Արցախի հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը Ադրբեջանի կողմից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վնասված տանիքը՝ 2020 թվականի հոկտեմբերի 8-ի հրթիռակոծությունից հետո:

Արցախի հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը Ադրբեջանի կողմից իրականացվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում ադրբեջանական վերահսկողության տակ անցած բազմաթիվ պատմա­մշակութային հուշարձաններ, որոնք մինչ օրս ենթարկվում են վանդալիզմի։

Թուրքիայում և Ադրբեջանում ազգային-մշակութային եղեռնի նպատակն է հայ ժողովրդի ստվար զանգվածներին կոտորելը, հայկական տարածքները յուրացնելուն զուգընթաց՝ վերացնել և յուրացնել հայ ժողովրդի ստեղծած մշակութային արժեքները, հայկական քաղաքակրթության գոյության նյութական արտահայտությունները, որպեսզի այդ տարածքներում հայ ժողովրդի պատմական վկայությունները վերանան։

Արցախի մշակութային ժառանգության պահպանությունն այսօր առաջնային մարտահրավերներից մեկն է ինչպես Արցախի և Հայաստանի, այնպես էլ աշխարհասփյուռ հայության համար։ Ադրբեջանի Հանրապետության ձևավորումից ի վեր՝ ադրբեջանական պետական քաղաքականության անբաժան մասն է հայկական մշակութային ժառանգության բռնայուրացումը, որը ներառում է ինչպես ֆիզիկական ոչնչացումն, այնպես էլ ձևափոխումը, վերանվանումը և պատմական իրողությունների խեղաթյուրումը։ Այս քաղաքականության վերջնանպատակն է լեգիտիմացնել տարածքային պատկանելությունը, ստեղծել միֆ, որի համաձայն տվյալ տարածաշրջանում ադրբեջանցիները կամ նրանց իքնահնար զանազան «նախնիները» ապրել են դարեր շարունակ։ Այս նպատակի իրականացմանը խանգարում էին տարածաշրջանում հայերի բազմադարյան գոյության փաստերն ու ինքնին գոյությունը, մշակութային ժառանգությունը, որը թվագրվում է առնվազն մ.թ.ա. 6­-րդ դարից մինչև մեր օրերը։ Մինչ օրս էլ ադրբեջանական քաղաքականությունը չի շեղվել այս նպատակից՝ կիրառելով մշակութային ժառանգության բռնայուրացման տարբեր մեխանիզմներն ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական շրջանում։

Պատմամշակութային ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամարասի հովիտը:

Արցախը և նրան հարող Ուտիքը պատմական Մեծ Հայքի հյուսիս­արևելյան նահանգներն են։ Եթե Արցախը զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի այս մասի առավելապես լեռնային ու նախալեռնային հատվածը, ապա Ուտիքն ավելի տափաստանային է և ձգվում է մինչև Կուր գետ։ Արցախը լեռների մեջ պարփակված գետահովիտների երկիր է։ Դեպի արևելք, ուր սկսվում է Ուտիքը, լեռները վեր են ածվում նախալեռների և միանում տափաստանին։ Երկու տարբեր աշխարհագրական ու բնա­կլիմայական միջավայրերը պայմանավորել են պատմա­մշակութային երկակի կերպարը` ամուր նստակյաց բնակչություն լեռնային գոտում և անընդհատ շարժումներ տափաստանում։

Տիգրանակերտի վաղ միջնադարյան եկեղեցին:
Տիգրանակերտ, ամրացված թաղամաս, հատված հյուսիսային պարսպապատից:

