Jump to content

Սուրբ Փրկիչ եկեղեցի (Ստամբուլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Փրկիչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկ եկեղեցի
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունԲեյօղլու և Ստամբուլի մարզ
Քարտեզ
Քարտեզ
 Surp Pırgiç Ermeni Katolik Kilisesi Վիքիպահեստում

Սուրբ Փրկիչ եկեղեցի, հայ կաթողիկե եկեղեցի Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Բեյօղլու շրջանի Քարաքյոյ թաղամասում[1]։

Հայ կաթոլիկների աքսոր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան կայսրությունում հայ առաքելականների և կաթոլիկների համակարտության սկզբնական շրջանում սուլթան Մահմուդ II-ը փորձել է չեզոքություն պահպանել, բացառությամբ այն դեպքերի, երբ խախտվում էր հասարակական կարգը։ Քանի որ կաթոլիկ համայնքին աջակցում էին եվրոպական պետությունները, սուլթանը մինչև 1828 թվականը նախապատվությունը տալիս էր առաքելականներին։

1828 թվականի հունվարի 10-ին Մահմուդ II-ը նամակ ուղարկեց Պոլսո Հայոց պատրիարքարան՝ հրամայելով Ստամբուլի և Անկարայի կաթոլիկ հայերին աքսորել կայսրության ծայրամասային շրջաններ։ Այս իրադարձությունը համարվում է օսմանյան պատմությունում հայերի առաջին բռնի գաղթը (չհաշված Մեհմեդ II-ի կողմից Բուրսայից Ստամբուլ բերված հայերը)։

Նույն թվականին բռնկված օսմանա-ռուսական պատերազմում կաթոլիկ հայերը անցան օսմանցիների կողմը և մասնակցեցին Ախալքալաքում ռուսների դեմ պատերազմին՝ վերացնելով կաթոլիկ հայերի նկատմամբ բացասական վերաբերմունքը։ Դա օգնեց նվազեցնել ճնշումը, թույլ տալ նրանց վերադառնալ աքսորից և ճանաչել նրանց որպես առանձին համայնք և եկեղեցի։ 1830 թվականի հունվարի 6-ին սուլթան Մահմուդ II-ի հրամանագրով Ստամբուլում ստեղծվել է անկախ կաթոլիկ հայ պատրիարքություն՝ Տանն Կիլիկիո կաթողիկե եկեղեցի։

Եկեղեցու կառուցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Փրկիչ եկեղեցին հիմնադրել են Օսմանյան կայսրությունում ապրող կաթոլիկ հայերը։ Եկեղեցու հիմքերը 1832 թվականի մայիսի 12-ին դրել են Անտոն արքեպիսկոպոս Նուրիչյանը և նախարար Ագոպոս Չուքուրյանը։ Բացումը տեղի է ունեցել 1834 թվականի հունվարի 13-ին։ Եկեղեցին կառուցվել է հայ կաթողիկե համայնքի նվիրատվություններով։ Եկեղեցու ներսում է գտնվում Լիբանանի էմիր Բաշար Շահաբիի գերեզմանը։

Եկեղեցու կառուցման ժամանակ Ստամբուլում ժանտախտի համաճարակ էր բռնկվել։ Մարտի 25-ին եկեղեցու հայ հոգևորականները քաղաքում շրջում էին Վատիկանից ուղարկված Աստվածամոր նկարով։ Երբ դրանից հետո նկատվեց ժանտախտի արագ նվազում, սուլթանը եկեղեցուն ադամանդե զարդ ուղարկեց։ Այդ սրբապատկերը և սուլթանի նվիրած զարդը մինչ օրս պահվում է եկեղեցում[2]։

Սյուները սրբատաշ քարից են, իսկ եկեղեցին կառուցվել է կոպիտ քարով։ Գլխավոր խորանից բացի, կան չորս ավելի փոքր խորաններ։ Շենքի արևմուտքում գտնվող գավիթը բաղկացած է երեք մասից։ Նարտեքսն ունի եռանավ խաչի կառուցվածք։ Եկեղեցու դեկորացիաները պարզ են, բացառությամբ դրսի կիսակլոր կամարակապ պատուհանների և մուտքի կոթողային շարերը։

2023 թվականի հունվարի 23-ին եկեղեցում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է երկու մարդ[3][4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Kültür Envanteri - Surp Pırgiç Ermeni Katolik Kilisesi, Beyoğlu». kulturenvanteri.com (թուրքերեն). 2021 թ․ հունվարի 28. Վերցված է 2024 թ․ փետրվարի 22-ին.
  2. AKBULUT, Ali Rıza (2023 թ․ հունվարի 25). «'Salgın bitiren' kilise». www.hurriyet.com.tr (թուրքերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 22-ին.
  3. «Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» հայկական եկեղեցում հրդեհ է բռնկվել. կան զոհեր». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 22-ին.
  4. «Karaköy'de Surp Pırgiç Ermeni Katolik Kilisesi'nde yangın». euronews (թուրքերեն). 2023 թ․ հունվարի 24. Վերցված է 2024 թ․ փետրվարի 22-ին.