Այլաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երաժշտության այլաբանություն, Ֆիլիպպո Լիպպի (1475 - 1500): Երաժշտության այլաբանությունը նկարչության մեջ տարածված թեմա է: Լիպպին օգտագործել է Վերածննդի ժամանակաշրջանում տարածված երաժշտության խորհրդանիշներ, որոնցից շատերը եկել են հունական դիցաբանությունից:

Այլաբանություն, ալեգորիա (հին հուն․՝ ἀλληγορία` այլաբանություն), փոխակերպության տեսակներից մեկը, որով իրականության որևէ կողմի, երևույթի, առարկայի մասին գաղափար է տրվում ոչ թե ուղղակի նկարարությամբ, այլ գեղարվեստական կոնկրետ պատկերի, խոսքի ուրույն կառուցման միջոցով[1]:

Բնությունից, կենդանիների կյանքից վերցված կամ որևէ այլ պատկերի օգնությամբ այլաբանությունը տալիս է հասարակական այս կամ այն երևույթի փոխաբերական նկարագիրը։ Այլաբանության բովանդակությունը պայմանական է, որի միջոցով բուն իմաստն արտահայտվում է անուղղակի կերպով։ Արվեստի տարբեր ճյուղերում օգտագործվում են այլաբանական կայուն պատկերներ։ Օրինակ` հայ մանրանկարչության և ճարտարապետության մեջ խաղողի ու նռան պատկերներն արտահայտել են հայ մարդու ստեղծագործ աշխատանքը, իսկ գեղարվեստական գրականության մեջ վարդի և սոխակի պատկերներով արտահայտվել է սիրո այլաբանությունը։ Առակները, առածները, հանելուկները, հեքիաթները հիմնականում կառուցվում են այլաբանական սկզբունքով։ Դրանցում, օրինակ, աղվեսը խորամանկության արտահայտություն է, առյուծը` ուժի և հզորության, գայլը` ագահության, նապաստակը՝ վախկոտության, մրջյունն ու մեղուն` աշխատասիրության և այլն։ Այլաբանական իմաստ կարող են ունենալ նաև այլ ժանրի գործեր (Եղիշե Չարենցի «Մահվան տեսիլ» պոեմը, Մաքսիմ Գորկու Մրրկահավի երգը բանաստեղծությունը, «Դանկոյի սիրտը» պատմվածքը և այլն)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 10։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան, «Գրականագիտական բառարան», 1980, էջ 12