Արցախը և Ուտիքը հայ ժողովրդի պատմության սերտ մասն են կազմել առկա տվյալներով առնվազն մ.թ.ա. 6­-րդ դարից, երբ դրանք հանդիսանում էին Երվանդունիների հայոց թագավորության սահմանային նահանգները։ Երվանդունիների թագավորությունից էլ այդ նահանգները մ.թ.ա. 2­-րդ դարի սկզբներին մտան Արտաշես Ա-ի հաստատած Արտաշեսյան հայկական թագավորության սահմանների մեջ։ Տիգրան Մեծը (մ.թ.ա. 95­-55) հյուսիսկովկասյան ցեղերի դեմ պաշտպանության նկատառումներով նոր ռազմավարություն է մշակում` խոշոր ամրոցներ կառուցելով գետահովիտների` տափաստան դուրս գալու վայրերում, ինչը թույլ էր տալիս հսկողության տակ պահել դաշտավայրը մինչև Կուր գետ և ավելի հեռու։ Այս իրավիճակը պահպանվում է մինչև Հայաստանի՝ արդեն քրիստոնյա Արշակունիների թագավորության անկումը։ 428 թվականին վերացնելով այդ թագավորությունը՝ Սասանյանները, որպես հյուսիսկովկասյան ցեղերի արշավանքների դեմ բավականին արդյունավետ համակարգ, ստեղծում են երեք նոր վարչա­քաղաքական միավորներ` մարզպանություններ՝ միևնույն Հայք, Վիրք և Աղվանք անուններով։ Դրա հետևանքով Կուրի ձախափնյակն ու աջափնյակը միավորվում են մեկ մարզպանության, ապա և թագավորության մեջ (Վաչագան Բարեպաշտի), որին տրվում է Առան – Ռան (հայկական աղբյուրներում` Աղվանք) անունը և որին կցվում են նաև Հայաստանից անջատված երկու նահանգները՝ Արցախն ու Ուտիքը։ Արցախն ու Ուտիքը ներառվում են նաև Աղվանից եկեղեցու կազմում, որը ստեղծվել էր 4­-րդ դարի սկզբին Գրիգոր Լուսավորչի կողմից իբրև Բուն Աղվանքի (այսինքն՝ միայն ձախափնյակի) եպիսկոպոսություն՝ Կապաղակ եպիսկոպոսանիստով, իսկ 5-­րդ դարի երկրորդ կեսին վերաճում է արքեպիսկոպոսության-­կաթողիկոսության՝ Չող-­Դերբենդ կենտրոնով։ Աղվանից եկեղեցին վարչա­քաղաքական առումով ավելի է ամրապնդվում 6-­րդ դարի սկզբներին, երբ, ամենայն հավանականությամբ, Վաչագան Բարեպաշտ Աղվանից թագավորի ջանքերով և Երուսաղեմի աջակցությամբ նրա կաթողիկոսանիստը բուն աղվանական ձախափնյակից տեղափոխվում է Կուրի աջափնյակ՝ մարզպանության նորակառույց մայրաքաղաք Պարտավ, իսկ նրա հոտի առավել կրթյալ մասն է դառնում Արցախի և Ուտիքի հայ բնակչությունը։ Աղվանից եկեղեցին հետագա դարերում, որպես կանոն, ընդունում էր Հայ առաքելական եկեղեցու գերակայությունը, ուներ նույն դավանաբանությունն ու ծիսակարգը։ Արցախի և Ուտիքի հայությունն իր անկախ կամ կիսանկախ քաղաքական վիճակը պահպանեց Աղվանից եկեղեցու կազմում մինչ 19­-րդ դարի սկիզբը` մինչև Ռուսական կայսրության մեջ մտնելը, որին 1836 թվականին հետևեց ցարական իշխանության կողմից Աղվանից եկեղեցու լուծարումը և նրա թեմերի միացումը Հայ առաքելական եկեղեցուն՝ Էջմիածնի կաթողիկոսությանը։

Արցախի բնակչությունը քրիստոնեության շնորհիվ տիրապետելով հայերեն գրին ու գրականությանը` 5-­րդ դարից ի վեր ստեղծել է հազարավոր քրիստոնեական կառույցներ` վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, դամբարաններ, տարատիպ կոթողներ, թողել է մոտ երեք հազարի հասնող հայերեն արձանագրություններ, հարյուրավոր ձեռագիր գրքեր, որոնք այս երկրամասերի հայկականության ամենաէական վկայություններն են։ Արցախում հայերի և հայ մշակույթի նյութականացված վկայության ամենավաղ տեղեկությունները տալիս է Տիգրանակերտը։

