Լիսագոր
Գյուղ | ||
---|---|---|
Լիսագոր | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Շուշի | |
Համայնք | Շուշիի շրջան | |
Մակերես | 7671,98 կմ² | |
ԲԾՄ | 1900 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 130 մարդ (2015) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Լիսագոր, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Շուշիի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում։ Շուշիի շրջկենտրոնից գտնվում է 18 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 30 կմ հեռավորության վրա։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկինում եղել է իջևանատան, քարավանային կայանատեղ։ Անվանակոչվել է ռուսական արտահայտության՝ «Лысая гора» լեռնանունից, որի հյուսիս-արևմտյան ստորոտում տեղակայված է այդ բնակավայրը։ Տեղավայրը եղել է «․․․զօրանիստ պահապանաց ռուսաց», իսկ նախկինում կրում էր «Թթուջուր» անունը, որը համապատասխանում է ռուսական աղբյուրներում հիշատակվող «Կիսլովոդսկ» բնակավայրին[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը գտնվում է ԱՀ հարավարևմտյան հատվածում՝ Շուշիի շրջանում՝ նախկինում՝ Արցախի Վարանդա գավառում։ Բնակավայրը տեղաբախշված է Ղարաբաղյան լեռնաշղթայի Լիսագոր լեռան հյուսիսարևմտյան բարձրադիր ստորոտում, որտեղով անցնում է նաև Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր-Գորիս մայրուղին։ Այստեղից սկիզբ է առնում նաև Կարկառի վտակներից մեկը[2]։
Համայնքը բարձրադիր լեռնային է, ունի 7671,98 հա տարածք, որից 5247,57 հա գյուղատնտեսական նշանակության, 2349,77 հա անտառային հողեր։ Լիսագոր համայնքի սահմանային գոտով հոսում է Կարկառ գետի վտակը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շուշիի կիրճի վերջնամասում գտնվող բնակավայրերից են Զառիստն ու Լիսագորը։ Մինչև 20-րդ դարի սկզբները Լիսագորը ուներ Թթու ջուր անունը[2]։։
Առնվազն 12-13-րդ դարերից սկսած Զառիստը և Թթու ջուր բնակավայրերը գոյություն ունեին։ Բնակավայրի հարևանությամբ գտնվող Թթու ջուր նշանավոր աղբյուրից էլ գյուղը կրում էր Թթու ջուր անունը։
20-րդ դարի 20-ական թվականներին Շուշիի և Թթու ջրի բնաշխարհագրական առանձնահատկություններն ուսումնասիրող գիտնական Ֆիգուրովսկին գրել է․ «Չափավոր տաք, նույնիսկ հով ամառը, որը միաժամանակ համեմատաբար պարզ է ր չոր, այդ վայրը դարձնում է առհասարակ Անդրկովկասի ամենալավ կլիմայական վայրերից մեկը և ամենալավը ամբողջ Արևելյան Անդրկովկասում։ Շուշին և Թթու ջուրը այս տեսակետից վաղուց ի վեր հայտնի են, ինչպես և Դիլիջանը, ամառը այստեղ իր ջերմաստիճանով նմանվում է Ցյուրիխին, Բերնին, Ժնևին և այլ Շվեյցարական և Տիրոլյան վայրերին»։ Պատահական չէ, որ 19-20-րդ դարերում Թթու ջուրը հովեկների, մասնավորապես շուշեցիների համար, հարմարավետ ամառանոցային բնակավայր էր[2]։
Մինչև 19-րդ դարի վերջը Թթու ջուր բնակավայրում միայն հայեր էին ապրում։ 18-րդ դարի վերջերից սկսած հայերը սկսեցին հեռանալ Թթու ջուր գյուղից։ 19-րդ դարի վերջերին գյուղում մի քանի ընտանիքներ էին մնացել։ Ցարական արքունիքը, Այսրկովկասն գերիշխանության տակ առնելուց հետո, իր հետագա նպատակների իրագործման համար տարածաշրջանում ձգտել է ստեղծել նաև ազգային հենարան։ Այդ նպատակով 19-րդ դարի 20-ական թվականներից՝ Երմոլովի կառավարչության շրջանում, Հայոց արևելից նահանգներում բնակեցնում էին Ռուսաստանի տարբեր նահանգներից բերված գաղթականներ[2]։
