Ընդհատակ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ընդհատակ
սերբական կիրիլիցա՝ Подземље և գաևիցա Podzemlje
Երկիր Ֆրանսիա[1][2][3][…]
 Գերմանիա[1][2][3][…]
 Բուլղարիա
 Հունգարիա[1][2][3][…]
 Չեխիա[1]
Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն[1]
 Հարավսլավիա[4]
Ժանրտրագիկոմեդիա, դրամա, կինոկատակերգություն և ռազմական ֆիլմ
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ
Թվականապրիլի 1, 1995, նոյեմբերի 23, 1995[5], դեկտեմբերի 26, 1995 և հունիսի 20, 1997
Լեզուսերբախորվաթերեն[1]
ՌեժիսորԷմիր Կուստուրիցա[3]
ՊրոդյուսերՊիեռ Սպանգլեր և Մակշա Կատովիչ
Սցենարի հեղինակԴուշան Կովաչևիչ և Էմիր Կուստուրիցա
ԴերակատարներՄիկի Մանոյլովիչ, Սլավկո Շտիմաց, Լազար Ռիստովսկի, Միրյանա Յոկովիչ, Սրջան Տոդորովիչ, Միրյանա Կարանովիչ, Միլենա Պավլովիչ, Դանիլո Ստոյկովիչ, Բորա Տոդորովիչ, Դավոր Դույմովիչ, Էմիր Կուստուրիցա, Նելե Կարայլիչ, Željko Mitrović?, Էռնստ Շտյոցներ, Դրագան Նիկոլիչ, Հարկ Բոմ, Ալբենա Ստավրևա, Իոսիֆ Տատիչ, Branislav Lečić?, Պրեդրագ Միլինկովիչ, Լիլիանա Յովանովիչ, Պիեռ Սպանգլեր, Stojan Sotirov?, Rick Dano?, Erol Kadić?, Elizabeta Đorevska?, Բրանկո Պետկովիչ, Լեոնիդ Բրեժնև[4], Արքայազն Ֆիլիպ[4], Կուրտ Վալդհայմ[4], Նիկոլաե Չաուշեսկու[4] և Հելմուտ Շմիդտ[4]
ՕպերատորՎիլկո Ֆիլաչ
ԵրաժշտությունԳորան Բրեգովիչ
ՄոնտաժԲրանկա Չեպերակ
Պատմվածքի վայրՍերբիա
ԿինոընկերությունCiby 2000 և Էվրիմաժ
Տևողություն163 րոպե

Ընդհատակ (սերբ.՝ Подземље, անգլ.՝ Underground, ռուսական աղբյուրներում օգտագործվում է նաև «Подполье»[6], «Под землёй»[7] անվանումներով), ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի հինգերորդ լիամետրաժ ֆիլմը, տրագիկոմեդիա՝ նկարահանված Դուշան Կովաչևիչի համանուն պիեսի հիման վրա։ Իրադարձությունները ծավալվում են Հարավսլավիայում շուրջ հիսուն տարվա ընթացքում (1941 թվականից մինչև 1992 թվականի սկիզբը)։

Հարավսլավիայում և Ֆրանսիայում ֆիլմը ցուցադրվել է նաև հեռուստատեսային տարբերակով՝ Била једном једна земља («Կար-չկար մի երկիր») խորագրով, որը բաղկացած էր 6 սերիայից (5 ժամ ընդհանուր տևողությամբ)։ Գերմանական հեռուստատարբերակում ֆիլմը ցուցադրվել է «Underground» անվանմամբ։ Մի քանի անգամ ցուցադրվել է ինչպես ամբողջական՝ 5 ժամանոց, այնպես էլ կրճատված` 3 ժամանոց տարբերակներով[8]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախաբան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում գործողություններն սկսվում են 1941 թվականի ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը։ Երկու հարբած ընկերներ՝ Մարկո Դրենը (սերբ.՝ Марко Дрен, Marko Dren, Միկի Մանոյլովիչ) և «Չյոռնի» (սերբ.՝ Црни, Crni) մականունով Պետար Պոպարան (սերբ.՝ Петар Попара, Petar Popara, Լազար Ռիստովսկի), վերադառնում են Բելգրադ։ Ընկերներն անցնում են Մարկոյի եղբոր՝ Իվանի (Սլավկո Շտիմաց) տան կողքով և ողջունում նրան բարձր գոռալով։ Այնուհետև կանգ են առնում Չյոռնիի տան մոտ, որտեղից դուրս է գալիս նրա հղի կինը՝ Վերան (Միրյանա Կարանովիչ), և սկսում կշտամբել ամուսնուն՝ սպառնալով «լքել նրան, ինչպես Մարկոյի կինը լքեց իր ամուսնուն»։ Մարկոն Վերային մի կողմ է տանում, խնդրում չաղմկել և ցածրաձայն, վստահելի տոնով հայտնում, որ նախօրեին նրա ամուսնուն և Մարկոյի լավագույն ընկերոջը՝ Չյոռնիին, ընդունել են Կոմունիստական կուսակցություն։ Վերան նրա խոսքերին մեծ նշանակություն չի տալիս։

Մաս 1. Պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1941[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի ժամ անց՝ առավոտյան, սկսվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում գերմանական զորքերի առաջին օդային գրոհը Բելգրադի վրա։ Քաղաքի բնակիչները փորձում են պատսպարվել ընկնող ռումբերից, իսկ Իվանը փորձում է փրկել կենդանիներին. կենդանաբանական այգու վրա ևս ռումբ էին նետել։ Մարկոն և Չյոռնին չեն շեղվում իրենց զբաղմունքից (առաջինը սեռական հարաբերություն էր ունենում մարմնավաճառի հետ, իսկ երկրորդը նախաճաշում էր)։ Գրոհի ավարտից հետո Չյոռնին գնում է տեսնելու ավերված քաղաքը։ Ճանապարհին նա հանդիպում է լացող Իվանին՝ Սոնի անունով փոքրիկ շիմպանզեն ձեռքին։