Արցախի նյութական ժառանգության գերակշիռ մասն անշուշտ կազմում են քրիստոնեական հուշարձանները, որնցից մի քանի տասնյակը համաշխարհային գիտական և մշակութային հանրությանը քաջ հայտնի նշանային հուշարձաններն են՝ Ամարասի վանք, Վանքասարի եկեղեցի, Եղիշե առաքյալի վանք, Դադիվանք, Գանձասարի վանք, Հանդաբերդի վանք, Չարեքտարի վանք, Չափնիի վանք, Ծիծեռնավանք, Կատարո վանք, Գտչավանք, Հոռեկավանք, Սպիտակ խաչ վանք, Երիցմանկանց վանք, Խաթրավանք, հազարավոր խաչքարեր, տապանաքարեր և այլն։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական պատմամշակութային ժառանգության զանգվածային ոչնչացումը Օսմանյան կայսրությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական մշակութային ժառանգության կանխամտածված զանգվածային ոչնչացումն Օսմանյան կայսրությունում (1923-ից՝ Թուրքիայում) իրականացվել է 20­-րդ դարի ողջ ընթացքում. վանդալիզմի է ենթարկվել արևմտահայ մշակութային ժառանգության մեծ մասը՝ եկեղեցիները, վանքերը, կոթողները, խաչքարերը և այլն։ Ըստ 1912-­1913 թվականների Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունի կողմից կազմված և թուրքական կառավարությանը ներկայացված պաշտոնական ցուցակի՝ Օսմանյան կայսրության ողջ տարածքում հայկական եկեղեցիների ու վանքերի թիվն անցնում էր 2000-­ից (այդ թվում` 4­-5­-րդ դարերի վաղքրիստոնեական եզակի հուշարձաններ), որոնց մեծ մասը 20-­րդ դարի սկզբին թուրքական իշխանությունների կողմից կազմակերպված ցեղասպանության ժամանակ թալանվեց, այրվեց և ավերվեց։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-­ի 1974 թվականի տվյալների` կանգուն մնացած հայկական 913 պատմա­ճարտարապետական հուշարձաններից 464­-ն ամբողջովին անհետացել են, 252­-ն ավերակ են, իսկ 197-­ն ամբողջովին նորոգման կարիք ունեն։

Ադրբեջանական ԽՍՀ-ի քաղաքականությունը ԼՂԻՄ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծարի Սուրբ Սարգիս եկեղեցու բեկորատված քանդակազարդ քարերը Ծարի դպրոցի շենքում:
Ծարի Սուրբ Սարգիս եկեղեցու բեկորատված քանդակազարդ քարերը Ծարի դպրոցի շենքում:

Արցախի Հանրապետության տարածքում գտնվող հուշարձանների պաշտոնական ցանկն ընդգրկում է ավելի քան 4000 հուշարձան, որոնցից տասը տոկոսը նախաքրիստոնեական են, մոտ 1,5 տոկոսը` մուսուլման, որոնցից մոտ 20­-ը` 14­-16­-րդ դարերի։ Մնացածը հայկական քրիստոնեական հուշարձաններ են, որոնք թվագրվում են 4­-19-­րդ դարերով։ Ահռելի հայկական քրիստոնեական ժառանգության առկայությունը ինքնին տարածքի պատմա­իրավական պատկանելության ամենաէական ցուցիչն է։ Ադրբեջանական իշխանությունների հայկական մշակութային ժառանգության բռնայուրացման նկրտումները սկսվել են դեռևս 20-­րդ դարի 20-­30-­ական թվականներին (ինչին էապես նպաստում էր խորհրդային աթեիստական գաղափարախոսությունը), սակայն այն կազմակերպված ու համակարգված քաղաքականություն դարձավ միայն նույն դարի 50-­ական թվականների վերջերից, երբ ԽՍՀՄ-ում ծավալվող «ձնհալի» քաղաքականությունը հնարավորություն էր տալիս, որ միութենական ամեն մի հանրապետության տիտղոսակիր ազգ ի շահ իր ազգային նպատակի մեկնաբանի ու յուրացնի հանրապետության տարածքի մշակութային ժառանգությունը։ Արդեն 60-­ական թվականներից Արցախի մշակութային ժառանգության «նվաճումը» ադրբեջանցիների կողմից դառնում է Ադրբեջանի կառավարության հայահալած քաղաքականության բաղկացուցիչ մասը։ Բռնայուրացումն ընթանում էր արտաքնապես բավականին խճողված, բայց ներքուստ ճկուն մեխանիզմի միջոցով։ Ինտելեկտուալ մակարդակով այն ստանում էր կեղծ գիտական բնույթ, ընդ որում՝ այդ նպատակի համար օգտագործվում էին երկու հիմնական լծակներ. 1․ քանի որ հայ-­քրիստոնեական և թաթար­-մուսուլմանական մշակույթների հակադրությունն ավելի քան ակնհայտ էր, ապա բռնայուրացման լծակներից մեկը ինտերնացիոնալիզմի և ժողովուրդների իրավահավասարության քարոզի ներքո այդ մշակույթների «հարազատության», «ընդհանուր ակունքների» և «նմանությունների» վերհանումն էր, 2․ մյուս լծակը միջանկյալ օղակի ստեղծումն էր, որի նպատակն էր արցախահայ մշակութային ժառանգության վերագրումը աղվաններին, իսկ աղվաններից էլ՝ ադրբեջանցիներին։ Միջնորդավորված յուրացման մեխանիզմը հնարավորություն էր տալիս հարկ եղած դեպքում պահպանել թվացյալ չեզոքություն և կեղծ օբյեկտիվություն։ Այս երկու լծակների համալիր օգտագործումը, ինչպես ցույց տվեցին վերջին տասնամյակները, համապատասխան պայմաններում, բռնայուրացմանը կարող են տալ զուտ ակադեմիական, ասել է թե արդեն քաղաքացիություն ստացած վեճի բնույթ, ինչն անշուշտ «նվաճողի» մեծ հաջողությունն է։