1830-ական թվականներից մինչև 1880-ական թվականները Ղարաբաղում հիմնվեցին Շաբա-Կիշլյակ, Ռուս Բորիս, Գորելոյե, Կարյագինո, Միխայլովկա, Նովո-Իվանովկա, Սարատովկա, Սլավյանկա, Նովո-Սպասկոյե, Նովո-Տրոիցկոյե գյուղերը։ 1880-ական թվականներից մինչև 1903 թվական՝ Կոտլյարևկա, 1903-1917 թվականներին՝ Ալեքսեևկա, Գեորգևսկայա, Գոլիցինո, Լևոն-Արխ, ռուսական Խոջալու, Խոնաշեն գյուղերը։
Ռուսները, վերաբնակվելով Թթու ջուր գյուղում, բնակավայրը անվանեցին Լիսագորսկ։ Ռուսների վերաբնակեցմանը զուգընթաց հայ վերջին ընտանիքները նույնպես լքեցին Թթու ջուրը[2]։
1905-1906 և 1917-1920 թվականների հայ-թաթարական ընդհարումների ժամանակ թաթարները, ռուսներին համարելով գյավուրներ, նրանց հետ նույնպես հաշվեհարդար տեսան։ Կորուստներ են ունեցել նաև Լիսագորի ռուս վերաբնակիչները։ Ողջ մնացածները հիմնականում վերադարձել էին Ռուսաստան։
1923 թվականին ԼՂԻՄ սահմանները ճշտող հանձնաժողովը ներկայիս Լիսագորսկ անունով ներառեց նորաստեղծ մարզի կազմի մեջ։ 1923 թվականից առայսօր բնակավայրը Շուշիի շրջանի կազմում է[2]։
Արցախում խորհրդային կարգերի հաստատվելուց հետո Ադրբեջանի ղեկավարությունը, հաշվի առնելով Լիսագորի աշխարհագրական դիրքը, Արցախի մյուս բնակավայրերը՝ մասնավորապես Ստեփանակերտը Բերդաձորի ենթաշրջանի գյուղերի հետ կապող օղակ լինելու հանգամանքը, նախկին հայկական գյուղը լցրեց թուրքերով[2]։
Գյուղը Արցախյան ազատամարտին
[խմբագրել | խմբագրել կոդը]Արցախյան ազատագրական պայքարի առաջին շրջանում Ադրբեջանը Լիսագորը դարձրեց ռազմական հենակետ, որտեղից հարձակումներ էր գործում Բերդաձորի ենթաշրջանի հայկական գյուղերի վրա[2]։
1992 թվականի մայիսի 16-18-ը ԱՀ ՊԲ զորամասերն ազատագրեցին Լիսագորն ու Բերդաձորը, Լաչինն ու նրա շրջակա գյուղերը։ Ավարտվեց Արցախյան պատերազմի առաջին փուլը։
Նախկին ԼՂԻՄ-ի տարածքը մաքրվեց թշնամուց։ Կյանքի կոչվեց երկու հանրապետություններն իրար կապող ճանապարհը, որն ընդունված է կոչել նաև «հումանիտար միջանցք»[2]։
1994 թվականին սկսվել է գյուղի վերաբնակեցման գործընթացը։ Այդտեղ հաստատվել էին Հայաստանի և ԱՀ բնակավայրերից մի քանի ընտանիքներ։
1996 թվականին գյուղում բացվել է ութամյա դպրոց, որը 1997 թվականին ստացել է միջնակարգի կարգավիճակ։ Տարբեր տարիների դպրոցի տնօրեններ են աշխատել Բաբաջանյանը, Բարսեղյանը, Նասիբյանը[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիսագոր համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 130 մարդ, կա 29 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 110 | 128 | 128 |
Օգտակար հանածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի տարածքում առկա են գաջի հանքային պաշարներ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Հասարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, «Շուշիի մանկական երաժշտական դպրոց» ՊՈԱԿ–ի Լիսագորի մասնաճյուղը, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 18 աշակերտներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Սարգսյան, Սլավա (2018). Արցախի բնակավայրերը. Երևան. էջ 64.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 564–566.
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
|