Ժամանակագրության դրվագները ցույց են տալիս գերմանական զորքերի կողմից Հարավսլավիայի թագավորության արագ օկուպացիան։ Որոշ ժամանակ անց ամբողջ երկիրը գրավվում է նացիստական բանակի կողմից։

Չյոռնին սիրահետում է Բելգրադի ազգային թատրոնի առաջատար դերասանուհուն՝ Նատալյա Զովկովին (սերբ.՝ Natalija Zovkov, Միրյանա Յոկովիչ)։ Նատալյան խմբի մյուս անդամների հետ մասնակցում է կիսաքանդ քաղաքի ավերակների քանդմանը։ Չյոռնին այցելում է նրան։ Նատալյան նրան պատմում է, որ լուրեր են պտտվում` իբր պարտիզան-կոմունիստները զբաղվում են թալանով, և ցույց է տալիս մի պաստառ, որում պարգև են խոստանում Չյոռնիի գլխի համար, այնուհետև գնում է ռեստորան իր երկրպագուի՝ գերմանացի սպա Ֆրանցի հետ։

Այդ նույն ժամանակ ռազմական տեխնիկա փոխադրող գերմանական գնացքի կողոպուտից հետո օկուպանտներին հայտնի են դառնում Մարկոյի և Չյոռնիի անունները. նրանց նկատմամբ հետախուզություն է հայտարարվում ռադիոյով։ Նացիստները սկսում են ակտիվորեն փնտրել պարտիզաններին։ Այդ ժամանակ Մարկոն իր պապիկի (Բատա Ստոյկովիչ) գետնահարկում պատրաստում է զենքի պահեստ և թաքստոց. նա այնտեղ է տանում Վերային, Իվանին և քաղաքի մի քանի այլ բնակիչների (Չյոռնին թաքնվում է անտառում)։

Երբ փախստականները իջնում են գետնահարկ, Վերայի երկունքի ցավերը սկսվում են։ Ներքև տանող աստիճանների վրա էլ նա լույս աշխարհ է բերում տղային և մահանում՝ հասցնելով միայն հայտնել իր վերջին ցանկությունը՝ որդուն անվանել Յովան։

1944[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցել է ուղիղ երեք տարի։ Բելգրադի բարերից մեկում Չյոռնին կոմունիստական այլ գաղտնի գործակալների հետ նշում է իր որդու՝ Յովանի երրորդ տարեդարձը։ Բարի գետնահարկում Մարկոն, ով արդեն դարձել է տեղական կուսակցական կազմակերպության քարտուղար, գործարք է իրականացնում՝ որոշ մարդկանց զենք տալով և փոխարենը թղթադրամների հաստ փաթեթ ստանալով։ Այնուհետև միանում է տոնին։ Գինարբուքի թեժ պահին Չյոռնին գնում է Ազգային թատրոն՝ Նատալյայի մոտ։ Նրան հաջողվում է մուտք գործել բեմ։ Չյոռնին կրակում է Ֆրանցի վրա և առևանգում Նատալյային։

Չյոռնին Նատալյայի և Մարկոյի (ինչպես նաև նրանց ուղեկցող փողային նվագախմբի) հետ գնում է Բելգիայի սահմաններից դուրս գտնվող փոքրիկ նավակը, որտեղ տեղակայված էր զենքի խոշոր խմբաքանակ։ Նրանք սպասում էին քահանային, ով պետք է պսակադրեր Նատալյային և Չյոռնիին։ Երբ վերջինս մի քանի րոպեով հեռանում է, Մարկոն Նատալյային սեր է խոստովանում։ Թվում է, թե նա պատասխանում է Մարկոյին փոխադարձ սիրով, սակայն Չյոռնիի վերադառնալուն պես փոխում է իր որոշումը և համաձայնում ամուսնանալ նրա հետ։

Առավոտյան (քահանան այդպես էլ չի գալիս) գալիս են գերմանացի զինվորները, և Ֆրանցը, ով Չյոռնիի կրակոցից հետո ողջ էր մնացել պաշտպանիչ ժիլետի շնորհիվ, պահանջում է Նատալյային իրեն տալ։ Վերջինս անմիջապես համաձայնում է լքել Մարկոյին և Չյոռնիին ու գնալ Ֆրանցի հետ։ Մարկոն դեպքի վայրից փախչում է նավով, իսկ Պյոտրին առևանգում են և տեղափոխում հոգեբուժարան, որտեղ նրան էլեկտրաշոկի են ենթարկում։

Մի քանի օր անց հիվանդանոց է սողոսկում Մարկոն։ Նա սպանում է Ֆրանցին և հիվանդանոցից տանում Չյոռնիին և Նատալյայի տկարամիտ եղբորը՝ Բատային (Դավոր Դույմովիչ)։ Նատալյան գնում է նրանց հետ։ Փախուստի ժամանակ սնդուկում թաքնված Չյոռնին պատահաբար վնասում է իրեն տված նռնակը, և այն պայթում է։ Չյոռնին ողջ է մնում, սակայն բուժման ընթացքում նրան պահում են նույն գետնահարկում։

Օրեր անց Մարկոն և Նատալյան սենյակում պարում են, Մարկոն նորից սիրո խոսքեր է ասում Նատալյային (այդ ժամանակ Բելգրադը նորից ռմբակոծում են, այս անգամ` միացյալ զորքերի ինքնաթիռները)։ Նա պատասխանում է հետևյալ խոսքերով.

