Արցախի Հանրապետության անկախության հռչակում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արցախի Հանրապետության անկախության օր

Ամսաթիվսեպտեմբերի 2
Տոնվում էԱրցախում
սկսած1991 թ. սեպտեմբերի 2
մինչևայսօր
ԱվանդույթներԵրթ դեպի եղբայրական գերեզմանոց, համերգներ, հրավառություն
Արցախի Հանրապետության քարտեզ՝ ըստ շրջանների

Արցախի Հանրապետության անկախության հռչակում, Արցախի Հանրապետության անկախության հայտարարում և ԽՍՀՄ-ից առանձնացում (1991 թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցած պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանում)[1], որը Արցախի Հանրապետության հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին փաստաթուղթ է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի ԽՍՀ-ի կողմից տասնամյակներ ի վեր կիրառված հակահայկական քաղաքականությունը՝ հայ բնակչության մարդկային և ազգային արժանապատվության ոտնահարումը, 1980-ական թվականներին ստեղծեց ծայրահեղ լարված իրավիճակ։ ԼՂԻՄ- ում 1926-1976 թթ. բնակչության արտագաղթի հետևանքով հայկական բնակավայրերը 85-ով պակասել էին, ադրբեջանականը՝ 17-ով ավելացել։ 1930-ական թվականներին ադրբեջանցիների կողմից ավերվել կամ փակվել էին բոլոր հայկական եկեղեցիները, որոնց մի մասը վերածվել էր մզկիթների։

1987 թվականի վերջերից սկիզբ է առնում արցախահայության ազատագրական պայքարի արդի փուլը։ 1988 թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում է ընդունում ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից հանելու և ՀԽՍՀ-ին վերամիավորելու հարցով Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդների առջև միջնորդելու մասին։ Ղարաբաղյան շարժումը ՀԽՍՀ-ում և ԼՂԻՄ-ում կազմակերպելու նպատակով 1988 թ. փետրվարին Ստեփանակերտում ստեղծվում է «Կռունկ», իսկ Երևանում՝ «Ղարաբաղ» կոմիտեները։

ԼՂԻՄ

ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ին վերամիավորելու արդար պահանջին Ադրբեջանի ղեկավարությունը (ԽՍՀՄ բարձրագույն իշխանությունների համաձայնությամբ) պատասխանեց բռնություններով։ 1988 թ. նոյեմբերի վերջին Կիրովաբադից (այժմ՝ Գանձակ), Բաքվից, Շամքորից, Խանլարից, Դաշքեսանից և հայաշատ այլ վայրերից հայ բնակչությունը զանգվածաբար արտաքսվեց։ Հայերի բռնագաղթը հաճախ ուղեկցվում էր ջարդերով և սպանություններով։

Հաշվի առնելով ստեղծված բարդ իրավիճակը՝ 1989 թ. հունվարի 20-ին ԼՂԻՄ-ում ստեղծվեց (անմիջականորեն Մոսկվային ենթակա) Հատուկ կառավարման կոմիտե՝ Ա. Ի. Վոլսկու ղեկավարությամբ, սակայն Ադրբեջանի սադրանքների հետևանքով այն չկարողացավ կատարել իր առաքելությունը։ Արցախահայությունն իր ճակատագիրը տնօրինելու նպատակով 1989 թ. օգոստոսի 16-ին ստեղծեց բարձրագույն կառավարման մարմին՝ Ազգային խորհուրդ։ 1989 թ. հուլիսի 26-ին շրջխորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց շրջանը ԼՂԻՄ-ին վերամիավորելու մասին։

Շահումյանի շրջան

Այս ամենին հակառակ՝ 1989 թ. նոյեմբերի 28-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշեց Լեռնային Ղարաբաղը նորից բռնակցել Ադրբեջանին։ Սույն որոշումը մարզում իրականացնելու էր կազմկոմիտեն, հայատյաց նախագահ Վ. Պ. Պոլյանիչկոյի գլխավորությամբ։ Սակայն վերջինիս իշխանությունը տարածվում էր միայն ԼՂԻՄ մարզկոմի շենքի շրջանակներում։

