Եղիշե Գեղամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գեղամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Եղիշե Գեղամյան
Ծնվել է1840[1][2]
ԾննդավայրԱխալցխա, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել է1920[1][2]
Մահվան վայրԹիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն[1][2]
Ազգությունհայ
ԿրթությունԽալիբյան վարժարան[1]
Մասնագիտությունպատմաբան, հրապարակախոս և քահանա

Եղիշե ավագ քահանա Գեղամյանց (Հայկունի) (1840[1][2], Ախալցխա, Ռուսական կայսրություն[1][2] - 1920[1][2], Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն[1][2]), հայ պատմաբան, հրապարակագիր, քահանա։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովակիմ (ավազանի անունը) Գեղամյանցը, որ գրական հարուստ ժառանգությամբ հայ ընթերցողին ավելի հայտնի է Հայկունի կեղծանվամբ, ծնվել է 1844 թվականի սեպտեմբերի 20-ին Ախալցխայում։ Մկրտվել է Սբ. Փրկիչ եկեղեցում քահանա Սահակ Տեր-Գրիգորյանի ձեռքով[3]։ Հայրը Աղաբաբ Հովակիմյան-Գեղամյանցն էր, մայրը՝ Եկատերինա Հակոբյանը։

1861 թվականի մայիսի 23-ին ընդունվել է Թեոդոսիայի Խալիբյան ղպրոց, որի փակվելու պատճառով սովորել է մինչև 4-րդ դասարան[4]։

1871-1874 թվականներին դասավանդել է Ախալցխայի «Կարապետյան» և «Եղիսաբեթյան» դպրոցներում, իսկ 1876 թվականը ներառյալ եղել է այդ դպրոցների տեսուչը[5]։

1873 թվականի մարտի 1-ից մինչև 1876 թվականի հոկտեմբերի 18-ը եղել է Ախալցխայի հոգևոր կառավարության գրագիրը։

1876 թվականին ընտրվել է Ախալցխայի քաղաքագլուխ.

Կօվկասի փոխարքայի գլխաւոր կառավարութիւնը հիմնուելով պ. նահանգապետի միջնորդութեան վերայ պ, Յովակիմ Գեղամեանցին նշանակել է Ախալցխայում քաղաքագլուխ ի կողմանէ Տէրութեան` մինչև չորս տարի լրանալը (1876-1880). ժողովրդեան իրան իրաւունքն է տրվում ընտրել քաղաքագլուխ[6]։

1879 թվականի ապրիլի 30-ին Ախալցխայի զինվորական ակումբում, հօգուտ «Արարատյան» ընկերության, բեմադրվել է «Զէնիաթ-Ղէնիաթ» ողբերգությունը, որի «շնորհալի հեղինակը նույն պ. Գեղամեանն էր, Ախալցխայի այժմեան քաղաքագլուխը»[7]։

1882 թվականի սեպտեմբերի 1-ին Գեղամյանցը Թիֆլիսի Հայոց սեմինարիայում նշանակվել է ուսուցիչ, իսկ 1885 թվականի վերջերին, իր դիմումի համաձայն, հեռացել է այդ պաշտոնից։

1886 թվականի հունվարի 15-ին Էջմիածնի սինոդի հրամանով ձեռնադրվել է դպիր և սարկավագ, իսկ նույն թվականի նույն ամսին` Բաքվի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու համար` քահանա (ձեռնադրությունը տեղի է ունեցել Թադեոս արքեպիսկոպոսի ձեռամբ Շամախու Սբ. Աստվածածին եկեղեցում)։

1887-1888 ուստարում Բաքվի Հայոց երկսեռ եկեղեցական-ծխական դպրոցում դասավանդել է իրավագիտություն։

1890 թվականի մայիսի 26-ին Ամենայն Հայոց Մակար կաթողիկոսի հրամանով նշանակվել է Վրաստանի և Իմերեթի հայոց եկեղեցական-ծխական դպրոցների հոգևոր տեսուչ և այդ պաշտոնը վարել մինչև 1893 թվականի հոկտեմբերի 1-ը։

1891 թվականի մայիսի 18-ին հոգևոր տեսչի պաշտոնում իր ներդրած ջանքերի և գերազանց ծառայությունների համար նրան շնորհվել է մետաքսե փիլոն։