Մարկո, որքան գեղեցիկ ես ստում։

Ժամանակագրության դրվագները ցույց են տալիս Հարավսլավիայի ազատագրումը օկուպացիայից։ Ազատագրման գործում ակտիվ մասնակցություն է ունենում նաև Մարկոն։ Հետպատերազմական տարիներին նա կարևոր պաշտոն է զբաղեցնում Հարավսլավիայի կառավարությունում, դառնում է Տիտոյի զինակիցը, մասնակցում միջազգային հանդիպումներին, հանդես գալիս ելույթներով և զինվորական շքերթների ժամանակ կանգնում Տիտոյի աջ կողմում։

Մաս 2. Սառը պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվական։ Մարկո Դրենը ազդեցիկ քաղաքական գործիչ է, Տիտոյի զորակիցներից մեկը։ Կազդուրված Չյոռնին, նրա որդի Յովանը, եղբայր Մարկոն և մյուս քաղաքացիները դեռ գտնվում են գետնահարկում՝ համոզված լինելով, որ դրսում դեռ պատերազմ է։

Երկրորդ մասը սկսվում է այն տեսարանով, որտեղ Մարկոն Նատալյայի հետ (նրանք ամուսնացել են) ներկա է Պետար Պոպարայի հուշարձանի բացման արարողությանը։ Չյոռնիին ճանաչվել է ժողովրդական դիմադրության հերոս, ով մահացել է պատերազմի ընթացքում։ Այնուհետև Մարկոն գնում է գետնահարկ՝ վիրավոր ձևանալով։ Նա Չյոռնիին ասում է, որ Գեստապոյում իրեն խոշտանգել են, և որ ընկեր Տիտոն Պետարին խնդրում է մնալ գետնահարկում, մինչև մոտենա վճռորոշ պահը։ Ապա խուզարկում է գետնահարկը, մասնավորապես, զենքի արտադրամասը, որը դեռ ակտիվորեն աշխատում է։ Գետնահարկում ապրող միակ բնակիչը, ով գիտի կատարվող իրադարձությունների մասին, Մարկոյի պապն է։ Նա ամեն օր գետնահարկում գտնվող ժամացույցի սլաքները աննկատ հետ է տալիս, ինչի պատճառով մարդկանց թվում է, թե իրենք գետնահարկում անցկացրել են ոչ թե 20, այլ 15 տարի։

Վերև բարձրանալով՝ Մարկոն միացնում է շչակը, ինչի պատճառով բնակիչները մտածում են, որ սկսվել է հերթական օդային հարձակումը, և թաքնվում են ապաստանում։ Մարկոն նաև փոխանցում է նորություններ գերմաներենով, որից ենթադրվում էր, թե պատերազմը դեռ շարունակվում է, և գերմանացիները փոփոխական հաջողություններով դիմանում են Արևելյան ճակատում։ Գետնահարկից ստացվող զենքը Մարկոն վաճառում է։

Մարկոն Նատալյայի համար խոսք է պատրաստում, որը նա պետք է ասի Չյոռնին՝ իջնելով գետնահարկ։ Նատալյան սկզբում մերժում է, Մարկոյին հորդորում վախենալ Աստծուց, մեղադրում նրան խաբեության մեջ, սակայն Մարկոյին հաջողվում է համոզել Նատալյային, և նա հանձնվում է։ Խոնարհաբար իրականացնելով Մարկոյի ցանկությունները և գործելով նրա սցենարին համապատասխան` Նատալյան իջնում է գետնահարկ, ձևացնում, թե գերմանացիները իրեն ծեծել և բռնաբարել են, և ասում է տեքստում ներառված սիրո խոստովանությունը Չյոռնիին։

Այդ օրը գետնահարկում տեղի է ունենում Յովանի (Սրջան Տոդորովիչ) և Ելենայի (Միլենա Պավլովիչ) ամուսնության արարողությունը. վերջինիս հետ Յովանը մեծացել էր գետնահարկում։ Հարսանիքին հրավիրված էին նաև Մարկոն և Նատալյան։ Միջոցառման սկզբում Չյոռնին իր ելույթում շնորհակալություն է հայտնում Մարկոյին անցկացրած տարիների համար, երբ նա «հոգ է տարել» գետնահարկի բնակիչների մասին։ Երբ ճաշկերույթն սկսվում է, Չյոռնին Յովանին մի կողմ է կանչում և առաջարկում բարձրանալ վերև, քանի դեռ բոլորը խմում են։

Նատալյան հարբում է և ալկոհոլի ազդեցության տակ Մարկոյին ասում, որ վերջինս գողացել է իր երիտասարդությունը, նա հանցագործ է և հանցագործության մեջ ներքաշել է նաև իրեն։ Մարկոն հավատացնում է Նատալյային, որ իր բոլոր արարքների հիմքում ընկած է նրա հանդեպ սերը։ Նատալյան, ինչպես և քսան տարի առաջ, պատասխանում է. «Որքան գեղեցիկ ես ստում», և նրանք հաշտվում են։ Չյոռնին պատահաբար լսում է նրանց խոսակցության ավարտը, որից հետո Մարկոյին ատրճանակ է տալիս և խնդրում սպանել իրեն։

Այն պահին, երբ Չյոռնին Նատալյային կապում է իր մեջքին, Մարկոն իր գլխին կրակելու փոխարեն կրակում է ծնկներին։ Իվանի շիմպանզեն բարձրանում է տանկի վրա և կրակում նկուղի պատին։ Բացված անցքով նախ փախչում է կապիկը, որի հետևից գնում է Իվանը, այնուհետև Չյոռնին Յովանի հետ (Նատալյային բաց են թողնում նրա ապահովության համար)։ Սոնին և Իվանը հերթով ընկնում են ստորգետնյա թունել, որը միացնում է Եվրոպայի տարբեր քաղաքները։ Սոնին բարձրանում է մի շարժվող բեռնատարի վրա, և Իվանը կորցնում է նրան։ Այդ ժամանակ Նատալյան վերադառնում է գետնահարկ, իսկ Յովանի հարսնացուն, իմանալով, որ իր փեսացուն դուրս է եկել, նետվում է նկուղում գտնվող ջրհորը։

Չյոռնին և Յովանը դուրս են գալիս և հայտնվում ֆիլմի նկարահանման հրապարակում։ Չյոռնին համոզված է, որ պատերազմը դեռ շարունակվում է, և նախ աննկատ խեղդամահ է անում գերմանական զինվորների նման ստատիստներին, այնուհետև սպանում Ֆրանցի դերակատարին՝ խառնաշփոթ ստեղծելով նկարահանման հրապարակում։ Առավոտյան, երբ հայր ու որդի լողում են Դունայում (Չյոռնին Յովանին լողալ է սովորեցնում), հայտնվում է ուղղաթիռը, որին հրահանգված էր ուսումնասիրել նախորդ օրը նկարահանման հրապարակում կատարված իրադարձությունները։ Չյոռնին վազում է ափ և փորձում կրակել ուղղաթիռում գտնվող մարդկանց վրա, սակայն երբ նրանք հեռանում են, վերադառնում է գետի մոտ և տեսնում, որ Յովանն այնտեղ չէ։