Ելնելով դեպքերի զարգացման նման ընթացքից՝ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը 1989 թ. դեկտեմբերի 1-ին համատեղ որոշում ընդունեցին ՀԽՍՀ-ին Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։ Հակահայկական մոլուցքով տարված Ադրբեջանի իշխանությունները 1990 թ. հունվարի 13-ին Բաքվում հրահրեցին հայ բնակչության նոր ջարդեր, եռանդուն կերպով սկսեցին ադրբեջանցիների նորանոր խմբեր վերաբնակեցնել ԼՂԻՄ տարածքում։ Այս գործընթացն ուղեկցվում էր հայ բնակչության նոր կոտորածներով և բռնագաղթով։ Ինքնապաշտպանության մղումով ստեղծվեցին հայ աշխարհազորայինների առաջին խմբերն ու ջոկատները, որոնք Շահումյանում, Գետաշենում և Լեռնային Ղարաբաղի այլ շրջաններում արժանի հակահարված տվեցին թշնամուն։

Մարտակերտի շրջան
Հադրութի շրջան

1991 թ. ապրիլի վերջից մինչև օգոստոսի 20-ը ադրբեջանական հատուկ նշանակության (ՄՀՆՋ) ջոկատները խորհրդային զորքերի հետ համատեղ իրականցրին «Օղակ» ռազմական գործողությունը։ Թեժ մարտեր ծավալվեցին Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի տարածքներում, արդյունքում նշված գյուղերը ամբողջությամբ հայաթափվեցին՝ վերաբնակեցվելով ադրբեջանցիներով։ 1991 թ. հունիսին հիմնահատակ կործանվեցին Մարտակերտի և Հադրութի շրջանի 20-ից ավելի հայկական գյուղեր, սպանվեցին հարյուրավոր մարդիկ, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի քաղաքներից ու գյուղերից շուրջ 450 հազար հայեր դարձան փախստականներ[2]։ պատանդ վերցվեց ավելի քան 700 մարդ, որոնցից շատերի ճակատագրերը այսօր հայտնի չեն։

Նման պայմաններում հաշվի առնելով ինչպես ԽՍՀՄ ղեկավարության կոշտ դիրքորոշումը, այնպես էլ Արցախի միացումը Հայաստանի Հանրապետությանը, միջազգային որոշ կազմակերպությունների կողմից Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններ դիտելու հավանականությունը, ինչպես նաև այն փաստը, որ Ադրբեջանը 1991 թ. օգոստոսի 30-ին հայտարարել է իր անկախության մասին՝ ԼՂԻՄ-ի իշխանությունները ընտրեցին այլընտրանքային տարբերակ։

Արցախի անկախության հռչակագրի ընդունումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի Հանրապետության անկախության հռչակագիրը հաստատվել է բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին[3]։

Բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, արտահայտելով ժողովրդի կամքը, որը ամրագրված է փաստորեն անցկացված հանրաքվեում և ԼՂԻՄ ու Շահումյանի շրջանային իշխանության մարմինների 1988-1991 թթ. որոշումներում, ազատության, անկախության, իրավահավասարության և բարիդրացիության նրա ձգտումը, ղեկավարվելով քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային ոլորտների զարգացման խնդրում ամբողջ բնակչության շահերով, բնական և օրինական, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան համարելով հայ ժողովրդի միասնության ձգտումը, որոշում է՝

Որոշում 1-ին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդունել ներկայիս Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և սահմանակից Շահումյանի շրջանի սահմաններում Արցախի Հանրապետության հռչակման մասին հռչակագիրը։

Որոշում 2-րդ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը և նրա գործադիր կոմիտեն համարել Արցախի Հանրապետության պետական իշխանության և կառավարման բարձրագույն ժամանակավոր մարմին՝ մինչև համաժողովրդական ընտրությունները, իշխանության և կառավարման հանրապետական նոր մարմինների ձևավորումը։