Սակայն, բոլոր դեպքերում, այս նվաճումը կրում էր էլիտար բնույթ. դրանում հիմնականում ներգրավված էին վարչական օրգաններն ու գիտական մտավորականությունը, իսկ ադրբեջանական ժողովուրդի վերաբերմունքը դեպի այդ ժառանգությունը մնում էր կիսաանտարբեր (որը կարելի է բնորոշել որպես խորհրդային իրականության մեջ վերաբերմունք ժառանգության նկատմամբ ընդհանրապես), կիսաթշնամական (որը կարելի է բնորոշել որպես վերաբերմունք կոնկրետ հակադիր մշակույթի նկատմամբ)։

Բուն ադրբեջանական քաղաքականությունն ուներ գաղտնի՝ ոչ հրապարակային բաղկացուցիչ ևս, որի ավերիչ գործունեությունը հնարավոր եղավ վավերացնել ազատագրված շրջաններում։

ԼՂԻՄ տարածքից դուրս գտնվող ադրբեջանական շրջաններում և նույնիսկ ԼՂԻՄ-ի տարածքում գտնվող արդբեջանաբնակ գյուղերում կազմակերպված ձևով ավերվել, ոչնչացվել, վերօգտագործվել են հայ մշակութային ժառանգության անշարժ հուշարձանները։ Բերենք միայն մի քանի օրինակ.

Այսպիսով, բռնայուրացումն, ըստ էության, կարելի է բնորոշել որպես պետական քաղաքականություն, որն ուղղված է ոչ թե այլէթնիկ մշակութային ժառանգությունը սեփական կենսաապահովման ազդակի վերածելուն, այլ նրա օտարմանը բուն տերերից՝ կեղծգիտական վերագրություններ ստեղծելով, վերօգտագործելու և ոչնչացնելու միջոցով։

Արցախյան առաջին պատերազմից հետո մշակութային ժառանգության պահպանությունը և վերականգնման գործընթացը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի Հանրապետության քաղաքականապես ճանաչված չլինելը, պատերազմական իրավիճակը և դրանից բխող անվտանգության գերակա խնդիրները, միջազգային համագործակցությունից կտրված լինելը, միջազգային կառույցներին անդամակցելու արգելքները և բարդությունները մշտապես լուրջ խնդիրներ են հարուցել Արցախում մշակութային ժառանգության պահպանության և միջազգայնացման համար՝ այդ ոլորտը ստորադասելով անվտանգության և պաշտպանական խնդիրներին։ Այդուհանդերձ, Արցախի Հանրապետությունը, 1994 թվականի մայիսյան զինադադարից ի վեր՝ ձեռնամուխ էր եղել հարաբերական խաղաղ պայմաններում կազմակերպել մշակութային նյութական և ոչ նյութական ժառանգության պահպանությունը։ Այս սկզբունքն ամրագրվել էր Արցախի Հանրապետության օրենսդրական համակարգում՝ համապատասխան օրենքների տեսքով (Ի մասնավորի նշենք՝«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ԼՂՀ օրենքը հունիսի 18-ի ՀՕ-59, «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ԼՂՀ 2011 թվականի հոկտեմբերի 26-ի ՀՕ-59 օրենքը, «Գեղարվեստական կրթության հայեցակարգին հավանություն տալու մասին» ԼՂՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 748-Ն որոշումը, «Թանգարանների և թանգարանային ֆոնդի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի փետրվարի 12-ի ՀՕ-50 օրենքը, «Գրադարանների և գրադարանային գործի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2013 թվականի հունիսի 27-ի ՀՕ-36-Ն օրենքը, «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, դրա կենսունակության պաշտպանության հայեցակարգին հավանություն տալու մասին» ԼՂՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 890-Ն որոշումը, «ԼՂՀ շրջաններում մշակույթի զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ԼՂՀ կառավարության 2013 թվականի հունիսի 18-ի 380-Ա որոշումը)։