Մարկոն որոշում է, որ ինքն ու Նատալյան չեն կարող ապրել Հարավսլավիայում։ Նա միացնում է շչալը, սպասում, մինչև գետնահարկի բնակիչները թաքնվեն թաքստոցում, պայթեցնում է տունը գետնահարկի հետ միասին։

Տիտրը հանդիսատեսին հայտնում է, որ 1962 թվականին Մարկո Դրենը խորհրդավոր կերպով անհետացել է։ Քսան տարի անց Տիտրոն մահանում է։ Ժամանակագրության դրվագները ցույց են տալիս հարավսլավացի դիկտատորի թաղման տեսարանները։

Մաս 3. Պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվական։ Իվան Դրենը գտնվում է Բեռլինի հոգեբուժարաններից մեկում։ Նա դեռևս փնտրում է Սոնի կապիկին և չի հավատում, որ Երկրորդ համաշխարհային պատերազմն ավարտվել է։ Այդ ժամանակ բժիշկներից մեկը (Հարավսլավիայի բնիկ) Իվանին ցույց է տալիս փաստաթղթեր, որոնցում նշված է, որ Մարկոն և Նատալյան արդեն երեսուն տարի Ինտերպոլի կողմից հետախուզվում են մարդկության դեմ կատարած հանցագործության և զենքի առևտրի համար։ Միայն այդ ժամանակ է Իվանը հասկանում, որ Մարկոն խաբել է իրեն։ Նա փախչում է բժիշկներից և իջնում թունել։ Թունելում հանդիպած վարորդը, ով մարդկանց տեղափոխում էր Բոսնիայից, ասում է, որ Հարավսլավիան այլևս գոյություն չունի, և այնտեղ պատերազմ է։ Իվանը չի հավատում նրան և գնում է իր երկիր։ Այնտեղ նա երեսուն տարվա փնտրտուքից հետո ի վերջո հանդիպում է Սոնիին և նրա հետ միասին դուրս գալիս։

Իվանը հայտնվում է պատերազմի մեջ գտնվող հարավսլավական քաղաքում (հավանաբար, Սարաևոյում[9])։ Նա նայում է մի շինության պատուհանից և այնտեղ տեսնում Մարկոյին, ով փորձում է զենք վաճառել դաշտային հրամանատարին (Էմիր Կուստուրիցա)։ Երբ Մարկոն հաշմանդամի սայլակով դուրս է գալիս շինությունից, վրա է հասնում Իվանը և իր ձեռնափայտով հարվածում եղբորը, այնուհետև կախվում մոտակա եկեղեցու զանգի պարանից։

Յովանի մահվանից հետո վշտից կիսախելագար դարձած Չյոռնին ղեկավարում է ոչ մեծ անարխիստական բանակ։ Նրա զինվորներից մեկը գտնում է Մարկոյին և հենց նոր նրա մոտ եկած Նատալյային։ Չյոռնիի՝ զենք վաճառողներին տեղում սպանելու հրամանի համաձայն կրակում է նրանց վրա, ապա այրում դիակները։ Տեսնելով սպանվածների անձնագրերը՝ Չյոռնին ճանաչում է Մարկոյին և Նատալյային։ Զղջալով իր հրամանի համար, կորցնելով բոլորին և ամեն ինչ՝ Պյոտրը գնում է գետնահարկ, որտեղ անցկացրել է գրեթե քսան տարի։ Ջրհորում Չյոռնիի աչքին երևում է Յովանը, և նա ցատկում է ջուրը։

Վերջաբան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սյուրռեալիստական վերջաբանում Մարկոյի և Չյոռնիի ընտանիքների բոլոր անդամները, այդ թվում նաև ֆիլմի սկզբում մահացածները, հանդիպում են Դունայի ափին` Յովանի և Ելենայի հարսանեկան սեղանի շուրջ։ Բոլորը հաշտվում են, Չյոռնին ներում է Մարկոյին։ Հողակտորը, որի վրա դրված էր սեղանը, և պարում էին հյուրերը, կովերի նախրի անցած գծով պոկվում է ափից և ընկնում գետը։

Գեղարվեստական արժեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ քննադատներ «Ընդհատակ» ֆիլմը համարում են Կուստուրիցայի ստեղծագործության գագաթնակետը[6][10]։

Կինոգետները և կինոքննդատները ֆիլմի, ինչպես նաև Կուստուրիցայի արվեստի գլխավոր առավելություններից մեկը համարում են վիտալիզմը՝ կենսական ուժը[11]։ Այդ հատկանիշը շարունակում է նախորդ ֆիլմերում ռեժիսորի առաջ քաշած հիմնական գիծը, որը, կինոգետ Անդրեյ Պլախովի բնորոշմամբ, մշակույթը և գաղափարախոսությունը փոխարինել է ժողովրդական կյանքի բնութագրերով. այդ կերպ ռեժիսորը դարձավ «բալկանյան միֆի» մի մասնիկը, որն իր բարձրակետին հասավ հենց «Ընդհատակի» ստեղծումից հետո[12]։

Ընդգծվում է պատկերների էկլեկտիկությունը, որտեղ ողբերգական տեսարանները միաձուլվում են կատակերգականին և նույնիսկ ֆարսայինին[13]՝ հանդիսատեսի շրջանում առաջացնելով հակադիր զգացողություններ[10][12]։ Դրա արդյունքում դժվար է հստակ որոշել ֆիլմի ժանրը։ Շատ կինոգետներ և քննադատներ ֆիլմն անվանում են ֆանտասմագորիա[14][15]։ Ժանրերի միաձուլման միտման և ծիծաղելին ողբերգականի հետ համատեղ ներկայացնելու համար Կուստուրիցան, ըստ էության, պարտական է Պրահայի կինոդպրոցին[16]։

