Քարին տակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Քարին տակ
Քարին տակ - Qarin tak.jpg
Քարին տակը XIX դարում
Կոորդինատներ: 39°44′30″ հս․ լ. 46°44′57″ ավ. ե. / 39.74167° հս․. լ. 46.74917° ավ. ե. / 39.74167; 46.74917
Երկիր ԼՂՀ ԼՂՀ
Շրջան Շուշիի շրջան
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 667[1] մարդ
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն քարինտակցի
Ժամային գոտի UTC+4
##Քարին տակ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Քարին տակը գյուղ է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանում՝ Շուշիի քերծերից ներքև՝ Քարինտակ գետի ձախ ափին, Շուշի քաղաքից 2,5 կմ հեռու։

Մինչև պատերազմը գյուղում կար 161 տնտեսություն, 701 բնակիչ, իսկ այսօրվա դրությամբ՝ 161 տնտեսություն, 667 բնակիչ։ Աշխատունակ բնակչության 35 տոկոսն ունի հիմնական զբաղմունք, մի մասն աշխատում է գուղում, մի մասն էլ՝ Շուշիի տարբեր հիմնարկություններում։ 2012-ին Քարին Տակում 16 ծնունդ է եղել, ինչը ԼՂՀ գյուղերում ամենաբարձր ցուցանիշն էր ըստ բնակչության[2]:

Գյուղացիների հիմնական աշխատանքը գյուղատնտեսությունն ու անասնապահություն է։ Քարին Տակ գյուղն ունի հանրային դպրոց (110 աշակերտ), մանկապարտեզ (23 երեխա), համայնքային կենտրոն, վարչական գրասենյակ և բուժկետ։ 1997-2001 թթ. «Երկիր և մշակույթ» ընկերությունը վերանորոգել է ակումբի շենքը, եկեղեցին, մանկապարտեզի շենքը, մասնակի վերանորոգվել է դպրոցի շենքը։ Համայնքի սեփական միջոցներով տեղադրվել են փողոցների լուսավորման շուրջ 60 ջահեր։ Գյուղն ունի էլեկտրական համակարգ և գազաֆիկացված է։ Քարին Տակ Գյուղի ջրամատակարարման համակարգի կառուցումը իրականացրել է Հայաստան համահայկական հիմնադրամը 2013 թվականին[3]:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ կառուցվել է զոհվածների հուշարձան-կոթողը։

Գյուղի հիմնադրումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարին Տակ գյուղը 1700-ական թվականների առաջին քառորդում հիմնադրել են Բերդաձորի գավառի Խծաբերդ եւ Դիզակի գավառի Թաղլար գյուղերից տեղափոխված գերդաստաններ։ Խծաբերդից տեղափոխվածներն իրենց հետ նոր բնակավայր են «բերել» նաեւ Խծաբերդի բարբառը, որն այժմ էլ հարատևում է երկու բնակավայրերում[4]:

Գյուղի բնակիչները Արազանց, Ավագենց, Իսաջանենց, Առուշանենց, Ղարախանենց, Ուբոջենց, Ամիրջանենց, Թումասենց, Բաղրենց, Բադունց, Ցեցունց, Մուքանց (Մքանց), Բաշմաղչունց, Նանուխենց, Հարունանց, Թոխունց, Սանենց, Պուլեմյոտանց, Միրադենց (Բալասանյաններ), Ղահրունց, Աբրամենց, Փուստունց, Դերունց եւ Գաշտունց, Փերունց, Ղազարենց, Թաղլարեցունց գերդաստաններից սերված են[4]:

Ինչպես նշվում է 1898 թվականի «Կովկասի վայրերը և ցեղերը նկարագրող նյութերի հավաքածու»–ում, համաձայն ավանդության՝ «բարբարոսական խաների» հալածանքների հետևանքով Արցախի Խծաբերդ գյուղի բնակիչները տեղափոխվել են այս տարածք և հիմնադրել Քարին Տակ գյուղը։ Իրենց խիզախությամբ և բարքերի կոպտությամբ առանձնացող գյուղացիները, հպարտանալով իրենց քաջությամբ, չէին ցանկանում խաներին տուրք վճարել, ինչի արդյունքում՝ քրդական ցեղերից մեկի խանը՝ Ալիյանլուն, սարսափելի պատերազմներ էր վարում նրանց հետ՝ ամեն անգամ մատնվելով պարտության[5]:

Գյուղը 19-րդ դարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարինտակցիներին նկարագրում են որպես խաղաղ, հյուրընկալ և աշխատասեր մարդիկ։ 19-րդ դարում բնակիչների հիմնական զբաղմունքը վառելափայտի առաքումն էր, հիանալի որակի կրաքարի այրումը, հողագործությունը, անասնաբուծությունը, բանջարաբուծությունը և մասամբ այգեգործությունը[5]:

Մակար եպիսկոպոս Բարխուդարյանը գյուղի մասին գրում է.

