Խելք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (օգոստոսի 17, 2018) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
Փորագրություն Ռոբերտ Ֆլադի Utriusque cosmi maioris scilicet et minoris Metaphysica, physica atque technica Historia գրքից, 1617 թվական

Խելք կամ միտք, ինտելեկտի, բանականության, մտածողության[1], ճանաչողության[2], ըմբռնման, ընկալման, հիշողության, ընդհանրացնելու, գնահատելու և որոշում ընդունելու գործընթացների ամբողջություն է։ Խելքը որոշվում է զգացողություններով, հույզերով, հասկացողությամբ, հիշողությամբ, ցանկություններով, անհատական առանձնահատկություններով ու դրդապատճառներով, ինչպես նաև ենթագիտակցությամբ[3]։ Այն սովորաբար սահմանվում է՝ որպես անհատի մտածելու և գիտակցելու կարողություն[4]։ Խելքն ունի երևակայության, ճանաչողության և գնահատման ուժ և պատասխանատու է զգացմունքների ու հույզերի մշակման համար, ինչի արդյունքում էլ ձևավորվում է վերաբերմունք և գործողություն։

Փիլիսոփայության, կրոնի, հոգեբանության, կոգնիտիվ գիտության մեջ գոյություն ունեն հնագույն ավանդույթներ այն մասին, թե ինչից է բաղկացած խելքը և որոնք են նրա առանձնահատկությունները։

Խելքի բնույթին վերաբերվող հարցերից մեկը հոգեֆիզիկական խնդիրն է, որն ուսումնասիրում է խելքի կապը գլխուղեղի և նյարդային համակարգի հետ։ Մինչգիտական հայացքները ներառում էին դուալիզմն ու իդեալիզմը, որոնք խելքը համարում էին ոչ ֆիզիկական երևույթ[5]։ Ժամանակակից տեսակետները կենտրոնանում են ֆիզիկալիզմի և ֆունկցիոնալիզմի վրա, որոնք խելքը մոտավորապես նույնականացնում են ուղեղի հետ կամ մոտեցնում են ֆիզիկական երևույթներին, ինչպիսիք են նեյրոնների ակտիվությունը[6]։ Մյուս հարցը վերաբերում է «խելք» ունեցող տեսակների կեցությանը։

Խելքի մասին կարևոր մտքեր ունեն փիլիսոփաներ Պլատոնը, Ռենե Դեկարտը, Գոթֆրիդ Լայբնիցը, Ջոն Լոքը, Ջորջ Բերկլին, Դեյվիդ Հյումը, Իմանուիլ Կանտը, Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելը, Արթուր Շոպենհաուերը[7]։ Հոգեբաններ Զիգմունդ Ֆրոյդը և Վիլյամ Ջեյմսը, ինչպես նաև ինֆորմատիկներ՝ Ալան Թյուրինգը և Հիլարի Պուտնամը զարգացրել են խելքի բնույթի մասին ազդեցիկ տեսություններ։ Մարդու խելքի նմանօրինակ ունակություն ունենալու հնարավորություններն ուսումնասիրվում են արհեստական բանականության բնագավառում, որը սերտորեն համագործակցում է կիբեռնետիկայի և ինֆորմացիայի տեսության հետ, որպեսզի հասկանա, թե ինչպես է ոչ կենսաբանական մեքենաների կողմից ինֆորմացիայի վերամշակումը համեմատվում կամ տարբերակվում մարդու բանականությունում կատարվող մտավոր երևույթների հետ։

Խելքը նաև նկարագրվում է որպես գիտակցության հոսք, որտեղ զգացմունքային տպավորություններն ու մտավոր երևույթները ենթական են մշտական փոփոխության[8][9]։

Հաճախ միտք կամ մտավորական անվանում են գիտնականներին, նոբելյան մրցանակակիրներին, խորհրդականներին, վելուծաբաններին ու մասնագետներին, որոնք զբաղվում են մտավոր աշխատանքով[10][11][12]։

Համարվում է, որ խելքն այն հատկությունն է, ինչը բնորոշ է բացառապես մարդուն, այնուամենայնիվ, կան տեսություններ, որոնք համարում են, որ հավանաբար կենդանիները նույնպես օժտված են խելքով։ Որոշ տեսություններ ենթադրում են, որ գոյություն ունի միայն մեկ` վերմարդկային բանականություն (բացարձակ բանականություն), կա մեկ այլ տեսություն, որը խելքը համարում է մատերիայի համընդհանուր հատկություն։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին անգլերենում, բնօրինակ իմաստը կապված էր հիշողության հետ, և ոչ թե ընդհանուր առմամբ՝ մտքի։ Շոտլանդիայում բառը պահպանում է այդ իմաստը[13]։

Խելքի ընդհանրացումը միտք, կամք, զգացմունք և հիշողություն և այլն մտավոր կարողությունների հետ՝ աստիճամաբար զարգացել է XIV և XV դարերում[14]։

Լատինական հոմանիշներին կարելի է վերագրել «ինտելեկտ» ( լատին․՝ intellectus - «հասկացողություն, ճանաչողություն») եզրույթը, որը նշանակում է բանականություն, դատողունակություն, մտավոր ունակություններ. փորձից սովորել, հարմարվել, գիտելիքները կիրառել շրջակա միջավայրը ղեկավարելու համար կամ վերացական մտածել[15][16]։

Ռուսական «խելք» («ум») խոսքը թարգմանական գրականության մեջ հաճախ օգտագործվում է որպես սանսկրիտ չիտտա եզրույթի թարգմանության տերմին, անգլ.՝ mind և գերմ.՝ geist (ոգի)[17]։ «Միտք» բառն օգտագործվել է Դեկարտի «Մտքի ղեկավարման կանոնները» (լատին․՝ Regulae ad directionem ingenii) ստեղծագործությունում։

Ռուսերենում տերմինը հիշատակվում է Իգորի գնդի մասին ասքում[18]։ Աստվածաշնչի սինոդային թարգմանության մեջ «խելք» բառով (Աստծո խոսք) թարգմանվում է այն, ինչը սլավոնական եկեղեցական իմաստով մատնանշվում է ինչպես՝ սիրտ (Եզեկիել 28:2)[19][20]։ Սակայն խելք (оумъ, լատին․՝ sensum) եզրույթը հանդիպում է նաև սլավոնական եկեղեցական Աստվածաշնչի թարգմանության մեջ (Կոր 2:16, 14:20[21], Փիլ 4:7[22]), որտեղ խելքը (լատին․՝ mens, հին հունարեն՝ νοῦς) հակադրվում է հոգուն, որպես ըմռնելու ունակություն (Կոր 14:14)[21]։

Սահմանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննարկման առարկա են հանդիսանում խելքի մաս կազմող հատկանիշները։ Որոշ հոգեբաններ պնդում են, որ միայն «բարձր» ինտելեկտուալ գործընթացներն են կազմում խելքը, հատկապես՝ գիտակցությունն ու հիշողությունը[23]։ Այս տեսանկյունից, զգացմունքները, ինչպիսիք են՝ սերը, ատելությունը, վախն ու ուրախությունը, ավելի պարզունակ կամ սուբյեկտիվ բնույթ ունեն և որպես այդպիսին պետք է դիտարկվեն խելքից առանձին։ Մյուսները պնդում են, որ տարբեր ռացիոնալ և հուզական վիճակները չի կարելի առանձնացնել, որովհետև նրանք ունեն նույն բնույթն ու ծագումը և պետք է դրանք հաշվի առնել՝ որպես խելքի ամբողջական մաս։

Առավել հաճախ խելքն օգտագործվում է որպես մատծողության հոմանիշ[24]։

«Խելքի» պարամետրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու մտավոր համակարգի տարբերակող առանձնահատկությունները կազմող պարամետրերին են վերագրվում.

  • աշխատանքային հիշողության ծավալը, կանխատեսումներ անելու, գործիքային գործունեության, տրամաբանելու ընդունակությունը[25]
  • արժեքավոր տեղեկությունների համակարգված ընտրության բազմամակարդակ (նեյրոնների 6 շերտեր) հիերարխիան [26]
  • գիտակցությունը[27]
  • հիշողությունը[28]։

«Խելքի» տեղը գիտակցության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտակցությունը (բնորոշ է միայն մարդկանց) օբյեկտիվ իրականության արտացոլման և շրջակա միջավայրի նկատմամբ մարդու վերաբերմունքի նպատակաուղղված կարգավորման բարձրագույն ձևն է։ Ձևավորված գիտակցության գործընթացներում ինքնադիտումը տարբերակում է երևույթների երեք հիմնական խմբեր.

  1. ընկալումները և նրանց մտավոր վերամշակումը
  2. հուզական հավասարակշռության փոփոխությունները
  3. կամային մղումները։

Այս տարբերակումն ունի վերացական բնույթ այն իմաստով, որ անհայտ են գիտակցության այնպիսի վիճակներ, որտեղ այդ տարրերից որևէ մեկը բացարձակապես բացակայեր։ Բայց նրանց քանակական և որակական տարբեր համադրության հնարավորությունը և մեկը մյուսին հանգեցնելու անհնարինությունը ստիպում է տարբերակել նրանց այնպես, ինչպես տարբերակում ենք օբյեկտիվ առարկաների ձևը և գույնը, որոնք երբեք չեն դիտվում մաքուր ձևով։ Մտավոր կամ ճանաչողական գործունեությունում հոգեկան գործընթացների հիմնական խմբերից առաջինը կրում է խելք անունը։ Այդ խմբի երևույթների բազմազանությունը և երկու մյուս խմբերի գործընթացների նկատմամբ տարբերակված մտավոր գործընթացների քանակական գերակշռությունը հանգեցրել են և մինչ օրս հաճախ շարունակում են հանգեցնել «խելք» հայեցակարգի շրջանակների չափից ավելի ընդլայնմանը և ամբողջ գիտակցության երևույթների համախումբը նրա հետ նույնացնելուն։ Մյուս կողմից, այն դերը, որը բարեկիրթ մարդու մտավոր գործունեության մեջ կատարում են ընկալման վերամշակման ամենաբարդ գործընթացները, հանգեցնում է հասկացության շրջանակները նեղացնող նույնպիսի անհամապատասխանության և խելքը այն գործընթացների հետ նույնացնելուն, որոնց համախումբը կոչվում է դատողություն, բանականություն և այլն։

Հոգեբանության մեջ եռամաս բաժանումը համընդհանուր տարածում է ստացել, հիմնականում, Կանտի շնորհիվ։ Հոգեկան գործունեությունը հնարավոր է ուսումնասիրել կա՛մ նրա տարրերով (ընկալում, ուշադրություն, ասոցիացիաներ, հիշողություն, խելք, բանականություն, դատողություն), կա՛մ քանի որ դրանք միացվել են անհատական հոգեբանության մեջ և բնութագրում են անհատի մտավոր առանձնահատկությունը։ Մարդկային գիտակցության բնորոշ առանձնահատկությունն այն է, որ զգայարանների միջոցով հնարավորինս ընկալվող նյութը մտավոր գործողությունների երևույթների միայն չնչին մասն է արտաքին աշխարհի երևույթների անթիվ բազմազանությունում։

Խելք, փորձ և զգայարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորա Բրիջմեն (1829-1889). երկու տարեկանում կարմիր տենդով (скарлатина) հիվանդանալու արդյունքում կորցրել է տեսողությունը, լսողությունը, մասամբ համի և հոտառության զգացողությունները։ Գրագիտություն է սովորել, վարել է օրագիր, գրել է բանաստեղծություններ: Նրա ճակատագիրը պատմության մեջ մտել է, որպես կույր-խուլ մարդկանց մտավոր ուսուցման փաստացի առաջին հաջող դեպքերից մեկը։
Մարիի սենյակ փիլիսոփայական գիտափորձ, որն առաջարկել է ավստրալիական փիլիսոփա Ֆրենկ Ջեքսոնը (անգլ.՝ Frank Cameron Jackson)։ Դրանում փորձ է արվում հերքել մտքի ֆիզիկակակն պատկերացումը։

Կարելի է պատկերացնել հոգևոր աշխարհ, որի ընկալման շրջանակը սահմանափակված է գրեթե բացառապես շոշափման տպավորություններով (կույր և խուլ Բրիջմենը)։ Այդ պայմաններում հնարավոր են բավական բարդ պատկերացումների ձևավորում, բայց հոգեբանական կյանքը կառանձնանա խիստ միակողմանիությամբ։ Տեսողական և լսողական ընկալումներից մտավոր զարգացման համար ավելի մեծ նշանակություն ունեն, ըստ երեւույթին, լսողական ընկալումները, քանի որ դրանք սերտ կապ ունեն ձայնային խոսքի հետ, որին էլ մարդը հիմնականում պարտական է նախորդ սերունդների կուտակած մտավոր փորձից օգտվելու հնարավորության համար։ Խուլհամրերը, ովքեր կրթություն չեն ստանում ամբողջ կյանքում, մնում են թերհաս մակարդակի վրա, նույնիսկ այն դեպքում, երբ խլությունը կախված չէ ուղեղի առավել ընդհանուր վնասվածքի հետ։