Որոշում 3-րդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանձնարարել ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի գործկոմին՝ ներգրավելով լայն հասարակությանը՝ նախապատրաստել և մարզային խորհրդի նստաշրջանի քննարկմանը ներկայացնել Արցախիի Հանրապետության պետական իշխանության և կառավարման մարմինների կառուցվածքի և գործառությունների մասին ժամանակավոր կանոնակարգը։

Որոշում 4-րդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև Արցախի Հանրապետության Սահմանադրության և օրենքների ընդունումը Արցախի Հանրապետության տարածքում գործում են ԽՍՀՄ Սահմանադրությունը և օրենսդրությունը, ինչպես նաև գործող այլ օրենքներ, որոնք չեն հակասում սույն հռչակագրի նպատակներին ու սկզբունքներին, Արցախի Հանրապետության առանձնահատկություններին[4]։

Արցախի անկախությաև հանրաքվեի անկացումը և պետականության ձևավորման առաջին քայլերը[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թ. սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂԻՄ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց անկախության օգտին։

Արցախի Հանրապետության դրոշ
Արցախի Հանրապետության զինանշան

Արցախի օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թ. դեկտեմբերին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրություն։ Ձևավորվեց հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը։ Իսկ 1992 թ. հունվարի 8-ին տեղի ունեցավ հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը, որն ընդունեց Արցախի Հանրապետության անկախության հռչակագիրը։ Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը։ Ստեղծվեց Արցախի Հանրապետության նախարարների խորհուրդ, որի վարչապետ նշանակվեց Օլեգ Եսայանը (2010 թ. հունվարի 21-ից Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան)[5]։

Արցախի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի 1-ին նստաշրջանն ընդունել և կիրարկման է դրել մի շարք այլ կարևոր փաստաթղթեր, դիմումներ հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԱՊՀ անդամ պետությունների, աշխարհի երկրների ղեկավարներին, խորհրդարաններին ու կառավարություններին, միջազգային տարաբնույթ կազմակերպությունների։ Իր գործունեության ողջ ընթացքում Արցախի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհուրդն ընդունել է Արցախի Հանրապետության 22 օրենք, կարևոր կենսական նշանակություն ունեցող մի շարք որոշումներ։ Արցախի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թ. դեկտեմբերի 21-ի որոշմամբ Արցախում մտցվում է նախագահական կառավարման ինստիտուտ։ Արցախի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի 11 պատգամավոր զոհվել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ու նրա ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի տարիներին, այդ թվում՝ Արթուր Մկրտչյանը (ԳԽ նախագահ), Վաղարշակ Առուշանյանը, Վագիֆ Գալստյանը, Ժորա Պողոսյանը, Բորիս Հակոբյանը, Նորայր Դանիելյանը, Բարմեն Գրիգորյանը, Սուրեն Ծատրյանը, Բորիս Բաբայանը, Շահեն Մեղրյանը, Վիգեն Գրիգորյանը[6]։

Շուտով հանրապետությունն ունեցավ իր պետական դրոշը, զինանշանն ու օրհներգը։ Արցախի Հանրապետության դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն՝ սպիտակ գույնի հնգատամ սանդղանման զարդանախշով։ Մարտերի բովում ձևավորվեց Լեռնային Ղարաբաղի բանակը, որը հաղթանակով ավարտեց ազատագրական պայքարը։ Հայաստանի Հանրապետության օրինակով աստիճանաբար կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի դատական համակարգը։ Պատերազմի ավարտից հետո անցում կատարվեց դեպի կառավարման նախագահական համակարգը։ Հայաստանի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի հետ միասին հետևողական պայքար սկսեց շրջափակման վերացման և պատերազմական գործողությունների դադարեցման համար[1]։