Aquote1.png «Հիմնուած է Շուշի քաղաքի հարաւային ստորոտում, նույն օժանդակի ձախ ափի վերայ, մի խոր ձորում, բնակիչք տեղափոխուած Բերդաձոր գաւառի Խցաբերդ գիւղից. հողն արքունի, բայց կարի սակաւ եւ նուազ արդիւնաբեր. տեղական բերքերն ցորեն, գարի, կորեկ, գարնանի, հաճար, թթենի, ունին եւ ջրաղացներ, բարեխառն օդն եւ կլիման, պատուական ջուրն, բայց խեղդուած տեսարանն եւ նեղ հօրիզօն, երկար կեանք 80-85. եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր եւ հոյակապ, քահանայ երկու: Ծուխ 174. ար. 625. իգ. 443»: Aquote2.png

Մեջբերված տվյալները վերաբերում են 1890-ական թվականների դրությամբ գյուղի վիճակի մասին[4]:

Հագուկապը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես նշում է աղբյուրը՝ Քարին Տակի կանայք «անկրկնելի աշխատասեր» էին և կատարում էին զանազան ու բազմաթիվ գործեր։ Քարին տակի բնակիչների առանձնահատկությունն իրենց յուրահատուկ հագուստն էր, հատկապես, գրեթե ամեն ինչ, բացառությամբ քիթը և աչքերը, ծածկող գլխազարդը։ Ճակատին կախվում էր արծաթե կամ ոսկե մետաղադրամ, այտերին ևս կախվում էին արծաթե կամ ոսկե մետաղադրամներ, որոնք, կարող էին լինել ընկույզի մեծության։ Կզակը փակվում էր սպիտակ շալով, որով ծածկում են բերանն ավագների հետ խոսելիս։ Գլխին դրվում էր հաստ ստվարաթղթից շրջանակ, որը դիմացից ծածկված էր տարբեր նախշեր ունեցող կարմիր կամ կապույտ թավիշով։ Գլխի վրա շալ էր գցվում, իսկ շալի վրայից՝ պարանոցն օղակող արծաթե շղթա։ Վերին հագուստը բաղկացած էր մինչև ծնկները կամ ծնկից ներքև իջնող արխալուղից, որի թևքերին կարված էին արծաթ կամ կախազարդեր, և կրունկներին հասնող վերնաշապիկից, որը կրծքավանդակի մոտ զարդարվում էր արծաթե մետաղադրամներով։ Այս ամեը գոտևորվում էր կարմիր կտորով կամ արծաթագույն գոտիով։ Ոտքերին հագնում էին երկար գուլպաներ, կիսագուլպաներ և կանաչ կամ կարմրավուն գույնի կոշիկներ։ Խայտառակություն էր համարվում, երբ կինը, հատկապես երիտասարդ, քայլում էր բոկոտն[5]:

Տոները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Աստվածածնի վերափոխման և Խաչվերաց տոների ժամանակ գյուղացիները ողջ ընտանիքով գնում էին գյուղից 30 մղոն հեռավորության վրա գտնվող Սուրբ Ղևոնդ եկեղեցին։ Բացի եկեղեցուց, այդտեղ կային նաև երկրպագության վայրեր՝ «Կանաչ խաչը» և «Օվչիֆիրումը», որտեղ տեղացիները կատարում են զոհաբերություններ կիրակի օրերին[5]:

Կրթությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած այն հանգամանքին, որ գյուղում ոչ մի ուսումնարան չկար, տեղի բնակիչները, հատկապես հարուստները իրենց երեխաներին առանց կրթության չէին թողում. տարբեր պետական հաստատություններում շատ կային կրթված մարդիկ Քարին Տակից։ Ինչպես նշում է աղբյուրը՝ չկար մի այնպիսի հաստատություն, որտեղ չսովորեն քարինտակցի երեխաները[5]:

Խոլերայի համաճարակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնում էր այն ճանապարհին, որով քոչում են թաթարները, ինչի պատճառով՝ այստեղ հաճախադեպ են տարբեր հիվանդությունների բռնկումները։ Օրինակ, քոչվորների կողմից գյուղ բերված խոլերայի հետևանքով, վարակվեց 944 մարդ, որոնցից 27-ը մահացավ[5]:

Գյուղը Խորհրդային տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային Միության ժամանակ գյուղն ուներ մետաքսաոլորման գործարան, էլեկտրագործարանի մասնաճյուղ, որոնցում աշխատում էին 100-ից ավելի բանվորներ։ 70-ական թվականների սկզբին Քարին տակում, որտեղ ապրում էին միայն հայեր, դպրոցներում ադրբեջաներենը մտցվեց որպես պարտադիր առարկա։ Գյուղում չկար հայկական հեռուստաալիք, միայն՝ ադրբեջանական[6]:

Գյուղի կենտրոնական մասում՝ «Խութին կռեճ» կոչվող բարձունքին, կանգնեցված էր Հայրենական մեծ պատերազմում զոհված համագյուղացի 99 մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողը (ներկայումս այն տեղափոխված է Արցախյան պատերազմի նահատակների հուշահամալիր)։

Գյուղը Արցախյան պատերազմի տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականից անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով շատ անգամ զինվորականներն օմոնականներին ուղեկցել են գյուղ, զրահամեքենաներից կրակ բացել, ահաբեկել մարդկանց, խուզարկել տները, կողոպտել թանկարժեք իրեր, փող, ռադիոընդունիչ, հագուստ և այլն։

1992 թ. հունվարի 26-ին ադրբեջանցիները գիշերը գրոհեցին գյուղը։ Պաշտպանության նախարար Տ. Մեհտիևի հրամանով՝ գործողությունը ղեկավարում էր անմիջապես մայոր Նուրեդդին Աբդուլլաևը։ Քարինտակի ինքնապաշտպանություն (1992) լավ կազմակերպելու շնորհիվ՝ ադրբեջանական կողմը պարտվեց և նահանջեց՝ թողնելով զենքը, կրելով 90-ից ավելի կորուստ։ Այդ օրը նշվում է որպես Քարին տակի ճակատամարտի օր։ Ադրբեջանցիները անվանեցին գյուղը «Արյունոտ ձոր»:

Հայտնի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեո (Առաքել Բաբախանյան) - պատմաբան ու գրականագետ
  • Մարատ Հակոբջանյան - արցախյան քաղաքական և պետական գործիչ‌[փա՞ստ]
  • Վաղարշակ Առուշանյան - ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Շուրջ 4 տարի ղեկավարել է ինքնապաշտպանության ջոկատը։ Հունվարի 26-ին, թշնամական գնդակոծությունների տակ զինամթերք էր տեղափոխում պաշտպանական դիրքերը։ Ճանապարհին զոհվել է հակառակորդի գնդակից։
  • Սագիս Հովհաննեսյան - նկարիչ[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մխիթար Առուշանյան. «Հառնող Քարին տակ». Մատենաշար «Արցախապատում Գիրք 3. Քարին տակի հերոսամարտը»: Ստեփանակերտ, «Սոնա» գրահրատարակչություն, 2013 թ. 175- 178 էջ
  2. Քարին տակ. սիբեխի, պարտքերի, մի անցքի ու ճանապարհի մասին
  3. Քարին Տակ Գյուղի Ջրամատակարարման Համակարգի Կառուցում, Շուշիի շրջան
  4. 4,0 4,1 4,2 Հրաչիկ Հարությունյան. «Քարին տակ (Պատմական ակնարկ)». Մատենաշար «Արցախապատում Գիրք 3. Քարին տակի հերոսամարտը»: Ստեփանակերտ, «Սոնա» գրահրատարակչություն, 2013 թ. 183- 188 էջ
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 «Сборник материалов для описания местностей и племен Кавказа». 25-ый выпуск за 1898 г.
  6. Каринтак – село, выжившее под камнями
  7. Оганесян Саргис Арутюнович