Բայց զգայարանների լիովին անվնաս լինելու դեպքում էլ նրանց վրա ազդող ոչ բոլոր տպավորություններն են, որ մարդկային գիտակցության մեջ են մտնում ինչպես նյութ, որը պիտանի է հետագա մտավոր վերամշակման համար։ Այդ նպատակի համար ամեն օր ստացվող տպավորությունների մեծ մասը շատ անհասկանալի և լղոզված են։ Այն բանի համար, որ դրանք ընկալումներ դառնան, ֆիզիոլոգիական բնույթի պայմաններից բացի անհրաժեշտ են մտավոր անհատին բնորոշ մտավոր ունակությունների պայմաններ։ Տպավորությունները դառնում են հստակ ընկալումներ միայն այն դեպքում, եթե դրանք մարդու գիտակցության մեջ հանդիպում են այսպես կոչված ռեզոնատորների, որոնք իրենցում պարունակում են հիշողությունների տեսքով պատկերներ, որոնց համատեղ խթանումը մեծացնում է զգայական գրգռումը։ Բուսական աշխարհին անծանոթ մարդը ծաղիկը դիտելիս զարմանալիորեն սակավ ընկալումներ կստանա՝ բուսաբանի հետ համեմատած։ Նույն զգացողությունն են ունենում ոչ մասնագետները, օրինակ, մեքենաների ցուցահանդես այցելելիս։ Այդ դեպքում հնարավոր է, որ գիտակցություն են ներթափանցում եզակի ուժեղ տպավորություններ, սակայն դրանք նրանում չեն մնում և չեն յուրացվում, քանի որ կապի մեջ չեն մտնում անտեղյակ մարդու պատկերացումների և հասկացությունների հետ և մնում են անհետևանք` հետագա մտավոր վերամշակման իմաստով։

Արտաքին տպավորությունների ողջ ոլորտի հետ կապված այս վիճակում է գտնվում երեխայի գիտակցությունը լույս աշխարհ գալու սկզբնական շրջանում։ Քանի դեռ արտաքին աշխարհի տպավորություններն ամուր հետքեր չեն առաջացրել հիշողությունների համար, չի առաջանում նաև հոգեբանական հարաբերությունների այն շերտը, որում հետագա բոլոր տպավորություններն անմիջապես միահյուսվում են նախորդող մտավոր ձեռքբերումների հետ։ Նույնիսկ այն դեպքում, երբ հաճախ կրկնվող տպավորությունները երեխայի գիտակցության մեջ արդեն ամուր հետքեր են ստեղծել, նրա ընկալումների քանակն առանձնանում է չափազանց աղքատիկությամբ և միակողմանիությամբ, որը համապատասխանում է նրա փոքրաթիվ և միանման հիշողություններին։ Նույնքան խղճուկ և միակողմանի են վայրենու ընկալումները։

Կրթությունը և գիտությունը բարձրացնում են արտաքին տպավորությունների նկատմամբ մեր զգայունությունը` մեր գիտակցության մեջ ստեղծելով արտաքին աշխարհի հետ համահունչ ամենատարբեր տպավորություններ։ Ընկալման գործընթացի վրա պատկերացումների առկա պահուստի ազդեցության առավել կարևոր հետևանքն է մեր վրա գործող տպավորությունների միջև ընտրություն անելու հնարավորությունը։ Երեխայի գիտակցության բովանդակությունը լիովին կախված է նրան շրջապատող իրադրության պատահականություններից. նրա վրա գործում են միայն տվյալ պահի առավել ուժեղ գրգիռները, անկախ երևույթների ներքին կապից։

Մեծահասակների մոտ, ընդհակառակը, ընկալման գործընթացն ավելի ու ավելի ենթարկվում է յուրաքանչյուրի այն հակումներին, որոնք ձևավորվում են անձնական հոգեկան փորձով։ Մարդու կողմից առավելապես ընկալվում են այն տպավորությունները, որոնք արձագանք են գտնում նրանց կուտակված պատկերացումներով և ասոցիացիաներով։ Այս ուղղությամբ ամեն մի քայլը հարաճուն կերպով ուժեղացնում է օպերատիվությունը, այնպես որ, ի վերջո, մեր մտավոր աշխարհի տպավորությանը մոտ ամենաչնչին ակնարկն անգամ առաջացնում է հստակ և պարզորոշ ընկալում։ Այս ճանապարհով ապահովվում է մարդկային անհատի ամբողջականությունը, ստեղծվում է մտավոր անհատականություն։ Ասվածից պարզ է դառնում, որ մեր մտավոր կյանքի բոլոր հոսանքների վրա լուրջ ազդեցություն ունի հիշողությունը։

Խելք և հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշողությունը դա՝ գիտելիքի, ինֆորմացիայի և փորձի մտապահումը, պահպանումը և անհարժեշտության դեպքում վերարտադրումն է։ Չնայած այն բանին, որ հիշողությունը միշտ էլ եղել է փիլիսոփայության մեջ մշտապես քննարկվող թեմաներից մեկը, սակայն XIX դարի վերջին և XX դարի սկզբին հիշողությունը դեռևս ուսումնասիրվում էր որպես՝ կոգնիտիվ հոգեբանության սուբյեկտ։ Վերջերս այն դարձել է գիտության նոր ճյուղերից մեկը, որը կոչվում է՝ կոգնիտիվ նյարդաբանություն, որը կոգնիտիվ հոգեբանության և նյարդագիտության միասնությունն է։