Ֆիլմի էսթետիկան համարում են բարոկկո ոճի[6][17]։ Անդրեյ Պլախովը կարծում է, որ բարոկկո ոճին պատկանելու պատճառով ֆիլմի կերպարները հաճախ հայտնվում են տխմար ճաշակի շեմին, և խոսում է Կուստուրիցայի ֆիլմերի «էսթետիկ անսահմանության» մասին, ինչը փոխհատուցվում է ֆիլմի յուրահատուկ էներգետիկայով։ Ըստ Պլախովի՝ «Ֆիլմը փառահեղ է իր աններդաշնակության մեջ[6]»: Կուստուրիցայի գործելաոճը համեմատվում է նաև առեղծվածային ռեալիզմի հետ[18][19]։

Ինչ վերաբերում է ֆարսին, ապա դրան Կուստուրիցիայի այս և մի շարք այլ ֆիլմերում մեծ նշանակություն է տրվել։ Հավանաբար դա պայմանավորված է 20–րդ դարի ողջ պատմությունը որպես ֆարս բնորոշելու Կուստուրիցայի ցանկությամբ[20]։

Քննադատներն անդրադարձել են նաև դերասանական խաղին[21][22], հատկապես Միկի Մանոյլովիչին[23], ով երկրորդ անգամ է հանդես գալիս Կուստուրիցայի ֆիլմում։ Ֆիլմի քննադատներ կասկածի չեն ենթարկել Կուստուրիցայի ռեժիսորական կարողությունները[21], այդուհանդերձ, Ալեն Ֆինկիլկրոն, ով մամուլում բանավիճել է ռեժիսորի հետ ֆիլմի քաղաքական ենթատեքստի համար, «Ընդհատակն» անվանել է խեղաթյուրում և կասկածի տակ առել ֆիլմի գեղարվեստական արժեքը[24]։

Ֆիլմի տեսողական բաղադրիչները արժանացել են բարձր գնահատականի, բարձր է գնահատվել օպերատոր Վիլկո Ֆիլաչի[11] և բեմադրող-նկարչի աշխատանքը[25]։ Ֆիլմի գույները հիմնականում գորշ են, օգտագործվել են շագանակագույնի երանգները։ Յուրահատուկ ձեռքբերում կարելի է համարել այն դրվագը, որը նկարված է ծնվող երեխայի տեսանկյունից[26]։

«Ընդհատակ» ֆիլմում որպես պատմական փաստաթղթեր օգտագործվել են կինոժամանակագրագետների դրվագները, որոնք Կուստուրիցան վերցրել է հարավսլավական հեռուստաընկերության արխիվից[27]։ Դրանք ֆիլմում ներկայացվում են երեք անգամ՝ առաջին մասի սկզբում ու վերջում և երկրորդ մասի վերջում։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սաունդթրեքը գրել է հարավսլավացի նշանավոր կոմպոզիտոր և երաժիշտ Գորան Բրեգովիչը։ «Ընդհատակը» դարձավ Կուստուրիցայի և Բրեգովիչի երրորդ և վերջին համատեղ աշխատանքը։ Ռեժիսորի վերջին ֆիլմերի համար երաժշտություն գրել են «The No Smoking Orchestra» խմբի անդամները։ «Ընդհատակ» ֆիլմի Սաունդթրեքս ձայնագրել են Սլոբոդան Սալիևիչի և Բոբան Մարկովիչի նվագախմբերը։ Արխիվային դրվագներն ուղեկցվում են «Լիլի Մառլեն» երգով՝ դերասանուհի Դորիտ Թալմաջի կատարմամբ։

Գնչուական և սերբական ազգային երգերի վրա հիմնված երաժշտությունը դարձել է ֆիլմի կարևորագույն բաղադրիչներից մեկը՝ դասվելով ֆիլմի գեղարվեստական արժանիքների շարքում[11][28]։ Նույնիսկ ֆիլմի քննադատները սաունդթրեքը համարում են ֆիլմի հաջողություններից մեկը[21]։

Բրիտանական «Daily Telegraph» թերթը 2008 թվականին «Ընդհատակի» սաունդթրեքը դասել է կինեմատոգրաֆիայի պատմության 100 լավագույն սաունդթրեքների շարքում[29]։ Քննադատ Վիկտոր Ռասպոպինը, զուգահեռներ անցկացնելով «Ընդհատակի» և Ֆեդերիկո Ֆելինիի ստեղծագործությունների միջև, ֆիլմի սաունդթրեքը համեմատում է Ֆելինիի «Ութ ու կես» ու «Ամարկորդ» ֆիլմերի երաժշտության հետ, որոնց հեղինակը աշխարհահռչակ կոմպոզիտոր Նինո Ռոտան է[10]։

Ֆիլմի սկզբում էկրանին հայտնվում է փողային նվագախումբը, որը հետո պարբերաբար հայտնվում է կադրում։ Նախ ուղեկցում է Մարկոյին և Չյոռնիին, ապա նրանց հետ մնում է գետնահարկում։ Նվագախումբը գետնահարկի բնակիչներին օգնում է չհուսահատվել[30]։ Ֆիլմի ավարտին այդ նվագախումբը նվագում է կղզու վրա։

Երաժշտությունը հանդես է գալիս որպես ֆիլմի տարբեր տարրերը միավորող բաղադրիչ։

2000 թվականին սաունդթրեքը թողարկվել է CD սկավառակի վրա։

Սիմվոլիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ընդհատակ» ֆիլմը հագեցած է տարաբնույթ սիմվոլներով և մետաֆորներով[11][27]։ Ոմանք նույնիսկ կարծում են, որ ֆիլմը գերհագեցած է սիմվոլիկայով[14]։

