Սան Ստեֆանոյի պայմանագիր
Սան Ստեֆանոյի պայմանագիր | |
---|---|
Պայմանագրի տիպ | նախնական հաշտության պայմանագիր |
Ստորագրվել է — վայր |
1878 թ. փետրվարի 19 (մարտի 3) Սան Ստեֆանո, այժմ Եշիլկեյ |
Ստորագրել են | Ն. Իգնատյև, Ա. Նելիդով (Ռուսաստան) և Սաֆվեթ փաշա, Սադուլահ բեյ (Օսմանյան կայսրություն) |
Կողմեր | Ռուսական կայսրություն
|
Կայք | Սան Ստեֆանոյի նախնական հաշտության պայմանագիր (հայ.) |
Սան Ստեֆանոյի պայմանագիր, Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև 1878 թվականի փետրվարի 19 (մարտի 3-ին) Կոստանդնուպոլսի արվարձան Սան Ստեֆանոյում կնքված նախնական հաշտության պայմանագիր, որով ավարտվեց 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմը։ Մեծ նշանակություն է ունեցել բալկանյան ժողովուրդների՝ թուրքական լծից ազատագրման և Հայկական հարցի միջազգային դիվանագիտության ասպարեզում հայտնվելու գործում։ Սան Ստեֆանոյի պայմանագրի դրույթները վերանայվել են Բեռլինի կոնգրեսի արդյունքում ընդունված փաստաթղթում։
Ստորագրել են փետրվարի 19-ին (մարտի 3)-ին Սան Ստեֆանոյում (Կոստանդնուպոլիսի մոտ) Ռուսաստանի կողմից կոմս Նիկոլայ Իգնատևն ու Ալեքսանդր Նելիդովը, Թուրքիայի կողմից՝ Սավֆետ փաշան ու Սահադուլլահ բեյը։
Սան Ստեֆանոյի պայմանագիրը երաշխավորում էր Թուրքիայի ստանձնած պարտավորությունների կատարումը, այն է. «անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից բխող բարելավումներ և բարեփոխումներ»[1]։
Պայմանագրի հիմնական կետեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սան Ստեֆանոյի պայմանագրով Չերնոգորիան, Սերբիան և Ռումինիան անկախ էին ճանաչվում։ Բոսնիա և Հերցեգովինան ինքնավարություն էին ստանում Օսմանյան կայսրության շրջանակներում։ Բուլղարիան (Արևելյան Ռումենիայով, Մակեդոնիայով և Թրակիայի մի մասով՝ մինչև Սալոնիկ և Էգեյան ծով) հռչակվում էր ինքնավար իշխանություն՝ տերությունների համաձայնությամբ և Բարձր դռան կողմից հաստատվող իշխանությունով։ Թուրքական զորքերը դուրս էին բերվում Բուլղարիայից, իսկ ռուս, զորքերը մնում էին այնտեղ՝ 2 տարի ժամկետով։
Թուրքիան պարտավորվում էր Ռուսաստանին վճարել 1410 միլիոն ռուբլի ռազմատուգանք, որի մեծ մասը (1100 միլիոն ռ.) փոխարինվում էր տարածքային զիջումներով. եվրոպական մասում՝ Տուլչայի սանջակի դիմաց Ռուսաստանը ստանում էր 1856 թվականի Փարիզի պայմանագրով իրենից անջատված Հարավային Բեսարաբիան, ասիականում՝ Արդահանը, Կարսը, Բաթումը, Բայազետը և մինչև Սողանլուղ ընկած տարածքը։
Սան Ստեֆանոյի պայմանագիրը և հայերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հատուկ հոդվածով (16-րդ) նախատեսվում էր վարչական բարենորոգումներ անցկացնել Արևմտյան Հայաստանում։ Պատերազմի հաջող ընթացքը Ռուսաստանի համար և Արևմտյան Հայաստանի մի մասի գրավումը ռուսական զորքերի կողմից ազատագրական հույսեր ներշնչեցին նաև հայ քաղաքական շրջաններին։ 1877 թվականի վերջին Կ. Պոլսի հայոց ազգային ժողովը մերժեց հայերին զորակոչելու սուլթան, իրադեն (հրամանագիր), որով փաստորեն հրաժարվեց զենք վերցնել ռուսական բանակի դեմ։
