Արցախի Հանրապետության բնակչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչություն (Արցախի Հանրապետության բնակչություն), ԼՂՀ տարածքում բնակվող մարդկանց ամբողջությունը։

ԼՂՀ մշտական բնակիչների ընդհանուր քանակը 2010 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 141.400 մարդ։ Քաղաքաբնակների թիվը 74.183 մարդ է կամ 52.5 %, գյուղական բնակչությունը՝ 67.217 մարդ է կամ 47.5 %։ ԼՂՀ-ում տղամարդկանց թիվը կազմել է 68.048 մարդ կամ 48.1%, կանանցը՝ 73.352 կամ 51.9%։ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի բնակչությունը կազմում է 52.310 մարդ[1]։

Բնակչությունն ըստ շրջանների Բնակչության քանակը[1]
Ստեփանակերտ 52.310
Ասկերան 17.732
Հադրութ 12.373
Մարտակերտ 19.636
Մարտունի 23.435
Քարվաճառ 3.000
Շուշի 5.126
Քաշաթաղ 7.788
Ընդհանուր՝ 141.400

Բնակչության թիվը և ազգային կազմը՝ ըստ խորհրդային տարիների մարդահամարի տվյալների (հազար մարդ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթվերը 1923 1939 1959 1970 1979 1989
Ամբողջ բնակչությունը 158,7 150,8 130,4 150,3 162,2 189,1
այդ թվում՝ հայեր 149,6 132,8 110,1 121,1 123,1 145,5
%-ով 94,1 88,1 84,4 80,6 75,9 76,9
ադրբեջանցիներ 7,7 14,1 18,0 28,2 37,3 40,6
%-ով 4,9 9,3 13,8 18,1 23,0 21,5
ռուսներ 0,6 3,2 1,8 1,3 1,3 1,9
%-ով 0,5 2,1 1,4 0,9 0,8 1,0
այլազգիներ ---- 0,7 0,5 0,7 0,6 1,0
%-ով ---- 0,5 0,4 0,5 0,4 0,5

1897 թվականին Անդրկովկասում անցկացված ռուսական առաջին պաշտոնական վիճակագրական տեղեկությունների համաձայն՝ Արցախում եղել է 110 հազար հայ ընտանիք։ 1805 թվականին Ղարաբաղն ինքնակամ ընդունել է Ռուսաստանի տիրապետությունը, որը վավերացվել է 1813 թվականին՝ Գյուլիստանի հաշտության պայմանագրով։ Երկրամասը Ռուսաստանին միանալուց հետո՝ արդեն 1823 թվականին Ղարաբաղի լեռնային մասի բնակչության 84,6 %-ը հայ էր, 14,7 %-ը՝ թաթար («Ղարաբաղի նահանգի նկարագրությունը», Թիֆլիս, 1866, էջ 260)։ 1913 թվականին ներկայիս ԼՂՀ սահմաններում բնակչության ընդհանուր թիվը 372 հազար էր (Շուշիում 42 հազար)։ 1918-1920 թվականներին թուրք-թաթարների կազմակերպած կոտորածների (միայն 1920 թվականին ոչնչացվել է ավելի քան 20 հազար հայ) հետևանքով հայերի ընդհանուր թվաքանակը նվազել է. 1921 թվականին դարձել է 131,5 հազար (94,4 %-ը՝ հայ), 1923 թվականի՝ ԼՂԻՄ-ի հռչակման ժամանակ՝ 157,8 հազար։ Հակառակ դրան՝ խրախուսվել է ադրբեջանցիների ներհոսքը երկրամաս։ Ադրբեջանի կառավարությունն աստիճանաբար կրճատել է ներդրումների ծավալը ԼՂՒՄ-ում, և աշխատուժը ստիպված զանգվածաբար հեռացել է մարզից։ 1939 թվականին Ադրբեջանի քաղաքներում ու շրջաններում աշխատել են ավելի քան 52 հազար ղարաբաղցի հայ շինարարներ և բանվորներ (մարզի բնակչության շուրջ 1/3-ը)։ Միևնույն ժամանակ, 1940-1960-ական թվականներին Արցախի գյուղերից ֆաբրիկագործարանային ուսուցման ծրագրով հավաքագրել են հայ երիտասարդների և ուղարկել աշխատելու Բաքու, Սումգայիթ և այլ քաղաքներ։ 1945-1960 թվականներին մարզում ոչ միայն չեն կառուցվել նոր ֆաբրիկա, գործարան, մշակութային, կենցաղսպասարկման օբյեկտներ, այլև քանդվել, ոչնչացվել են եղած արտադրական կարողությունները, սոցիալ-տնտեսական ոլորտի հաստատությունները։ Արտադրական ձեռնարկությունները տեղաբաշխված էին հիմնականում Ստեփանակերտում և Շուշիում։ Կտրուկ փոխվել է մարզի և հատկապես Շուշիի ժողովրդագրական պատկերը։ Եթե 1913 թվականին Շուշիի բնակչության (42.400) 61,5 %-ը հայ էր, ապա 1989 թվականին քաղաքում ոչ մի հայ չէր մնացել։ Հայրենական մեծ պատերազմի (1941-1945) ժամանակ մարզի բնակչության 35 %-ը (45 հազար մարդ) զորակոչվել է բանակ, 22 հազարը զոհվել է։ 1949 թվականին մարզից արտաքսել և Ալթայի երկրամաս (Ռուսաստան) են աքսորել հազարավոր հայ ընտանիքների։ 1959 թվականին հայ բնակչության թվաքանակը 1946 թվականի համեմատությամբ նվազել է 37 հազարով։ Կտրուկ փոխվել է նաև բնական աճի պատկերը, եթե 1961 թվականին մարզում 1000 շնչի հաշվով ծնվել է 40,5 երեխա, բնական աճը կազմել է 33,3 մարդ, ապա 1986 թվականի այդ ցուցանիշը եղել է ընդամենը 16,2։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png