Հիշողության զարգացումը մտավոր զարգացման հետ չկապող համանման պատկերացումը թյուրիմացության հետևանք է։ Մեր հիշողությունները ոչ միայն ձևավորում են այն ցանցը, որում միահյուսվում են նոր տպավորությունները, այլև մասամբ որոշում են այն ընկալումների ընտրությունը, որոնք մեր գիտակցություն կմտնեն որպես թարմացնող նյութ, և այն տեղը, որը նրանք կզբաղեցնեն հոգեբանական հարաբերությունների ընդհանուր ցանցում։ Նրանք ազդում են ստացվող ընկալումների ոչ միայն քանակի, այլև՝ որակի վրա։ Ժամանակակից քաղաքակիրթ մարդը ֆետիշի մեջ տեսնում է ոչ այն, ինչ նրանում տեսնում է նախնադարյան ցեղի աֆրիկյան վայրենին։ Ապերցեպացվող օբյեկտը փոփոխվում է «ապերցեպացվող զանգվածի» ազդեցությամբ, ինքն էլ իր հերթին ձևափոխում է այն` նրա հետ համակցության մեջ մտնելով։ Ծերությամբ կամ կաթվածի ազդեցությամբ պայմանավորված հիշողության թուլացումը հանգեցնում է մտավոր կյանքի անկմանը և մտավոր անհատականության կորստին։ Անձն անօգնական է դառնում այնպիսի պատահական ուժեղագույն տպավորությունների առաջ, որոնք չեն համընկնում միմյանց հետ եւ արդյունքում, մնում են առանց հետագա մշակման։ 

Հիշողություն – մտավոր զարգացում. այս հակադրությունը, որի մասին նշվեց, հիմնված է հիշողությունն ընդհանրապես նրա որոշ հատուկ տեսակների հետ նույնականացնելու հետ։ Աբստրակտ մտածելակերպը սովորություն դարձնելով հնարավոր է, օրինակ, որ թուլանան կոնկրետ հիշողությունները, քանի որ վերացարկումը կայանում է հենց նրանում, որ բարդ և տարատեսակ պատկերացումների ասոցիացիայի արդյունքում վերանում են նրանց որոշակի հատկանիշները։ Այս գործընթացի ծայրահեղ աստիճաններում որոշակի հատկանիշները նույնիսկ կարող են բոլորովին բացակայել և փոխարինվել որևէ խորհրդանիշով կամ նշանով։ Այդ աստիճաններում հնարավոր է այն երեւույթը, որը Գյոթեն բնութագրել է հետևյալ բառերով. «Wo die Begriffe fehlen, da stellt ein Wort zur rechten Zeit sich ein» («Որտեղ հասկացությունները բացակայում են, խոսքը ճիշտ ժամանակին դադարում է»), այսինքն, որևէ որոշակի հիմքից զուրկ կոնկրետ պատկերների, հիշողությունների ձևով գաղափարների առաջացումը ստորջրյա քար է, որին այնքան հաճախ բախվել են փիլիսոփայական մտահանգումները։ Սակայն այստեղից չի կարելի հիշողության համար ընդհանուր առմամբ անբարենպաստ եզրակացություն անել, այլ ընդհակառակը, վերացական մտածողությունը ենթադրում է հիշողությունների բարդ և տարաբնույթ համալիր առկայություն։

Խելք և ուշադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխաները կենտրոնացած վիճակում։ Ուշադրությունը մեծապես նպաստում է մտավոր գործունեության ընթացքի վրա` բարձրացնելով մեր ընկալունակությունը

Մտավոր գործունեության ընթացքի վրա ազդող մեկ այլ կարևոր գործոն է ուշադրությունը։ Այն արդեն իր ազդեցությունն է թողնում ընկալման գործընթացների վրա` բարձրացնելով մեր ընկալունակությունն այն տպավորությունների նկատմամբ, որոնց այն ուղղված է։ Նրա դերն ավելի զգալի է ընկալումների վերամշակման գործընթացներում։ Եթե ընկալվում են միայն տպավորությունները, որոնք իրենց արձագանքն են գտնում մեր գիտակցության ապերցեպցիոն զանգվածի մեջ, ապա այդ կապը, համենայն դեպս, փոխադարձ է, և ընկալումը մեր գիտակցության մեջ ակտիվացնում է նախկին հոգեկան փորձին համահունչ հետքերը միայն։ Զարգացած գիտակցության մեջ յուրաքանչյուր նոր ընկալում այնքան շատ նմանատիպ համահունչ հետքեր է գտնում, որ դրանից բխող պատկերացումների ակամա հոսքը կարող է ընդունել խիստ բազմազան և երբեմն բոլորովին ցաքուցրիվ բնույթ։

Վերջինս նկատվում է այն դեպքերում, երբ հոգնածության ազդեցության տակ մենք «ամբողջովին ազատություն ենք տալիս» պատկերացումների մեր ասոցիացիաներին։ Այդ դեպքում գիտակցության մեջ սլանում են պատկերացումների քաոսային հատվածներ, որոնք իրար հետ հաճախ միացած են միայն պատահական արտաքին կապով և մեզ այնքան հեռու են տանում մեր մտորումների սկզբնական ելակետից, որ, երբ փորձում ենք ջանքեր գործադրել մեր մտքի անցած ճանապարհը վերանայելու համար, հաճախ փակուղու առաջ ենք կանգնում մեր մտքերի զիգզագների մեջ խճճվելով։

Ավելի խիստ ձևով դա նկատվում է հոգեկան հիվանդների «գաղափարների մրրիկի» ժամանակ։ Ուշադրությունը մեր պատկերացումների ընթացքի մեջ ներդնում է պլանավորվածություն. մեզ անհայտ կարճ ուղիով, տվյալ ընկալման հետ համահունչ «ռեզոնատորների» միջոցով նա ուժեղացնում է այն ամենը ինչը համապատասխանում է անհատի բոլոր ծրագրերին, ցանկություններին և պահանջներին և այդպիսով որոշակի սահմաններ է ստեղծում պատկերացումների հոսքի համար։ Ուշադրության կայունությունը, նրա կենտրոնացնելու կարողությունը, ըստ երեւույթին, սերտորեն կախված է անձի հուզական բնութագրի, խորության և նրա էմոցիաների կայունության հետ, իսկ վերջինս որոշվում է գիտակցության մեջ գոյություն ունեցող հզոր, սերտորեն իրար հետ կապված պատկերացումների և գաղափարների խմբի հետ։ Հավանաբար, դրանով է բացատրվում, որ ուշադրությունը կենտրոնացնելու մեծ ընդունակություն հաճախ նկատվում է «նեղ» և «միակողմանի» մարդկանց մոտ։