1892 թվականի հուլիսի 8-ին Բաքվի նահանգապետի առաջարկով Ե. Գեղամյանցը նշանակվել է նահանգի առողջապահության հասարակական կոմիտեի նախագահ և իր ավանդը ներդրել խոլերայի դեմ մղած պայքարում։

1893 թվականի հոկտեմբերի 1-ին Ամենայն Հայոց Մկրտիչ Խրիմյան կաթողիկոսի հրամանով կարգվել է Շամախու թեմի հայոց եկեղեցական-ծխական դպրոցների հոգևոր տեսուչ։

1894 թվականին եղել է Բաքվի Մայր տաճարի վանահայրը։

Համաձայն 1895 թվականի մի վավերագրի` նշյալ թվականին Գեղամյանցն արդեն բազմազավակ հայր էր։ Ուներ 4 որդի` Զարմայր (ծնվ. 1877 թվականի մայիսի 16), Վարդգես (ծնվ. 1883 թվականի հունիսի 23), Ռուբեն (ծնվ. 1886 թվականի հունիսի 16), Հրաչյա (ծնվ. 1895 թվականի մայիսի 5) և 3 դուստր` Սաթենիկ (ծնվ. 1875 թվականի փետրվարի 22), Կատրամիդե (ծնվ. 1880 թվականի հուլիսի 15), Արփենի (ծնվ. 1889 թվականի հունվարի 17)։

1896 թվականին Գեղամյանցն արժանացել է պարգևի` որպես Միխայլովյան դպրոցի իրավագիտության լավագույն ուսուցիչ։

1897 թվականի սեպտեմբերի 17-ին Շամախիում պարգևատրվել է կամիլավկայով, 1899 թվականի հունվարի 23-ին` ոսկե խաչով։

1901 թվականի հոկտեմբերի 21-ին Բաքվում ստացել է ավագ քահանայի կոչում։ Նույն թվականին նաև Բաքվի հայոց եկեղեցիների գործակալի պաշտոնակատարն է եղել։

1911 թվականի մայիսի 2-ի հրամանագրով տ. Եղիշե ավագ քահանա Գեղամյանցը նշանակվել է Բաքվի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու միաբան Զավեն վարդապետի փոխարեն։

Եղիշե ավագ քահանա Գեղամյանցը վախճանվել է 1920 թվականին Տփղիսում 76 տարեկանում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենիքի նկատմամբ տածած ջերմ սիրով և այն ավելի ու ավելի խորը ճանաչելու անսպառ ձգտումով ներշնչված` Եղիշե (Հովակիմ) Գեղամյանցը, բացի եկեղեցական ու հասարակական աշխատանքից, շրջագայել է հայրենիքի զանազան վայրերում և ժամանակի պարբերականների էջերում կամ առանձին գրքույկներով հրատարակել իր հավաքած այնքան արժեքավոր և ուսանելի նյութերը.

Հայկունի որ բուն անուամբ Յ. Գեղամեան կը կոչուի (երբեմն Ախլցխայի քաղաքագլուխն էր), գրած է բազմաթիւ Ճանապարհորդական տպաւորութիւններ, որ կը պարունակեն պատմական կարեւոր տեղեկութիւններ այլ եւ այլ տեղերու Հայոց վրայ։ Բաց աստի գրած ունի վէպ մը, Գինեդեւ, որ կը նկարագրէ Էրզրումի Հայոց գաղթականութիւնն դէպի Ախլցխա եւ Ալեքսանդրապոլ, եւ այլ պատմական կարեւոր տեղեկութիւններ[8]։

Աշխատակցել է «Հայկական աշխարհ», «Արարատ», «Մեղու Հայաստանի», «Մշակ», «Փորձ», «Արձագանք» պարբերականներին, «Հովիվ» և «Հովիտ» շաբաթաթերթերին։ Հայ ազատագրական շարժման հարցերին նվիրված աշխատություններում (հայերի ազատագրական շարժումները XIX և XX դարերում, 1915-1917 և այլն) Գեղամյանցը ցարիզմի վարած քաղաքականությունը գնահատել է ազգապահպանության կղերական տեսանկյունից։ Հայ ժողովրդի ներկան և ապագան պատկերացրել է հայ եկեղեցու և բուրժուական կարգերին համակերպված կղերի ղեկավարությամբ։ Նա դեմ է եղել ազգային-ազատագրական և սոցիալ դասակարգային շարժումներին։ Իր ժամանակակիցներին կոչ է արել հեռու մնալ քաղաքական շարժումներից, նվիրվել «քաղաքակրթական խաղաղ, շինարար» աշխատանքին։ Հիմնականում օբյեկտիվ դիրքերից է մեկնաբանել Հայկական հարցում Ռուսաստանի երկդիմի քաղաքականությունը 1890-ական թվականներին և Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին։ Սուր քննդատության է ենթարկել ցարիզմի ձեռնարկումները 1905-1906 թվականների հայ-թաթարական ընդհարումներ հրահրելու ուղղությամբ[9]։

