և առևտրական ընկերության լիազոր ներկայացուցիչը (ապա՝ լիազոր վարիչը) Բաթումում, Բաքվում, Թիֆլիսում, Պետերբուրգում, իսկ 1911-1917 թվականներին՝ մի շարք օտարերկրյա նավթարդյունաբերական ընկերությունների լիազոր։

Ամսագրերի թղթակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1920-ական թթ․ սկզբից ապրել է Հոլանդիայում, ապա՝ Բելգիայում։ 1881 թվականից պարբերաբար թղթակցել է «Մշակ» թերթին, իսկ 1887 թվականից՝ «Հանդէս ամսօրեայ»-ին, ապա նաև Կոստանդնուպոլսի «Արևելք»-ին։ «Հանդէս ամսօրեայ»-ում հրապարակած աշխատությունները մինչև 1925 թվականը գրել է արևմտահայերեն և ստորագրել Կ․ Տյուրյան ծածկանունով։ Այդ հանդեսում տպագրած հոդվածները վերաբերում են Ռաֆայել Պատկանյանի, Րաֆֆու, Գաբրիել Սունդուկյանի, Պերճ Պռոշյանի, Գրիգոր Արծրունու, Լեոյի և այլոց գործունեությանը, Կովկասի հայերի մշակութային հաստատություններին, հասարակական շարժումներին և այլն։

Պատմագիտական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնի բերումով շրջագայելով բազմաթիվ երկրներում՝ ուսումնասիրել է հայկական գաղթավայրերի պատմությունն ու մշակույթը։ «Սեւ ծովու ռուսական եզերքը» (1895), «Կովկասեան լերանց մեջ» (1896) ուղեգրական բնույթի գրքերը տեղագրական, ազգագրական, պատմագրական արժեքավոր փաստեր են բովանդակում մերձսևծովյան և կովկասյան հայկական համայնքների, ինչպես նաև տեղաբնիկ ու եկվոր ժողովուրդների մասին։ Բելգիայում և Հոլանդիայում, արխիվների հիմամբ գրված «Հոլլանդիան եւ հայերը ԺԶ.-ԺԹ. դարերում» (1926), «Բելգիա եւ հայերը» (1937) երկերը հարուստ տեղեկություններ են պարունակում բելգիացիների և հոլանդացիների հետ հայերի սերտ փոխհարաբերությունների մասին՝ սկսած միջին դարերից։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարուխանը անդրադարձել է նաև հայ-վրացական տնտեսական, քաղաքական ու մշակութային փոխհարաբերություններին և այլ հարցերի («Վրաստան եւ հայերը», 1939)։ «Հայկական խնդիրն եւ Ազգային սահմանադրութիւնը Թիւրքիայում» գրքում (1912) Սարուխանը ներկայացրել է Օսմանյան կայսրության տնտեսական և քաղաքական պատկերը, Եվրոպայի պետությունների դիվանագիտությունը հայկական հարցում, հայ գործիչների դերը Թուրքիայի սահմանադրության շարժման մեջ և այլն։ «Ալեքսանդր Մանթաշեանց, մեծ վաճառականն ու բարեգործը» (1931) հուշագրությունում Սարուխանը տեղեկություններ է տալիս Կովկասում հայկական կապիտալի ծագման, ընդլայնման, Բաքվի նավթարդյունաբերության զարգացման մասին։ Գրել է նաև գեղարվեստական գործեր, որոնցից հայտնի է «Խորհրդաւոր աղջիկն եւ իր գաղտնիքը» (1924) ինքնակենսագրական դրվագներով հյուսված իրապաշտական վեպը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 245 CC-BY-SA-icon-80x15.png