Կայուն ուշադրության համատեղությունը գիտակցության գաղափարական բովանդակության լայնության և բազմակողմանիության հետ միասին տալիս են հանճարներ։ Սխալը, որը հաճախ մարդիկ ասում են գիտնականի «ցրվածության» և ամեն մանրուքի առիթով դասերից շեղվող երեխայի «ցրվածության» մասին, առաջանում է երկու հակադիր երևույթները միացնելուց. վերջին դեպքում դա արտահայտվում է ինչ-որ բանի վրա ուշադրությունը կենտրոնացնելու լիակատար անկարողությամբ (երևույթ է, որը հաճախ դիտվում է մեծահասակների մոտ հոգնածության ազդեցության տակ), առաջին դեպքում` ներքին աշխատանքի վրա ուշադրության այնպիսի խորը կենտրոնացմամբ, որ ուրիշ ոչինչ ի վիճակի չէ գիտակցության մեջ ներթափանցել։ Այս վիճակի բարձր աստիճաններում ամբողջ գիտակցությունը կլանած մտավոր աշխատանքի դիմաց հետին պլան կարող է մղվել նույնիսկ մահացու վտանգը (օրինակ է` Արքիմեդի մահվանից առաջ կյանքի վերջին րոպեները)։

Խելք և հոգնածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մտավոր գործունեության ընթացքը կարևոր որոշիչ գործոն է հանդիսանում անձի «հոգնածությունը»։ Այն շատ մեծ է թուլամիտների, ապուշների մոտ, նաև ծերունական հիվանդություններից մտավոր կյանքի կազմալուծման դեպքում։ Հոգնածությունը` վարժությունների ազդեցությամբ փոքրանալով, ծանոթ ոլորտներում զբաղվածության դեպքում ավելի քիչ նկատելի դրսևորվելով, միևնույն ժամանակ, ինչպես ցույց են տվել վերջին հետազոտությունները, հիշողության և ուշադրության նման խիստ անհատական է և մտնում է անձնային մտավոր բնութագրի մեջ՝ որպես նրա էական նշաններից մեկը։ Հոգնածության հատուկ դեպքեր կան, երբ այն ուղիղ կերպով կապված է բարձր տպավորվողականության հետ։ Այդ դեպքերն էլ հանգեցրել են այն տեսության առաջացմանը, որը հանճարին հավասարեցնում է հոգեկան խանգարում ունեցողի հետ, քանի որ հանճարեղությունը հաճախ ուղեկցվում է կտրուկ արտահայտված նյարդա և փսիխասթենիայով։ Կապված լինելով ուժեղացված տպավորվողականության հետ և վերջինիս մեջ գտնելով իր ուղղումը, այս հոգնածությունը չի բացառում (բարենպաստ պայմաններում) իր ծավալով խոշոր աշխատանքներ կատարելու հնարավորությունները։

Խելք և զգացմունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գանգագուշակության քարտեզ XIX դար[29]. հոգեկան գործընթացները գլխուղեղի որոշակի մասի հետ համադրելու առաջին փորձերից է

Մտավոր գործունեությունը մեղմող ազդեցություն է ցուցաբերում զգացմունքների վրա։ Վառ էմոցիաների հետ կապված պատկերացումն ասոցիացիայի մեջ մտնելով պատկերացումների այլ շարքերի հետ, նրանց միջից ընտրում է այլ զգացողությունների հետ կապված պատկերացումներ, որոնք որոշակի չափով չեզոքացնում են սկզբնական էմոցիան։ Բայց, միևնույն ժամանակ, նա խորացնում է դրանք. եթե բարդ ասոցիացիայի անդամներից մեկը կապված է ինչ-որ ժամանակ մեզ հուզած զգացմունքի հետ, ապա ասոցիացիան որքան ավելի տարաբնույթ և բարդ է, այնքան ավելի հաճախ ամենաբազմազան առիթներով մեր հիշողության մեջ կհայտնվի այդ զգացողության հիշողությունը։ Տարածված պատկերացումն այն մասին, որ «կրթությունը մարդկանց ավելի երջանիկ չի դարձնում», ուստի հիմնավոր է, եթե երջանկության չափանիշը համարենք անմիջական կենսուրախությունը, այլ ոչ թե հոգևոր կյանքի  ինտենսիվությունը և լիարժեքությունը. վայրենիներն ու երեխաներն իրենց չզարգացած հիշողությամբ, ավելի ամնիջական և կենսախինդ են, քան կրթված մարդը, որը պահպանում է անցյալի տառապանքների հիշողությունները, որոնք ապագայի մասին մտածմունքները գունավորում են տխրության և հոգածության երանգներով։ Առաջինների զգացմունքները պայծառ են, բայց ավելի մակերեսային են։ Որակական իմաստով մտավոր գործունեությունը հատկապես ազդում է համակրական զգացողությունների ընդլայնմանը։ Նրա ազդեցությունն այդ առումով այնքան կտրուկ է, որ հայտնի բանաձևը` «Ամեն ինչ հասկանալ, նշանակում է ամեն ինչ ներել», արդարացիորեն կարելի է պարաֆրազել այսպես` «Ամեն ինչ ճանաչել, նշանակում է ամեն ինչ սիրել»։

Մտավոր գործունեությունն ուղեկցվում է հատուկ «մտավոր զգացմունքներով»։ Մտավոր զգացմունքները, այլ վեհ հույզերի համանմանությամբ, իրենց ինտենսիվությամբ զիջում են առավել նսեմ զգացմունքներին (դրանց ի հայտ գալու պահին), բայց բնութագրվում են թարմանալու անհամեմատ ավելի մեծ ընդունակությամբ։ Ամբողջ կյանքի ընթացքում գրեթե անընդմեջ ուղեկցելով մեր մտածողությանը, նրանք լայն մտահորիզոնով զարգացած անհատի հոգեկան տրամադրությունների հիմնական ֆոնին հաղորդում են ճկունություն և կայունություն և կարող են վերանալ միայն բացառապես ծանր ցնցումների ազդեցությամբ, որոնք կոտրում են հոգեկան ինքնությունը։ Մտավոր գործունեությունը ցուցաբերում է կտրուկ դանդաղեցնող ազդեցություն արտաքին տպավորությունների նկատմամբ մեր ռեակցիաների տեսակետից։ Օրգանական աշխարհի ֆիլոգենեզում նույնպես այսպիսի ձգձգում է առաջանում, որը կրում է ավելի բարդ միջավայրում օրգանիզմների հարմարվողականության մեխանիզմներից մեկը լինելու իմաստ։ Բացի պարզագույն տպավորություններից, որոնք նույնիսկ ժամանակակից մարդու մոտ առաջացնում են պարզ ռեֆլեքսներ (ռեֆլեքսային հազը շնչառական կոկորդի մեջ օտար մարմնի ընկնելու դեպքում, ռեֆլեքսային փսխումը և այլն), օրգանիզմի վրա գործում են երևույթներ, որոնք ձևավորվում են մի շարք հաջորդական տպավորություններից։