Ֆիլմի կենտրոնական սիմվոլը համարվում է գետնահարկը, որն արտացոլված է նաև ֆիլմի վերնագրում։ Այն հաճախ մեկնաբանվում է որպես Իոսիպ Տիտոյի միջազգային մեկուսացման արդյունքում ընդհատակում հայտնված Հարավսլավիայի կերպարը[6]։ Դրա հետ կապված կարելի է վերհիշել նաև դեռևս Իոսիֆ Ստալինի կողմից առաջ քաշված բանաձևը՝ «սոցիալիզմն առանձին երկրում»[31]։ Իրական Հարավսլավիայի հետ անցկացվող զուգահեռները մի քանիսն են[27]. գետնահարկում ներկայացված են տարբեր տարիքի և մշակութային պատկանելության մարդիկ, Չյոռնին փորձում է Մարկոյին ապացուցել, որ նույնիսկ մեկուսացված լինելով` գետնահարկի բնակիչներն ի վիճակի են իրականացնել մեծ գործեր (Հարավսլավիան գործնականում խզեց կապերը նույնիսկ ԽՍՀՄ-ի և Վարշավայի պայմանագրի մյուս երկրների հետ)։ Ֆիլմի հերոսներն իրենց ձեռքերով տանկ են հավաքում, ինչը զուգահեռ է Հարավսլավիայի իրական պատմության հետ. երկրի հպարտությունն էր M-84 տանկը, որ նախագծվել ու ստեղծվել էր Հարավսլավիայում։

Ֆիլմում կարևոր տեղ են զբաղեցնում կենդանիները։ Առաջին մասի սկզբում փախչելով քանդված կենդանաբանական այգուց՝ նրանք խորհրդանշում են ազատություն ստացած անազնիվ բնազդները[6]։ Իվանի կապիկը՝ Սոնին, միակն է, ով նրան չի դավաճանում[19], և ֆիլմի ավարտին ողջ մնացող միակ կերպարն է։

Ինչպես և այլ ֆիլմերում, «Ընդհատակում» ևս առկա է մարդկային թռիչքի թեման։ Այդ առիթով Կուստուրիցան ասում է.

Երբ ես սովորում էի Պրահայում, մի պրոֆեսոր ինձ ասաց. «Լավ և վատ ֆիլմերի տարբերությունն այն է, որ լավ ֆիլմում հերոսները հաղթահարում են երկրի ձգողականությունը»։ Այդ ժամանակ ես ինքս ինձ ասացի. «Իսկ ինչո՞ւ նրանց չստիպել իսկապես թռչել, ինչպես Շագալի մոտ»[32]։

Ֆիլմում թռչում է Յովանի հարսնացուն՝ Ելենան, թեև նա ոչ թե ինքնուրույն է թռչում, այլ նրան օդ է բարձրացնում մեխանիկական սարքավորումը։

Ֆիլմի կարևորագույն սիմվոլներից է նրա ավարտը, երբ Յովանի ու Ելենայի հարսանիքի ժամանակ գետափի այն հողակտորը, որի վրա էին պարողներն և սեղանի շուրջ նստած հյուրերը, առանձնանում է ցամաքից և լողում անհայտ ուղղությամբ։ Դա համարվում է Հարավսլավիայի այլաբանությունը, որը վերջնականապես անջատվեց Եվրոպայից[10][14]։ Ջրից դուրս եկող կովերի նախիրը խորհրդանշում է մահացածների հոգիները, որոնք վերադառնում են նոր մարմիններով[27]։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավսլավիայի փլուզման ժամանակ Կուստուրիցան արդեն որոշ ժամանակ ապրել էր ԱՄՆ-ում։ Պատերազմի սկզբում Սարաևոյում ռեժիսորի տունն այրել էին, իսկ նրա հայրը՝ Մուրատ Կուստուրիցան, մահացել էր սրտի նոպայից։ Այդ իրադարձությունները Կուստուրիցային դրդեցին վերադառնալ Հարավսլավիա և այնտեղ նկարահանել իր նոր ֆիլմը[33]՝ փորձելով դրա միջոցով ներկայացնել Հարավսլավիայի նորագույն պատմությունը[34] և բնորոշել նրա տեղը ժամանակակից աշխարհում[6]։

Դուշան Կովաչևիչի «Գարունը հունվարին» (սերբ.՝ Пролеће у јануару) պիեսը, որի վրա հիմնված է ֆիլմի սյուժեն, գրվել է նախքան Հարավսլավիայի քայքայումը։ Կուստուրիցային հետաքրքրեց պիեսը, և հեղինակի հետ միասին նա մշակեց ֆիլմի սցենարը[35]։ Արդյունքում ֆիլմի սյուժեն էականորեն հեռացավ Կովաչևիչի պիեսից[36] (թեև գլխավոր մոտիվը պահպանվել է)։ Գլխավոր դերերը կատարելու համար հրավիրվել են ինչպես Կուստուրիցային արդեն ծանոթ դերասաններ, այնպես էլ մարդիկ, ում հետ նա դեռ չէր աշխատել։

Լազար Ռիստովսկին՝ Չյոռնիի դերակատարը, 2008 թվականին

Նկարահանումները հիմնականում կատարվել են Պրահայում։ Որոշ դրվագներ, այդ թվում՝ գետի բոլոր տեսարանները, նկարահանվել են Բուլղարիայում։ Ֆիլմի միայն երկու տեսարան է նկարահանվել Հարավսլավիայում[37]։

Սկզբում ֆիլմի տևողությունը 320 րոպե էր[38], սակայն պրոդյուսերների պահանջով Կուստուրիցան ստիպված էր էականորեն կրճատել այն[39]։ Կաննում ցուցադրելուց հետո ռեժիսորը նորից վերամոնտաժեց ֆիլմը վարձույթի համար[6]։ 300 րոպեանոց տարբերակը մասնատվեց վեց սերիայի և Ֆրանսիայում ու Հարավսլավիայում ցուցադրվեց որպես հեռուստասերիալ։