Մինչև արցախյան 44­-օրյա պատերազմը Արցախի Հանրապետությունում գործում էին՝

  • 2 պետական թատրոն
  • 1 կամերային պետական նվագախումբ
  • 2 կամերային պետական երգչախումբ
  • 1 մանկապատանեկան և երիտասարդական պետական երգչախումբ ­
  • 1 ազգային նվագարանների պետական նվագախումբ
  • 3 պետական համույթներ
  • 1 ժողգործիքների համույթ (Բերձոր)
  • 1 պետական ջազ նվագախումբ
  • 1 երաժշտական դպրոց
  • 11 արվեստի դպրոց
  • 1 մշակույթի և երիտասարդության պալատ
  • 1 մարզամշակութային պալատ
  • 1 մշակույթի կենտրոն
  • 6 մշակույթի և երիտասարդության կենտրոն
  • 1 արվեստի միություն
  • 183 ակումբներ, որոնցից 113-­ն ունեցել են շենք։
Վաճառի Սուրբ Ստեփանոս վանք, ընդհանուր տեսքը պեղումներից հետո:

Կազմվել են Արցախի Հանրապետության պատմա­մշակութային անշարժ ժառանգության ցանկը և դրանց զգալի մասի անձնագրերը, որոնք ընդգրկում են ավելի քան 4000 միավոր, շուրջ 1500 հուշարձանների պահպանական գոտիներ։

Նախորդ տարիների ընթացքում մշակույթի ոլորտում պետության կողմից իրականացվել են մշակութային նյութական և ոչ նյութական արժեքների պահպանմանը, ոլորտի կադրերի որակի և նրանց սոցիալական վիճակի բարելավմանը, մշակութային ժառանգության մատչելիության ապահովմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ։

Հուշարձանների պահպանության ոլորտում Արցախի իշխանությունները 1994­-2020 թվականների ընթացքում նախաձեռնել են հոգևոր և աշխարհիկ կառույցների (եկեղեցիներ, վանական համալիրներ, կոթողներ, ամրոցներ, ապարանքներ, կամուրջներ) հետազոտման և վերականգնման աշխատանքներ։ Հնագիտական հետազոտություններ են իրականացվել Հադրութի շրջանի Ազոխ գյուղի քարանձավում, նույն շրջանի Մեծ Թաղեր գյուղի «Շմանեք» քարանձավում, Շուշիի շրջանի Քարին տակ գյուղի տարածքում գտնվող «Քարին տակ» քարանձավում (Ալեքսանա Ղուզե), Կերենի դամբարանադաշտում, Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի տարածքում գտնվող «Միրիկ» կիկլոպյան ամրոցում։

Հատկապես ուշագրավ և կարևորագույն իրադարձություն է 2005 թվականին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախմբի կողմից հայոց արքա Տիգրան Բ Մեծ-ի (մ.թ.ա. 95-­55) Արցախում հիմնած Տիգրանակերտ քաղաքի հայտնաբերումը։ Պեղումները և ուսումնասիրությունները Տիգրանակերտում ընթացել են շուրջ 15 տարի և ընդհատվել են միայն 2020 թվականին։ Արցախյան 44­-օրյա պատերազմի արդյունքում հայկական հնագույն քաղաքը հայտնվել է ադրբեջանական օկուպացման տակ, և ներկայումս լրջագույն խնդիր է պահպանել միջազգային հնչեղություն ունեցող պեղված քաղաքը։