Անկախ Արցախը մեր օրերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի անկախության տոնի նշումը 2015 թ.-ին[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թ.-ին համայն արցախայությունը տոնեց Արցախի Հանրապետության անկախության հռչակման 24-րդ տարեդարձը։ Ավանդաբար Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, քաղաքական, հասարակական մի շարք գործիչներ, պաշտոնական այլ այրեր այցելել էին Արցախ՝ մասնակցելու ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին[7]։

«Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ-ֆրանսիական բարեկամությունը խորհրդանշող «Հավերժություն» քանդակը Թումանյան փողոցում

Սեպտեմբերի 17-19 Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացվեց «Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոնը[8][9], որի շրջանակներում տեղի ունեցան Ֆրանսիան և նրա մշակույթը ներկայացնող մի շարք միջոցառումներ։ Փառատոնի նպատակն էր սերտացնել Արցախի և Ֆրանսիայի միջև հաստատված բարեկամական կապերը և ընդլայնել երկխոսությունն ու համագործակցության իրական հեռանկարները։

Պատրիկ Ֆիորին Արցախում
Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանը Շուշիում

Փառատոնի շրջանակներում Արցախ են ժամանել «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի, Արցախի համայնքների հետ բարեկամացած Ֆրանսիայի քաղաքների, «Սատար Ղարաբաղին» միության և Ֆրանսիայի հայկական համայնքի մոտ 200 ներկայացուցիչներ, ինչպես նաև արվեստագետներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ։ «Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոնի ծրագրում ընդգրկված են եղել Ստեփանակերտի ֆրանսիական պուրակում «Հավերժություն» քանդակի (հեղինակ՝ Թորոս) հանդիսավոր բացման և «Պոլ Էլյուարի Տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնի հիմնարկեքի արարողություններ, գրական-գեղարվեստական ցերեկույթ Ստեփանակերտի համար 1 դպրոցում, արցախյան և ֆրանսիական խոհանոցների ներկայացում, «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանի բացման արարողություն Շուշիում, ֆրանսիական «Ֆոլիմաժ» ստուդիայի անիմացիոն ֆիլմերի շնորհանդես Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում, Ղարաբաղ-Ֆրանսիա բարեկամությունը խորհրդանշող բացիկների պատրաստման մրցույթ Ստեփանակերտի Ս.Շահումյանի անվան պուրակում։ Փառատոնը ավարտվել է սեպտեմբերի 19-ին ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորիի համերգով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում[10]։

«Ուրախ եմ, որ հայրենիքում եմ». այս խոսքերով սկսեց իր համերգը ֆրանսահայ հանրահայտ երգիչը։ Նա նշեց, որ Արցախում եղել է տասը տարի առաջ և ուրախ է` տեսնելով կատարված փոփոխությունները[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 24-ին.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 24-ին.
  3. http://www.president.nkr.am/am/nkr/nkr1
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 24-ին.
  5. http://www.kremlin.ru
  6. http://nankr.am/page/345/Khvorhrdaran.html
  7. https://artsakhpress.am/arm/news/25068/hh-nakhagahn-ashkhatanqayin-aycov-zhamanel-e-arcakh.html
  8. https://artsakhpress.am/arm/news/26410/stepanakertum-meknarkel-e-fransiakan-orer-arcakhum-paratony-lusankarner.html
  9. https://artsakhpress.am/arm/news/26172/stepanakertum-ev-shushium-kanckacvi-fransiakan-orer-arcakhum-paratony-lusankarner.html
  10. http://www.nkr.am/hy/news/2015-09-11/754/
  11. https://artsakhpress.am/arm/news/26527/fransahay-hanrahayt-ergich-patrik-fiorin-hamergov-handes-ekav-stepanakerti-veratsnndi-hraparakum-lusankarner.html

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատվերով կազմված ատլաս (2007-2009 թթ.), «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ, Երևան-2009 թ.
  2. «Հայոց պատմություն», Երևան-2011 թ. հեղինակներ՝ Ա. Մելքոնյան, Յ. Հովսեփյան, Է. Գևորգյան, Ա. Վիրաբյան, Է. Մինասյան

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]