Քննադատական արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս Կաննի կինոփառատոնի ժամանակ, երբ «Ընդհատակը» նոր էր ներկայացվում հանրությանը, այն ունեցավ շատ մեծ հաջողություն[6]։ Ֆիլմն ընկալվեց որպես դարակազմիկ։ 1995 թվականին կինեմատոգրաֆիայի հարյուրամյակի կապակցությամբ ռուսական «Կինոյի արվեստ» թերթի կազմակերպած հարցման արդյունքում Կուստուրիցան Քվենտին Տարանտինոյի հետ գլխավորում էր «21–րդ դարի ռեժիսորներ» ցուցակը, իսկ Սերգեյ Կուդրյավցևի հարցաթերթիկում ռեժիսորները միավորվել էին մեկ կերպարի մեջ՝ Քվենտին Կուստուրիցա անվամբ[40]։ Ֆիլմի ցուցադրությունից հետո ռեժիսորը, որն ընդամենը 40 տարեկան էր, դասվեց եվրոպական կինեմատոգրաֆիայի դասականների շարքում[6][10]։ Դա հաստատվեց նաև այն ժամանակ, երբ ֆիլմն արժանացավ «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին, որը Կուստուրիցայի համար երկրորդն էր։ Մինչ այդ երկու «Ճյուղ» կարողացել էին ստանալ միայն երկու ռեժիսորներ՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան և Աուգուստ Բիլլեն։

Քննադատների կարծիքներում գերակշռում էին հուզական գնահատականները։ Ոմանք ֆիլմը դիտարկում են որպես իր ժամանակի կարևորագույն ֆիլմը[19][41], ինչպես նաև պատերազմի մասին երբևէ ստեղծված լավագույն ֆիլմերից մեկը[25]։

Որպես հիմնական թերություններ նշվում են սիմվոլներով հագեցած լինելը[14], ամեն ինչ մետաֆորի վերածելու ձգտումը[21], հավակնոտությունը[21], ձգձգվածությունը[41][42], կոպիտ հումորը[41]։

Վարձույթի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականի մայիսի 25-ին ֆիլմն առաջին անգամ ցուցադրվեց Կաննում և ունեցավ մեծ հաջողություն, ինչից հետո շատ երկրներ ձեռք բերեցին այն վարձույթով ցուցադրելու իրավունք։ Հոկտեմբերի 25-ից ֆիլմը ցուցադրվեց Ֆրանսիայի կինոթատրոններում, որից հետո տարածվեց նաև այլ երկրներում։ Երկար ժամանակ չէր հաջողվում ԱՄՆ-ում դիստրիբյուտոր գտնել[23]. արդյունքում միայն 1997 թվականի հունիսի 20-ին ԱՄՆ-ում ֆիլմը ցուցադրվեց մեծ էկրաններին[43]։ Ռուսաստանում ֆիլմի ինքնատիպ «պրեմիերան» կայացավ արդեն 90-ականներին տեսաերիզներով, իսկ մեծ էկրաններին ֆիլմը հայտնվեց միայն 2001 թվականին[44]։

Կաննի կինոֆառատոնից հետո «Ընդհատակը» մրցակցությունից դուրս ցուցադրվեց Նյու Յորքի, Վանկուվերի և Ռեյկյավիկի կինոփառատոններում։

Ֆիլմի համաշխարհային հասույթը կազմել է 17 155 263 դոլլար։ ԱՄՆ-ում հավաքվել է 6 719 864, իսկ Ռուսաստանում՝ 195 000 դոլար[44]։

Պրեմիերայի տարեթվեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալները ներկայացված են IMDb-ի տվյալների համաձայն[43]

Պարգևներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևների և անվանակարգերի ցանկը ներկայացված է ըստ IMDb-ի տվյալների[45]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Պարգև Մրցանակակիր
1995 «Ոսկե արմավենու ճյուղ» (Կաննի կինոփառատոն) Էմիր Կուստուրիցա
1996 «Լյումիեր» մրցանակ լավագույն արտասահմանյան ֆիլմի համար (Meilleur film étranger) Էմիր Կուստուրիցա
1997 Բոստոնի քննադատների միության մրցանակ օտարալեզու լավագույն ֆիլմի համար (Best foreign language film)
1997 «Կինեմա Ձյունպո» մրցանակ օտարալեզու ֆիլմի լավագույն ռեժիսորի համար Էմիր Կուստուրիցա

Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանակարգ Ներկայացված
1995 «Ոսկե գորտ» (Camerimage) Վիլկո Ֆիլաչ
1996 «Սեզար» մրցանակ լավագույն արտասահմանյան ֆիլմի համար (Meilleur film étranger) Էմիր Կուստուրիցա
1997 «Արծաթե անգղ» մրցանակ Արգենտինայի կինոքննադատների ասոցիացիայի կողմից լավագույն արտասահմանյան ֆիլմի համար (Mejor película extranjera) Էմիր Կուստուրիցա
1997 «Չեխական առյուծ» մրցանակ լավագույն ֆիլմի համար (Nejlepsí film) Կարլ Բաումգարտներ, Մակշա Կատովիչ
1998 «Անկախ ոգի» մրցանակ լավագույն արտասահմանյան ֆիլմի համար (Best foreign film) Էմիր Կուստուրիցա

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիր Կուստուրիցա, ռեժիսոր, սցենարի հեղինակ
  • Ռեժիսոր - Էմիր Կուստուրիցա
  • Պրոդյուսերներ - Կարլ Բաումգարտներ, Մակշա Կատովիչ
  • Գործադիր պրոդյուսեր - Պիեռ Սպենգլեր
  • Սցենարի հեղինակ - Դուշան Կովաչևիչ, Էմիր Կուստուրիցա
  • Կոմպոզիտոր - Գորան Բրեգովիչ
  • Օպերատոր - Վիլկո Ֆիլաչ
  • Նկարիչ - Միլեն Կլյակովիչ
  • Մոնտաժ - Բրանկա Չեպերաց
  • Հագուստի նկարիչ - Նեբոյսա Լիպանովիչ

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միկի Մանոյլովիչ - Մարկո
  • Լազար Ռիստովսկի - Չյոռնի
  • Միրյանա Յոկովիչ - Նատալյա
  • Սլավկո Շտիմաց - Իվան
  • Էռնստ Շտյոցներ - Ֆրանց
  • Սրջան Տոդորովիչ - Յովան
  • Միրյանա Կարանովիչ - Վերա
  • Միլենա Պավլովիչ - Ելենա
  • Դանիլո Ստոյկովիչ - Մարկոյի պապը
  • Դավոր Դույմովիչ - Բատա
  • Բորա Տոդորովիչ - Գոլուբ
  • Նելե Կարայլիչ - Գնչու
  • Լեչիչ Բրանիսլավ - Մուստաֆա
  • Դրագան Նիկոլիչ - ռեժիսոր
  • Էմիր Կուստուրիցա - զենք վաճառող