Մտավոր գործունեության ֆունկցիան հենց կայանում է նրանում, որ այդ տպավորություններից առաջինի ազդեցության դեպքում կարողանա հետաձգել ռեակցիան, հաջորդ տպավորություններին գործելու հնարավորություն ստեղծի, հնարավորություն տա համատեղել նոր ընկալումը նախկին փորձի մասին հիշողությունների հետ և մշակի նպատակահարմար և պլանաչափ արձագանք։ Գիտակցության միջոցով մշակված ռեակցիաների բարդ շարքերը տպավորությունների բարդ շարքերի են կերպարանափոխվում շնորհիվ բնազդային ունակության, այսինքն այնքան արագ են ընթանում, որ սովորաբար չեն թափանցում գիտակցության մեջ և ռեֆլեքսի նման են։ Մտավոր գործունեությանն այնքան բնորոշ է ռեակցիաների ձգձգման հակումը, որ միայն դեպի մտքի դաստիարակության կողմը հոգեկան զարգացման միակողմանի ուղղության դեպքում հեշտությամբ առաջանում են «կաթվածահարության» երևույթներ։

Խելք և կամք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեկան գործընթացների նորմալ շարքը (ընկալում, մտավոր վերամշակում, կամային արձագանք) հաճախ չի կատարվում լրիվ ձևով կամ պասիվ երազայնության ազդեցության տակ, կամ այն պատճառով, որ դաստիարակությունը կարգապահությունը փոխարինում է ինքնագործունեությամբ ու հրամանի ռեֆլեկտորային կատարման տեղը դնում է անձի մտավոր աշխատանքից բխող կամային ակտը։ Այստեղից կարող է առաջանալ մտավոր և կամային ոլորտների այն տարօրինակ տարանջատումը, որն այնքան հաճախ խոցել է բարոյագետներին և իր արտահայտությունն է գտել հայտնի բանաստեղծության մեջ. «Vdéo meliora proboque, deteriora sequor» («Տեսնում և հաստատում եմ լավագույնը, բայց հետևում եմ վատագույնին», Օվիդիուս, «Մետամորֆոզներ»)։ Անհատի գործողություններն այդ ժամանակ առաջնորդվում են գլխավորապես բնազդական բնույթ ձեռք բերած սովորություններով և չեն հենվում նրա մտավոր աշխարհի, գիտելիքների, համոզմունքների և հայացքների վրա։ Մտավոր գործընթացից կամային մղումներին անցումը հնարավոր է միայն, առաջինի հայտնի էներգիայի դեպքում, այդ իսկ պատճառով նման երևույթը նկատվում է նույնիսկ ուժեղ կամքով օժտված մարդկանց մոտ հոգնածության պահերին ու իրենից ներկայացնում է նևրասթենիայի հաստատուն ախտանիշներից մեկը, որն անդրադառնում է մտավոր գործընթացների ոչ այնքան որակի, որքան՝ էներգիայի վրա։

Կապն ուղեղի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռենե Դեկարտի կողմից առաջ քաշած միտք-մարմին երկատման պատկերազարդում[30]. ինֆորմացիան զգայական օրգանների միջոցով էպիֆիզով հասնում է ուղեղին և այնտեղից` ոչ նյութական հոգի

Կենդանիների մոտ ուղեղը կենտրոնական նյարդային համակարգի հսկողության կենտրոնն է, որը պատասխանատու է մտածողության համար։ Կենդանիների մեծ մասի մոտ ուղեղը գտնվում է գլխում՝ պաշտպանված գանգոսկրով, որը փակում է հիմնական զգայական ապարատները՝ տեսողություն, լսողություն, հավասարակշռություն, համ, հոտառություն։ Բոլոր ողնաշարավորներն ունեն ուղեղ, իսկ որոշ անողնաշարավորներ ունեն կենտրոնական ուղեղ կամ նյարդակծիկ։ Պարզագույն կենդանիները, ինչպիսիք են՝ սպունգները, ընդհանրապես ուղեղ չունեն։ Ուղեղը կարող է ունենալ բարդ կազմություն։ Օրինակ, մարդու ուղեղը կազմված է 86 միլիարդ նեյրոններից[31][32]։

Հասկացողությունը կապված է ուղեղի և հոգեֆիզիկական խնդրի հարաբերակցության հետ, որը փիլիսոփայության պատմության կենտրոնական խնդիրներից մեկն է[33]։ Կան երեք խոշոր փիլիսոփայական դպրոցներ, որոնք մեկնաբանում են մտածողության վերաբերյալ հարցերը.

  1. դուալիզմ
  2. մատերիալիզմ
  3. իդեալիզմ

Դուալիզմը ենթադրում է, որ միտքը գոյություն ունի ուղեղից անկախ[34]։ Մատերիալիստները ենթադրում են, որ մտավոր երևույթները նույնական են նեյրոնների հետ։ Իդեալիստները կարծում են, որ գոյունթյուն ունեն միայն մտավոր երևույթներ[35]։

Շատ փիլիսոփաներ անհավանական էին համարում այն հանգամանքը, որ ճանաչումը կարող է իրականացվել ֆիզիկական նյութի միջոցով, ինչպիսիք են՝ ուղեղի հյուսվածքները (նյարդաբջիջները և սինապսները)[36]։ Ռենե Դեկարտն, ով շատ է մտածել խելք-ուղեղ հարաբերակցության մասին, հնարավորություն գտավ բացատրելու ռեֆլեքսներն ու վարքի այլ պարզ ձևերը՝ մարդու մարմնի նկարագրությունում։ Չնայած նա չէր հավատում, որ բարդ մտքերը և, մասնավորապես, լեզուն կարող են բացատրվել՝ հղում անելով միայն ֆիզիկական ուղեղին[37]։

Մարդու խելքի էվոլյուցիոն պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկային ինտելեկտի էվոլյուցիան վերաբերվում է մի քանի տեսությունների, որոնց նպատակն է նկարագրել, թե ինչպես է մարդու ինտելեկտի զարգացումը կապված մարդու ուղեղի էվոլյուցիայի և լեզվի ծագման հետ[38]։

Անթրոպոգենեզի ժամանակացույցը կազմում է մոտ 7 միլիոն տարի։ Ելնելով այդ ժամանակագրական սանդղակից, առաջին 3 միլիոն տարիներին եղել են Սախելանտրոպները, հաջորդ 2 միլիոն տարում՝ Ավստրալոպիտեկները և վերջին 2 միլիոն տարում՝ Մարդ (լատին․՝ Homo) տեսակները (Հին քարի դար

Մարդու ինտելեկտի շատ գծեր, ինչպիսիք են՝ էմպաթիան, մտքի տեսությունը, սուգը, ծիսակարգը, գործիքների և խորհրդանշանների օգտագործումը ի հայտ են գալիս նաև կապիկների մոտ։

Ինտելեկտի էվոլյուցիայի տեսությունը ներառում է.