1885 թվականի հունիսի 7-ից մինչև օգոստոսի վերջը Ե. Գեղամյանցը ճամփորդել է Արցախի Ջրաբերդ, Խաչեն, Վարանդա և Դիզակ գավառներում, հավաքել տարաբնույթ տեղեկություններ։ Սկսած նույն թվականի հունիսի 16-ից մինչև դեկտեմբերի 5-ը իրարահաջորդ 43 հոդվածներով ակնարկաշարը տպագրել է այդ թվականին երկօրյա հաճախականությամբ լույս տեսնող «Մեղու Հայաստանի» պարբերականում։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկունու բարեկամներն իր գաղափարակից և հոգեհարազատ ընկերներն էին` ժամանակի մտավորականության սերուցքը։ Գեղամյանցի մասին նրանք թողել են բազմաթիվ վկայություններ իրենց հուշերում։ Օրինակ, Գրիգոր Նիկողոսյանը (Մագդա Նեյման), իր հուշերում անդրադառնալով 1880 թվականին Ախալցխայում անցկացրած զինվորական ծառայության օրերին, նշել է, որ հյուրընկալվել էր «Ախալցխայի քաղաքագլուխ` Յովակիմ Գեղամեանցի (այժմ` արժ. Եղիշէ ա. ք. Գեղամեանց)» տանը[10]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատմական քաղվածներ, պր․ 1 - 10, Բաքու, 1909-1915 թվականներ։
  • Պատմության դասերը, Բաքու, 1915։
  • Պատմական նյութեր, Բաքու, 1915։
  • Ռուս բյուրոկրատիան և հայերը, 2 հրտ․, Բաքու, 1917։
  • Պատմական զրույցներ, Բաքու, 1917[11]։
  • Տաճիկները Կովկասում եւ Բագուի անկումը, Շաղիկ, 1994։
  • Կարապետ արքեպիսկոպոս. կենսագրություն, Երևան, 1999։

Գրել է նաև «Իսրայել Օրին և յուր քաղաքական ծրագիրը» ուսումնասիրությունը։ Քննական ուսումնասիրություն է կատարել Րաֆֆու «Կայծեր» վեպի վերաբերյալ, ինչպես նաև գրել է եկեղեցական ծիսակատարություններին նվիրված աշխատանքներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 1296, ց. 1, գ. 1, թ. 1։
  4. ՀԱԴ, ֆ. 1296, ց. 1, գ. 2, թ. 1։
  5. ՀԱԴ, ֆ. 1296, ց. 1, գ. 3, թ. 3։
  6. «Մեղու Հայաստանի», 1879, N11, էջ 4։
  7. Գ. Նիկողոսեան, Նամակ Ախալցխայից, «Մշակ», 1879, N72, էջ 2։
  8. Պ. Տ., Թիֆլիս կէս դար առաջ եւ այժմ, «Մասիս» 1889, N3809, էջ 679։
  9. «Եղիշե Գեղամյան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 2-ին.
  10. Գ. Նիկողոսեան, Իմ յիշողութիւններից, «Հովիտ», 1910, N9, էջ 136։
  11. Հայաստանի ազգային դիվանում պահվում են 1917 թվականի Հայկունու հեղինակած «Պատմական զրույցներ» աշխատության 46 գլուխները (ՀԱԴ, ֆ. 1296, կազմող` Ա Թադևոսյան)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վավերագրեր հայ եկեղեցու պատմութեան, գիրք Թ, Երևան, 2001, էջ 528։
  • Գ. Նիկողոսեան, Իմ յիշողութիւններից, «Հովիտ», 1910, N9, էջ 136։
  • Ե. Գեղամեանց, «Հովիւ», 1908, դ 41, էջ 650։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 709