«Արմյանսկի վեստնիկ» (ռուս.` "Армянский вестник" - «Հայկական լրաբեր»), հասարակական-քաղաքական, գրական պատկերազարդ շաբաթաթերթ ռուսերեն լեզվով։ Հրատարակվել է Մոսկվայում1916 թվականի հունվարից 1918 թվականի ապրիլը։
Խմբագիր-հրատարակիչ՝ Ի. Ամիրով։ Նրա հետ սերտ գործակցել է Ա. Ջիվելեգովը։ Շաբաթաթերթը հրապարակել է հոդվածներ, ուսումնասիրություններ, գեղարվեստական ստեղծագործություններ, թարգմանություններ, հայ և ռուս հասարակայնության հայտնի ներկայացուցիչների (Լեո, Վ. Թոթոմյանց, Տ. Հախումյան, Խ. Քուչուկ-Հովհաննիսյան, Գ. Ձուբար, Գ. Ձալխուշյան, Ս.Գորոդեցկի, Վ. Բրյուսով, Վ. Նեմիրովիչ-Դանչենկո, Յու. Վեսելովսկի, Ս. Կոտլյարևսկի, Պ. Դոլգորուկով և ուրիշներ) թղթակցությունները, որոնք լուսաբանել են հայ ժողովըրդի հասարակական-քաղաքական կյանքը, բացահայտել Արևմտյան Հայաստանում թուրքական կառավարության քաղաքականության հակահայկական էությունը, անդրադարձել փախըստականների վիճակին, բարձրացրել Հայաստանի տնտեսական վերածննդի հարցեր։ «Արմյանսկի վեստնիկ»-ում հրապարակվել են հայերի 1915 թվականի ցեղասպանության մասին համաշխարհային հասարակայնության արձագանքները, կարևոր ուշադրություն է դարձվել հայկական հարցին, ռուսական Կովկասյան բանակի գործողություններին, հայ կամավորական շարժմանը, հայերի ազգային ինքնորոշման խնդիրներին։
Շաբաթաթերթն ունեցել է մշտական խորագրեր՝ «Հայկական կյանքի ժամանակագրություն», «Պատերազմը Թուրքիայի հետ», «Եվրոպան և հայերը», «Հայկական գաղթավայրերը», «Մամուլի տեսություն» և ուրիշներ։ Թերթը գտնում էր, որ «Թուրքահայաստանը Թուրքիայից անջատել՝ նշանակում է ոչնչացումից փրկել հայերի մնացորդները և սկիզբ դնել երկրամասի խաղաղ զարգացմանը» (1918, N 4-50)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 98)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է«Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։