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սաունդթրեքը, որի հեղինակն է Գորան Բրեգովիչը, սկավառակով թողարկվել է 2000 թվականին։ Որոշ երգեր նորից են ձայնագրվել ալբոմի համար։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kalasnijkov
  2. Ausencia
  3. Mesecina (Moonlight)
  4. Ya Ya (ringe ringe raja)
  5. Kajesukarije
  6. Wedding
  7. War
  8. Undeground
  9. Undeground Tango
  10. The belly button of the world
  11. Sheva

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Unifrance — 1949.
  2. 2,0 2,1 2,2 Lexicon of international films (գերմ.)Zweitausendeins.
  3. 3,0 3,1 3,2 3,3 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 ČSFD (չեխերեն) — 2001.
  5. zelluloid.de
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 Плахов, Андрей Степанович. Священные чудовища // Всего 33. — Винница: Аквилон, 1999. — С. 137 - 146. — ISBN 966-95520-9-5
  7. Первый век кино. Локид. 1996. էջեր 264–265. ISBN 5-320-00125-8.
  8. «Filmlexikon»(չաշխատող հղում)(գերմ.) գերմանական հեռուստաընկերություն Kabel-1
  9. Alain Finkielkraut. La propagande onirique d'Emir Kusturica // Liberation : газета. - Париж, 30 октября 1995. - С. 7.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Виктор Распопин. «Андерграунд» («Под землёй»). Արխիվացված 2009-03-24 Wayback Machine
  11. 11,0 11,1 11,2 11,3 Jim Ridley. Underground (рецензия). Արխիվացված 2008-12-23 Wayback Machine(անգլ.)
  12. 12,0 12,1 Андрей Плахов. Поединок с мифом (рецензия на фильм «Жизнь как чудо»).
  13. Jeff Vice. Underground. Yugoslav film a Fellini-esque mix of contradictions.(անգլ.)
  14. 14,0 14,1 14,2 14,3 Сергей Кудрявцев. Подполье: Жила-была одна страна. // 3500. Книга кинорецензий, том 2. Н - Я. — Москва, 2008. — С. 183-184. — ISBN 978-5-9901318-2-8
  15. Frederic and Mary Ann Brussat. Underground (рецензия)
  16. Հումորը Կուստուրիցայի ֆիլմում Kustu.com կայքում Արխիվացված 2017-06-30 Wayback Machine(անգլ.)
  17. Ֆիլմը Kustu.com կայքում Արխիվացված 2017-06-21 Wayback Machine(անգլ.)
  18. Алексей Тарханов. Балканическая порода // Weekend : журнал. — 29 հունիսի, 2007. — № 44 (20).
  19. 19,0 19,1 19,2 Ed Gonzalez. Underground (рецензия)
  20. Lucía Solaz. Underground, una película de Emir Kusturica (лекция)
  21. 21,0 21,1 21,2 21,3 21,4 Dennis Schwartz. It’s a snoozer. Արխիվացված 2009-03-24 Wayback Machine(անգլ.)
  22. Marc Savlov. Underground (рецензия)
  23. 23,0 23,1 Janet Maslin. From Former Yugoslavia, Revelry With Allegory // New York Times : газета. — 1996.(անգլ.)
  24. Alain Finkielkraut. La propagande onirique d'Emir Kusturica // Liberation : газета. —Париж, 30 октября 1995. — С. 7. Архивировано из первоисточника 5 Դեկտեմբերի 2008.(ֆր.)
  25. 25,0 25,1 Marc Savlov. Underground (рецензия).(անգլ.)
  26. Dina Iordanova. Underground (рецензия).
  27. 27,0 27,1 27,2 27,3 «Ключи» для «Андерграунда» на сайте Kustu.com Արխիվացված 2008-12-04 Wayback Machine(անգլ.)
  28. Frederic and Mary Ann Brussat. Underground (рецензия).(անգլ.)
  29. Telegraph: 100 best movie soundtracks.(անգլ.)
  30. Музыка в фильмах Эмира Кустурицы на сайте Kustu.com Արխիվացված 2008-12-25 Wayback Machine(անգլ.)
  31. Lucía Solaz. Underground, una película de Emir Kusturica (лекция).
  32. Тема полёта в фильмах Эмира Кустурицы на сайте Kustu.com Արխիվացված 2008-12-26 Wayback Machine(անգլ.)
  33. Биография Эмира Кустурицы на сайте Kustu.com Արխիվացված 2012-11-25 Wayback Machine(անգլ.)
  34. Andrew James Horton. Critical Mush.
  35. "Underground - comme un ouragan" (интервью) // Le Point : газета. — 21 октября 1995. — № 1205. Архивировано из первоисточника 25 Նոյեմբերի 2012.(ֆր.)
  36. Lucía Solaz. Underground, una película de Emir Kusturica (դասախոսություն).(իսպ.)
  37. IMDb: Filming locations for Underground.(անգլ.)
  38. IMDb: Trivia for Underground.(անգլ.)
  39. Andrew James Horton. Critical Mush. Արխիվացված 2009-02-14 Wayback Machine(անգլ.)
  40. Андрей Плахов. Столетие кино - комментарии.
  41. 41,0 41,1 41,2 Jeffrey M. Anderson. Post-War Syndrome.(անգլ.)
  42. Christopher Null. Underground (рецензия).(չաշխատող հղում)(անգլ.)
  43. 43,0 43,1 IMDb: Информация о релизах «Андерграунда»(անգլ.)
  44. 44,0 44,1 44,2 «Ֆիլմի մասին ինֆորմացիա Titrov.net կայքում». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
  45. IMDb: Ինֆորմացիա ֆիլմի պարգևների և անվանակարգերի մասին(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]