Սուրբ Աննայի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբ Աննայի տաճար
լիտ.՝ Šventos Onos bažnyčia
Vilnius.Sv.Onos baznycia.Saint Ann's church2.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և Catholic church?
ԵրկիրԼիտվա Լիտվա
ՏեղագրությունՎիլնյուս
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՎիլնյուս
ԱնվանվածԱննա
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճգոթիկա
Հիմնադրված1495
Առաջին հիշատակում1394
Շինանյութաղյուս
Կոորդինատներ: 54°40′59.000000101609″ հս․ լ. 25°17′36.000000098797″ ավ. ե. / 54.68305555558377762° հս․. լ. 25.29333333336077771° ավ. ե. / 54.68305555558377762; 25.29333333336077771
onosbaznycia.lt/index.php

Սուրբ Աննայի տաճար (լիտ.՝ Šventos Onos bažnyčia, լեհ.՝ kościół Świętej Anny), գոթական ոճի կաթոլիկ տաճար Վիլնյուսում, քաղաքի ամենահայտնի ու ճանաչելի տեսարժան վայրերից մեկը: Գտնվում է Հին քաղաքում` Մայրոնյո փողոցում: Անվանակոչված է ի պատիվ Մարիամ Աստվածածնի մոր` Աննայի:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Աննայի գյուղական եկեղեցու մասին առաջին վկայությունները վերաբերում են 1394 թվականին: Ենթադրվում է, որ քարե եկեղեցին կառուցվել է 1495-1500 թվականներին և օծվել է 1501 թվականի մայիսի 22-ին: Երբ 1502 թվականին փլուզվել է բերնարդինցիների` հարևանությամբ գործող եկեղեցին, քահանաները պատարագ են անցկացրել Սուրբ Աննայի եկեղեցում: Եկեղեցու մեկենասն էր Լիտվայի մեծ իշխան Ալեքսանդրը (1460-1506):

Տաճարի հիմնադրի անունը հայտնի չէ: Կա ենթադրություն, որ նա եղել է ճարտարապետ Նիկոլայ Էնկինգերը Դանցիգից, ով վերականգնել է տաճարը և բերնարդցիների մենաստանը 1501-1507 թվականներին: Արվեստագետ Քրիստինա Մակովսկան վիճարկում է այս տեսակետը այն փաստի հիման վրա, որ այդ երկու շինությունները խիստ տարբեր ոճերով են կառուցված:

Մակովսկայի կարծիքով տաճարն ամենայն հավանականությամբ կառուցվել է լիտվական մեծ իշխան Յագայլոյի հովանավորությամբ ճարտարապետ Բենեդիկտ Ռեյթի կողմից, ով կառուցել էր նաև Պրահայի մայր տաճարը և կրակովյան Վավել ճարտարապետական համալիրը: Պահպանվել է վկայություն այն մասին, որ Յագայլոն Բենեդիկտ Ռեյթին ուղարկել է Վիլնյուս վարպետ Յակովի հետ. վերջինիս անունը պահպանվել է տաճարի աղյուսներից մեկի վրա: Ճարտարապետը մահացել է 1531-1534 թվականների միջակայքում: Յագայլոյի պատվերով նկարվել է նրա դիմանկարը, որը ներկայումս պահպանվում է Պրահայի մայր տաճարում:

1564 թվականի հրդեհից հետո տաճարը լքվել է և կրկին սկսել գործել միայն 1581 թվականին: Հենց այդ ժամանակ էլ այն ստացել է ներկայիս տեսքը: 17-րդ դարում փլվել են կառույցի կամարները: Վերանորոգվել է հիմնականում եկեղեցու ներքին տարածքը:

1761 թվականի հրդեհից հետո ծեփվել են ծխից սևացած ներքին հատվածները, արտաքին մակերևույթը ներկվել է կարմիր գույնով, իսկ տանիքի փայտե կամարները փոխարինվել են քարե կամարներով: Տաճարի արտաքին տեսքը պահպանվել է հետագա վերանորագումների ժամանակ:

Համալիրի ընդհանուր տեսքը բերնարդցիների եկեղեցու հետ, 1874 թվական

Տարածված մի ավանդության համաձայն` 1812 թվականին Նապոլեոնը հիացել է տաճարի շքեղությամբ և ափսոսանք հայտնել, որ չի կարող տաճարը Փարիզ տեղափոխել: Դրանով հանդերձ` տաճարն օգտագործվել է ֆրանսիական հեծելազորի կողմից, իսկ հետագայում ֆրանսիացիներն այրել են նրա փայտե կահ-կարասին:

1848-1859 թվականներին տաճարը վերանորոգվել է: Նրա արտաքին մակերևույթը կարմիր աղյուսի տպավորություն է թողնում: 1867 թվականի մայիսին հրդեհից առանձնապես վնասվել են տանիքը, դռներն ու պատուհանները: 1746 թվականին կառուցված զանգակատունը 1872 թվականին փոխարինվել է ճարտարապետ Չագինի նախագծած նոր զանգակատնով:

1902-1909 թվականների, փլուզման վտանգից ելնելով, տաճարը կրկին վերանորոգել են: Ամրացվել են հիմքերը, ապահովվել է ջրահեռացումը: Պատերն էլ ամրացրել են մետաղական կոնստրուկցիաներով, նորից կառուցել են կամարներ, վերականգնել ընկած աղյուսները, ներքին մակերևույթը ծեփել` այս անգամ օգտագործելով կարմիր կավ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տաճարն այլևս չի փակվել:

Տաճարում վերանորոգման աշխատանքներ են անցկացվել նաև 1969-1972 թվականներին լիտվացի ճարտարապետներ Յ. Բարտկունասի և Ն. Կիտկաուսկասի գլխավորությամբ: Վերակառուցվել են աշտարակները, որնք այդ պահին խիստ անմխիթար վիճակում էին: 2008 թվականի ապրիլին ապահովության համար տաճարը շրջակա տարածքից մեկուսացվել է ծառերով, քանի որ Մայրոնյո փողոցում տրանսպորտային միջոցների հոսքի հետևանքով առաջացող տատանումները ճաքեր էին առաջացնում շինության պատերին, և թափվում էին աղյուսները[1]:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետական տեսանկյունից Սուրբ Աննայի տաճարը ուշ գոթիկայի դրսևորում է, ինչը լայնորեն տարածված էր Ֆրանսիայում և Նիդերլանդներում 15-րդ դարում: Ոչ մեծ չափերով, երկարավուն ուղղանկյունու տեսք ունի կառույցը` 22 մ երկարությամբ և 10 մ լայնությամբ: Արտաքին պատերը բարակ են` չորս զույգ պատուհաններով: Նրանց միջև արտաքին և ներքին կողմերից սյուներ են, որոնք կոնտրֆորսի դեր կատարելով, կրում են սյուների ծանրությունը: Տաճարի ամենաարժեքավոր մասը ճակատային արտաքին մասն է, որը «իրեն հավասարը չունի ոչ միայն լիտվական, այլև արևելաեվրոպական աղյուսե գոթիկայի ճարտարապետության մեջ»[2]: Ճակտոնի կոմպոզիցիան ճարտարապետության գլուխգործոց է: Այն օժտված է արտասովոր պլաստիկայով, բազմազանությամբ և գծերի ու ձևերի շքեղությամբ: Ճակատային մասի համաչափ կոմպոզիցիան ձևավորվում է առանձնահատուկ գեղեցկությամբ, նույն բարձրությամբ երեք աշտարակներով: Պորտալը հակադրվում է ֆասադի դեկորատիվ հիմնական մասին, որի մակերևույթը հարթ չէ: Քիվերից ուղղահայաց վեր են ձգվում պարանի տեսքով զարդապատկերները: Բարձր ու նեղ պատուհանները հատվում են ընդգծված մեծ կամարի հետ, որը միացնում է բոլոր տարրերը: Աշտարակների կամարները մեծ կամարի կրկնությունն են: Արվեստագետ Վլադաս Դրեմայի կարծիքով ֆասադի կոմպոզիցիայում հստակ ընդգծվում է Լիտվայի մեծ իշխանության խորհրդանիշը` Գեդիմինի սյուները[3]:

Տաճարի շինարարության մեջ օգտագործվել է 33 ձևի դեղին աղյուս, որը բծախնդրորեն մշակված է` մեծ կայունություն ձեռք բերելով խոնավության և ջերմաստիճանի տատանման հանդեպ: 1761 թվականի հրդեհից հետո արտաքին պատերը ներկվել են կարմիր գույնով:

Ներսույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարի զանգակատունը

Տաճարի ներսույթը առանձնահատուկ հետաքրքրություն չի առաջացնում: Այն ունի մեկ նավ` 12.4մ բարձրությամբ, որը խորանից անջատված է գոթական ոճի կամարով: Նավի երկարությունը 19 մ է, լայնությունը` 8.7 մ, բարձրությունը` 12.7 մ: Կամարները զարդարում են ջլաղեղները: Հյուսիսային մասում գտնվում են ավանդատունը և պատշգամբասրահը, որոնք կառուցվել են 1613 թվականին: Նրանք միացնում են Սուրբ Աննայի տաճարը բերնարդցիների եկեղեցուն:

Զանգակատուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աջ մասում գտնվում է նեոգոթիկայի ոճով կառուցված զանգակատունը, որը կառուցվել է 1873 թվականին ճարտարապետ Չագինի նախագծով: Այն բարձր գնահատանքի չի արժանացել: Զանգակատան հետևում երկհարկանի մատուռն է` «Քրիստոսի աստիճանները» (կառուցվել է 1617 թվականին): 1752 թվականին այն ընդարձակվել է. կառուցվել են ներքին աստիճաններ, ներսույթը զարդարվել է բարոկկոյի ոճով որմնանկարներով:

Սպասարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարը մայիս-սեպտեմբեր ամիսներին բաց է ամեն օր 10:00-ից 18:00-ը` բացի կիրակիից: Հոկտեմբեր-ապրիլ ամիսներին բացվում է պատարագից կես ժամ առաջ: Սպասարկումը կատարվում է լիտվերենով երկուշաբթիից շաբաթ մինչև 17:30-ը, կիրակի և տոն օրերին` մինչև 9:00 և 11:00 :

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wilno. Przewodnik krajoznawczy Juliusza Kłosa, Prof. Uniwersytetu St. Batorego. Wydanie trzecie poprawione po zgonie autora. Wilno, 1937. S. 133—134.(լեհ.)
  • А. Медонис. Զբոսաշրջիկներին Վիլնյուսի մասին: Թարգմանություն լիտվերենից: Վիլնյուս, Մինտիս, 1965. էջ 68—69.
  • Ա. Պապշիս. Վիլնյուս: Վիլնյուս, Մինտիս, 1977. էջ 36—38
  • Խորհրդային Միության հուշարձաններ. Բելառուս, Լիտվա, Լատվիա, Էստոնիա: Տեղեկատու-ուղեցույց, Մոսկվա 1986. ISBN 5-210-00094-X. С. 398

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Elena Novikova.։ «Пять веков костела св. Анны напомнили о себе»։ Runet.lt։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-01-ին։ Վերցված է 22 июня 2008 
  2. А. Папшис. Вильнюс. Вильнюс: Минтис, 1977. С. 37.
  3. Tomas Venclova. Wilno. Przewodnik. Wydanie czwarte. Vilnius: R. Paknio leidykla, 2006. ISBN 9986-830-47-8. S. 123—124.(լեհ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]