  • Ռոբին Դանբարի սոցիալական ուղեղի վարկածը[39]
  • Ջեֆրի Միլլերի սեռական ընտրությունը մարդկային էվոլյուցիայի մեջ[40]
  • Էկոլոգիական գերիշխանություն-սոցիալական մրցակցությունը[41], որը բացատրվել է Մարկ Ֆլինի, Դեվիդ Գերիի, Կառոլ Ուորդի կողմից՝ հիմնվելով Ռիչարդ Ալեքսանդրի աշխատանքի վրա
  • Ինտելեկտի գաղափարը՝ որպես լավ առողջության և հիվանդությունների դիմակայման ազդակ։

Խելք և փիլիսոփայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խելքի փիլիսոփայությունը փիլիսոփայության ճյուղ է, որն ուսումնասիրում է խելքի բնույթը, հոգեկան իրադարձությունները, հոգեկան գործընթացները, հոգեկան հատկությունները, գիտակցությունը և նրանց հարաբերակցությունը ֆիզիկական մարմնի հետ։ Հոգեֆիզիկական խնդիրը, այսինքն՝ հոգեկան և ֆիզիկական երևույթների փոխհարաբերությունը, դիտարկվում է որպես խելքի փիլիսոփայության կենտրոնական խնդիր, չնայած կան այլ հարցեր ևս, որոնք վերաբերվում են խելքի բնույթին և կապված չեն ֆիզիկական մարմնի հետ[42]։ Խոսե Մանուել Ռոդրիգես Դելգադոն գրել է. «Ժամանակակից տարածված օգտագործմամբ հոգին և խելքը հստակ չեն տարանջատվում և որոշ մարդիկ, քիչ թե շատ գիտակցված, մինչ այժմ զգում են, որ հոգին և, հնարավոր է, խելքը կարող են դուրս գալ և լքել մարմինը՝ որպես անկախ մասնիկ»[43]։

Դուալիզմն ու մոնիզմը երկու հիմնական դպրոցներն են, որոնք փորձում են լուծել մտքի և մարմնի խնդիրը։ Ըստ դուալիզմի դիրքորոշման՝ միտքն ու մարմինը որոշակիորեն անջատ են միմյանցից։ Դա մեկնաբանվել է դեռևս՝ Պլատոնի[44], Արիստոտելի[45][46][47] և Նյայայի, Սանքհյայի, Յոգայի դպրոցների կողմից, բայց առավել հստակ ձևակերպել է Ռենե Դեկարտը՝ XVII դարում[48]։ Սուբստանտ դուալիզմը պնդում է, որ խելքն ինքնուրույն գոյուցուն ունեցող սուբստանցիա է[49]։

XX դարի փիլիսոփա Մարտին Հայդեգերն առաջ քաշեց այն կարծիքը, որ խելքի սուբյեկտիվ փորձն ու ակտիվությունը հասկանալի չեն դեկարտյան «սուբստանտ» տերմիններում, որոնք ունեն ընդհանուր հատկություններ (արդյո՞ք խելքն ինքնին համարվում է առանձին, իր բնույթով անջատ սուբստանտ, թե ոչ)։ Դա կապված է նրա հետ, որ սուբյեկտիվ, բարձրորակ փորձի բնույթը անհամատեղելի կամ կամ սեմանտիկորեն անհամեմատելի է որոշ սուբստանտ հատկություններ կրող հայեցակարգերի հետ։ Դա հիմնարար գոյաբանական փաստարկ է[50]։

Կոգնիտիվ գիտության փիլիսոփա Դանիել Դենետտը, օրինակ, պնդում էր, որ չկա այնպիսի հասկացություն, ինչպիսին է` պատմողական կենտրոնը, որը կոչվում է «խելք», բայց դրա փոխարեն գոյություն ունի զգայական մուտքերի և ելքերի համախումբ. «ծրագրային ապահովման» տարբեր տեսակներ, որոնք աշխատում են զուգահեռ[51]։ Հոգեբան Բ. Ֆ. Սկիները պնդում էր, որ խելքը բացատրական հորինվածք է, ինչը շեղում է ուշադրությունը վարքի բնական պատճառներից[52]։ Նա խելքը համարեց՝ «սև արկղ» և մտածեց, որ մտավոր գործընթացները կարող են ավելի հասկանալի լինել՝ որպես գաղտնի վերբալ վարքի ձևեր[53][54]։