Հետազոտական լուրջ աշխատանքներ են իրականացվել հատկապես քրիստոնեական հուշարձաններում. Ամարասի վանք, Դադիվանք, Հոռեկավանք, Հակոբավանք, Ծիծեռնավանք, Հանդաբերդի վանք, Վաղուհասի Մայրաքաղաք վանք, Տողի մելիքական ապարանք, Բերդաշենի Մեծ Նահատակ եկեղեցի, Վաճառի Սուրբ Ստեփանոս վանք և այլն։

Աշխատանքներ են տարվել Կարմրակուճ, Քարագլուխ, Ճանկաթաղ, Կարմիր գյուղ և այլ բնակավայրերի հուշարձաններում։ Հադրութի շրջանի Քարագլուխ գյուղում կառուցվել է նոր եկեղեցի, մասամբ վերականգնվել է համայնքի հին եկեղեցին։ Վերականգնման աշխատանքներ են իրականացվել Գտչավանքում, Դադիվանքում, Ամարասում, Պտկեսբերք վանքում, Կուսանաց վանքում, Փիրումաշեն եկեղեցում, Դիզափայտի Կատարո վանքում։ Ամբողջովին վերականգնվել է Շուշիի Գյովհար Աղայի վերին մզկիթը։

Հուշարձանների վերականգնման և կառուցման աշխատանքներն իրականացվել են ինչպես Արցախի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցներով, այնպես էլ զանազան մեկենասների և բարեգործների նվիրատվություններով։

Տիգրանակերտի հնագիտական թանգարանի ցուցասրահներից մեկը։

Թանգարանային ու գրադարանային գործի զարգացման ոլորտում քայլեր են ձեռնարկվել նոր ցուցանմուշների ձեռքբերման, թանգարանային ու գրադարանային հավաքածուների համալրման, մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, շենքային, գույքային, նյութատեխնիկական պայմանների բարելավման ուղղությամբ։ Հատկապես նշելի է նոր թանգարանների բացումը՝ Տիգրանակերտ, Քաշաթաղ, Շուշի և այլն։ Մշակութային ժառանգության պահպանման ոլորտում, միջազգային գործընթացների և համագործակցության մաս կազմելու նկատառումներից ելնելով, կազմակերպվել են թանգարանների միջազգային օրվան, «Թանգարանային գիշերվան», «Եվրոպական ժառանգության օրերին» և գրադարանավարի օրվան նվիրված ամենամյա միջոցառումներ։

Արցախի կրթա­-մշակութային կյանքը դանդաղ քայլերով կայունանում էր և որոշակի հիմք էր ստեղծում զարգացման համար, ինչն ընդհատվեց 2020 թվականին սկսված պատերազմի արդյունքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակութային վանդալիզմը 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին ռմբակոծումից հետո։

2020 թվական­ի սեպտեմբերի 27-­ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմն ակնհայտորեն ուղղված էր ոչ միայն քաղաքացիական բնակչության վերացմանը, այլև այդ տարածքի մշակութային շարժական և անշարժ ժառանգության, մշակութային և կրթական հաստատությունների դեմ։ Մշակութային արժեքների միտումնավոր ոչնչացումը պատերազմական գործողությունների ժամանակ և հետո միջազգային մի շարք կոնվենցիաներով և հռչակագրերով որակվում է որպես պատերազմական հանցագործություն։

Ամենահայտնի օրինակը Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծումն է, որի վրա 2020 թվականի հոկտեմբերի 8-­ին երկու արկ է պայթել։ Պատերազմի ընթացքում՝ ավելի վաղ, ռմբակոծվել էր նաև Շուշիի Մշակույթի և երիտասարդության կենտրոնը, որը վերանորոգումից հետո վերաբացվել էր 2017 թվականին։ Պատերազմի ընթացքում հրետակոծվել է Մարտունի քաղաքի մշակույթի պալատը։ Հադրութ քաղաքի բնակիչները, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները, փաստում են, որ այրվել է Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարանը։ 2020 թվականի նոյեմբերի 5­-ին ռմբակոծվել է Տիգրանակերտի հնագիտական հանգրվանը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համլետ Պետրոսյան, Հայկուհի Մուրադյան (2022). Արցախի մշակութային ժառանգությունը հարձակումների թիրախում (PDF). Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն. էջ 56.