Կատակերգական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կատակերգական, գեղագիտության կատեգորիա, արտացոլում է մարդկային երևույթների բովանդակության և ձևի միջև առկա այնպիսի հակասությունները, որոնք ի հայտ են բերում տվյալ երևույթի ներքին անլիարժեքությունը, թերությունները և արատները։ Կատակերգականի անմիջական արդյունքը ծիծաղն ու երգիծական վերաբերմունքն է։ Կատակերգականին բնորոշ հակադրության բազմազան ձևերը կարող են դրսևորվել խոսքի և գործի, նպատակի և միջոցների, գործողության և համոզմունքների անհամապատասխանության մեջ։ Սակայն բոլոր դեպքերում դրանով բացահայտվում է, որ տվյալ երևույթը կամ անձնավորությունը այն չէ, ինչ հավակնում է երևալ արտաքնապես։ Մարքս-լենինյան գեղագիտությունը Կատակերգականը դիտում է իբրև հասարակական հակասությունների արդյունք, իսկ երգիծական վերաբերմունքը կյանքում և արվեստում՝ այդ հակասությունները հաղթահարելու, հնացած և վնասակար երևույթները պսակազերծելու գործուն միջոց։ Որպես գեղագիտական երևույթ և իրականության նկատմամբ հատուկ հուզական վերաբերմունք, Կատակերգականը կարող է դրսևորվել արվեստի բոլոր ձևերում (բացի ճարտարապետությունից)։ Կատակերգականը առավել չափով հատուկ է կատակերգությանը, նաև վոդևիլին, առակին, էպիգրամին, ֆելիետոնին, պամֆլետին և այլ ժանրերի։ Ծաղրվող երևույթի հասարակական բովանդակությունից և նրա նկատմամբ սուբյեկտի վերաբերմունքի տարբերությունից բխում են Կատակերգականի բազմազան երանգներ ու ձևեր, պատկերի կառուցման եղանակներ՝ հումոր, հեգնանք, սատիրա, սարկազմ են։ Կատակերգականի գեղարվեստական արտացոլման, նրա էության բացահայտման ու ընդգծման համար օգտագործվում են չափազանցությունը, փոքրացումը (լիտոտա), գրոտեսկը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 284 CC-BY-SA-icon-80x15.png