Շուշիի գորգերի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շուշի (այլ կիրառումներ)
Շուշիի գորգերի թանգարան
Տեսակթանգարան
ԵրկիրԱրցախ
ՏեղագրությունՇուշիի շրջան
ՎայրՇուշի
Հիմնադրվել է2011
ՀիմնադիրՎարդան Ասծատրյան
Քարտեզ
Քարտեզ

Շուշիի գորգերի թանգարան, հնագույն գորգերի և կարպետների թանգարան Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում, որը հիմնադրվել է 2011 թվականին և բացվել է 2013 թվականին հավաքորդ Վարդան Ասծատրյանի նախաձեռնությամբ և նրա գորգերի ու կարպետների անձնական հավաքածուի հիման վրա[1]։

2020 թվականի քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ Վարդան Ասծատրյանը կազմակերպել է Շուշիի գորգերի թանգարանի մշակութային արժեքների տարհանումը Երևան։ Հաջողվել է տարհանել թանգարանի կարևոր նմուշներից 160-ից ավելի գորգ և կարպետ, 30-ից ավելի խեցեգործական առարկաներ և իրեր։ Ներկայումս թանգարանի գորգերից 71-ը ցուցադրվում է Երևանում՝ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուշիի գործերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյան

Թանգարանը հիմնադրվել է 2011 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Արցախի հանրապետության անկախության հռչակման խորհրդանշական օրը։ Թանգարանի հիմնադիրն է Վարդան Ասծատրյանը, որը գնել է հին հայկական գորգեր։ Թանգարանի հավաքածուն ներառում է հայտնի հայ գորգագործների հին գորգեր, որոնք բերվել են Հայաստանի և Արցախի տարբեր գյուղերից։ Հավաքածուի արժեքավոր նմուշներից երեքը գնվել են Ղարաբաղից Շվեյցարիա (Պատարա գյուղից), Ռուսաստան (Զմյուռնիայից) և Գերմանիա (Շուշիից) գաղթած հայկական ընտանիքներից։

Մինչև 2020 թվականի նոյեմբերի 1-ը թանգարանն ունեցել է երկու հիմնական շենք[3]։ 2011 թվականին Շուշիում բացվել է թանգարան-հիմնադրամ, որի տարածքը տրամադրվել է ամերիկյան հովանավորների շնորհիվ։ Այնուհետև՝ 2012 թվականի օգոստոսին, մոսկվայաբնակ հովանավորի՝ Կարո Սարգսյանի կողմից անհատույց տրամադրվել է համապատասխան շենք՝ որպես գորգերի թանգարան[3]։

Ցուցանմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում ցուցադրված են եղել ոչ միայն արցախյան գորգեր, այլ նաև ավանդական արհեստների հին առարկաներ, որոնք ստացել էին փորձագիտական գնահատական, անհրաժեշտության դեպքում վերականգնվել, ապա դրվել ցուցադրության[4]։

Մինչև 2020 թվականի նոյմեբերի 1-ը թանգարանն ունեցել է շուրջ 300 գորգ և կարպետ, որոնք գործված են եղել 17-րդ դարից մինչև 20-րդ դարասկիզբն ընկած ժամանակահատվածում։ Դրանք հիմնականում արցախյան ավանդական գորգեր են։ Մշտական ցուցադրությունը ներառել է թանգարանի մոտ 300 գորգերից 120-ը՝ «Վիշապագորգ», «Խնձորեսկ», «Աստղագորգ», «Ծաղկագորգ», «Արծվագորգ», «Ծաղկած խաչեր», «Պատկերագորգ» և այլն։

Բացի հայկական գորգերից` թանգարանում ցուցադրվել են նաև թուրքմենական, աֆղանական և պարսկական գորգերի օրինակներ, ինչպես նաև ռուսական մշակույթի որոշ արտեֆակտներ։

2013 թվականի օգոստոսին թանգարան այցելած Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ գորգերի թանգարանը մեծ դեր է խաղում ազգային ավանդույթների և արժեքների պահպանման գործում՝ նպաստելով նաև Արցախում զբոսաշրջության զարգացմանը[5]։

Հավաքածուի տարհանում[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շուշի քաղաքի ծանր հրետակոծության ժամանակ՝ հոկտեմբերի 29-ին, հրթիռի պայթյունի հետևանքով վնասվել են թանգարանի շինությունները։ 2020 թվականի նոյեմբերի 1-ին հավաքածուի ամենաթանկարժեք նմուշները՝ մոտ 160 գորգ և կարպետ, հետագա ոչնչացումից փրկելու նպատակով տարհանվել են Երևան։ Հավաքածուի մնացած հատվածը՝ 100-120 գորգ, ինչպես նաև ցուցադրված կենցաղային իրերը, խեցեղենը, բրոնզե դարի և քարե դարի առարկաները, որոնք չի հաջողվել տեղափոխել, մնացել են Շուշիում[6]։

Ներկայումս հավաքածուի տարհանված նմուշները ցուցադրվում են Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, որտեղ 2021 թվականի սեպտեմբերի 2-ին նշվել է թանգարանի հիմադրման տասնամյակը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]