1878 թվականի հունվարին Կ. Պոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանը ազգային ժողովին ներկայացրեց մի տեղեկագիր, որտեղ շարադրված էր Հայաստանի ինքնավարության ծրագիրը՝ Լիբանանի օրինակով (1864-ի կանոնադրությամբ Լիբանանը կառավարում էր քրիստոնյա ընդհանուր նահանգապետը)։ Ծրագիրը, որ ամենայն հավանականությամբ թելադրված էր թուրքական կառավարության և Անգլիայի կողմից, մերժվեց։ Կ. Պոլսի և Անդրկովկասի հայ քաղաքական շրջանների (որոնք արևմտահայության ազատագրության հարցը կապում էին Ռուսաստանի հետ) ճնշման տակ Կ. Պոլսի պատրիարքն իր ներկայացուցչի՝ Ադրիանուպոլսի առաջնորդական փոխանորդ Գևորգ վարդապետ Ռուսչուգլյանի միջոցով (որին միացան Ստեփան Ասլանյանը և Հովհաննես Նուրյանը), իսկ ավելի ուշ նաև անձամբ շփման մեջ մտավ ռուսական հրամանատարության (Մեծ իշխան Նիկոլայ. Նիկոլաևիչ) և դիվանագիտական ներկայացուցիչների (Իգնատև, Նելիդով) հետ ու խնդրագիր հղեց Ալեքսանդր II կայսրին։ Նույն ժամանակ, Գրիգոր Արծրունու նախաձեռնությամբ, խընդրագիր ներկայացվեց Կովկասի փոխարքային։ Ռուսական կառավարությունը համաձայնեց հայերի վերաբերյալ հատուկ կետ մտցնել ռուս-թուրքական պայմանագրում։ Այս հոդվածը չէր կարող գոհացնել հայերին, քանի որ այնտեղ խոսք անգամ չկար նրանց ակնկալած ինքնավարության մասին։ Հոդվածի այդպիսի չափավորությունը բացատրվում էր Ռուսաստանի վրա Անգլիայի դիվանագիտական ճնշումով, որը վտանգված էր տեսնում իր շահերն Ասիայում, ինչպես նաև Հնդկաստան տանող ճանապարհներին։
Նոր պատմության շրջանում առաջին անգամ Հայաստան անվանումը և հայերը հիշատակվում էին միջազգային դաշնագրում[2]։ Պայմանագրի 16-րդ հոդվածում ասվում էր. «Նկատի առնելով այն, որ ռուսական զորքերի դուրսբերումը նրանց կողմից գրավված Հայաստանի` Թուրքիային վերադարձվելիք վայրերից, կարող է այնտեղ առիթ տալ բախումների և բարդությունների, որոնք երկու պետությունների բարի հարաբերությունների վրա կունենան վնասակար ազդեցություն, Բարձր Դուռը պարտավորվում է անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ և բարենորոգություններ, և զերծ պահել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից»[3]։ Պայմանագրի 19-րդ հոդվածով Ռուսաստանին էին անցնում Կարսը, Արդահանը, Բայազետը, Բաթումը, Օլթին, Արտանուջը, Արդվինը, Ալաշկերտը, Կաղզվանը և Խումարը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արա Պապյան - Հայրենատիրություն. Հայոց պահանջատիրության իրավական հիմունքները և հարակից հարցեր (հոդվածների ժողովածու), Ասողիկ, Երևան, 2012 (ISBN 978-9939-50-190-1, ՀՏԴ՝ 941(479.25):341(045), ԳՄԴ՝ 63.3(2Հ) + 67.91ց1, Պ234։ Համակարգչային շարվածքը և ձևավորումը՝ Դավիթ Օ. Աբրահամյանի)
- ↑ Կիրակոսյան Ա.Ջ. Հայկական հարցը եվ հայերի ցեղասպանությունը (պատմաիրավական եռալեզու տեղեկանք). - Եր.։ «Նորավանք» ԳԿՀ, 2006. - 103 էջ
- ↑ «Հայաստանի պատմություն». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սան Ստեֆանոյի նախնական հաշտության պայմանագրի ամբողջ տեքստը՝ թարգմանված հայերեն Արխիվացված 2019-04-07 Wayback Machine
- Արմեն Մանվելյան ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ. ՍԱՆ ՍՏԵՖԱՆՈ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Ստեֆանոյի պայմանագիր» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 169)։ |