Բիշքեկյան արձանագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բիշքեկյան արձանագրություն, ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի, Ղրղզստանի Հանրապետության խորհրդարանի, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ 1994 թվականի մայիսի 4-5Բիշքեկ քաղաքում անցկացված հանդիպման արդյունքում հաստատված փաստաթուղթ, որով մասնակից կողմերը վճռականություն հայտեցին ամեն կերպ օժանդակել Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջը զինված հակամարտության դադարեցմանը, քանի որ վերջինս ոչ միայն անուղղելի վնաս էր հասցնում ադրբեջանական և հայ ժողովուրդներին, այլև շոշափում էր տարածաշրջանային այլ պետությունների շահերը և բարդացնում էր միջազգային իրավիճակը։ Դրանով կոչ էր արվում հակամարտող կողմերին մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը դադարեցնել կրակը՝ հիմնվելով 1994 թվականի փետրվարի 18-ի արձանագրության վրա։ Արձանագրությամբ որոշվեց կնքել շուտափույթ համաձայնություն, որով կդադարեցվեր զինված հակամարտությունը և կվերացվեին դրա հետևանքները։ Համաձայնագրով նախատեսվում էր՝

  1. ստեղծել ռազմական գործողությունները չվերսկսելու ապահովման մեխանիզմ,
  2. դուրս բերել զորքերը գրավված տարածքներից,
  3. վերականգնել հաղորդակցման ուղիների գործունեությունը,
  4. ապահովել փախստականների անվտանգ վերադարձը։

Կողմերը նաև նպատակահարմար գտան պարբերաբար կազմակերպել նմանատիպ հանդիպումներ՝ հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու նպատակով։