Ըստ փիլիսոփայության դոկտոր Դեյվիդ Չալմերսի մեկնաբանության, խելքը բացահայտելու երրորդ անձի մոտեցումը և գիտակցությունը արդյունավետ չեն կարող լինել, օրինակ, ուրիշի ուղեղը կամ մարդու վարքը դիտարկելու համար, բայց՝ առաջնային անձի մոտեցումն անհրաժեշտ է։ Առաջնային անձի նման նորարարական հետազոտությունը ցույց է տալիս, որ խելքն իրականում առանձնացվում է ուղեղից։ Ենթադրվում է, որ ծնվելու ժամանակ խելքն ունի հաշվողական գիտելիքներ, որպես այն հայեցակարգի արտացոլում, որտեղ՝ մաթեմատիկան կարծես բացատրում է տիեզերքի կառուցվածքն ու գործառույթը[55]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «УМ Толковый словарь Ожегова онлайн». slovarozhegova.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
  2. «Толковый словарь Даля онлайн». slovardalja.net. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
  3. «Mind» (անգլերեն). Վերցված է 2016-02-06-ին.
  4. [https://անգլ.՝ en.oxforddictionaries.com/definition/mind "mind - definition of mind in English
  5. Clark, Andy (2014). Mindware. 198 Madison Avenue, New York, 10016: Oxford University Press. pp. 14, 254–256.
  6. Smart, J. J. C., "The Mind/Brain Identity Theory", The Stanford Encyclopedia of Philosophy (Fall 2011 Edition), Edward N. Zalta (ed.), [1]
  7. http://leiterreports.typepad.com/blog/2016/01/20-most-important-philosophers-of-mind-since-wwii.html
  8. Karunamuni N, Weerasekera R. (Jun 2017). "Theoretical Foundations to Guide Mindfulness Meditation: A Path to Wisdom". Current Psychology.
  9. Karunamuni N.D. (May 2015). "The Five-Aggregate Model of the Mind" (PDF). SAGE open. 5 (2).
  10. Лучшие умы США спорят, означает ли нынешний кризис смерть капитализма
  11. «Президент собрал лучшие умы поговорить о детях». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
  12. Лучшие умы Омска разрабатывают проект в сфере нанотехнологий
  13. "mind - definition of mind in English | Oxford Dictionaries". Արխիվացված 2017-08-19 Wayback Machine Oxford Dictionaries. Retrieved 2017-08-19.
  14. "Online Etymology Dictionary". www.etymonline.com. Retrieved 2017-01-02.
  15. Encyclopaedia Britannica, 2012 [2]
  16. Encyclopaedia Britannica, 2012 [1]
  17. «СОЗНАНИЕ ИЛИ УМ? (о выборе терминов для переводов буддийских текстов)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
  18. Спала князю умь похоти или туга умь полонила.
  19. Пророки Книга Йехезкеля
  20. Книга пророка Иезекииля
  21. 21,0 21,1 Первое послание к Коринфянам
  22. Послание к Филиппийцам 4:7
  23. Başar, Erol (2010). Brain body mind oscillations in scope of uncertainty principle. New York: Springer. p. 5.
  24. Israel, Richard; North, Vanda (2010). Mind Chi Re-wire Your Brain in 8 Minutes a Day ; Strategies for Success in Business and Life. Chichester: John Wiley & Sons. p. 12. ISBN 1907321373. Retrieved 18 April 2015.
  25. Марков А. Эволюция человека. Обезьяны, нейроны, душа. М.: Астрель. 2011. — 512 с.ISBN 978-5-271-36294-1
  26. Хокинс Д., Блейксли С. Об интеллекте. М.: ООО "И. Д. Вильямс, 2007. — 240 с.ISBN 978-5-8459-1139-1
  27. Рамачандран В. С. Рождение разума. Загадки нашего сознания. М.: ЗАО «Олимп-Бизнес», 2006. — 224 с.ISBN 5-9693-0022-5
  28. Кандель Э. В поисках памяти. Возникновение новой науки о человеческой психике. М.: Астрель. 2012. 736 с. ISBN 978-5-271-36938-4
  29. Oliver Elbs, Neuro-Esthetics: Mapological foundations and applications (Map 2003), (Munich 2005)
  30. Descartes, R. (1641) Meditations on First Philosophy, in The Philosophical Writings of René Descartes, trans. by J. Cottingham, R. Stoothoff and D. Murdoch, Cambridge: Cambridge University Press, 1984, vol. 2, pp. 1-62.
  31. Whishaw, Bryan Kolb, Ian Q. (2010). An Introduction to Brain and Behavior (3rd ed.). New York: Worth Publishers. p. 72. ISBN 978-0-7167-7691-8. Retrieved 11 May 2012.
  32. Sherwood, Lauralee (2011). Fundamentals of Human Physiology (4th ed.). Belmont, CA: Brooks/Cole Cengage Learning. p. 91. ISBN 978-0-8400-6225-3. Retrieved 11 May 2012.
  33. Patricia Smith Churchland, Neurophilosophy: toward a unified science of the mind-brain, MIT Press, 1989
  34. Hart, W. D. (1997): ‘Dualism’, pp. 265-7 in S. Guttenplan (ed.), A Companion to the Philosophy of Mind, Blackwell
  35. A.R. Lacey, A Dictionary of Philosophy, 1996
  36. Neurophilosophy, Ch. 6
  37. Descartes, Description of the human body
  38. Harnad, S. R., Steklis, H. D., & Lancaster, J. E. (1976). "Origins and evolution of language and speech". Annals of the New York Academy of Sciences.
  39. Social Brain Hypothesis
  40. Miller. The Mating Mind. ISBN 0-8058-5749-4.
  41. "Flinn, M. V., Geary, D. C., & Ward, C. V. (2005). Ecological dominance, social competition, and coalitionary arms races: Why humans evolved extraordinary intelligence" Արխիվացված 2007-06-04 Wayback Machine (PDF). Retrieved 2007-05-05.
  42. Kim, J. (1995). Honderich, Ted, ed. Problems in the Philosophy of Mind. Oxford Companion to Philosophy. Oxford: Oxford University Press.
  43. James M.R. Delgado (1969). Physical control of the mind; towards a psycho civilized society. Toronto: Fitzhenry & Whiteside Limited. p. 25.
  44. Plato (1995). E.A. Duke; W.F. Hicken; W.S.M. Nicoll; D.B. Robinson; J.C.G. Strachan, eds. Phaedo. Clarendon Press.
  45. Robinson, H. (1983): ‘Aristotelian dualism’, Oxford Studies in Ancient Philosophy 1, 123–44.
  46. Nussbaum, M. C. (1984): ‘Aristotelian dualism’, Oxford Studies in Ancient Philosophy, 2, 197–207.
  47. Nussbaum, M. C. and Rorty, A. O. (1992): Essays on Aristotle's De Anima, Clarendon Press, Oxford.
  48. Descartes, René (1998). Discourse on Method and Meditations on First Philosophy. Hacket Publishing Company.
  49. Hart, W.D. (1996) "Dualism", in Samuel Guttenplan (org) A Companion to the Philosophy of Mind, Blackwell, Oxford, 265–7.
  50. Hubert Dreyfus, "Critique of Descartes I" (recorded lecture), University of California at Berkeley, September 18, 2007.
  51. Dennett, Daniel (1991). Consciousness Explained. Boston, Massachusetts: Little Brown.
  52. Skinner, B.F. About Behaviorism 1974, page 74–75
  53. Skinner, B.F. About Behaviorism, Chapter 7: Thinking
  54. A thesis against which Noam Chomsky advanced a considerable polemic.
  55. Rosenberg, A. Irving (2013). MIND According to Logos: The Brain Reveals Its Own Secrets: What Neuroscientists Would Like to Know. CreateSpace Independent Publishing Platform.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խելք» հոդվածին։